Հերքե՞լ, թե չհերքել

08.02.2017, Նյուսրում

Լրագրող

Պատկերացնենք հետևյալ իրավիճակը. ադրբեջանական կայքերը տեղեկատվություն են տարածում այն մասին, որ հայկական զինված ուժերը դիվերսիա են կազմակերպել, գրոհել ադրբեջանական դիրքերն ու արդյունքում տվել զոհ: Նրանք տարածում են Հայաստանի մի քաղաքացու լուսանկար՝ նրան ներկայացնելով որպես դիվերսանտի, ով, իբր, զոհվել է դիվերսիոն գործողության ժամանակ:

Այնինչ լուսանկարում պատկերված անձը ողջ է, և ընդհանրապես ոչ միայն դիվերսանտ չէ, այլև զինվորական էլ չէ: Անձը դիմում է լրատվամիջոցներին ու խնդրում է հերքել ադրբեջանական կայքերի կեղծիքն ու գրել ճշմարտությունը:

Գրե՞լ այդ դեպքի մասին, թե՞ ոչ: Հերքելով ադրբեջանական լրատվամիջոցներին, խմբագրությունները կրկնու՞մ են կեղծ քարոզչությունը, թե՞, ամեն դեպքում, հերքել պետք է:

Մեկնաբանում են խմբագիրներն ու մեդիայի մասնագետները:

Թաթուլ Հակոբյան (լրագրող, Civilnet.am, կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ). «Եթե վերլուծություն կամ հետազոտություն եմ պատրաստում պատերազմներում քարոզչության, կեղծ տեղեկատվության մասին, հոդվածում այս դեպքը կբերեի որպես օրինակ: Գիտեք, բոլոր պատերազմներում էլ առաջին զոհը ճշմարտությունն է: Եթե քաղաքացին դիմում է ինձ, և ես տեսնում եմ, որ իրոք այդ պատմությունն արժանի է, որպեսզի իմ լրատվամիջոցում հայտնվի, եթե այդ պատմությունը լավն է, հետաքրքիր է՝ կգրեմ: Բայց բազմաթիվ գործոններ կան, որ անդրադառնալ-չանդրադառնալու քո որոշման վրա ազդում են:

Ես հարցին չեմ նայի ադրբեջանական քարոզչությունը տարածել-չտարածելու տեսանկյունից, եթե դա մարդկային պատմություն է և եթե լավ պատմություն է: Եթե նույնիսկ ես անուղղակիորեն նպաստում եմ դրա տարածմանը, մեկ է՝ կգրեմ: Հատկապես էսօրվա աշխարհում, երբ ինֆորմացիայի սահմաններ չկան:

Դու՛ չես որոշում, թե ում համար ես աշխատում: Ինտերնետ-դարում այդ ամենը վերացել է: Բայց, էլի նշեմ, դա շատ անհատական որոշման խնդիր է»:

Դավիթ Ալավերդյան («Մեդիամաքսի» խմբագիր). «Անշուշտ, յուրաքանչյուր կոնկրետ դեպքին մենք անհատական մոտեցում ենք ցուցաբերում, բայց ընդհանուր սկզբունքն այն է, որ «Մեդիամաքսը» ո՛չ ադրբեջանցիների լուրը կհրապարակեր, ո՛չ էլ տվյալ անձի հերքումը: Երբեմն բացառություն կանեինք այն դեպքերի համար, երբ հերքումը տարածեր ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ որպես պաշտոնական աղբյուր։

Ի դեպ, հենց այսպես վարվեց «Մեդիամաքսը» և շարունակում է վարվել աղմկահարույց վերջին դեպքերում, երբ ադրբեջանական քարոզչամեքենան մի քանի հայերի փորձեց օգտագործել հակահայկական քարոզչության մեջ․ մենք արհամարհեցինք թե՛ այդ հրապարակումները, թե՛ դրանց հերքումը։

Ընդհանուր առմամբ, մենք շատ ընտրողաբար և զգուշավոր ենք վերաբերվում տեղեկատվության մեր աղբյուրներին և վստահում ենք միայն նրանց, ում ճանաչում ենք, և ում հավաստիությունը փորձված է ժամանակով»։

Սամվել Մարտիրոսյան (մեդիա հետազոտող). «Հայաստանում երկու ոչ ճիշտ ծայրահեղական մոտեցում է ձևավորվել։ Մեկը՝ առանց մեկնաբանելու հրապարակել ադրբեջանական քարոզչական նյութերը, մյուսը՝ ընդհանրապես չանդրադառնալ ադրբեջանական մամուլին։ Կարծում եմ ամենաճիշտը հերքումը հրապարակելն է։ Եթե չկա հերքում` երրորդ կողմի համար կեղծիքը դառնում է իրականություն»։

Սուրեն Դեհերյան (մեդիա փորձագետ). «Եթե որևէ լրատվամիջոց կամ տեղեկատվական առցանց հարթակ տարածել է քաղաքացու մասին ակնհայտ սուտ և կեղծ տեղեկություն,  որը կարող է տվյալ անձի կամ նրա ընտանիքի անդամների կյանքի համար վտանգավոր հետևանքներ ունենալ, ինչու ոչ՝ նաև հասցնել բարոյական վնաս, ապա տվյալ անձը իրավունք ունի օգտագործել ցանկացած միջոց և եղանակ` հիմնվելով թե տվյալ երկրի, թե միջազգային իրավական փաստաթղթերի վրա, իր մասին տարածվող սուտը առցանց տիրույթից հեռացնելու համար:

Այս դեպքում քանի որ տեղեկատվությունը տարածվել է ադրբեջանական մամուլով և հավանաբար ռուսերեն լեզվով ու հասանելի է լայն հասարակության համար, ապա քաղաքացին պետք է փորձի համարժեք լսարան ունեցող լրատվամիջոցներով՝ իրեն վերաբերող ճշմարտությունը հասանելի դարձնել համացանցում:

Լրատվամիջոցը պետք է ուսումնասիրի, թե որտեղից և ինչպես տվյալ անձի մասին տեղեկությունը օգտագործվեց այդ նյութի համար: Չեմ բացառում, որ նրա տվյալները կարող է հասանելի են եղել շատ պարզ եղանակով` սոցիալական ցանցերից որևէ մեկից, որտեղ շատերը բաց եղանակով տեղադրում են իրենց անձի և ընտանիքի մասին տեղեկություններ, ինչը մի օր կարող է նման վատ հետևանքների հասցնել»:

Լուսինե Բարսեղյան («Հայկական ժամանակ» օրաթերթի և Armtimes.com կայքի գլխավոր խմբագիր). «Միանշանակ՝ գրել այդ մասին: Նախ, չմոռանանք, որ մամուլի առաքելությունը հանրությանը ճիշտ տեղեկատվություն տրամադրելն է: Կեղծ քարոզչություն կրկնելու խնդիր այստեղ բացարձակ չկա, ընդհակառակը, պետք է ցույց տալ, որ դա կեղծ քարոզչություն է և հանրությանը տեղեկացնել իրականության մասին»:

Գագիկ Աղբալյան

Հ.Գ. Հոդվածի նախաբանում նշված պատմությունը իրական է: Հունվարի առաջին օրերին ադրբեջանական լրատվամիջոցները որպես դիվերսանտ ներկայացրել են Հրազդան քաղաքի բնակիչներից մեկին: Վերջինս դիմել է մի քանի լրատվամիջոցների, որոնց մեծ մասը չի անդրադարձել պատմությանը, ադրբեջանական քարոզչությունը կրկնելու ռիսկին չդիմելով:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?