5 եղանակ, թե ինչպես լրագրողները կարող են ավելի հավասարակշռված դարձնել աշխատանք-կյանք կապը

« Դժվար է մեզ՝ լրագրողներիս եւ աշխատանքով տարված ցանկացած մարդու համար հավասարակշռություն գտնել մեր խելագար եւ լարված կյանքում »

Վերջերս կեսօրերից մեկին դուրս եկա հյուրանոցից եւ քայլեցի South Beach-ի Art Deco պատմական թաղամասով` հետեւելով օվկիանոսի կորին, որը տանում էր դեպի South Pointe այգի: Ծնողներս Մայամին ընտրել են որպես ընտանիքի վերամիավորման վայր, ես էլ ժամանակ էի սպանում, մինչեւ հարազատներս կժամանեին:

Այգում տեսա մարդկանց, ովքեր զբաղվում էին յոգայով: Մի կին բլրի գագաթին նստած գիրք էր կարդում: Հսկայական երթուղային նավը անցնում էր լայն նեղուցով: Ճայերը թռչում էին երկնքում: Մի տղա ափին պտտվում էր ալիքների մեջ:

Ես փորձեցի հիշել ինձ նրա տարիքում, ներքին ձայնս ասում էր՝ քիչ աշխատիր, շատ խաղա, քիչ աշխատիր, շատ խաղա…

Դժվար է մեզ՝ լրագրողներիս եւ աշխատանքով տարված ցանկացած մարդու համար հավասարակշռություն գտնել մեր խելագար եւ լարված կյանքում:

Դուք չեք հասկանում, թե որքան հոգնած եք եւ ինչ անջատված եք դարձել կյանքից, մինչեւ պարզապես չեք կանգնում եւ վայելում օրը:

Ես որեւէ անսխալական բաղադրատոմս չունեմ, թե ինչպես հավասարակշռություն մտցնել  մեր լրագրողական կյանքում: (Ճակատագրի հեգնանքով սա գրում եմ Մայամիում ընթրելու համար եղբորս, հարսիս եւ 4 ասմական զարմուհուս սպասելու ընթացքում):

Ես նույնիսկ վստահ չեմ, որ լրագրողները կարող են իրապես եւ հետեւողականորեն գտնել նման հավասարակշռություն: Սակայն մի քանի եղանակ կա աշխատանքից դուրս մեր կյանքը ժամանակ առ ժամանակ պահպանելու համար:

Ահա մի քանի գաղափար.

Շաբաթական մի քանի ժամով ազատվեք թվային սարքերից: Ես ինձ հետ հեռախոս չեմ վերցնում, երբ գնում եմ վազելու կամ մարզասրահ: Դա այն ժամանակն է, որը ես պահում եմ միայն ինձ համար, դրա համար ես մեկ-երկու ժամով անջատվում եմ թվային աշխարհից: Ես նաեւ փորձում եմ չնայել հեռախոսիս, երբ ճաշում եմ ընկերներիս հետ (եթե, իհարկե, նրանք չեն նայում իրենց հեռախոսներին): Կարո՞ղ եք ձեզ թույլ տալ շաբաթական մի քանի ժամով բաժանվել ձեր սարքից:

Վերաբացահայտեք, թե ինչ էիք սիրում փոքր ժամանակ: Ես միշտ հարցնում եմ ընկերներիս ու գործընկերներիս, թե որն էր նրանց հոբբին, երբ երեխա էին: Որոշակի ժամանակ հատկացրեք դրան` լինի դա դաշնամուր նվագել, օրագիր վարել, երգել, պարել, նկարել, գեղարվեստական գրականություն կարդալ, երաժշտություն լսել. ամենայն հավանականությամբ, դուք թույլ եք տվել, որ այս հետաքրքրությունները թաքնվեն ձեր զբաղված չափահաս կյանքում: Ես կոչ եմ անում նորից վայելել այդ հետաքրքրությունները: Հաճախ այն օգնում է հիշել, թե ով եք (կամ ով եք եղել) աշխատանքից դուրս:

Թույլ տվեք ձեզ ֆանատիկ դառնալ: Կարծում եմ՝ այդ կպչուն մտքերը կարող են լավը լինել (քանի դեռ չեն բերում հետապնդման): Ես Dallas Mavericks-ի անկոտրում երկրպագուն եմ եղել վերջին 12 տարիների ընթացքում:

Իմ ֆանատիկությունն ինձ օգնել է հարկ եղած դեպքում հանգստանալ եւ միավորված լինել Dallas Mavericks -ի այլ ֆաների հետ թիմի բոլոր վերելքների եւ վայրէջքների ժամանակ: Սա նաեւ նշանակում է, որ տարեկան առնվազն 20-25 անգամ ես պետք է աշխատանքս երկրորդ պլան մղեմ եւ գործեմ թիմիս համար՝ ներկա գտնվելով նրա խաղին կամ նայելով այն հեռուստացույցով ընկերոջս տանը: Ես գիտեմ մարդկանց, ում համար սեւեռուն գաղափար է դարձել ֆուտբոլի համայնքային լիգան, այգեգործությունը կամ սերիալը: Կարծես թե դա ստացվում է նրանց պարագայում:

Ազատ ժամանակը անցկացրեք մարդկանց հետ, ովքեր լրագրող չեն: Թեեւ լրագրող աշխատելը կարող է շատ հետաքրքիր լինել, սակայն կասկածներ ունեմ, որ մենք կարող ենք շատ ձանձրալի լինել, հատկապես երբ ամբողջ ժամանակ խոսում ենք գործից: Ես գիտեմ մի երիտասարդ լրագրողի, ով բազմազան ընկերներից բաղկացած շրջապատ է ստեղծել վազքի ակումբի եւ ամենշաբաթյա ճաշի խմբի միջոցով:

Սա ավելի առողջ է թվում, քան ազատ ժամանակը մի խումբ լրագրողների հետ անցկացնելը, ովքեր անընդհատ խոսում են իրենց ոլորտի անկման մասին: Մեկ այլ խորհուրդ. առնվազն տարին մեկ անգամ հանդիպեք ձեր համալսարանական կամ դպրոցական հին ընկերներին: Նրանց իսկապես քիչ է հետաքրքրում ձեր լրագրողական աշխատանքը, նրանք ձեզ կհիշեցնեն (լավ կամ վատ), թե ով էիք, երբ ավելի երիտասարդ էիք:

Գնացեք որեւէ նոր տեղ: Ես առնվազն տարին մեկ անգամ փորձում եմ գնալ արտասահման, դա ստիպում է ինձ դուրս գալ առօրեականությունից, եւ սա համեստ փորձառություն է հասկանալու, թե ինչ է կատարվում տարբեր մշակույթներում:

Ճամփորդությունը սնում է իմ կյանքը. այն նշանակության եւ ձեռքբերման զգացողություն է տալիս իմ կյանքին լրագրությունից դուրս: Բայց պարտադիր չէ աշխարհի ծայրը հասնել նման էֆեկտ ստանալու համար: Պարզապես գիտակցված ջանք գործադրեք ժամանակ առ ժամանակ որեւէ նոր տեղ այցելելու համար՝ գուցե դա լինի ձեր քաղաքի անծանոթ թաղամասը:

Արկածի հնարավորությունը կօգնի ներդաշնակություն մտցնել ձեր կյանքում, այն նույնիսկ կարող է օգնել ձեզ ավելի լավ լրագրող դառնալ:

Բնօրինակը հրապարակվել է անգլերենով Poynter-ում:

Հեղինակ՝ Թոմ Հուանգ
Թարգմանեց՝ Աննա Բարսեղյանը

Comments

Մեկնաբանել

Type the characters you see in this picture. (verify using audio)
Type the characters you see in the picture above; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.
                                

 Media.am by Media Initiatives Center is licensed under a Creative Commons Attribution 3.0 Unported License
Reproduction in whole or in part without reference is prohibited.

Creative Commons License