2019.03.15,

Նյուսրում

Սոցիալական ցանցերն ընդդեմ հակապատվաստումային բովանդակության

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան

Լրագրող

Սոցիալական ցանցերը քայլեր են արել պատվաստումների դեմ տեղեկատվական արշավին դիմագրավելու համար:

Պատվաստանյութերի դեմ բովանդակությունը վերջին տարիներին ավանդական մեդիայից տեղափոխվել է սոցցանցեր` Ինստագրամ, Վոթսափ, Յություբ, Ֆեյսբուք և գլխացավանք դարձել աշխարհի համար: Ոլորտը հեղեղվել է կեղծ տեղեկություններով, այս մասին բարձրաձայնում են ոլորտի միջազգային կառույցների ներկայացուցիչները:

Բրիտանիայի առողջապահության ազգային ծառայության ղեկավար Սիմոն Սթիվենն ասում է, որ պատվաստումների դեմ շրջանառվող տեղեկությունները նպաստել են կարմրուկի դեպքերի ավելացմանը: Նրա խոսքով, ամեն տարի պատվաստումների շնորհիվ աշխարհում փրկվում է մոտ 2-3 միլիոն կյանք:

Մարդիկ կեղծ տեղեկությունների ծուղակն են ընկնում հիմնականում սոցիալական ցանցերում: Եվ սա հասկանալով, Ֆեյսբուքն ու Յություբը սկսել են հստակեցնել այս հարցում իրենց անելիքները:

Ֆեյսբուքը կանխելու է նման տեղեկությունների տարածումը: Սոցիալական ցանցը որոնողական համակարգում կդադարեցնի այն խմբերի և էջերի ցուցադրումը, որոնք տարածում են պատվաստումների դեմ նյութեր, տեսահոլովակներ և լուսանկարներ: Ինչպես նաև այլ օգտատերերի խորհուրդ չի տա ընկերանալ կամ միանալ այս անձերին և խմբերին:

Ֆեյսբուքը նաև շարունակելու է որսալ պատվաստումների դեմ քարոզչական նյութերը, քանի որ նման բովանդակությունների տարածումը դեմ է իր կարգավորումներին:

Այլ է Յություբի դեպքը: Միացյալ նահանգների կառավարությունը ճնշումներ է գործադրում, որպեսզի տեխնոլոգիական ընկերությունն ավելին անի այս խնդրի կարգավորման համար:

Այժմ սոցիալական ցանցը քայլեր է ձեռնարկում ստուգելու նման կասկածելի տեղեկությունները: Հնդկաստանում ընկերությունն արդեն ցուցադրել է կարգավորում, որը ավտոմատ ցույց է տալիս ապատեղեկատվությանը հակված տեղեկությունները: Այս հարթակները ցույց են տալիս միայն ստուգված բովանդակություն, որոնք տեղադրվել են հաստատված բաժանորդների (verified users) կողմից:

Հայաստանում վիճակագրական տվյալներ չկան, թե նման կեղծ բովանդակությանն ինչ թվային ազդեցություն է ունենում պատվաստումների և դրա հետևանքով մահացության վրա, սակայն խնդիրն արդիական է:

Առողջապահության նախարարության Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն ասում է, որ պատվաստումների դեմ նյութերն իրենց ամենօրյա ուշադրության կենտրոնում են, որպեսզի հասկանան ինչպիսի բովանդակություն է շրջանառվում:

«Շատ են բացասական, նեգատիվ, ապատեղեկատվություն պարունակող հոդվածներն ու տեսանյութերը: Քննարկում ենք, պատասխանում գրառումներին, սակայն չենք դիմում ցանցերին՝ օգտատերերին արգելափակելու կամ այլ սահմանափակումների համար»,- ասում է Սահակյանը:

Նրա խոսքով, իրենք պապիլոմա վիրուսի պատվաստման ժամանակ գործնականում առնչվել են այս խնդրին, քանի որ գարդասիլի վերաբերյալ սարսափազդու տեսանյութերի տարածումը բավականին մեծ շրջանակներ էր ընդգրկում: Արդյունքում գրանցվել է պատվաստումների անկում:

«Ապատեղեկատվություն տարածող տեսանյութերն ու հոդվածները Հայաստանում չեն ստեղծվում, սակայն թարգմանվում են հայերեն և տարածվում սոցիալական ցանցերի տեղական խմբերում և էջերում»,-ասում է ոլորտի ներկայացուցիչը:

«Հայ մայրիկների ակումբը» ֆեյսբուքյան ամենամեծ խմբերից է, որտեղ ընդհանրապես արգելված է պատվաստումների թեմայով դեմ կամ կողմ արտահայտվել կամ քննարկումներ վարել: Խմբի համակարգող Աստղիկ Զաքարյանն ասում է, որ այս արգելքի պատճառն այն է, որ մարդիկ տեղեկացված չեն, չունեն համապատասխան գիտելիքներ, կրթություն, պաշտոնական նյութեր կարդալու ցանկություն:

«Քննարկման ժամանակ մեկ էլ մեկը գրում է «մեր հարևանի աղջկա քրոջ տղային պատվաստեցին, միանգամից «Դաուն» հիվանդ դարձավ», ու շատերը նման անհեթեթ ու անհիմն, օդում ասված մտքի հիման վրա որոշում են չպատվաստել երեխային, ինչը վտանգում է և՛ այդ երեխայի կյանքը, և՛ նրան շրջապատող երեխաներինը»,- բացատրում է Աստղիկը:

Խմբում, ըստ նրա, թույլատրված է նման թեմայով քննարկում, որը ոչ թե դեմ ու կողմի մասին է, այլ օրինակ` հարցնում են արդյոք կարելի՞ է ուշացրած պատվաստել, կամ որ տարիքում ինչ պատվաստել և այլն. «Նման դեպքերում մենք նշում ենք մեր խմբի անդամ, առողջապահության ներկայացուցիչներին, ովքեր այս ոլորտի մասնագետ են և կարող են հարցին մասնագիտական պատասխան տալ»:

Մեր զրուցակիցը ողջունում է սոցցանցերի նախաձեռնությունը, քանի որ պատվաստումների դեմ գրեթե ողջ տեղեկատվությունը կեղծ է ու չապացուցված:

«Մարդիկ այսօր չեն ուզում կարդալ, ինքնակրթվել ու լուրջ եզրակացություններ անել, գերադասում են առանց հասկանալու «շառից-փորձանքից» հեռու մնալու համար երեխային չպատվաստել, մինչդեռ հենց դա է դառնում իրական «շառ ու փորձանք»»,-եզրափակում է նա:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *