«Իմ քայլը» իր բնույթով սոցիալական ցանց է

08.05.2018, Քննադատ

Լրագրող, արվեստի քննադատ

«Իմ քայլը» շարժումը, որն, ի վերջո, հանգեցրեց հեղափոխության, շատ հմուտ կերպով միաձուլեց վիրտուալ ու իրական տարածությունները: Ոչ թե հակադրեց ու միմյանց բախեց ինտերնետային մարդուն ու նրա ֆիզիկական գոյությունը, այլ միաձուլեց այդ երկու, դեռ մի քանի տարի առաջ իրարամերժ համարվող կեցության մոդելները:

Ֆիզիկապես դեպքի վայրում գտնվելը միաժամանակ նշանակում էր լինել օնլայն, քանի որ ցանկացած նախաձեռնություն ու քայլ վավերագրվում էր ու ուղարկվում համացանց իրական ժամանակում: Եթե քայլ էին անում, ուրեմն այն անում էին սմարթֆոնը ձեռքին՝ զուգահեռաբար պատկերելով ու նկարագրելով տեղի ունեցածը:

Իսկ այն փաստը, որ դեպքի վայրը կամ հավաքատեղին ոչ թե մեկ կամ երկուսն էին, այլ ողջ հանրապետության տարածքը, թույլ է տալիս «Իմ քայլը» համարել մի շարժում, որը գործում էր սոցցանցերի տրամաբանությամբ:

Սոցցանցերը արագ թերթվող լրահոս-պատկեր են առաջարկում:

Կարող ես սահել լուրերի ու պատկերների վրայով, առանց խորասուզվելու, և ինքդ որոշել, թե որտեղ կանգ առնել, մեկնաբանել, պատասխանել, հարցնել կամ արհամարհանքով լռել:

Հայաստանի թավշյա (կամ բաց ձեռքերի) հեղափոխությունը օգտագործեց սոցցանցերի արագ սահելու ու դեպքերը հպանցիկ թերթելու առանձնահատկությունը:

Շարժման առաջնորդները ուղղահայաց կառավարմանը հակադրեցին հորիզոնական շփումը, անհատական ակցիաներն ու տարածության մեջ ցրված հաղորդակցությունը, որի հիմքում ոչ թե մեկ մեծ բան անելու, այլ փոքր քայլերով լրահոս-ժապավենում ներկա լինելու պահանջն էր: Եվ անընդհատ ներկա լինելու, համառորեն ու հաճույքով:

Մարդիկ, որոնք փողոցներ էին շրջափակում, քաղաքի տարբեր շրջաններում երթերով էին շարժվում, ավտոմեքենաների ազդանշաններ հեռարձակում (մի խոսքով՝ ցույց էին տալիս, որ հնազանդ չեն) ակամայից հայտնվում էին սոցիալական ցանցի մեջ, բայց արդեն ոչ վիրտուալ:

Ստացվեց այնպես, որ եթե փողոցում ես (թեկուզ ավտոմեքենայիդ ազդանշանով, ծափերով կամ սուլոցներով), ուրեմն համամասնակից (մեկնաբանող) կամ համակրող (լայք դնող) ես:

Բնավ էլ հարկավոր չէր ինքնուրույն սկսել որևէ նախաձեռնություն, հավանությունն ու համերաշխությունը կարող էիր հայտնել արագորեն միանալով որևէ ակցիային ու հետո արագ շարժվել մեկ այլ վայր ու մեկ ուրիշի քայլի համամասնակիցը դառնալ: Կամ էլ առնվազն, վկան:

Ի վերջո, շատերն իրենց օրը սկսում են մտնելով Ֆեյսբուք (տեսնենք, թե ինչ կա-չկա): Նույնը անում էին նաև հիմա. դուրս էին գալիս փողոց (իրենց հետ վերցնելով Ֆեյսբուքը, հետն էլ Ինստագրամն ու Յություբը), որ տեսնեն, թե ինչ կա ու ինչ չկա:

Հարկ եղած դեպքում, ավելի էին ամրապնդում եղածը (կանգնում ակցիա անողների կողքին), իսկ ցանկության դեպքում լրացնում չեղածի բացը (մեկնարկում նոր ակցիա):

Արագությունը որոշիչ գործոն էր:

Չկային փակուղիներ ու պատնեշներ, եթե տեսնում էին, որ ոստիկանները փողոց են պաշտպանում/փակում, մարդիկ տեղաշարժվում և իրենց հետ տեղափոխում ակցիան:

Պատահական չէ, որ մինչ Սերժ Սարգսյանի հրաժարականը ցուցարների ու ակտիվիստների հարաբերությունները ուժային կառույցների հետ հիշեցնում էին «բռնոցի» խաղը, որտեղ անվերապահորեն հաղթող էին ճանաչվում արագ տեղաշարժվողները:

Ինչպես դժվար է կանխատեսել, թե սոցցանցերում արված ո՞ր գրառման տակ կարող է ծավալվել թեժ բանավեճ, այնպես էլ դժվար էր գուշակել, թե ո՞ր փողոցային ակցիան ինչպիսի ռեակցիայի կարժամանա:

Միայն հստակ էր, որ նման ինտերակտիվ ռեժիմին բոլորվին պատրաստ չէին իշխանությունները՝ իրենց հիերարխիկ ու իրականությունից կտրված առաջարկներով: Օրինակ, դժվար տեղից շարժվող մեդիայով, կացնային ապատեղեկատվությամբ, կոպիտ սադրանքներով, քաղաքական վերնախավի վրիպակներով:

Սոցիալական ցանցի արագ արձագանքման ու միանգամից կողմնորոշվելու  սկզբունքը հեշտությամբ տապալեց իշխանությունների դիմադրման փորձերը, որոնց հիմքում վերադասի հրահանգներն են ցածր օղակներին, հետո ցածր օղակների հրահանգները՝ ավելի ցածր օղակներին:

Այսինքն, բրգաձև կառավարումը պարզապես չէր հասցնում հետևել ու հակադարձել՝ ճաքելով միանգամից մի քանի հատվածներից: Եվ հասարակությունը ոչ միայն ավելի առաջադեմ էր, քան իր ղեկավարները, այլև պարզապես ավելի արագ, շարժունակ ու ստեղծարար:

Կարելի է ասել, որ Հայաստանում սոցիալական ցանցերը արտաքին մարմնավորում ստացան՝ ներառելով մարզերն ու ապակենտրոնացնելով շարժումը: Եվ դա թերևս եզակի ձեռքբերում է:

 

Նունե Հախվերդյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանություններ

Լուսինե's picture
Իմ խորին համոզմամբ թավշյա, բաց ձեռքերի, սիրո և հանդուրժողականության, ինչպես կուզեք՝ անվանեք, հեղափոխությունն առաջին հերթին սոցցանցային հեղափոխություն էր, երբ մարդիկ էին մեդիան ու ըստ էության տեղի ունեցածը օն_լայն հեղափոխություն էր
nuneh's picture
Իհարկե, բնույթը ցանցային էր, բայց համաձայնեք, Լուսինե, որ փողոցները փակվում էին ու ավտոմեքենաները ազդանշան էին արձակում իրական կյանքում, ոչ ինտերնետում։ Այսինքն, փողոցը առաջնային էր ու դրա շնորհիվ էլ տեղի ունեցավ փոփոխությունը։

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?