Այնպես պատահեց, որ նոյեմբերի 21-ին` հեռուստատեսության միջազգային օրը, միացրեցի վաղուց անգործության մատնված հեռուստացույցս: Պատրանքներ չունեի, թե այն ընթացքում, ինչ հրաժարվել էի հեռուստացույց դիտելուց, ինչ-որ որակական փոփոխության ենթարկված կլինի, բայց տարվա մեջ մի օր կարելի է ժամանակ վատնել, հարմար տեղավորվել բազմոցին եւ թողնել, որ պաշտոնական լրահոսն ու քարոզչությունը լվանան հոգնած ուղեղդ: Նայել «Հայլուր», կտրվել իրականությունից եւ ըմբոշխնել օրինավոր, առաջ սլացող, բարգավաճող Հայաստանի պատկերը` ի՞նչ կա դրանից ավելի հոգեթով:
Բայց թողնենք լիրիկական զեղումները եւ անցնենք բուն նյութին: Առաջին ծրագիրը, որ նայեցի, Հ2-ի «Լրաբերն» էր, որի դիտումից հետո, առողջությունս չխնայելով, ստիպված եղա նայել նաեւ «Կենտրոն»-ի «Էպիկենտրոն», «Շանթի»-ի «Հորիզոն», «Արմենիա»-ի «Ժամը» , «ԱՐ»-ի «Ազդարարը»: Բանը նրանում է, որ «Լրաբեր»-ի եթերային սուղ ժամանակի մեծ մասը լցված էր թաքնված գովազդով, եւ ինձ հետաքրքիր էր՝ արդյո՞ք Հ2-ը բացառություն է, թե՞ մյուս հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերն էլ նույն պատկերն ունեն: Փոքր տարբերություններով պատկերը նույնն էր:
Թաքնված գովազդը (product placement, բառացի` ապրանքանիշի տեղակայում, տեղադրում) աշխարհում լայնորեն կիրառվող գովազդի տեսակներից մեկն է: Թեեւ թաքնված գովազդը հիմնականում վերաբերում է արտադրվող ապրանքանիշերին, բայց համաշխարհային քաղաքական պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ թաքնված քաղաքական գովազդ է տեղադրվել կինոֆիլմերի, մուլտֆիլմերի, գրական ստեղծագործությունների կամ լրագրության մեջ:
Հայաստանյան իրականության մեջ երբեմն դժվար է տարբերակել երկու մոտ հասկացությունները` թաքնված գովազդն ու PR-ը: Որոշ օրինակներ, որ ստորեւ կբերեմ որպես թաքնված գովազդի նմուշներ, կարող են վիճահարույց լինել եւ մեկ ուրիշի կողմից որակվել որպես PR-ի նմուշ, սակայն հոդվածի նպատակը առավելապես այն է, որ օրինակներով մատնանշենք, թե ինչպես լրատվական ծրագրերը իրենց եթերաժամի խոշոր չափաբաժինը վճարովի հիմունքներով հատկացնում են տնտեսվարող եւ քաղաքական սուբյեկտների գործունեությանը (դրանք հաճախ հանդես են գալիս նույն դեմքով):
Չեմ բացառում, որ որոշ դեպքերում լրատվական ծրագրերը լրատվության անվան տակ գովազդ են ցուցադրում ոչ թե համապատասխան վճարի դիմաց, այլ իշխանության հրահանգով կամ լրագրողական ոչ մասնագիտական մոտեցման պատճառով, բայց մեր կարծիքով նման դեպքերը եզակի բացառություններ են եւ մի փոքր տարբերվում են վճարովի գովազդից:
Եվ այսպես` ինչո՞վ էր լցված լրատվական ծրագրերի եթերաժամը. «Հայռուսգազարդ»-ը եւ երկու առեւտրային բանկեր նոր վարկային ծառայություն էին առաջարկում գազ սպառողներին, «Երեւանջուր»-ի ներկայացուցիչը ներկայացնում էր իր արդյունավետ աշխատանքը եւ հորդորում սպառողներին ջրազրկումից առաջ ջուր հավաքել, որովհետեւ այդպես ավելի էժան է, քան շշալցված ջուր գնելը, բջջային օպերատորներից մեկի ներկայացուցիչը այցելել էր այդ ընկերության միջոցներով նորոգված սպորտդահլիճը, ՀՀԿ-ի հովանավորությամբ անց էր կացվում հեղինակային երգի համերգ եւ, վերջապես, երկու խիստ կարեւոր լուր` «Բարգավաճ Հայաստան»-ը «Բարգավաճող բուժօգնություն» խորագրի հերքո բուժական ծառայություններ է հրամցնում մարզերում, պատգամավոր Միքայել Վարդանյանը այցելել էր Տավուշի մարզի գյուղերը եւ «գյուռ-գյուռ» փող էր բաժանում:
Սա արդեն թաքնված գովազդ էլ չես անվանի, սա անթաքույց արհամարհանք է հեռուստադիտողի նկատմամբ: Լրագրողական ռեպորտաժի անվան տակ եւ դրա փոխարեն ուղղակի քաղաքական գովազդային հոլովակներ են հրամցվում՝ երբեմն ջանք չթափելով «պատշաճ» ձեւով քողարկել դրանք:
Կարելի էր կարծել, թե այդ պատկերը պայմանավորված է «տոնական» օրով եւ հեռուստաընկերությունները` օրվա «հոբելյարները», որոշել էին նվեր անել իրենք իրենց` լավացնելով ֆինանսական վիճակը, բայց հաջորդ օրերի իմ դիտարկումը ցույց տվեց, որ մեր հեռուստաընկերությունների համար ամեն օրն է «տոնական»:
Հաջորդ օրերին եթերում գովազդվում էին շինանյութ վաճառող ընկերության նոր առաջարկները, մի սուպերմարկետի գնային քաղաքականությունը եւ, իհարկե, «Բարգավաճող բժշկության» ու Վարդանյանի շրջայցերը: Վերջիններիս պարագայում գովազդատուի պատվիրատուները շարժվում էին հայտնի տրամաբանությամբ՝ գովազդի շատն է արդունավետ:
Բոլոր հեռուստաընկերությունները լրագրողական նյութի անվան տակ տարածում էին նույն գովազդային հոլովակները, ինչը եւս մեկ հավելյալ ապացույց էր, որ դրանք լրատվություն չեն, այլ գովազդ: Տեսահոլովակում գովազդվում էին «Գագիկ Ծառուկյան- Բարգավաճ կուսակցություն» եւ «Միքայել Վարդանյան» բրենդերը եւ ոչ միայն կադրից դուրս տեքստով, այլեւ նրանց ծառայությունից օգտված սպառողների շուրթերով:
Գովազդային հոլովակում խեղճուկրակ սպառողները, որոնց մի ակնոց, հիվանդանոցի ուղեգիր կամ ուղղակի ուշադրություն էր բաժին հասել, առատ գովեստների էին արժանացնում գովազդի պատվիրատուներին նմանատիպ արտահայտություներով. «Հայոց արգանդը նման մարդ չի ծնել», «Միշտ էլ հասել ա մեր նեղ օրերին», «Ձեր պես մարդիկ, որ լինեն, էս երկիրը ոտի կկանգնի», «Ես քո հոգուն ղուրբան»:
Սակայն պետք է նշել, որ, ի տարբերություն գովազդների, լրատվական ծրագրերում ցուցադրվող նմանատիպ թաքնված քաղաքական գովազդներում ամեն ինչ շատ ավելի բաց ու թափանցիկ է: Եթե սովորական գովազդում գովազդողին վարձելու տեսարանը չենք տեսնում, այլ միայն բուն գովազդն ու գովազդվող ապրանքը, ապա քաղաքական թաքնված գովազդներում ամեն ինչ տեղի է ունենում տեսախցիկի առջեւ։ Ակնոցների կամ փողի բաժանման տեսարանին անմիջապես հաջորդում է ակնոց եւ փող ստացողների հրճվալից գովասանքի տեսարանը:
Մոտենում են ԱԺ ընտրությունները`լրատվամիջոցների «գրդոնի» շրջանը, եւ բարեգործության անվան տակ արված ընտրակաշառքներ ու լրատվության անվան տակ մատուցվող գովազդ շատ կտեսնենք: Դա արդեն սովորական բան է դարձել մեր աչքի համար:
Բայց թողնենք մի կողմ հարցի բարոյական կողմը՝ այն, որ հազարավոր հեռուստաընկերության լրատվական ծրագրերը փորձում են հեռուստադիտողներին դիտավորյալ մոլորեցնել՝ լրատվության բաժնում գովազդ մատուցելով, եւ անդրադառնանք ֆինանսական կողմին. արդյո՞ք այդ գովազդի համար վճարած գումարները երեւում են հեռուստաընկերությունների ֆինանսական հաշվետվություններում, թե՞ հեռուստաընկերությունները «հարկայինին» էլ են «մոլորեցնում», ինչպես իրենց լսարանին:
Համբարձում Համբարձումյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: