Իսկ ի՞նչ պիտի ասեր Սամվել Ալեքսանյանը, որ չի ասել

08.12.2012, Քննադատ

Լրագրող, աշխատում է «Ա1+»-ում:

Սամվել Ալեքսանյանի հետ մի խումբ լրագրողների հարցազրույցի «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում համքարությունը աղետ է տեսել: Այսինքն, թե ինչքան զզվելի է լրագրողների պահվածքը օլիգարխի հետ դեմ առ դեմ շփման ժամանակ: 

Իրականում, ԱԺ-ում աշխատող լրագրողներին դատապարտողներին պակասում է աղետի զգացումը: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նստում է, ինչպես կարողանում է, խոսում է, ինչպես կարողանում է: Նա չի կարող չասել «քուրո ջան», «ազիզ ջան» կամ «ցավդ տանեմ»: Բայց հիշենք, որ նրա մասին նյութերում լրատվամիջոցները հաճախ են նրան ներկայացնում որպես Լֆիկ Սամո, եւ վերջինս իր «քուրո ջան»-ով նախ ապացուցում է, որ վաստակել է մականունը, երկրորդ, մեզ է վերադարձնում իր վիրավորանքը, երրորդ, պարտավոր չէ ԱԺ միջանցքի բազմոցին փռված տարբերակել, թե ով է իրեն այդպես ներկայացրել եւ արդյո՞ք այդպես ներկայացնողն ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների մեջ է: 

Չկան նրան զգաստացնելու տարբերակներ: Այդ մարդը մի քանի շաբաթ առաջ ԱԺ էթիկայի հանձնաժողովի «դատավճռին» է արժանացել: Նշանակում է, երբ մոտենում ենք նրան, հաշվի ենք առնում փաստը, որ նա մեր ձայնագրիչը կարող է վերցնել ու մի կողմ շպրտել: Դա մեղմ ասած: Որպեսզի այդպիսի վարքի չենթարկվենք, չպիտի մոտենանք: Համաձայն եմ: Բայց այստեղ խնդիր կա: 

Նա ի՞նչ է անում Ազգային Ժողովում եւ մենք ինչու՞ չենք անհանգստացնում, ասենք, Հայկ Բաբուխանյանին, որը երազում է, որ երկու լրագրող միաժամանակ իրենից հարցազրույց վերցնեն: Ինչու՞ Սամվել Ալեքսանյանն իր պատգամավորական գործունեության ամբողջ ընթացքում երբեւէ չի ներկայացել հետեռօրյայի (այսօր՝ քառօրյայի) գոնե մեկ բրիֆինգի: 

Սամվել Ալեքսանյանը պատգամավոր է, թեեւ բոլորս գիտենք, որ խախտվել է Սահմանադրության 4-րդ գլխի 65 հոդվածը՝ պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Բայց այսօր այդ մարդն Ազգային Ժողովում է, որովհետեւ նրա երկրորդ «գալուստը» հովանավորել է իր կուսակցությունը: 

Եւ որպեսզի մենք՝ ԱԺ-ում հավատարմագրված «ոչ հարգելի» լրագրողներս հանգիստ թողնենք օլիգարխին, թող կուսակցության առաջնորդը  լրագրողական  համքարությանը (ոչ մեզ) գոնե կես ժամով հասանելի լինի, որպեսզի շաքարի, մենաշնորհի, աներձագի եւ, հարկ եղած դեպքում, նաեւ աշխարհի վերջի մասին հարցերին պատասխանի: 

Երբ ես մոտենում եմ Սամվել Ալեքսանյանին, գիտեմ, որ նա ղարաբաղյան թնջուկի մասին հարցերի հասցեատերը չէ, նա նույնիսկ չի կարող ասել, թե ինչ է մենաշնորհը, որովհետեւ նա «քարտ բլանշի» ներկայացուցիչ է: Նա ոչ մի հարցի պատասխանը չունի, նրան որեւէ հարց ուղղելն անհեթեթ է:

Բայց նա նախ ԱԺ պատգամավոր է, եթե նույնիսկ խիստ հակասության մեջ է ԱԺ որեւէ օրինագծի ստեղծման ամիս-ամսաթվին, այսինքն, չգիտի՝ կա՞ այդպիսի օրինագիծ, թե՞ չկա: Իսկ դա ընդունելը ԱԺ-ի գործն է: 

Սակայն ինձ վերապահված չէ վիճարկել մարդուն, որն ի վիճակի է ինքն իր դեմ ցուցմունք տալ: Կարող է  փռվել ԱԺ բազմոցին, պառկել, ասել «քուրո ջան», ենթադրել, որ շաքարը շուտով կէժանանա: Եթե նա կարողանար խոսել այլ կերպ, կխոսեր այլ կերպ: 

Եւ քանի դեռ նրա պատգամավորությունը հովանավորողնրը  չեն պահանջել, որ  այդ մարդուն հեռացնեն Ազգային ժողովից, նշանակում է, մենք` լրագրողներս  նույնպես «քարտ բլանշի» ներկայացուցիչն ենք ԱԺ-ում եւ եթե նրան ԱԺ-ի միջանցքներում պառկած էլ բռնացնենք, պիտի հարցեր տանք` չմոռանալով, որ պառկած է: Իսկ երբ ծիծաղում ենք նրա ասածների վրա, մեզ թույլ ենք տալիս չշփոթեցնել այդ մարդուն, այսինքն, չմոռանալ ցուցմունքը: Եթե հանդուրժում ենք անպատժելի ու անկիրթ «ցավդ տանեմ»-ը, ապա այն պատճառով, որ ցուցմունքն ունի կոլորիտ:

Իսկ ի՞նչ եք առաջարկում…

Եթե նրան տեղյակ պահենք, որ գործ ունենք բյուջեն սանրած մարդու հետ, նախ կիմաստազրկենք մեզ, որովհետեւ արդեն իսկ մեղադրում ենք մարդուն, որը հոդաբաշխ չի էլ կարող գիտակցել, թե ինչում է մեղադրվում, երկրորդ, մեր գործը չէ մեղադրելը, մենք բավականաչափ փաստեր ենք ներկայացրել շաքարի որակի, կեղծված օղիների եւ այլ բաների մասին: Իսկ մենաշնորհի մասին պաշտոնական հաղորդագրությունը կարելի է գտնել ՏՄՊՊՀ-ում: 

Սոցիալական ցանցերում հիմնականում լրագրողները կամ ոլորտին այս կամ այն չափով առնչվող մարդիկ մեծ ոգեւորությամբ հավանություն են տվել ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների դեմ վերջին երկու օրերի հրապարակումներին: Որովհետեւ նրանք ԱԺ պատգամավորին, 7 երեխաների հորը չեն զգաստացրել, կուլ են տվել «ազիզ ջան»-ը: Այսինքն, ինչ-որ իմաստով վերածվել են Սամվել Ալեքսանյանի: Գտնվելով խոսք մուրացողի դերում (կադրերում երեւում է, որ իսկապես մուրում ենք այդ խոսքը Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկից), մենք նրան ազատություն ենք տվել (առավելագույնը, որ կարող ենք տալ) իրեն հարմար կամ իրեն հայտնի եղանակով շպրտել այդ խոսքը: 

Բայց դա միակ տարբերակն է, որպեսզի մենք միաժամանակ լինենք մեզանից յուրաքանչյուրի վերահսկիչը, այսինքն, ձեզ առերեսել մի մարդու եւ մի ասելիքի, որտեղ մկրատը եւ նրա խոսքի որակի հետ մանիպուլացիան բացառվում է: Որովհետեւ նա ունի երկու տարբերակ՝ կամ չի խոսում, կամ խոսում է իրեն հարմար միայն մեկ լրագրողի հետ, որին խնդրում է խնամքով ներկայացնել իր խոսքը: Իսկ երբ խնդրում է (ով էլ նա լինի), ազնիվ չէ հաշվի չնստել այդ խնդրանքի հետ: Պարզ է, որ նա «խնամք» բառը չի ասի, այլ՝ «քուրո ջան, ասածս մի քիչ կդզես, կփչես, էլի» կամ նման մի բան: Այս խնդրանքը նրա հաջորդ անգամ նույնպես հասանելի լինելու ավանսն է: Եթե նրա հասանելի լինելը ոչ մի ընթերցողի, ռադիոլսողի կամ հեռուստադիտողի հետաքրքիր չէ, դա այլ հարց է: 

Բայց փաստ է, որ Սամվել Ալեքսանյանը որոշ իմաստով իշխանության խոսնակն է. նաեւ այդ օլիգարխի միջոցով ենք մենք իմանում, թե դեռ ինչքան ժամանակ երկրի փաստացի ղեկավարը չի պատրաստվում ստվերի դեմ պայքարում եւ օրենսդիր մարմնի դերի բարձրացման գործում մատը մատին խփել: Լրագրողները կարող են առաջնորդվել կանխավարկածներով: Այս դեպքում մեր կանխավարկածն այն է, որ այդ մարդը պետական ամբողջ ապարատի շփացածության, անմակարդակության, նաեւ անպատասխանատվության խոսնակն է: 

Անձամբ ինձ ձեռնտու չէ, որ անպատասխանատվությունն իմ առջեւ կանգնի Դավիթ Հարությունյանի կերպարով: Ես ուզում եմ անպատասխանատվությունը տեսնել բազմոցի վրա փռված, ինձ արդեն ինտելեկտուալ օճառները չեն բավարարում: 

Ի դեպ` էթիկական առումով ի՞նչ էր շահում միջազգային հանրությունը, երբ 1977-ի նոյեմբերի 23-ին Կենտրոնական Աֆրիկայի մարդակեր կայսրը՝ Ժան Բեդել Բոկասան իր ոսկե գահավորակներից մեկին նստած մի համեստ վերնաշապիկով հարցազրույց էր տալիս ֆրանսիացի երկու լրագրողի: 

Մհեր Արշակյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?