Սթրիթ արտ. «Չխփել, լրագրող եմ»

06.07.2017, Նյուսրում

Լրագրող

«Չխփել, լրագրող եմ» պատկերը դարձել է ստրիթ արտի նմուշ՝ հայտնվելով Երևանի Պուշկինի փողոցում գտնվող շենքի պատին՝ որպես իրական դեպքի արտացոլում:

Այս պատկերն ու ուղերձը հանրայնացվել է՝ հաղթելով Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի անցկացրած մրցույթում: Հեղինակը՝ «Հակահարված» արտ-խմբի անդամ Արտակ Գևորգյանը, հիշեցնում է, որ լրագրողների գործունեությունը չպետք է խոչընդոտել:

Գրությունը շրջանառվեց 2014թ-ին, երբ ԱԺ անվտանգության աշխատակիցը փորձեց հարվածել «Ա1+»-ի լրագրողին՝ ցույցի լուսաբանման ժամանակ, իսկ ֆոտոլրագրող Նարեկ Ալեքսանյանը մասնագիտական համերաշխություն հայտնելով՝ հաջորդ իսկ հանրային միջոցառմանը ներկայացավ «Չխփել, լրագրող եմ» գլխակապով:

Արտակ Գևորգյանը ասում է, որ այս նախադեպը առիթ էր լրագրողների օրինակով խոսելու հասարակության յուրաքանչյուր անդամի խոսքի ազատության իրավունքի կարևորության մասին:

«Նարեկի արարքն ավելի թիրախավորված էր, մենք էլ որոշեցինք սթրիթ արտի ներուժն օգտագործել և պայքարել մեդիայի ազատության համար: Քանի որ սթրիթ արտը կարճ կյանք է ունենում, մենք բոլոր աշխատանքերն արխիվացնում ենք՝ թվայնացնելով»,-պատմում է Արտակ Գևորգյանը:

Նարեկ Ալեքսանյանը խոստովանում է, որ երկար չի մտածել, թե ինչպիսին կլինի իր քայլի ազդեցությունը. «Իրականում ես նպատակ ունեի ակցիային իմ ռեակցիան տալ, որն այդ պահին համարժեք էր իրավիճակին: Մեդիան հետաքրքրվեց խնդրով, մի քանի հրապարակումներ եղան, թեև չեմ կարծում, որ իմ այդ արարքով պետք է լրագրողների դեմ բռնություններն ու հարձակումները կանխվեն»:

Իհարկե, կանխելու համար պատկերի ներուժը բավարար չէ, բայց պատկերը կարող է դրդել մտածելու բռնության ու մասնագիտական պարտքի մասին:

«Չխփել, լրագրող եմ» գրառումը ակնհայտ է դարձնում այն խոցելի իրավիճակը, երբ խփել կարելի է, իսկ պաշտպանվելու համար պետք է գործածել տարբեր հնարքներ: Այդ թվում նաև՝ փողոցային պատկերների արվեստը:

Ուղերձը կտարածվի նաև մեկ այլ ձևաչափով. Արտակի աշխատանքը դարձել է «Լրագրողի ազատությունը իմ ազատությունն է» կարգախոսով սոցիալական հոլովակի հիմք, որը մրցույթի մյուս երկու հաղթողների մասին հոլովակների հետ միասին հասանելի կլինի շուտով:

Գայանե Ասրյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?