2013.05.13,

Տեսակետ

«Քննադատական հոդված կարդալը պետք է ուրախ գործ լինի»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան

Լրագրող, արվեստի քննադատ

Հեռուստատեսային քննադատ Իրինա Պետրովսկայան ինքն իրեն «ալտերնատիվ լսողություն» ունեցող մարդ է համարում` նշելով՝ իր համար հեռուստատեսությունը դարձել է աշխարհը դիտարկելու պատուհան: «Ինչ տեսնում, այն էլ երգում եմ»,- այսպես է նա բնութագրում իր նեղ եւ մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունը, որտեղ անառարկելի հեղինակություն է:

Իրինա Պետրովսկայան ռուսական «Նովայա գազետա» թերթի սյունյակագիրն ու «Эхо Москвы» ռադիոկայանի «Մարդը հեռուստացույցից» հաղորդաշարի համահեղինակն է: Վերջերս նա Երեւանում էր, որտեղ դասախոսություններ կարդաց եւ media.am-ի քննադատների համար վարպետության դաս անցկացրեց:

Ձեր հոդվածներում, որպես կանոն, բուն հեռուստատեսությունը չնչին տոկոս է կազմում, ավելի շատ մտորումներ են կյանքի մասին:

Ես իսկապես ոչ այնքան հեռուստատեսության, որքան հեռուստատեսությունից ստացած տպավորության, իրականության արտացոլման մեխանիզմների մասին եմ գրում: Հեռուստեսությունն իմ դիտանկույնն է, թեմայի շրջադարձը, աշխարհին նայելու իմ պատուհանը: Եվ ինչ տեսնում եմ այդ պատուհանից, դրա մասին էլ գրում եմ:

Իհարկե, դա կասկածելի մասնագիտություն է: Թվում է՝ հեշտ է. հանգիստ նստած` հեռուստացույց ես դիտում ու հետո գրում: Եվ որքան էլ պաթետիկ հնչի, կասեմ, որ մենք`քննադատներս, աշխատում ենք լսարանի համար` յուրահատուկ կոմունիկացիա ապահովելով «հեռուստաարկղի» եւ դիտողի միջեւ:

Ձեր հոդվածները գրեթե միշտ հեգնական երանգ են ունենում: Այլ կերպ երեւի չի՞ ստացվի գրել ժամանակակից հեռուստատեսության մասին:

Կարծում եմ, որ արտահայտչամիջոցների պաշարում անպայման պետք է լինի հեգնանքը, ինչպես նաեւ տարբեր տեսակի ենթատեքստերը,ալյուզիաները, համեմատություններն ու մեջբերումները: Դա թույլ է տալիս ցուցադրել քո վերաբերմունքը եղածի հանդեպ:

Իրականում հենց հեգնանքն է ամենից շատ խոցում մարդկանց, եթե, իհարկե, դա վիրավորական չէ ու ադեկվատ արձագանք է ստանում ընթերցողի մոտ: Խոսքս ոչ թե հիմար ու ուղղակի ծաղրական հայացքի, այլ փոքր-ինչ վերացարկված հեգնական մոտեցման մասին է: Դա համարում եմ վարպետության գագաթնակետը: Իհարկե, միշտ չէ, որ հաջողվում է այն բանեցնել. կան թեմաներ, որոնք հեգնել չես կարող, ասենք՝ ողբերգությունները, ցնցումները, որոնց մասին գրելիս տեղին կլինի, այսպես ասած, բարձր լեքսիկան, անգամ պաթոսը:

Ընդհանրապես հեռուստացույցի մասին գրված ցանկացած տեքստ պետք է տեղին լինի: Հեշտ է գրել՝ տեսա սա, ինձ դուր եկավ, իսկ մյուս տեսածս՝ ոչ: Ընթերցողը կասի՝ հետո՞ ինչ: Քննադատին հարկավոր է որեւէ դրամտուրգիական կառույց հորինել, որի վրա էլ կշարվեն տպավորություններն ու եզրակացությունները:

Կարծում եմ` գրող մարդը միշտ ստեղծագործում է, իսկ քննադատական հոդվածը ինքնաբավ ստեղծագործություն է: Եվ այդ ստեղծագործական լաբորատորիայի աշխատանքային

«Երբ մարդն ինքն իրեն երկիմաստ համակարգի մեջ է տեղավորում (մի տեղ մի բան է գրում, իսկ այլ տեղ` բոլորովին ուրիշ), ուրեմն հարթակներից մեկում ստում է: Իսկ դա կարծում եմ` մասնագիտական հանցագործության պես բան է»

օրենքների մասին ոչ ոք հստակ ասել չի կարող: Շատ բան կախված է հեղինակի բառապաշարից, իմաստների կուտակումներից:

Նաեւ ընթերցողի…

Գիտեք՝ շատ սարսափելի է, երբ քո գրած տեքստը (սեփական տեսանկյունից հաջողված ու սրամիտ) ընթերցողի որեւէ հատվածի չի հասկանում: Իսկ այդպիսիք ավելանում են, հիմնականում՝ երիտասարդները: Թվում է, որ նույն լեզվով ենք գրում եւ կարդում, բայց երբ ընթերցողը քո համեմատության սկզբնաղբյուրը չգիտե (բոլորովին այլ սերունդ է), գրածդ էլ չի ընկալում:

Իսկ եղե՞լ են դեպքեր, երբ հեռուստաքննադատի գրածը լրջորեն ազդել է (եւ՛ դրական, եւ՛ բացասական կերպով) հաղորդման կամ հեռուստաանձի ճակատագրի վրա:

Իհարկե, ոչ մի հոդված չի կարող ո՛չ տապալել, ո՛չ էլ փառքի պատվանդանին դնել այս կամ երեւույթը կամ մարդուն: Սակայն եթե կարդացողը մտածող մարդ է, անպայման իր համար ինչ որ բան հստակեցնում է: Եղել են դեպքեր, երբ հեռուստատեսային ընկերներիցս ոմանք խոստովանել են, որ կարդացածն իրենց օգնել է կողմնորոշվել եւ որոշ շտկումներ անել: Բայց պետք է ասեմ, որ դա չափազանց հազվադեպ է լինում:

Քննադատությունը չի կարող «մահացու» լինել, բայց ցանկալի է հիշել, որ մարդիկ ընդհանրապես նուրբ եւ ազդվող էակներ են:

Հիշում եմ՝ երբ տարիներ առաջ ռուսական НТВ ալիքը դեռ նոր էր որոշել հրաժարվել լուրջ հաղորդումներից ու սկսել էր ինֆոթենյմենթի ուղղությամբ զարգանալ (այսինքն՝ զվարճացնելով տեղեկացնելու ու տեղեկացնելով՝ զվարճացնելու), տարբեր գրավիչ հնարքներ ու ցնցող, շոկ առաջացնող սյուժեներ հայտնվեցին: Էկրանին երեւացին տարբեր մարգինալներ՝ մարդակերներ, պաթոլոգիկ հիվանդներ, սարսափ եւ զզվանք առաջացնող պատմություններ:

Առաջինը նման սուր թեմաների անդրադարձավ Լեոնիդ Պարֆյոնովն իր «Նամեդնի» ծրագրում, ում հետո մեղադրեցին կորպորատիվ էթիկայի խախտման մեջ ու հեռացրեցին ալիքից: Եվ պարզապես զուգադիպել էր, որ այդ ժամանակ ես մի հոդված գրեցի այդ հաղորդման մասին՝ տեղյակ չլինելով, որ Պարֆյոնովի գլխին սեւ ամպեր են կուտակվել: Հետո ինձ բավականին վատ զգացի, որ նաեւ իմ հոդվածի շնորհիվ մի փոքր մեխ մեխվեց «Նամեդնիի» եւ ընդհանրապես հեռուստաընկերության «դագաղի» մեջ:

Մենք էլ ունենք ալիքներ, որնոնք ընտրել են ինֆոթեյնմենթի սկզբունքները: Այդ փաթեթավորումն անխուսափելի՞ է:

Կարծում եմ՝ անխուսափելի է. ողջ աշխարհն է դրանով տարված: Պարզապես խնդիրը տաղանդն է: Նշածս «Նամեդնի»-ում դա արվում էր սրամիտ, խելացի ու տաղանդավոր, իսկ հիմա ավելի ու ավելի անհամ է ու անճաշակ ֆորմա է ստանում:

Հաճախ եմ լինում ռեգիոնալ հեռուստաընկերություններում ու տեսնում, որ հիմնականում բանեցվում են տարբեր դեկորատիվ ու էժանագին հնարքներ՝ մանր, փայլփլուն «զարդարանքներ»՝ մոռանալով բովանդակության մասին:

Իրականում տաղանդավոր ինֆոթեյնմենթը առաջին հերթին հիմնվում է հենց բովանդակության վրա եւ հետո միայն մատուցվում է որքան կարելի է գեղեցիկ, էլեգանտ ու սրամիտ: Իհարկե, երբ մատուցվում է «դատարկությունը», լսարանի հիշողության մեջ միայն այդ «բանտիկներն» ու ձեւական համեմունքներն են մնում:

Մեդիա դաշտը հաճախ վիճում է այն հարցի շուրջ, թե ինֆոթեյնմենթը վտանգավո՞ր է լրագրության համար (այդպես, օրինակ, կարծում է Վլադիմիր Պոզները), թե՞ դա, այնուամենայնիվ, անհրաժեշտություն է (դրանում վստահ է Պարֆյենովը):

Տեղեկատվական հագեցվածության պայմաններում մարդիկ արագորեն հոգնում ու դադարում են ընկալել նոր ինֆորմացիան, իսկ ինֆոթեյնմենթը հնարավորություն է տալիս գրավել նրանց ուշադրությունը: Ստացվում է, որ, օգտագործելով գրավիչ ֆորման, կարելի է լսարանի միտքը սեւեռել բովանդակության վրա:

Իսկ երբեմն էլ հակառակն անել՝ շեղել ուշադրությունը…

Իհարկե, երբեմն նաեւ շեղել: Ի վերջո, հեռուստատեսությունը հեշտությամբ կարող է «դատարկել» մարդուն, նման օրինակներն ավելի շատ են:

Դուք ասացիք, որ գերադասում եք ուրախ գրել, որպեսզի ընթերցողն էլ ուրախության որոշակի չափաբաժին ստանա:

Կարդալն, իհարկե, պետք է հետաքրքիր եւ ուրախ պրոցես լինի: Հո չե՞ս կարող բութ, երբեմն նաեւ խելագարեցնող բաների մասին բութ հոդված կարդալ, այն պետք է անպայման ուրախ լինի: Երբեմն իրոք սեփական վերաբերմունքն արտահայտելու այլ հնարավորություն չես ունենում, քան ընթերցողին ծիծաղել ստիպելը: Ծիծաղի միջոցով էլ դրդել սեփական կարծիք ձեւավորել:

Irina Petrovskaya in YerevanՔննարկում մեդիա քննադատների «Լրադադար» ակումբում

Օրինակ բերեմ՝ երբ մեր ազգային լիդերի՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի 55-ամյակն էր նշվում, ռեժիսոր Նիկիտա Միխալկովը ֆիլմ պատրաստեց, որտեղ զուսպ եւ հուզված տղամարդային կեցվածքով պատմում էր, թե ինչպիսի ավերակ ու սարսափելի երկիր էր ժառանգել Պուտինը եւ ինչպես տարիներ անց նա կարողացավ ահռելի աշխատանք կատարել ու ծաղկեցնել Ռուսաստանը: Բուրում ու բարգավաճում են քաղաքները, դաշտերը ծփում են բերքով, վերագործարկվում են ֆաբրիկաները, մի խոսքով՝ ամեն ինչ հիանալի է: Կարճ ասած`«55» ֆիլմը լրիվ կոմիկական ստեղծագործություն էր…

Իսկ մինչ այդ նշվում էր Բրեժնեւի 100-ամյակը եւ որպես ծիծաղաշարժ հուշ ցուցադրվեց սովետական տարիներին նկարահանված «Վեպ իսկական կոմունիստի մասին» ֆիլմը, որտեղ ծայրաստիճան պաթոսով ասվում էր, թե ինչպիսի հսկայական ճանապարհ է անցել մեր երկիրը՝ հմուտ, իմաստուն ու սիրելի առաջնորդի օրոք:

Երբ նայում էի այդ ֆիլմը, ակամայից հիշեցի «55»-ը, սկսեցի համեմատել այդ երկու ֆիլմերն ու իսկական շոկ ապրեցի`պարզելով, որ որոշ հատվածներ պարզապես պատճենում են իրար: Եվ հոդված գրելու ընթացքում իրար միացրեցի երկու ֆիլմերից մեջբերումները՝ երբեմն էլ իրար խառնելով ու համադրելով: Արդյունքում ստացվեց «Վեպ իսկական նախագահի մասին» հոդվածը, որը բավական ծիծաղաշարժ էֆեկտ ուներ եւ, ինչը շատ կարեւոր է, բազմաթիվ ասոցիացաներ առաջացրեց: Որտեղից ենք եկել, եւ ինչին ենք վերադառնում…

Այնպես որ, վերադառնալով ձեր հարցին՝ ասեմ, որ երբեմն քննադատն իրոք կարող է շատ գործուն հնարքներ բանեցնել՝ չսպանել, բայց իր ուզած էֆեկտին հասնել:

Քննադատությունը մի՞շտ է սուբյեկտիվ:

Օրինակ՝ իմ նշած հոդվածում երկրորդ կարծիք պարզապես չէր կարող լինել: Սուբյեկտիվությունը այսպես թե այնպես միշտ առկա է, քանի որ նյութն ու փաստերն ընտրելիս հեղինակն արդեն իսկ սուբյեկտիվ է: Նա կառուցում է իր հոդվածը՝ սեփական նախապատվությունների սանդղակի համաձայն: Իհարկե, սուբյեկտիվության տարրն ավելի ցայտուն է հեղինակային լրագրության մեջ, բայց հեղինակային հոդվածը հենց դրանով էլ գրավում է լսարանին, որ թույլ է տալիս թեկուզ հեռակա, բայց շփվել հեղինակի հետ, սեփական տպավորությունները ստուգել, կարիծքները ճշտել:

Կար ժամանակ, երբ մենք փորձում էինք անցում անել լրագրության արեւմտյան ոճի: Այդ փուլով անցավ, օրինակ, «Կոմերսանտ» թերթը, որը փաստերի թերթ էր ու առավելագույնս քողարկում էր հեղինակային էլեմենտը, անգամ հատուկ re-writer-ներ կային, որոնք ոչ թե խմբագրում, այլ նորից էին գրում` հեղինակային հոդվածները համապատասխանեցնելով ստանդարտ ոճի: Իսկ հետո գլխավոր խմբագիրը հասկացավ, որ ընթերցողին ոչ պակաս հետաքրքիր է հեղինակային լրագրությունը՝ կարծիքը, գնահատականը, վերլուծությունը (իհարկե, եթե դա չի բացառում ինֆորմացիայի ճշտությունը):

«Ինֆորմացիայի հետ գործ ունեցող մասնագիտությունը նման է հյութաքամ մեքենայի, որը ստիպում է անընդհատ վազվզել ու երբեմն էլ մոռանալ ինքնազարգացման մասին»

Այսօր միայն ինֆորմացիա փոխանցող ու տարածող թերթերը ոչ մի կերպ չեն կարող մրցել ինտերնետի հետ, որքան էլ ուշացնեն թերթի մուտքը տպարան, միեւնույն է, ինֆորմացիան վերածվելու է նախանցյալ տարվա ձյան, որն արդեն ձյուն չէ ու ոչ մեկին պետք չէ:

Թերթերի առավելությունը հենց հեղինակներն են, որոնք իրադարձության իրենց տեսլականի մասին են գրում ու սեփական վերաբերմունքն են արտահայտում: Իհարկե, սուբյեկտիվ է, բայց եթե կարծիքը առանձնացվում է փաստից, դա կարդալը միշտ էլ հետաքրքիր է: Ավելին` եթե հեղինակը հետաքրքիր է իր ընթերցողին, ապա հետաքրքիր է հենց իր սուբյեկտիվ մոտեցման շնորհիվ:

Իհարկե, մեզ մոտ հիմա լրագրողական ժանրերի շիլաշփոթ է (հատկապես հեռուստատեսությունում), նույն կաթսայի մեջ են լցնում փաստերը, մեկնաբանությունները, կարծիքներն ու գնահատականները, ինչը կարծում եմ՝ ռուսական մոտեցում է:

Կարո՞ղ են արդյոք հեռուստատեսային վարկանիշները փաստել հաղորդումների որակի մասին:

Հաճախ ճիշտ հակառակն է: Ռեյթինգը քանական ցուցանիշ է, ոչ ավելին: Եվ չի կարող այս կամ հաղորդման հանդեպ եղած վերաբերմունքի արտահայտությունը համարվել, քանի որ այդ քանակական ցուցանիշի մաս են կազմում նաեւ բացասական վերաբերմունքը («Ատում եմ, բայց դիտում» սկզբունքով), ֆոնային դիտումը (երբ հեռուստացույցը պարզապես միացված է, իսկ մարդիկ այլ գործերով են զբաղված), պատահական դիտումները (միայն ականջի պոչով են որոշ բաներ լսում): Այդ ամենը հեռուստավարկանիշ է կազմում, բայց ոչ մի դեպքում չի վկայում արտադրանքի որակի մասին:

Ընդունված է համարել, որ քննադատությունն ու ռեյթինգը տարբեր բեւեռներ են: Որպես կանոն՝ ռեյթինգը քանակի, իսկ քննադատությունը որակի գնահատականներն են: Որակը (որպես բնութագրում) չի էլ մտնում ռեյթինգի հասկացության մեջ:

Հայաստանում հեռուստաալիքները բավական շատ են, նույնիսկ ավելի շատ, քան այդ ալիքները սպասարկել կարողացող մասնագետները: Այդ դեպքում մեծ քանակը նվազեցնու՞մ է որակը:

Իհարկե: Եթե բոլորը ուղղորդվում են ռեյթինգով ու փորձում ամեն գնով լսարանն ընդլայնել, ապա հաղորդումների որակն անկասկած ընկնում է: Գրեթե միշտ այդպես է, քանի որ հաշվի է առնում ոչ միայն հեռուստացանցում տվյալ հաղորդման տեղը, այլեւ նրա գինը, որը կազմվում է կոնկրետ հաղորդման մեջ տեղադրված գովազդով: Եվ ստացվում է, որ գինը կախված է քանակից, ավելի ճիշտ՝ գլխաքանակից:

Ընդհանրապես ռեյթինգն ամենազոր չէ: Դրա ապացույցն, օրինակ, մեզ մոտ անցկացված սոցիալական հետազոտությունն էր, որը պարզեց՝ եթե երեւէ սուպերպոպուլյար հաղորդում փրայմ թայմից տեղափոխենք կեսգիշերից հետո, նրա ռեյթինգը միանգամից կընկնի, քանի որ ակնհայտորեն կնվազի դիտողների քանակը: Իսկ եթե հակառակն անենք. ցածր ռեյթինգ ունեցող (օբյեկտիվ պատճառներով) հաղորդումը տեղափոխենք սուպերպոպուլյար ժամային գոտի, նրա ռեյթինգը կայծակնային արագությամբ կբարձրանա:

Գոյություն ունի «առաջին կոճակի» էֆեկտ. ինչ էլ ցուցադրես դիտելի ժամին, բարձր ռեյթինգ կունենա:

Իսկ դուք հասցրեցի՞ք գոնե աչքի պոչով դիտել հայկական հեռուստատեությունը: Մենք դժգոհում ենք, որ շատ հաղորդումներ ռուսականների պատճենն են:

Հայկական եթերը, ցավոք, չեմ դիտել: Բայց ասեմ, որ ողջ աշխարհի ողջ հեռուստատեսությունները իրարից ինչ-որ բան են փոխառում: Դա նման է հեծանվին: Ինչ-որ ժամանակ ինչ-որ մեկը476 հնարել է այն, իսկ հետո առաջացել են դրա մոդիֆիկացիաները (չորս անիվ, երեք անիվ, երկու նստատեղ եւ այլն): Գլխավորն այն է, որ այդ հեծանիվը շարժվի: Եթե հեծանվի կոնստրուկցիայում դեֆեկտներ չկան (անիվները քառակուսի չեն կամ ղեկը ծռված չէ), ապա դրանում վատ բան չկա:

Սակայն ամենասարսափելին այն է, որ մեզ մոտ ընդունված է պատճենել վատը: Չէ՞ որ բոլորս էլ գիտենք, որ փոխառելու շատ ավելի հաջող նմուշներ կան, բայց մենք ոչ թե դրանք ենք նոր հաղորդումների հիմք սարքում, այլ հնարում ենք բոլորովին այլ շինծու մի բան:

Իշխանությունները հեռուստատեսությունը զենք են համարում, այդ տենդենցը չի՞ փոխվելու:

Իհարկե, քաղաքական բաղադրիչով ռուսական բոլոր ալիքները ենթարկվում են Կրեմլին (կասկած ունեմ, որ ձեզ մոտ էլ է այդպես), որոշ ալիքներ քարոզչությունն անում են կոպիտ կացնային մեթոդներով, որոշ ալիքներ էլ` նրբանկատ, բայց, միեւնույն է, հեռուստատեսությունը բացարձակ վերահսկվող տարածք է: Այդպես կլինի, քանի ղեռ այն շարունակում է իշխանական ռեսուրս մնալ: Հեռուստալսարանը հիմնականում 50-ն անց մարդիկ են, եւ հենց նրանք են կազմում հիմնական ընտրազանգվածը:

Բայց եթե անտեսենք քաղաքական տարրը, մնացած բոլոր առումներով հեռուստատեսությունը ակտիվորեն զարգանում է:

Ռուսաստանում ակտիվորեն տարածվում է «շատախոս» թոք-շոուի ժանրը: Ինչպիսի՞ մեխանիզմներով է իրականացվում շատախոսելու մանիպուլյացիան:

Հիմնականում թեման քննարկվում է, որ հետո հաշվետվություն ներկայացվի ու ասվի՝ բայց մենք այդ թեմային արդեն անդրադարձել ենք: Կարող են կենտրոնանալ աննշան մանրուքների վրա, որոնք ուղղակի կապ չունեն թեմայի հետ, արհեստականորեն բորբոքել կրքերը՝ պրովոկացիա անելով ու մասնակիցների էմոցիաները գրգռելով: Ընդհանրապես մերկ զգացմունքներին ավելի շատ են դիմում, քան բանականությանը: Կան նաեւ հատուկ հիստերիկ անձեր, որոնք ներկայանում են թոք-շոուին եւ, ցանկացած թեմայից շուկա սարքելով, ապակողմնորոշում դիտողին:

Ավելին՝ քանի որ հենց այդ հիստերիկ բաղադրիչն է գերակշռում բանավիճային ֆորմատի ռուսական հաղորդումներում, ապա նորմալ, բանական մարդը՝ հայտնվելով նրանց շարքում, իսկույն «կորում» եւ հաճախ սխալ է ընկալում: Էմոցիոնալ բաղադրիչին ապավինելը հենց նման մանիպուլյատիվ հնարքներից է (ով ավելի բարձր կգոռա, թուք շաղ կտա շուրջը, նա էլ կհաղթի):

Թվում է՝ եւ՛ թեման է կարեւոր, եւ՛ քննարկումն է անհրաժեշտ, բայց, նախապես իմանալով, որ հրավիրվածները կռվարարներ ու սկանդալիստներ են, հաղորդման հեղինակները թեման անարժեք են դարձնում: Երբեմն նաեւ՝ նսեմացնում:

Իշխանամետ հեռուստաալիքները սովորաբար չեն անդրադառնում սուր թեմաների (քաղաքական, սոցիալական)՝ ասելով, որ դա խուճապ կառաջացնի ու կվնասի լսարանին: Այդպես կարծես պաշտպանո՞ւմ են մեզ անկայունության վտանգից:

Ամեն ինչ կախված է կոնկրետ իրադարձությունից: Կարծում եմ՝ եթե զանգվածային ծեծկռտուք կամ վթար լինի, հեռուստատեսությունը հաճույքով դա ցույց կտա: Իսկ եթե խոսքը քաղաքական բողոքների եւ հանրահավաքների մասին է, ապա, այո, դրանք անպայման անտեսվում են: Սովորաբար չի նշվում բողոքի մասնակիցների թիվը կամ էլ նկարահանման հատուկ հնարքներով միտումնավոր ցուցադրվում են կիսադատարկ հրապարակներ (ասենք՝ նկարահանում են հանրահավաքը հայտարարված մեկնարկից մեկ ժամ առաջ, երբ մասնակիցները դեռ նոր են հավաքվում):

Հեռուստատեսությունը սիրում է նաեւ խոշոր պլանով ցուցադրել տարբեր մարգինալ ու տգեղ դեմքեր, ասենք՝ այդ վայրում մշտապես կանգնող հարբեցողներին: Օպերատորները հատուկ փնտրում ու «որսում» են նաեւ նացիստներին՝ ագրեսիվ պաստառներով կամ դրոշներով: Ամեն ինչ անում են ցուցադրելու համար, որ բողոքի ակցիաներին գալիս են թափթփուկները՝ սվաստիկայով կամ գարեջրի շշերով:

«Իրականում տաղանդավոր ինֆոթեյնմենթը առաջին հերթին հիմնվում է բովանդակության վրա եւ հետո միայն մատուցվում է որքան կարելի է գեղեցիկ, էլեգանտ ու սրամիտ» 

Երբ Մոսկվայում պարզապես հիանալի, շշմելու կազմակերպված «Օկուպայ Աբայ» ակցիան էր անցկացվում, հեռուստատեսությունը նկարահանում էր ոչ թե կիթառով երգող կամ գիրք կարդացող մարդկանց, այլ նստարանների վրա քնած հարբեցողներին ու աղբամանները, որոնք ակցիայի կազմակերպիչները դեռ չէին հասցրել դատարկել: Հետո այդ պայծառ ու կազմակերպված մասնակիցներին ստիպեցին լքել տարածքը, իսկ աղբն ու հարբեցողները մնացին…

Իսկ եթե այդ իրավիճակին նայենք լրագրողների աչքերով, դա կլինի գրաքննությու՞ն, թե՞ ինքնագրաքննություն:

Դա գրաքննություն չէ, այլ դրվածք, որին շատ լրագրողներ ենթարկվում են պատրաստակամությամբ: Շատ ունենք բոցավառ հայրենասեր լրագրողներ, որոնք հաճույքով իրենք էլ մի քանի նոր բան են ավելացնում այդ դրվածքին: Եվ հենց նրանք են ուղարկվում ընդդիմության ակցիաները կամ դատավարությունները լուսաբանելու:

Այդպես հեշտ է: Իհարկե, բավական զզվելի է, բայց հեշտ է: Կարելի է արագ կարիերա անել եւ ցանկության դեպքում շատ փող ստանալ: Երիտասարդ տարիքում լրագրողները չեն մտածում, որ առջեւում դեռ երկար դիստանցիա կա անցնելու, եւ երբ ռեժիմների փոփոխություն է լինում (ինչի ականատեսն արդեն եղել ենք), ապա նրանք մեկ ակնթարթում սայլից վայր են ընկնում: Հատկապես նրանք, ովքեր դեմքով են աշխատում, այսինքն՝ իրենց աշխատանքը դրոշմում են անջնջելի կնիքով:

Ամենատխուրն այն է, որ հենց այդ լրագրողների տեսակն է ավելի բարձր պաշտոնների հասնում, իսկ նրանց փոխարեն եկած երիտասարդներին օրինակ են բերում այդ հներին:

Հեռուստատեսային փառքը եթերային երեւույթ է, որը շատերին զրկում է ադեկվատ ինքնագնահատականից եւ սեփական անձի ընկալումն անբնական դարձնում: Իսկ երբ այդ գնահատականը խախտվում է, սկիզբ են առնում պրոբլեմները, հիմնականում՝ էթիկական:

Ընդհանրապես ինֆորմացիայի հետ գործ ունեցող մասնագիտությունը նման է հյութաքամ մեքենայի, որը ստիպում է անընդհատ վազվզել ու երբեմն էլ մոռանալ ինքնազարգացման մասին:

Ռուս հեռուստալրագրողներից ոմանք թողնում են աշխատանքը՝ ասելով, որ չեն ուզում մասնակցել կեղծիքի: Իսկ հնարավո՞ր է մաքուր մնալ ու ազնիվ աշխատել, եթե ալիքի ընդհանուր գիծը այնքան էլ ազնիվ չէ:

Երեւի թե միակ կայուն բանը լրագրության մեջ ազնվությունն է, լրագրողը ազնիվ պիտի լինի ցանկացած պարագայում: Երբ ինչ-որ փուլում ալիքը սեւացնելով է զբաղված, իսկ հետո դու` սպիտակ զգեստ հագած, հակառակ դիրքորոշումն ես բռնում, դու անկասկած լեգիտիմացնում ես նախորդիդ «սեւ» գործը:

Հեռուստադիտողի համար նշանակություն չունի, թե դու ինչ լրագրող ես, միեւնույն է, դու ընդհանուր շղթայում ես ու լայն իմաստով սպասարկում ես եղած ռեժիմն ու համակարգը:

Իսկ եթե սկզբունքային ես ու որոշում ես ինքդ քեզ պահպանելով հեռանալ ալիքից, իրավունք ես ստանում ասել, որ այլեւս չես մասնակցում անազնվությանը:

Այդ բանավեճը մեզ մոտ անընդհատ է ընթանում: Ես ինքս էլ այդ երկընտրանքի առջեւ եմ կանգնել, երբ, աշխատելով «Իզվեստիա» թերթում, հասկացա, որ դա այլեւս թերթ չէ, այլ իշխանության բարձրախոս: Ինձ թվում էր, որ իմ «բոստանը» (հեղինակային սյունյակը) դրանից չի տուժի, միեւնույն է, ես կպահպանեմ իմ ընթերցողին, որը հասկանում է, որ թերթի ընդհանուր գծի հետ ես կապ չունեմ: Բայց եկավ մի պահ ու հասկացա, որ, ավաղ, ես կապված եմ իրականության հետ, քանի որ իմ կողքին կարող էին տեղադրել այնպիսի հոդված, որը գետինը մտնելու ցանկություն էր առաջացնում: Եվ երբ իմ ընթերցողներն ասացին` ինչպե՞ս կարող եք այդ տականքների կողքին տպագրվել, ես հեռացա թերթից:

Բայց դա շատ նուրբ հարց է, քանի որ յուրաքանչյուր հեռացող հասկանում է, որ աշխատանք գտնելը գրեթե անհնար է, բոլորն էլ ընտանիքներ ունեն ու պետք է փող վաստակեն: Եվ ես իրավունք չունեմ որեւէ մեկին կշտամբել:

Վերջերս սրվել են կորպորատիվ էթիկայի շուրջ վեճերը: Երբ լրագրողը սոցցանցերում գրառումներ է անում, նա միայն ի՞ր անձնական կարծիքն է արտահայտում, թե՞ նաեւ իր պարբերականի:

Դա ահռելի պրոբլեմ է: Կա կարծիք, որ ցանկացած հարթակում լրագրողը միշտ էլ լրագրող է մնում: Վերջերս մի երիտասարդի հեռացրեցին աշխատանքից, երբ նա այն նյութերը, որոնք

«Թերթերի առավելությունը հենց հեղինակներն են, որոնք իրադարձության իրենց տեսլականի մասին են գրում ու սեփական վերաբերմունքն են արտահայտում: Ավելին՝ եթե հեղինակը հետաքրքիր է իր ընթերցողին, ապա հետաքրքիր է հենց իր սուբյեկտիվ մոտեցման շնորհիվ»

ալիքը մերժել էր, հրապարակել էր Ֆեյսբուքում: Շատ լրատվական ընկերություններ մոնիթորինգի են ենթարկում իրենց աշխատակիցների սոցցանցերի գրառումները:

Երբ ես որեւէ հաղորդման մասին գրում եմ սոցցանցում, կարող եմ ինձ թույլ տալ ավելի կտրուկ ձեւակերպումներ անել, քան հոդված գրելիս: Օրինակ՝ վերջերս անդրադառնալով պատգամավոր Յարովայայի ու Պոզների հարցացրույցին, Ֆեյսբուքում այդ կնոջը շատ կոպիտ բառով կոչեցի, ինչը հոդվածում չէի անի: Սակայն միշտ էլ փորձում եմ սահմանը չանցնել:

Երբ մարդն ինքն իրեն երկիմաստ համակարգի մեջ է տեղավորում (մի տեղ մի բան է գրում, իսկ այլ տեղ`բոլորովին ուրիշ), ուրեմն հարթակներից մեկում ստում է: Իսկ դա կարծում եմ`մասնագիտական հանցագործության պես բան է: Առավելեւս եթե դա անում ես գիտակցաբար`մոլորեցնելով ու ստելով քո ընթերցողին:

Իսկ ինչպիսի՞ն կլինի ապագայի հեռուստատեսությունը:

Միեւնույն է, ամեն ինչ որոշելու է տնտեսությունը: Կմնան այն ալիքները, որոնք հաջողակ են ու եկամուտ են բերում: Շատ ալիքներ ունենալը այդքան էլ վատ չէ, շատ բան կախված է նրանց անկախության աստիճանից (իհարկե, հարաբերական): Կարեւոր է, որ ալիքները լսարանին իրականության ամբողջական պատկերը տան (եթե մեկը լռում է, ապա մյուսը խոսում է): Իսկ երբ բոլոր ալիքները ղեկավարվում են մեկ կենտրոնից, ցանկացած թարմ ինֆորմացիոն շիթերի հոսքը միանգամից կանխվում է:

Ռուսաստանում, օրինակ, նույնիսկ փոքր ալիքներն են վերահսկվում նույն կենտրոնից: Եթե ալիքներից մեկը որոշում է, ասենք, սոցիալական մի սուր հաղորդում հեռարձակել, ալիքի ղեկավարին կանչում են կենտրոն ու ասում` հարկավոր չէ: Եվ հիմնական զսպող գործոնը նույնպես տնտեսականն է, ասում են` եթե չենթարկվես, կփակենք քո բիզնեսը:

Այնպես որ, տնտեսական գործոնը առաջնային է:

Հեռուստացույցն ինքնին շատ տարօրինակ երեւույթ է: Բացի իր հիմնական ֆունկցիաներից՝ ինֆորմացիա փոխանցելուց ու լուսավորելուց, այն կարող է նաեւ կազմակերպել, համախմբել, ի վերջո, նաեւ օգնել մարդկանց: Բայց այդ գործառույթները քիչ են կիրառվում: Ինֆորմացիայի ահռելի օվկիանոսում կողմնորոշելու, իրականը իմիտացիայից զատելու կարիք կա:

Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *