2015.10.19,

Քննադատ

Գերատեսչական գրաֆիթի

author_posts/gegham-vardanyan
Գեղամ Վարդանյան

Կրթությամբ ֆիզիկոս, մասնագիտությամբ՝ լրագրող:

Երեւանի մետրոպոլիտենի գնացքներից մեկի վրա գրաֆիթիի ոճով պատկեր է հայտնվել: Չքննարկենք այդ պատկերի բովանդակությունը եւ էսթետիկան:

Ուղղակի փաստենք. այն գերատեսչական պատկերի նմուշ է: Որոշակի մակարդակի իշխանավորները, պաշտոնյաները տեղյակ են այդ գրաֆիթիից եւ դեմ չեն դրան:

Լուսանկարը՝ PanArmenian-ի ֆեյսբուքյան էջից

Երեւանում գերատեսչական բնույթի գրաֆիթիի մեկ օրինակ էլ հայ դասականների՝ գրողների, արտիստների, գիտնականների դասագրքային նկարներն են, որ հայտնվում են քաղաքի պատերին: Այդ պատկերները փողոցի արվեստ՝ street art լինելու հավակնություն ունեն:

Լուսանկարը՝ Robert Nikoghosyan Art ֆեյսբուքյան էջից

Իրական street art-ը արմատական է, ներկայացնում է հասարակության բողոքը եւ հիմնականում գործում է առանց պաշտոնական թույլտվությունների: Նկարը կամ գրությունը քաղաքի պատերին կամ ասֆալտին կարող է ապրել մի քանի ժամ կամ մեկ օր:

Այնքան, մինչեւ այն կջնջեն իշխանությունները:

Սակայն փողոցային արվեստն ապրում է լուսանկարներում կամ տեսանյութերում եւ տարածվում է ինտերնետում: Ամենավառ օրինակը Banksy-ն է, ում ով լինելն անգամ հայտնի չէ:

Մետրոյի նկարազարդ վագոնը կամ Իսահակյանի լուսանկարի արտապատկերումը պատին միգուցե գեղեցիկ է, բայց street art-ի համար կարեւոր բնութագրիչը գեղեցկությունը չէ: Կարեւորն ասելիքն է:

Փողոցի արվեստը մարդկանց ներկայացնում է այն թեմաները, որոնք ավանդական մեդիայից դուրս են: Ինքնասպան զինվորի գրաֆիթին պատմում է բանակում խնդիրների մասին եւ լրացնում է այդ թեմայի բավարար լուսաբանման բացը:

Լուսանկարը՝ Epress.am-ի

Փողոցի արվեստը պարտադիր չէ, որ գեղեցիկ լինի ու հղկված: Այն կարող է անգամ նկար չլինել: Ուղղակի գրությունը, պատին հայտնված ճիշտ կազմված նախադասությունը կարող է շատ ազդեցիկ լինել: Օրինակ՝ այս մեկը, որն անդրադառնում է Հայաստանում սեռական փոքրամասնությունների խնդիրներին:

Լուսանկարը՝ LGBTNews.am-ի

Անցորդներին ընթացիկ իրադարձության մասնակիցը դարձնելու տեսակետից փողոցի արվեստը կարող է շատ օպերատիվ լինել: «Հակահարված» խումբը նման street art-ով զբաղվող ամենահայտնի միավորն է:

Իրադարձություններն այս խմբի աշխատանքներում են՝ Շանթ Հարությունյանի դատապարտումը, ակտիվիստների բերման ենթարկելը, Նեմցովի սպանությունը կամ Տեր-Պետրոսյանի հայտնի արտահայտությունը: Օրինակները շատ են:

Լուսանկարը՝ Գեղամ Վարդանյանի

Գործընկերս՝ եգիպտացի բլոգեր, հետազոտող Նոհա Աթեֆը, պատմում էր իր երկրում նախագահ Մուբարաքին պաշտոնանկ անելու հեղափոխական տարիներին մեդիայի դերի մասին:

Նոհան ասում էր, որ իրենց մոտ մարդկանց տեղեկացնելու եւ գործողության մղելու հիմնական գործիքը պարզ է, որ ավանդական մեդիան չէր եւ անգամ սոցիալականը չէր՝ ի դեմս Ֆեյսբուքի: Փողոցի արվեստն էր, որ ամենամոտն էր հասարակ եգիպտացուն: Այն արագ է տեղ հասնում ու միշտ ձեռքի տակ է:

Գրաֆիթիները, տիկնիկային ներկայացումները եւ նորությունները երգերով պատմելը պակաս ազդեցիկ չեն: Street art-ը մեդիայի տեսակ է, որի գործը մարդկանց միտքը շարժելն ու գործողության մղելն է: Ու սա ամենակարեւորն է:

Գեղամ Վարդանյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *