2015.06.24,

Նյուսրում

#ElectricYerevan. Մեդիա կազմակերպությունները դատապարտում են լրագրողների նկատմամբ թիրախավորված բռնությունը

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Հայաստանյան եւ միջազգային լրագրողական կազմակերպություները դատապարտել են հունիսի 23-ի առավոտյան Երեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույցի մասնակիցներին ցրելիս լրագրողների նկատմաբ կիրառած բռնությունը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, լրագրողների «Ասպարեզ» ակումբը, «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան»-ը, «Լրագրողներ հանուն ապագայի» եւ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպությունների համատեղ հայտարարություն մեջ նշվում է, որ լրագրողները իրենց օրինական մասնագիտական գործունեությունը կատարելիս տուժել են իրավապահների անհամաչափ եւ ապօրինի գործողություններից։

«Ոստիկանները ոչ միայն բարենպաստ պայմաններ չեն ստեղծել լրագրողների գործունեության համար, ինչը պարտավոր են անել, այլեւ կատարելով իրավապահ համակարգի՝ միջնադարյան մտածելակերպ ունեցող որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հրամանները, դաժանաբար խոչընդոտելով լրագրողների աշխատանքը՝ 21-րդ դարում ապարդյուն փորձել են հայաստանյան ու միջազգային հանրությունից թաքցնել այն վայրագությունները, որոնք իրականացնում էին խաղաղ ցուցարարների նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Կազմակերպությունները պահանջում են ծառայողական քննություն սկսել մայրաքաղաքի Բաղրամյանի պողոտայում ուժային գործողությունների ընթացքում ապօրինություններ ու չարաշահումներ թույլ տված ոստիկանության պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար եւ լրագրողների սարքավորումների կոտրված լինելու դեպքում փոխհատուցել պատճառված վնասը։

Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունն իր հայտարարության մեջ նշել է, որ հունիսի 23-ին լրագրողները բռնության թիրախ են եղել:

«Մենք ցնցված ենք իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու կապակցությամբ: Այս թիրախային բռնությունը հստակ նախագծված էր՝ կանխելու նստացույցը բռնի ուժով ցրելու լուսաբանումը: Մենք իշխանություններին կոչ ենք անում պատժել տեղեկատվության ազատության ոտնահարումը, որպեսզի այն նորից չկրկնվի»,- ասել է Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիրը:

ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը երեւանյան դեպքերի կապակցությամբ հայտարարել է, որ լրագրողների անվտանգությունը պետք է ապահովվի բոլոր ժամանակներում:

«Մեդիան իրավունք ունի լուսաբանելու հանրային իրադարձությունները, եւ լրագրողները պետք է հնարավորություն ունենան աշխատելու ազատ եւ անվտանգ կերպով՝ առանց ոտնձգության եւ ահաբեկման վախի»,- ասել է նա:

Դունյա Միյատովիչը կոչ է արել իշխանություններին անհապաղ հետաքննել միջադեպերը եւ քայլեր ձեռնարկել ապահովելու լրագրողների նկատմամբ իրավապահների զսպվածությունը:

Հեռարձակման կառավարման խորհուրդը (BBG), որի մաս է նաեւ Ազատություն ռադիոկայանը, իր տարածած հայտարարության մեջ նույնպես դատապարտել է հունիսի 23-ին լրագրողների նկատմամբ բռնությունները:

«Մեր գործընկերները իրականացրել են իրենց մասնագիտական գործունեությունը՝ ի նպաստ Հայաստանի հանրության: Մենք դատապարտում ենք նման միջամտությունը»,- ասել է Ազատություն ռադիոկայանի գլխավոր խմբագիր Նենադ Փեյիչը:

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «Գալա» հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտնել է, որ ոստիկանությունը կփոխհատուցի լրագրողներին պատճառված նյութական վնասը:

«Կան որոշակի թերություններ, որ ես տեսել եմ աշխատանքի մեջ, հատկապես՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված: Հայցում եմ իմ ներողամտությունը: Ծառայողական քննություն ենք նշանակել, մենք դա կկարգավորենք: Գիտեմ, որ կոտրվել են տեխնիկական միջոցներ, ոստիկանությունը կվերականգնի լրագրողներին պատճառված նյութական վնասները»,-ասել է ոստիկանապետը:

Հունիսի 23-ի առավոտյան Երեւանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ նստացույցի մասնակիցներին ցրելիս ոստիկանները ծեծի են ենթարկել լրագրողներին, կոտրել են նրանց աշխատանքային գործիքները, առգրավել սարքերը եւ հեռախոսների հիշողության քարտերը:

Մեր հաշվարկներով՝ ոստիկանները բերման են ենթարկել 11 լրագրողի՝ Անի Հովհաննիսյան («Հետք»), Հրանտ Գալստյան («Հետք»), Մկրտիչ Կարապետյան («Հայկական ժամանակ»), Փայլակ Ֆահրադյան («Գալա» հ/ը), Կարապետ Սահակյան («Panarmenian Photo»), Արսեն Սարգսյան (News.am), Տիգրան Հակոբյան (Epress.am), Սեդա Մավյան (անկախ լրագրող), Գարիկ Հարությունյան (Ազատություն), Դավիթ Դավթյան («Արմենիա» հ/ը), Խաչատուր Եսայան («Արմենիա» հ/ը):

Բերման ենթարկված լրագրողների մի մասը ենթարկվել է բռնության:

Նախնական տվյալներով՝ ոստիկանական գործողության ընթացքում բռնության է ենթարկվել 8 լրագրող՝ Կարեն Չիլինգարյան (1in.am), Հովսեփ Հովսեփյան (1in.am), Գոռ Հովհաննիսյան (1in.am), Նիկոլայ Թորոսյան (Panarmenian.net), Գեւորգ Ղազարյան (անկախ լրագրող), Արթուր Պապյան (Ազատություն), Սիսակ Գաբրիելյան (Ազատություն), Գարիկ Ազիբեկյան (Ազատություն):

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *