Եթերից՝ օնլայն

16.01.2018, Նյուսրում

Լրագրող

Հայաստանյան երկու հեռուստաընկերություն սկսել է հատուկ ինտերնետային բովանդակություն ստեղծել՝ փորձելով մուտք գործել լրատվական կայքերի դաշտ:

Առաջինը Հանրային Հեռուստաընկերությունն էր՝ իր  news.1tv.am նախագծով: Այստեղ  «Օրակարգ» լրատվական ծառայության ռեպորտաժները հարմարեցված են նորությունների տարածման օնլայն ձևաչափին՝ տեսանյութն ուղեկցվում է կարճ նկարագրական տեքստով: Եթերի հաղորդավարական տեքստը կայքում վերածվում է համապատասխան վերնագրի՝ պահպանելով նույն բովանդակությունը:

Հեռուստաընկերության մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի տնօրեն Ալեքսանդր Հակոբյանն առանձին կայքի անհրաժեշտությունը բացատրում է նորությունների հաղորդման հրապատությամբ:

«Եթերի ժամային սահմանափակության պատճառով կորցնում էինք էքսկլյուզիվ բովանդակության տարածման մատչելիությունը: Կայքն այժմ օգնում է մեզ հրատապ տեղեկատվության դեպքում չսպասել եթերին և տարածել այն»,-ասում է Ալեքսանդրը՝ հավելելով, որ մեր ժամանակներում լուրը պետք է ամեն պահ սպառողի ձեռքի տակ լինի:

Նրա խոսքով, news.1tv.am-ը նպատակ ունի մեծացնել լսարանը և բովանդակությամբ մրցակցել եղած լրատվականների հետ. «կոմերցիոն խնդիր մեր առջև չենք դրել»:

Հանրայինի լրատվական կայքն ունի առանձին խմբագիրներ, ովքեր աշխատում են «Օրակարգ»-ի լրագրողների տրամադրած բովանդակության հետ.  «որոշակիորեն ավելացել է լրագրողների աշխատանքը, բայց լուրը օբյեկտիվ և պրոֆեսիոնալ տարածելու  համար մենք ունենք թիմային ոգի և պատրաստակամություն»:

Կես տարվա պատմություն ունեցող լրատվականը լրացնում է եթերի բացը, իսկ եթերը լրացնում է կայքի բովանդակությունը: Սրանք թեև իրարից տարբեր, բայց իրար լրացնող հարթակներ են, որտեղ դոմինանտության խնդիր չկա:

«Շանթ» հեռուստաընկերության լրատվական կայքը՝ Shantnews.am-ը, 2017-ի դեկտեմբերին է մուտք գործել շուկա: Հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծառայության տնօրեն  Աղասի Հունանյանի խոսքով, կայքը դեռևս կայացման փուլում է. «այս պահին չեմ ուզում մանրամասների մասին խոսել, սակայն նպատակ ունենք օնլայն հարթակում մեր տեղն ունենալ և առողջ մրցակցության մեջ մտնել»:

Ի տարբերություն Հանրայինի լրատվականի, Shantnews.am-ն անկախ է «Հորիզոն» լրատվականի բովանդակությունից: Կայքում կան և՛ վերլուծական հոդվածներ, և՛ պատկերասրահ, և՛ սեփական ուղիղ եթեր:

Shantnews.am-ը փորձում է օգտագործել Հայաստանի լրատվական կայքերի լավագույն փորձը և նոր որակ առաջարկել: Նախագիծը  բիզնես  նպատակներով է ստեղծվել:

Lրատվական բովանդակությամբ աչքի ընկնող մյուս հեռուստաընկերությունները, օրինակ  «Արմենիա»-ն, «Կենտրոնը», «Երկիր Մեդիան» դեռ առանձին ինտերնետային նախագծեր չեն ստեղծել: Նրանք հեռուստատեսային բովանդակությունը, ինչպես նաև սեփական նորությունները, թարգմանություններն ու պաշտոնական տեղեկությունները հրապարակում են իրենց պաշտոնական կայքերի նորությունների բաժնում:

Գայանե Ասրյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?