Ոչ ստատիկ Վիեննան հայկական եթերում

02.07.2013, Քննադատ

Լրագրող, հիմնական հետաքրքրությունները. հեռուստատեսություն, նոր մեդիա, էպիկուրյան փիլիսոփայություն

Հունիսի 27-ի երեկոյան Կոնֆեդերացիայի գավաթի Իտալիա-Իսպանիա խաղի ժամին դիտում էի իմ սիրելի «Կամոբլոգ» հաղորդումը իմ սիրելի Վիեննա քաղաքի մասին իմ սիրելի «Ավստրիական ավիաուղիներ» ընկերության հովանավորությամբ:

Նրանք, ովքեր բաց են թողել այն, ֆուտբոլ դիտելով, շատ բան են բաց թողել: Նշենք, որ «Կամոբլոգը» պատրաստում է հեռուստատեսային շարք Վիեննայի մասին: Ոչ սովորական: Հենց սկզբում հաղորդման հեղինակն ասում է.

Մենք ձեզ ցույց կտանք այն ոչ ստատիկ, ոչ մոցարտային վայրերը, որտեղ կարելի է հետաքրքիր ժամանց անցկացնել:

Եվ պատկերացրեք՝ կատարում է իր խոստումը՝ հատկապես «ոչ ստատիկի» իմաստով: Տեսա-ֆոտո-հեռախոսախցիկը ամբողջ հաղորդման ընթացքում դադար չի մնում՝ կատարելով յուրօրինակ բրոունյան շարժում: Հեռուստադիտողը պետք է առնվազն թաղանթաթեւավոր միջատի 360 աստիճանի տեսահորիզոն ունենա՝ բռնեցնելու համար անընդհատ ցնցվող, դղրդացող եւ սահող տեսարանները, որոնք դադար են առնում միայն այն ժամանակ, երբ հաղորդավարը որոշում է կիսվել մեզ հետ: Օրինակ՝ հետեւյալ հարցի շուրջ. ի՞նչ անել, եթե մարդիկ ցանկանում են տեսնել Վիեննան, բայց գումար չունեն:

Իսկ նրանք, ովքեր գումար չունեն, ես կարող եմ երկրորդ Մասիվում լավ լոմբարդի տեղ ասել: 

Եթե, այնուամենայիվ, գտել եք մայրաքաղաքային դժվար փնտրվող եւ սակավ լոմբարդներից մեկը, ուրեմն արժի հետեւել հաղորդման խորհուրդներին: Ու՞ր գնալ Վիեննայում՝ ազատվելով տաղտկալի մոցարտաշտրաուսային քաղքենի միջավայրից: Հրաշալի խորհուրդ հենց սկզբում:

Եթե դուք ուշ պետք է չեքին լինեք, կարող եք գալ այստեղ, պառկել եւ վայելել անվճար վայ-ֆայ:

Բայց պետք է հիշել նաեւ, որ Վիեննայի ամենագեղեցիկ վյուերից մեկը Սկայ բառում է: Մենք միասին պետք է բարձրանանք այնտեղ, որ միասին գնահատենք Վիեննայի գեղեցկությունը: Այս ասելուց հետո հաղորդման հեղինակը ոչ թե բարձրանում, այլ... իջնում է վերելակով: Մենք ձեզ հետ միասին այդպես էլ չենք կարողանում արժանին մատուցել ութերորդ հարկից Վիեննան տեսնելու վյուին:

Դրա փոխարեն լսում ենք Վարդան Այգեկցու խրատներին ոչնչով չզիջող մի հրաշալի հորդոր.

Եթե ճանապարհորդում եք ընկերների հետ, վերցրեք էժան հյուրանոց, որ գումարը, որը պատրաստել եք ճամփորդության վրա, ծախսեք հաճույքների վրա, շատ թանկ եւ լաքշրի հյուրանոցների վրա չծախսեք:

Պարզվում է՝ այդ հյուրանոցը «Մայնինգերն» է, որի ճիշտ հասցեն է «փաբերի եւ քլաբերի փողոց»:

«Կամոբլոգը» խորհուրդ չի տալիս այս հյուրանոցը վարձել ամուսնական ճամփորդությունների ժամանակ: Չնայած՝ «Մայնինգերի» ինտերնետային էջում հակառակն է գրված. «ընտանեկան եւ ամուսնական հանգստի համար բոլոր անհրաժեշտ պայմաններ»:

Բայց թողնենք «Մայնինգերը» եւ անցնենք Վիեննայի տարվա գլխավոր իրադարձությանը: Պարզվում է, որ այն համընկել է «Կամոբլոգի»՝ Ավստրիա այցելելու օրվա հետ: Այս դարակազմիկ զուգադիպությունը անկասկած չի վրիպել հաղորդման հեղինակի հեռախոսի օբյեկտիվից: Տեսախցիկներն ու ֆոտոխցիկները դեռ ցերեկն են անջատվել, բայց Շոնբրուն պալատի հռչակավոր դասական համերգը մենք վայելում ենք շնորհիվ այն բանի, որ հեղինակի հեռախոսը դեռ «զարյադկա» ունի: Ինչպիսի մեծահոգություն, եթե հաշվի առնենք այն, որ հեղինակը իրենից բարձր պահած հեռախոսով ավետում է, որ ինքը «կլասսիկ երաժշտության ֆանատ չէ»:

Իսկ հետո ի~նչ ենք տեսնում: Հրաշալի համերգ՝ նկարված առնվազն 16 պրոֆեսիոնալ տեսախցիկներով կամ հեռախոսներով: Այնպիսի տպավորություն է, որ գոտկատեղից կապված պարանով, հեռախոսը ձեռքին՝ հեղինակը նախ ճախրել է Շոնբրունի այգիների վրա, ապա մոտեցել աշխարհահռչակ դիրիժորին, ծափերի պահին հասցրել է հետ թռչել եւ ցույց տալ լույսերով ողողված 100 հազարանոց բազմությունը: Այսպիսի հմտություն ունենալու դեպքում ի՞նչ կարիք կար նախապես խոստովանել, որ ունեմ ընդամենը մի հեռախոս:

Ինձ թվում է՝ սարսափելի մի գաղտնիք կա այստեղ. հեղինակը հետո ինչ-որ տեղից գտել ու տեղադրել է դասական համերգի եզակի տեսագրությունը, հատուկ մեզ համար: Հույս ունենք՝ «Ավստրիական ավիաուղիների» բարձր հովանավորությամբ:

Եվ այս ամենը՝ մոտ 14 րոպեանոց հաղորդման վերջին 4 րոպեում: Մինչդեռ հենց սկզբում «Կամոբլոգը» խոստացել էր, որ մեզ ցույց են տալու «ոչ ստատիկ մոցարտային վայրերը»: Եթե գովազդներն ու Վիեննայի դասական ճարտարապետության պատկերները հանենք, ապա «մոցարտային» Վիեննան ընդհանրապես հաղորդման կեսը կզբաղեցնի: Դե ինչ, եթե «Ավստիական ավիաուղիները» որոշել են այսպես գովազդել ամառային Վիեննան, հաստատ խփել են նշանակետին: Ենթադրում եմ, որ Մասիվի լոմբարդները հիմա պայթում են գրավիչ, գեղեցիկ եւ խիստ ճամփորդկան հաղորդումը տեսած հեռուստադիտողների հերթերից:

Իսկ ես չեմ ափսոսում, որ այն դիտեցի ֆուտբոլի պահին: Չէ՞ որ վաղը, մյուս օրը հաստատ կդիտեմ այն ավելի հետաքրքիր մեկնաբանությամբ: «Կամոբլոգը» հո Բրազիլիան «անտեր» չի՞ թողնի: Կլինի ուրիշ «Կամոբլոգի» թողարկում, որտեղ հեղինակը երեւի կասի՝ գիտեք՝ շատ պատահական իմացա, որ իմ Բրազիլիա գալու օրը այստեղ տեղի է ունենում տարվա գլխավոր ֆուտբոլային իրադարձությունը՝ Աշխարհի գավաթի եզրափակիչը: Ճիշտ է՝ ես ֆուտբոլի ֆանատ չեմ, եւ մենք չենք եկել Բրազիլիա ինչ-որ ստատիկ ֆուտբոլային վիճակների համար, բայց իմ հեռախոսով նկարել եմ ամբողջ խաղը... ու կմտնի ֆուտբոլը...

Արմեն Սարգսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?