Առաջին համարները կանգնած են, իսկ լսարանը՝ հարմարավետ նստած

06.12.2018, Ընտրություններ 2018

Լրագրող, արվեստի քննադատ

Հայաստանում անսպասելիորեն արագ ձևավորվեց քաղաքական բանավեճերի բում: Եվ եթե մինչ ԱԺ արտահերթ ընտրությունները բանավեճը հեռուստատեսության համար անցանկալի, դժվար կազմակերպվող ու անկռահելի արդյունք ունեցող ժանր էր, որից խուսափում էին, ապա հիմա պարզ դարձավ, որ շահեց այն ալիքը, որը հասցրեց այս կարճ ընտրարշավի ընթացքում սեփական հեռուստաբանավեճը հորինել:

Այս իրավիճակում թելադրող դարձավ Հանրային հեռուստատեսությունը: Շնորհիվ լրատվական բաժնում տեղի ունեցած նոր նշանակումների (կարելի է ասել, լրատվական բաժնի ազատագրումից հետո նախկին իշխանությունների ուղիղ հրահանգներից) եթեր ներմուծվեցին բանավեճերը: Մինչ այդ «բանավեճ» կոչվող հաղորդումները այլ էին՝ խուզած կամ անթաքույց ժամանցային ֆորմատի:

Իրականության ներբեռնումը հեռուստատեսային դաշտ այնքան վաղուց չէր կատարվել, որ քաղաքական ուժերը սկսեցին հայտնվել էկրանին որպես կենդանի իրականության կրողներ:

Ոչ միայն որպես հավասարակշռված, խմբագրված ռեպորտաժների հավասարազոր մասնիկներ (ինչպես պահանջում է մեդիայից նախընտրական փուլը), այլ գործող անձինք, որոնք հանդես են գալիս սեփական անունից ու սեփական շահերով՝ մրցում են, վիրավորում, ենթարկում ու ու ենթարկվում մանիպուլյացիայի, հիշեցնում թաքուն կապերն ու բաց թվերը, ցույց տալիս իրենց հռետորական ունակությունները կամ դրանց բացակայությունը:

Իսկ եթե այդ ամենը տեղի է ունենում ուղիղ եթերում, այլ ոչ թե սրբագրվում որոշ ժամանակային միջանցքում, ամեն բան դառնում է գրավիչ ու խոշորացված:

Եվ Հանրայինի տաղավարում կազմակերպված դեկտեմբերի 5-ի  «Նախընտրական մեծ բանավեճը» հաստատ ռեկորդակիր էր՝ դիտումների քանակով, քանի որ ԱԺ ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին դեմքերին միասին ու նույն պայմաններում տեսնելը կարևոր էր ու պատմական:

Անգամ եթե այս բանավեճը ոչինչ չի փոխելու դիտողների՝ քվեները բաշխելու ցանկության մեջ, այն առաջին քայլն է սիմվոլների մշակույթը փոխելու համար:

Եվ առաջին սիմվոլը, որը փոխանցեց այս երկար տևող բանավեճը, վիզուալ էր:

Քաղաքական վերնախավը լարված կանգնած էր, իսկ դիտողը՝ հարմարավետ նստած ու պատրաստ լավ ժամանակ անցկացնելու:

Քաղաքական հայտ ներկայացնող մարդիկ մի քանի ժամ շարունակ կանգնած էին՝ առանց հնարավորություն ունենալու նստելու, թիկնելու կամ հենվելու: Կանգնած էին դժվարությամբ, բայց համբերատար, քանի որ խաղի կանոնները դա էին պահանջում, իսկ նրանք ենթարկվում էին դրանց:

Հաշվետու լինելու ուղիղ սիմվոլն այն է, երբ առաջին դեմքերը կանգնած են, իսկ նրանց հետևող լսարանը էկրանից այն կողմ՝ հարմարավետ նստած:

Արժի հիշել, որ տարիներ շարունակ հեռուստատեսությունը ցույց է տվել Հայաստանի առաջին դեմքերի միայն այն պատկերները, որտեղ նրանք նստած են պատասխանում հարցերին: Իհարկե, հարցերն ու հարց տվողները նախորդ իշխանությունների օրոք միշտ եղել են նախապես ընտրված, մոնտաժված ու կռահելի, բայց անգամ դա չէ կարևորը:

Կարևորը, որ առաջին դեմքերը միշտ ունեցել են դիրքային առավելություն (օրինակ, կեղծ ոսկուց կամ կեղծ փղոսկրից պատրաստված աթոռներին են նստել, ինչպես Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը և այլն), իսկ կադրում հայտնվող այլ մարդիկ ավելի ցածր դիրքի մասին ակնարկող նստատեղ են զբաղեցրել, երբեք ոչ հավասար:

Դա այն բրգաձև կառավարման պատկերն էր, որը ներբեռնվում էր հայաստանցիների ենթագիտակցության մեջ (պսևդոկայսերական, որն իրականում գավառականն է):

Հիմա, դեկտեմբերի 5-ին տեսանք, որ կարելի է այլընտրանքային պատկերային մակերես ունենալ՝ փոքր տարածք, կարճ ժամանակահատված, շարքով կանգնած մարդիկ, որոնք կարծես քննություն են հանձնում: Եվ քննությունը ընդունում ենք մենք, նրանց նայողները:

Տեսնելն ավելի կարևոր էր: Մտածելը, թե ինչ են ասում, ինչու և ինչպես, արդեն համատեքստային նշանակություն ուներ:

Բանավեճեր, քննարկումներ, ժամանց

Կարծիքների հանրային ներկայացումը ընդունված է բաժանել երկու ձևաչափի՝ քննարկումների և բանավեճերի:

Առաջինը փորձում է կարծիքների փոխանակման արդյունքում ուրվագծել նոր գիտելիք: Այդ նպատակով էլ մեդիան հրավիրում է տարբեր ոլորտների գիտակների, որոնք տիրապետում են այդ գիտելիքի ու պատրաստ են գտնել ընդհանուր համաձայնության եզրեր: Լսարանն էլ, հետևելով քննարկումների մասնակիցների կռվաններին ու փաստարկներին, անում է իր եզրակացությունը:

Իսկ բանավեճը կառուցվում է ընդդիմադիր տեսակետների վրա:

Այն ոչ թե նոր գիտելիք ի հայտ բերելու նպատակ ունի, այլ ստեղծելու կարծիքների բախում: Մասնակիցները ջանում են ազդել լսարանի վրա և համոզել, որ կան հաղթողներ ու պարտվողներ, որ կա ճիշտ ու սուտ, որ եթե հաղթել ես, ուրեմն ճիշտ ես:

Քննարկումների արժեքը փորձագետների պրոֆեսիոնալիզմն է, իսկ բանավեճը պայքար է քվեների համար, որտեղ կարևորվում է ոչ այնքան տեղեկության կրումը, որքան այդ տեղեկության ազդեցիկ մատուցումը (ի հեճուկս ընդդիմադրի ու հանուն սեփական առաջխաղացման):

Հայաստանում հրապարակային քննարկումները հեռուստատեսությամբ միշտ եղել են ձևական կամ ծայրահեղ ժամանցային անգամ այն ժամանակ, երբ անդրադարձել են կարևոր սոցիալական, տնտեսական կամ քաղաքական խնդիրներին: Դրանք միշտ ֆիլտրվել են իշխող ուժի կողմից կամ հեռուստաընկերությունների մենեջմենթը ցանկություն չի ունեցել դրանք կազմակերպելու:

Թերևս հենց այդ պատճառով էլ քննարկումները չեն ունեցել հանրային նշանակություն:

Իսկ հիմա կարող են դառնալ պահանջված ժանր նաև ընտրություններից հետո:

Ի վերջո, այսօր հեղափոխություն իրականացրած ու նոր կառավարություն ձևավորած մարդիկ պիտի անցնեն նաև հեռուստաբանավեճերի ու քննարկումների խոշարացույցով, որպեսզի մենք էլ տեսնենք, որ իրենց վաղվա խոսքը տարբերվելու է այսօրվա խոսքից: Դառնալու է ավելի համոզիչ ու վստահելի, առանց պոպուլիստական ծուղակների ու մանիպուլյատիվ հնարքների:

Համենայնդեպս, հեղափոխության սիմվոլ, ներկայիս վարչապետի պաշտոնակատարը մեծ հաճույքով ու հմայքով է սուզվում հանրային քննարկումների մեջ՝ բոլորի նման կանգնելով ընդհանուր շարքում, դիտողի առջև որպես օրինակ: Նոր օրինակ:

Եվ արդեն փաստ է, որ լավագույն ընտրակաշառքը այսօրվա հայաստանցի ընտրողին որակյալ ժամանցն է, այդ բառի նախաստեղծ ու թանկ իմաստով:

Նունե Հախվերդյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?