Այսօր Կառավարությունը հավանություն է տվել «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին, որի համաձայն՝ Հանրային հեռուստատեսությամբ թույլատրվում է ցուցադրել միայն սոցիալական գովազդ:
«Հանրային հեռուստատեսությամբ արգելվում է ցուցադրել գովազդ, բացառությամբ սոցիալական գովազդի, ինչպես նաեւ մշակութային եւ սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան տեղեկություններ նշելու դեպքերի, բայց ոչ ավել, քան մեկ հովանավոր յուրաքանչյուր մշակութային եւ սպորտային հեռուստահաղորդման ցուցադրման ժամանակ: Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող սոցիալական գովազդի, ինչպես նաեւ մշակութային եւ սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ հովանավորների մասին հիշատակումը եթերային մեկ ժամվա ընթացքում չպետք է գերազանցի 90 վայրկյանը: Սույն կետի դրույթները չեն տարածվում hանրային հեռուստատեսության արբանյակային կապով եթերի հեռարձակումների, ինչպես նաեւ հանրային հեռուստատեսությամբ միջազգային հեղինակավոր մշակութային եւ(կամ) սպորտային իրադարձությունների այն վերահեռարձակումների վրա, որոնց շրջանակներում դրանց կազմակերպիչների պահանջով պարտադիր պետք է ցուցադրվեն գովազդներ»,- նշված է նախագծում:
Նախագծերի նպատակն է «ավելի բարձրացնել Հանրային հեռուստատեսության տեղն ու դերը, համբավը հասարակական կյանքում՝ արգելելով առեւտրային գովազդը հանրային հեռուստատեսությամբ: Առեւտրային գովազդը ինչպես հեռուստադիտողից, այնպես էլ՝ հեռուստատեսությունից խլում է եթերաժամ, որը կարող է օգտագործվել ավելի բարձր տեղեկատվական արժեք ունեցող թողարկումների համար: Հաշվի առնելով հանրային հեռուստատեսության առանձնակի առաքելություն հանրային կյանքում՝ առեւտրային գովազդը չի ծառայում այն նպատակներին, որոնց համար ստեղծվել, պետական բյուջեյի միջոցների հաշվին ֆինանսավորվում եւ գործում է հանրային հեռուստատեսությունը»:
Նախագծից ակնկալվող արդյունքն է հանրային հեռուստատեսությամբ առեւտրային գովազդի տեւողությունը կրճատելով՝ եթերաժամանակը տրամադրել տեղեկատվական ավելի բարձր արժեք եւ կարեւորություն ունեցող հեռուստահաղորդումների ցուցադրմանը:
Մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը ողջունում է Հանրային հեռուստաընկերությունն առանց գովազդի սկզբունքը:
«Շատ երկրներում ընդունված է, որ հանրային հեռուստաընկերությունները գովազդ չեն ունենում, որովհետեւ, ի վերջո, հանրության համար պետք է նախատեսված լինի մի հեռուստաընկերություն, որտեղ մարդը հանգիստ նայի հեռուստահաղորդումներ՝ առանց իրեն զայրացնող գովազդային ընդմիջումների»,- ասում է նա:
Մեդիա փորձագետի խոսքով՝ Հանրային հեռուստաընկերությունը չի կարող շուկայում գործել այնպես, ինչպես մասնավոր հեռուստաընկերությունները:
«Հանրային հեռուստաընկերությունը չի կարող ընկնել ռեյտինգի հետեւից, մրցակցային դաշտ դուրս գալ: Նրա առաքելությունը սահմանված է ՀՀ Սահմանդադրությամբ: Այնտեղ գրված է, որ Հանրային հեռուստըանկերության նպատակը տեղեկատվական, կրթական, մշակութային եւ ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն ապահովելն է, հետեւաբար այդ նպատակները բավարարելու համար կարծում եմ՝ բյուջեից հատկացվող գումարը կարող է նաեւ բավարար լինել»,- ասում է Մեսրոպ Հարությունյանը:
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը կներկայացվի Ազգային ժողով:
Աննա Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: