2015.06.15,

Քննադատ

Ուղիղ եթերում քաղաքական ակցիան ներկայացվեց որպես ֆուտբոլային

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հունիսի 13-ին Երեւանում տեղի ունեցած Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպումն այն իրադարձությունն էր, որը շատ մեծ լսարան ուներ:

Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող խաղը դիտում էին գրեթե բոլոր հայաստանցիները, իսկ դրդապատճառը ոչ միայն մեր հավաքականի հանդեպ եղած սերն ու հաղթանակի հույսն էր, այլեւ պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուի ներկայությունը: Սիրես, թե չսիրես, նա աստղ է: Իսկ աստղերին ցանկալի է հետեւել եւ, որքան հնարավոր է, մոտ լինել:

Եվ երբ առաջին խաղակեսի վերջնամասում (43-րդ րոպեին) տրիբունաներից խաղադաշտ դուրս եկավ մի երիտասարդ, թե՛ հեռուստադիտողները, թե՛ մարզադաշտում ներկաներից շատերը, ենթադրեցին, որ դա պարզապես երկրպագու է (եւ նշանակություն չունի, թե ում՝ Ռոնալդուի՞, թե՞ հավաքական հայոց թիմի): Պաստառը ձեռքին արագ դաշտով սլանալով՝ պատանին մոտենում էր Ռոնալդուին: Իսկ հետո մի քանի րոպե անց նրան հետապնդող ոստիկանները կարողացան «վնասազերծել» ու դուրս հանել դաշտից:

Այդ միջադեպը Հանրային հեռուստաընկերության ֆուտբոլային մեկնաբան, վետերան Սլավա Սարգսյանի կողմից ուղիղ եթերում ներկայացվեց որպես Ռոնալդուի երկրպագուի էմոցիոնալ պոռթկում, որը հաճելի աշխուժություն հաղորդեց խաղին:

Իրականում խաղադաշտ դուրս եկած երիտասարդը անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի որդի Շահենն էր, ում համար ոչ թե ֆուտբոլն էր առաջնային, այլ իր հոր ճակատագիրը: Նրա ձեռքում «Freedom for Shant Harutyunyan and all political prisoners in Armenia» (Ազատություն Շանթ Հարությունյանին եւ Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին) գրությամբ պաստառն էր:

Այս մասին հեռուստադիտողներն ու հանդիսատեսը կարողացան շատ արագ տեղեկանալ սոցիալական ցանցերից կամ էլ՝ ուշադիր զննելով երիտասարդի շապիկը, որի վրա դաջված էր նրա բանտարկված ու բանտում հացադուլ հայտարարած հոր դիմանկարը:

Եթե ուղիղ եթերով հեռարձակվող խաղի դիտողի համար ինֆորմացիայի միակ աղբյուրը Հանրային հեռուստաընկերությունը լիներ (ասենք՝ ինտերնետն է բացակայում կամ հանրային շփումները), ապա կստացվեր, որ այս դրվագը ֆուտբոլային ֆանատիկոսի քայլ է, այլ ոչ թե հստակ քաղաքական երանգ ունեցող ակցիա:

Համենայնդեպս, ֆուտբոլային հանդիպման երկրորդ խաղակեսում էլ մեկնաբանը ոչինչ չավելացրեց իր ասածին՝ թողնելով, որ միլիոնավոր լսարանը մոլորության մեջ մնա: Ի վերջո, կադրերը ցույց էին տվել, եւ այդ կադրերը մեկնաբանվել էին սխալ, բայց մեկնաբանի որոշմամբ՝ սխալը արժանի չի համարվել շտկման, իսկ միջադեպը՝ պարզաբանման:

Փոխարենը մենք բազմիցս լսեցինք այն մասին, որ պորտուգալացիներին հաղթելու համար հարկավոր է նրանց «խուճապի մատնել», իսկ մեր հավաքականին «արժանին մատուցել»: Մատնելու ու մատուցելու կոչերը թեեւ պատկերավոր ու վեհ էին հնչում, բայց փոքր-ինչ անհասկանալի էր, թե ինչպես դա պիտի արվի:

Արժանին մատուցելը մի գործընթաց է, որը (թերեւս) սկսելու համար անհրաժեշտ է տեղեկանալ: Եթե չգիտես՝ ինչի մասին է խոսքը, ինչպե՞ս մատուցես արժանին:

Շահեն Հարությունյանի կարճատեւ ներխուժումը խաղահրապարակ շատ արագ ձեռք բերեց իր համատեքստը մեդիայում ու սոցցանցերում (օրինակ՝ այս տեքստը): Հայաստանի մասին որոնումները կտրուկ աճեցին ու գերազանցեցին անգամ «Եվրատեսիլ» երգի մրցույթի օրերին որոնումների քանակը: Ռոնալդուի ազգանվանն ու Շահեն Հարությունյանի քայլին, իհարկե, հարկավոր է արժանին մատուցել՝ ուշադրությունը դեպի Հայաստան ուղղելու համար:

Tweets_on_13_June

Ավելի ուշ Շահեն Հարությունյանն ասաց, որ դաշտ դուրս գալու իր որոշումը պայմանավորված էր Ռոնալդուի անձի հետ. «Աշխարհի լավագույն ֆուտբոլիստերից մեկը խաղադաշտում էր եւ աշխարհի ուշադրությունն իր վրա էր: Այդ առիթը օգտագործեցի հերթական անգամ աշխարհին ցույց տալու, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ու մենք պահանջում ենք, որ նրանց ազատ արձակեն»:

Իհարկե հասկանալի է, որ ֆուտբոլային մեկնաբանի համար բարդ է մեկնաբանել անկանխատեսելի դրվագներն ու ամբողջական տեղեկություն հայտնել ոչ ցանկալի միջադեպերի մասին: Շատ հաճախ դա անհնարին է խաղի ընթացքում, բայց այս դեպքում տեղեկության բացը կարելի էր լրացնել ընդմիջման ժամանակ:

Հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի գլխավոր խմբագիր, մարզական մեկնաբան Սլավա Սարգսյանը գտնում է, որ խաղի ընթացքում ոչինչ չպիտի շեղի մեկնաբանի ուշադրությունը.

«Հենց այս սկզբուքնով եւ մոտեցմամբ եմ ես արդեն շուրջ 43 տարի ուղիղ եթերում մեկնաբանում մարզական ամենատարբեր միջոցառումները: Հայաստան-Պորտուգալիա խաղի ժամանակ խաղադաշտ մտած երիտասարդի նպատակի մասին ես կարող էի ընդամենը ենթադրել, քանի որ մոլի երկրպագուները, որպես կանոն, փորձում են մտնել խաղադաշտ, մի քանի վայրկյան իրենց սիրելի ֆուտբոլիստի կողքին լինելու կամ մոտիկից տեսնելու համար:

Առավել եւս, երբ խոսքը գնում է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին եւ մանավանդ, որ հանդիպմանը նախորդած նախավարժանքի ժամանակ գրանցվել էր նմանատիպ դեպք: Սակայն նրա դեմքը, ձեռքին ունեցած պոստեռը ես չէի կարող տեսնել մի պարզ պատճառով. այն ուղղակի չէր երեւում, ճանաչելու մասին էլ չեմ խոսում: Դրա մասին հնարավոր կլիներ հայտնել միայն այն դեպքում, եթե նախապես տեղեկություններ լինեին:

Պետք չէ ֆուտբոլը երբեք խառնել քաղաքականության հետ:

Դժվար է պատկերացնել աշխարհում որեւէ քաղաքական մեկնաբանի, որը, խոսելով, օրինակ, Ուկրաինական ճգնաժամի կամ Կատալոնիայի Ինքնավար մարզի անկախացման մասին, կարող է օնլայն ռեժիմով նաեւ տեղեկացնել կամ անդրադառնալ Ջոկովիչ- Նադալ խաղի մանրամասներին կամ Դինամո Կիեւ-Շախտյոր հանդիպմանը»:

Դեռ սովետական տարիներին տարբեր սպորտային հանդիպումներ մեկնաբանող Սլավա Սարգսյանի ֆուտբոլն ու քաղաքականությունը չխառնելու հորդորը կատարյալ է: Եվ երբ ՀՀ նախագահը մի քանի տարի առաջ հայտարարեց «ֆուտբոլային դիվանագիտության» օգուտի մասին, հայաստանցիները կարծես այդ խառնուրդի մեջ ոչ մի սարսափելի բան չտեսան:

Եվ հիմա էլ չեն տեսնում, օրինակ, Բաքվում ընթացող Եվրոպական խաղերին հետեւելիս, երբ քաղաքականությունը բառիս բուն իմաստով ներխուժում է սպորտ՝ իր ողջ երկկողմանի քարոզչական զինապաշարով:

Սպորտը վաղուց արդեն քաղաքականացված է: Եվ հենց որպես քաղաքականություն էր օգտագործվում է թե՛ պետությունների, թե անհատների կողմից: Երբ դրա կարիքը լինում է, իհարկե:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *