- Ամերիկյան ABC 7 հեռուստակայանի օպերատորը հայերին անվանել է «բանդիտանման ապուշներ»:
- Ամերիկահայ մամուլը կոչ է անում բողոքներ հղել ABC 7-ին՝ օպերատորի որակումների համար:
Համացանցում տեսագրություն է տարածվել, որում ամերիկյան ABC 7 հեռուստակայանի՝ Թիմ անունով ներկայացող օպերատորն ազգությամբ թուրք երկու ամերիկացիների հետ զրույցում ասում է, թե հայերի մեծ մասը «բանդիտանման ապուշ» է (thug-type idiot): (ABC 7-ը կամ KABC 7-րդ ալիքը ABC հեռուստակայանի կալիֆոռնիական մասնաճյուղն է):
Ամերիկահայ լրատվամիջոցները փոխանցում են, որ համացանցում հայտնված այդ տեսագրությունն արվել է ապրիլի 24-ին, երբ ամերիկահայերը Հանուն արդարության հանրահավաքին էին մասնակցում Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի առջև:
Տեսանյութի տարածման առաջին աղբյուրը հարցազրույց տվող երկու թուրքերից մեկը՝ Էրգուն Կիրլիկովալին է (Ամերիկայի թուրքական ասոցիացիաների համագումարի նախկին նախագահը): Դա, բնականաբար, ABC 7-ի օպերատորի նկարահանած տեսայնութը չէ: Պարզապես Կիրլիկովալին իր ընկերներից մեկին խնդրել է նույնպես տեսագրել ամբողջ զրույցը, և դրա 5:21-րդ րոպեից լսվում են հարցազրույց վարող օպերատորի որակումները հայերի մասին:
«Ես նկատեցի, որ դուք բավական խաղաղ մարդիկ եք և պաշտպանում եք ձեր դիրքորոշումը: Ես չեմ էլ փորձել խոսել նրանց հետ, որովհետև նրանցից շատերը բանդիտանման հիմարների են հիշեցնում, – ասել է ամերիկյան հեռուստակայանի օպերատորը՝ ավելացնելով, – հենց սկսում ես նրանցից մեկի հետ խոսել, հետևից լիքը «ռառառա» ես ստանում»:
Կիրլիկովալին այդ տեսանյութի վերջում օպերատորի միջոցով ABC-ին խնդրում է իրեն հրավիրել, իր բնորոշմամբ՝ «տարածքային հայկական նկրտումների» և « հայ տեռորիստների» թեմայով հեռուստաքննարկման, ինչին ի պատասխան օպերատորն ասում է՝ «Հա, հայկական հանցախմբերը» («Yeah, Armenian gangs»):
Ամերիկյան «Ասբարեզ» թերթի անգլերեն բաժինը ABC 7 հեռուստակայանի դեմ սոցիալական ցանցերով բողոքի արշավ է նախաձեռնել օպերատորի՝ նման որակումների համար: Թերթի խմբագրակազմը կոչ է արել այցելել ABC 7-ի Ֆեյսբուքի, Թվիթերի ու Ինսթագրամի հաշիվները և կարծիք հայտնել հեռուստաընկերության օպերատորի պահվածքի վերաբերյալ:
Պատրաստեց Ռուզան Խաչատրյանը
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: