Մի քանի օր առաջ աշխարհի բոլոր առաջատար եւ նույնիսկ «հետատար» հեռուստաընկերությունները, կայքերը եւ թերթերը հաղորդեցին Բորիս Բերեզովսկու մահվան մասին: Կայքերը միաբերան որպես աղբյուր վկայակոչեցին օլիգարխի փեսայի ֆեյսբուքյան գրառումը: Այսինքն, լուրը թողարկելիս ոչ ոք օրիգինալ չէր:
Սակայն լուրն արժեր այդ ոչ օրիգինալությանը: «Գլխավորը»՝ որ տեղի էր ունեցել աչքաթող չանելու ենթակա իրադարձություն: Օլիգարխի մահվան օրը՝ մարտի 23-ի առավոտից դիտարկում էի հայկական հեռուստաընկերությունների աշխատանքը:
Բոլորի եթերում Հրանուշ Հակոբյանն էր Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 144-ամյակի առիթով, Հովհաննես Թումանյանի մահվան 90-ամյակը, Ծաղկազարդը, ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի ասուլիսը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի 65-ամյակի առիթով Սերժ Սարգսյանի շնորհավորանքը:
Արմենիա հեռուստաընկերությունը ՍԴ նախագահին ուղղված շնորհավորանքը կարդալիս կադրում ցուցադրեց միայն Սերժ Սարգսյանին: Հոբելյանը չկա ու չկա: Այսինքն, մարդու հոբելյանը դարձրեց զորակոչի հրամանագիր, երբ գլխավորը հրամանագիր արձակողն է: Ձեռքի հետ «արժեւորեց» ՍԴ նախագահին:
Արթուր Բաղդասարյանը պատմում է ասոցացման համաձայնագրի կատարման ժամկետների մասին: Բոլոր ալիքներով: Ասում է բաներ, որոնք ոչ ոք չի վիճարկում: Այսինքն, լուրեր չեն, այլ՝ հալած յուղ:
Կենտրոնի «Էպիկենտրոնը» Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան օրը «միքսել» է շաբաթօրյակի հետ: Ամբողջ ռեպորտաժում հնչում է «Երեւան դարձած իմ Էրեբունի» երգը, սկզբում Հրանուշ Հակոբյանն է խոսում Գյուլբենկյանի մասին: Եվ հանկարծ, ամենաընդդիմադիր, ինչպես այս TV-ի մասին ակնարկել էր Սերժ Սարգսյանը, երկու հեռուստաընկերություններից մեկի եթերում Հրանուշ Հակոբյանն ասում է. «Ճեմուղին, որտեղ մենք գտնվում ենք, հիմնադրվել է Սերժ Սարգսյանի հանձնարարականով»: Բավական չէ, որ տեղի ունենալիքն ընդհանրապես լուսաբանման ենթակա չէր, քանի որ Գյուլբենկյանը առանց տեքստի ռեպորտաժում կես բառով չկար, դեռ ընդդիմադիր լրատվականը չեղած տեղից մեջտեղ է բերում Սերժ Սարգսյանին: Նույնիսկ Հ1-ի «Առաջին լրատվականը» դա չի անում: «Առաջին լրատվականը» չի հավակնում Գյուլբենկյանին ցուցադրել միայն Հրանուշ Հակոբյանի անխախտ ներկայությամբ (քանի որ նրանից փախչելու տեղ չունի), կարեւորում է նավթամագնատի կենսագրությունը, հընթացս չթաքցնելով, որ չի ուզում ոչ մեկից ետ մնալ նրան նույնքան անգույն հիշելով: Ոչ մի հեռուստաալիք չի փայլում իրադարձային էքսկլյուզիվով:
Ոչ ոք լրագրողին կոչ չի անում «կերտել» մեկ ուրիշի մահը կամ այլ ողբերգություն: Բայց ահա թե իբրեւ էքսկլյուզիվ ինչ են կերտում հեռուստալրատվականները:
«Առաջին լրատվականի» էքսկլյուզիվը «Հայոց արծիվների» նախագահի այցն էր Նախիջեւանի սահմանային հենակետ:
«Կենտրոնի» էքսկլյուզիվը Իտալիայի մայրաքաղաք Հռոմի օդանավակայանում «լռված» հայ ուղեւորների ճակատագիրն է: Բայց այն առաջինից մինչեւ վերջին նախադասությունը շատ ծանոթ է: Ոչ, իհարկե, հեռուստալրատվականնը գրագողություն չէր արել: Նա բառացիորեն կրկնել էր նախորդ օրվա՝ մարտի 22-ի ռեպորտաժը: Հավանաբար Կենտրոն TV-ի համար ճակատագրական ինչ-որ մեկը չէր հասցրել այն դիտել:
«Արմնյուզի» էքսկլյուզիվը ԱԺ-ի վրա դանակով գրոհած մարդու մասին ռեպորտաժն է, որում բոլ նորություններ կային բոլոր նրանց համար, ովքեր կայքեր չեն ընթերցում:
«ԱՐ» հեռուստաընկերությունը բացառիկ ռեպորտաժ է պատրաստել՝ ինչու՞ են արաբ տղամարդիկ սիրում գեր կանանց:
«Շանթի» գտած, ես կասեի՝ պեղած բացառիկ իրադարձությունը տվյալ հեռուստաընկերության «Պարիր, եթե կարող ես» նախագծի 2 հաղթողի հռչակումն էր, «որին արդեն 3 ամիս սպասում էին Շանթի հեռուստադիտողները»:
«Երկիր Մեդիայի» բացառիկ ռեպորտաժը քաղաքական էր ի տարբերություն մյուս հեռուստալրատվականների, սակայն դրանից տպավորություն չէիր ստանում, որ այն Սերժ Սարգսյանի ակնարկած երկու ընդդիմադիր հեռուստաընկերություններից մյուսն է: «Երկիրն այսօր»-ի ռեպորտաժը պատմում էր ավագանու ընտրություններում ընդդիմադիր ուժերի միասնաբար հանդես գալու ջանքերի ձախողման մասին: Եթե, այնուամենայնիվ, ընդունենք, որ թվարկված սյուժեներն արժանի էքսկլյուզիվներ էին, առավելագույնը դրանք կհերիքեին երկու հեռուստաընկերության:
Այսպիսով, ինչի՞ հետ գործ ունենք: Ըստ իս, Բերեզովսկու հանելուկային մահվան ֆոնին առավել ցայտուն է դառնում մեր հեռուստաընկերությունների «անելիքը»: Պարզ է, որ Բերեզովսկին մեկն է, իսկ նույնիսկ Մեծ Բրիտանիայում հեռուստաընկերությունները շատ են: Սակայն այն լուրերը, որոնք եթեր են լցնում, ասես մեկ գործակալություն է պատրաստում եւ տարածում հեռուստալրատվականներով. շատ նման այն բանին, ինչ արեց նախագահականը, երբ իր օպերատորը տեսագրեց ասուլիսը եւ տրամադրեց բոլոր հեռուստաընկերություններին:
Մհեր Արշակյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: