«Մասնագիտական արձագանքները պետք է հանդիպեն քաղաքական առաջարկներին»

28.12.2018, Տեսակետ

Լրագրող, արվեստի քննադատ

Հեղափոխական ոգևորությունը բավականին թանկարժեք հումք է, իսկ դրա սթափ օգտագործումը նախապայման՝ փիլիսոփայական փոփոխությունների համար:

Ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը գտնում է, որ տարիների ընթացքում ձևավորված անիրավությունը, անհուսությունը, անկարողության զգացումը, ի վերջո, կոտրվեց: Եվ հիմա ժամանակն է հարցականացնելու տարբեր երևույթները: Ստեղծել մասնագիտական օրակարգ, անգամ եթե այն լրացուցիչ հանրային բեռ է դառնալու:

Ճի՞շտ եմ հասկանում, որ հիմա մենք ավելի շատ հեռանկարային ծրագրերի ենք սպասում, քան արագ արդյունքի:

Սկսենք այն բանից, որ մենք-ը տարբեր է: Ոմանք ուզում են, որ յուրաքանչյուր պրոցեսի մեջ դրված լինի բովանդակային զարգացման տեսլական: Այսինքն, ձևակերպենք, թե ինչին ենք ուզում հասնել, հետո մտածենք ինչպես-ի մասին:

Բայց միգուցե հասարակության մեծ մասի համար հուզականության մակարդակի պահպանումը դեռ կարևո՞ր է:

Իհարկե, բոլոր հեղափոխություններն իրենց հետ բերում են էյֆորիա: Դա բնական է: Հիշում եմ, որ երբ հեղափոխության օրերին ինձ հրավիրում էին մասնակցելու տարբեր մեդիա քննարկումների, չէի կարողանում վերացարկվել ու դառնալ վերլուծող, թվում էր, որ կոպիտ դիրքավորում կլինի, եթե ընտրեմ կողքից նայողի դիրքը:

Բայց հիմա  հետէյֆորիկ վիճակում սկսում ենք քննել ուղղության բովանդակությունը:

Կարծում եմ՝ վայրկենական արդյունք պահանջելու գայթակղությունը ավելորդ է: Մանավանդ, որ հետազոտական տվյալները շատ չեն:

Հեղափոխության օրերին տարբեր մենք-երի սպասումներն ու ցանկությունները հատվեցին ու հանդիպեցին մի կետում: Եվ ստացվեց մեծ մենք-ի ձևավորումը, բայց թե՛ դրանից առաջ, թե՛ դրանից հետո մենք-ը նորից մասնատվեց տարբեր հատվածների:

Եվ հենց այստեղ դեր ունի պետական քաղաքականությունը, որը ձևակերպում է, թե ինչի ենք ձգտում, և որն է լինելու այն սպասվող իրավիճակը, որի համար պետական տարբեր ինստիտուցիաներ պիտի անեն գործողություններ:

Հիմա տեսնում ենք, որ հիմնական ասելիքը առայժմ օրինականության հաստատման ու չարաշահումների բացահայտման տարբեր մրջոցառումներն են, որոնք միգուցե պիտի լինեին ոչ թե քաղաքականության առանցք, այլ ընդամենը գործողություն:

Նպատակ կա՞ այլևս ոչ թե կենտրոնացնելու իշխանությունները, այլ տարբեր ինստիտուցիաներին այն հանձնելու:

Մարդկային, աշխատանքային, մասնագիտական ռեսուրսը միշտ եղել է նույնը: Այո, բարձրացել է հաշվետվողականությունն ու թափանցիկությունը, բայց շատ բան արվում է իներցիայով:

Ցանկացած պրոցես, որը չունի փիլիսոփայություն, դառնում է իմաստազուրկ ու իներցիոն:

Պարզ է, որ պետական ապարատը, հանրային կառավարումն ունեն իրենց կայացած ընթացակարգերը, փաստաթղթերն ու գրությունները փոխանցվում են, նիստեր են տեղի ունենում: Բայց դրված չէ փիլիսոփայական մեծ քարը:

Երբեք իշխանություն ունեցողները չեն խոսել հանրային երջանկության մասին, դա համարելով մասնավոր գործ: Իսկ հիմա խոսեցին:

Մինչ այդ երջանկությունն ընդհանրապես քննարկված հասկացություն չէր, քանի որ երջանկությունը տարբեր վիճակների համադրություն է: Բայց հիմա, երբ այդ կոնցեպտը դրվեց օրակարգում քաղաքական ուժի կողմից, հարց է առաջանում՝ հետո ի՞նչ է լինելու: Յանկացած մարդ ի՞նքն է որոշելու, թե երջանկությունը ինչ է:

Երջանիկ անհատի ձևակերպումը կա, ուրեմն այն պետք է երևա քաղաքականության տարբեր ոլորտային միջոցառումներում:

Պարզ լինի, թե ինչպես ենք պատկերացնում երջանիկ անհատին կամ ինչպես է կառուցվում հոգատար հանրությունը: Դա պետք է երևա մեյնսթրիմ ուղղության մեջ:

Այսինքն, ցանկացած գերատեսչություն, որը ծրագիր է մշակում, պիտի նշի, թե ինչպես է իր գործողություններով նպաստում հոգատար հանրության ձևավորմանը: Միգուցե այդպես դա չափելի և տեսանելի կլինի, բայց չեմ կարծում, որ պետական քաղաքականությունն այս պահին ունի դրա ժամանակը:

Մեր կյանքում միաժամանակ մեկտեղվեցին շատ կտրուկ ու շրջադարձային իրողություններ…

Երևի հիմնականը մարդու փոփոխությունն է:

Պիտի այդպես լիներ: Բայց ակնկալել, որ հեղափոխությունը բոլոր մարդկանց մոտ կձևավորեր վստահություն սեփական կարողությունների հանդեպ, բարդ է:

Կրթական համակարգը, օրենսդիր դաշտը մարդկանց չեն տվել հնարավորություն զարգացնելու այդ հմտությունները:

Եվ հիմա քաղաքացիները մեծ իմաստով՝ սպասում են: Սպասում են իրենցից դուրս իրողություններին:

Իմ կարծիքով՝ հասարակական փոփոխություններում ամենակարևորը կրթությունն է: Դա է քննարկման արժանի միակ ոլորտը, որտեղ ներդրում անելով՝ հաստատ իմանում ես, որ կոնկրետ ժամանակ անց տեսնելու ես արդյունք:

Այսօր արդեն կորցնում ենք նաև 12 տարի հետո ապրող քաղաքացուն, քանի որ նա հենց հիմա կրթվում է այսօրվա դասագրքերով և մոտեցմամբ: Դասագրքերը արագ չեն փոխվի, ուսուցիչներն էլ փոխվել չեն կարող, քանի որ այսօր մանկավարժական կրթություն ստացողներն չեն ունենում քննական մտածողության կոնտեքստ:

Դպրոցը բարդ վիճակում է, որովհետև ՀՀԿ իշխանությունը գործեց ամենամեծ մեղքը՝ կաթիլ առ կաթիլ ապաբարոյականացրեց հանրակրթական համակարգը:

Արդեն իսկ բարոյականությունից դուրս է, երբ քննարկում ենք՝ դպրոցն անու՞մ է ապօրինություններ, թե՞ ոչ: Նման հարցադրում ինքնին նորմալ չէ, քանի որ ընդունում ենք, որ նման հնարավորություն եղել է, և բոլոր հանրակրթական օբյեկտները կառավարվել են խամաճիկային թելերով:

Հետևողական աղճատումից հետո ուղղակի պետք է ֆանտաստիկ նախաձեռնող լինել, եթե ուզում ենք փորձել արագ փոփոխություններ կատարել:

Կրթության ոլորտում մի օղակ չէ, որ թաղված է ճահճում, շոշափուկներն այնքան տարածված են ու այնքան ամուր, որ անգամ անհայտ է, թե որտեղ է հիմնական մարմինը, որը կտրելով կարելի է շոշափուկներին զրկել կենդանությունից:

Այս պահին չեմ տեսնում, որ օրակարգում դրված լինեն համակարգային լուծումներ:

Կրթության փիլիսոփայությունը շարունակում է մնալ ճիշտ այնպիսին, ինչպիսին եղել է տասնամյակներ շարունակ: Այո, լավ է, որ դպրոցները դուրս եկան քաղաքական կառավարումից: Բայց արդյո՞ք դրանից հետո ուսուցիչները դարձան ավելի անկախ: Արդյո՞ք իրենց իրավունքներն ու կարգավիճակն ավելի արժանավայել դարձնելու հնարավորություն ունեն:

Ունենք ժամանակավրեպ կրթության մոդել, երբ անգիր ենք անում գիտելիքը, մինչդեռ ցանցում ամեն տվյալ կամ բանաձև հասանելի ու ստուգելի է մեկ վայրկյանում: Նոր մարդու ինչպիսի՞ տիպար պիտի առաջարկի դպրոցը:

Թե ինչ մարդ ենք պատրաստում, նշված է կրթական քաղաքականության հայեցակարգերում՝ քննադատական մտածողություն ունեցող, ազատ, սեփական դիրքորոշում հայտնող ՀՀ քաղաքացի:

Ունենք այդ ձևակերպումը, բայց մեզ խանգարում է «ինչպես»-ի պակասը:

Կրթական մեթոդաբանությունը ենթադրում է տարբեր ցանցային բաղադրիչներ՝ մանկավարժական կրթության որակ, ուսուցչական անձնակազմի վերաուղղորդում, ծնողական համայնքի պատկերացումների հետ աշխատանք, աշակերտների մոտիվացիայի բարձրացում:

Այս բոլոր տարրերը երկարաժամկետ են: Չենք կարող, ասենք, երկու տարով ընդհատել կրթությունը, նախապատրաստվել ու նոր կետից սկսել: Միևնույն ժամանակ, այս պահին տեսանելի չէ, որ զուգահեռ պրոցեսներ են տեղի ունենում և մշակվում է կրթության նոր բովանդակությունը:

Հույս ունեմ, որ տարբեր քննարկումների, հարթակների, հետազոտությունների դերը ավելի մեծ ու տեսանելի կլինի: Եթե նախկինում արվում էին հետազոտություններ, որոնց գործնական էֆեկտը միայն այլ լեզվով արվող հետազոտություններում հղվելն էր, այսօր կուզեմ, որ հղում ստանան հենց մեր քաղաքականության մեջ:

Կան մարդիկ, որոնք տարիներ շարունակ վերլուծել են տարբեր պրոցեսներ ու հիմա նրանց հետազոտությունները պետք է բացվեն ու կիրառվեն: Կրթության դաշտը կարիք ունի լսելի դառնալու:

Գիտեմ, որ կրթության ոլորտը հեղափոխությունից հետո հեղեղվել էր հեռախոսազանգներով, խնդիրների մասին ահազանգերով, բողոքներով: ԿԳՆ-ի թեժ գիծը ամենապահանջվածներից էր:

Դա ունեցա՞վ արդյունք:

Որպես հետազոտող ու նաև ծնող չեմ տեսնել այդ զանգերի հետադարձ ազդեցությունը կրթության նոր քաղաքականության վրա:

Իհարկե, ուշ է լինելու արդյունքը, բայց ուղերձները հենց հիմա պիտի հասանելի լինեն, որպեսզի հենց ուղերձները դրվեն փոփոխությունների հիմքում: Եվ հանրային օրակարգում անընդհատ պահվեն կրթության ուղերձները՝ ծնողներին, ուսուցիչներին, աշակերտներին, տնօրեններին:

Որքան լսել եմ Նիկոլ Փաշինյանին, նա ավելի շատ ելնում է անհատի՝ առկա հնարավորությունները ճեղքելու ներուժից: Այսինքն, այնպիսին, ինչպիսին ինքն է եղել իր միջավայրում:

Բայց համակարգային փոփոխությունները չեն ենթադրում, որ ամեն աշակերտ ինքն իրենով պիտի դառնա այնքան հեղափոխական, որ իր անձնական օրինակով ճեղքի, ընբոստանա ու ի վերջո, հաջողի:

ճգնաժամային ու ճահճային իրավիճակներում այնուամենայնիվ գտնվում են նման հեղափոխական մարդիկ, բայց այդ փորձը ոչ թե պետք է ընդհանրացնել, այլ հասկանալ, թե ինչու էին ծագել այն խնդիրները, որոնք հարկավոր է ճեղքել: Միգուցե դա համատարած գորշությունն է, անհետաքրքրությունը ուսումնական պրոցեսի հանդեպ:

Աշակերտներն այսօր չեն գնում դպրոց որևէ սպասելիքով: Իսկ դա ամենադաժան ապրումն է, քանի որ կրթական պրոցեսը տևում է 12 տարի՝ կյանքի մի ամբողջ ու երկարատև փուլ:

Դպրոցը ուղղակի չի կարող լինել պահեստ կամ ապաստարան՝ առանց մոտիվացիայի:

Ասում ենք՝ կարդացեք երեխաներ, կարդացեք: Բայց այդ ուղերձը շատ թույլ է: Ամեն օր ու ամեն պահի պիտի կրթության բովանդակությունը փոխելու ուղերձներ ստանանք: Եվ մասնակցայնության ուղերձներ, այլ ոչ թե խախտումների բացահայտման կոչեր:

Ի վերջո, խախտումներ բացահայտելը մեր խնդիրը չէ, տեսչական խնդիր է:

Ես ուզում եմ, որ դպրոցը դառնա համայնքի այն կարևոր կետը, որի համար բոլորի սիրտը ցավում է և որին վստահում ու օժանդակում են:

Աշակերտները դպրոցը ընկալում են որպես ձանձրույթի հիմնարկ: Դա փոխելը նրանցի՞ց է կախված:

Աշակերտները ոչ մի պահանջ չեն դնում բացի, ասենք, տնօրենին կամ ուսուցչին փոխելուց:

Ձանձրալին հասկանալու համար պիտի համեմատության ու համադրության հնարավորություն ունենան: Աշակերտները պարզապես դատապարտվածի կեցվածքով գնում են դպրոց, օրն անցկացնելու: Եվ հետո հաճախում են տարբեր արտադասային հարթակներ: Եվ դա լուրջ խնդիր է:

Որևէ մեկը չի չափել, թե որքան բազմազան են այդ արտադասային հարթակները և որքան շատ երեխա է դրանցում ներգրավված: Իրականում դա նշանակում է, որ առնվազն այդ ծավալով ու այդ բովանդակությամբ դպրոցական կրթությունը չի բավարարում:

Տեսեք, թե ինչ հերթեր են անգլերեն սովորելու համար, օրինակ Ամերիկյան համալսարանում: Եվ հարց է առաջանում՝ ի՞նչ է տեղի ունենում դպրոցական անգլերենի ուսուցման ընթացքում, որ հետո այդքան երեխա նորից ժամանակ է ծախսում՝ օտար լեզու սովորելու համար:

Ի վերջո, եկեք չափենք պահանջները ու դպրոց բերենք: Կրթության հիմնական տեղը պիտի լինի դպրոցը, չի կարող սովորողը մի տեղից մյուսը թռչի ու կիսատ-պռատ կատարի իր պլանավորած գործը:

Դերային մոդելները հեղափոխության ժամանակ փոխվեցին, հետո այդ նույն մարդիկ մտան աշխատասենյակներ ու փոխվեցին նաև նրանց կերպարները: Զանգվածային մեդիան ի՞նչ դեր ունի դպրոցականների համար:

Ոչ թե զանգվածային մեդիան է որոշում, թե որոնք են դերային մոդելները, այլ դերային մոդելներն են թույլ տալիս իրենց փորձի տարածումը: Եվ դրանով են դառնում մասմեդիայի մաս:

Ճիշտ է, սկզբնական շրջանում հեղափոխական կերպարները շատ գրավիչ էին, բայց հիմա անցուդարձերն այնքան խիտ են ու այնքան արագ են արարողակարգերն իրար փոխարինում, որ շունչ քաշելու ու վերաիմաստավորելու ժամանակ չի մնում: Հրաժարական, ընտրություն, աշխատանքի տեղավորում, հետո  փոփոխում, նորից հրաժարական...

Ինչ որ պահից քաղաքականության բովանդակությունը դարձավ երկրորդային, բայց կարող էր և չդառնալ, եթե ունենայինք իսկապես պրոֆեսիոնալ քաղաքացիական ծառայողներ, որոնք անկախ քաղաքական ուժերի փոփոխությունից, միշտ արել են իրենց գործը: Այսինքն, մշակել են առաջարկներ, ծրագրեր:

Իսկ հիմա մենք խնդիրներին մոտենում ենք պատեռնալիստական ձևով, երբ ակնակալում ենք, որ զարգացման վեկտորը պիտի առաջարկի միայն առաջնորդը:

Իսկ մյուս կողմից էլ չեմ տեսել, որ տարբեր առաջարկած վեկտորները մտնեն քննարկման օրակարգ: Առաջարկություններին դեռևս հակադրվում է այն տեքստը, որ դա արդեն մտածվել, քննարկվել է, գիտենք, պատկերացնում ենք...

Բայց հիմա (մի քիչ էլ ինքներս մեզ ժամանակ տանք) կառավարության ձևավորումից սկսած կարևոր է դառնում օրակարգի բովանդակությունը: Անգամ եթե այն լավը չլինի, մենք չպիտի հիասթափվենք, այլ առաջարկենք մերը, անգամ եթե այն լրացուցիչ հանրային բեռ է ենթադրում:

Կարծում եմ, շատ մեծ է մասնագիտական համայքների դերը, որ լինեն «պահապաններ», եթե իրենց է վերաբերում, կարողանան ասել՝ մի՛ մտեք մի դաշտ որպես էքսպերտներ, քանի որ այդպիսիք չեք:

Բայց մասնագիտական արձագանքները պետք է հանդիպեն իրար: Եթե դրանք մնան անարձագանք, հոգատար հանրության կոնցեպցիան կխարխլվի ու կջախջախվի:

Պարտադիր պայմանն այն է, որ այդ կարծիքները հանդիպեն քաղաքական առաջարկներին: Հակառակ դեպքում շատ արագ վերադառնալու ենք հին ու չար ժամանակներին:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?