Օգոստոս էր. մահը եկել էր

01.09.2011, Քննադատ

Հիմնական հետաքրքրությունները` բլոգեր, սոցիալական ցանցեր, նոր մեդիա, տեղեկատվական անվտանգություն:

Բերեմ երկու դրվագ համաշխարհային նորագույն պատմությունից: Այս երկու դեպքերը միավորում են հայկական մամուլը:

Դեպք առաջին: 2008 թվականի օգոստոսի 8-ն էր: Այդ օրը (առնվազն) երկու կարեւոր իրադարձություն սկսվեց: Չինաստանում սկսվեցին Օլիմպիական խաղերը, իսկ Հարավային Օսիայում՝ ռուս-վրացական պատերազմը: Պատերազմի ընթացքում շրջանառության մեջ գցվեց ապատեղեկատվությունն այն մասին, իբր ռուսական ռազմական ինքնաթիռները, որոնք ռմբակոծում են Վրաստանը, օդ են բարձրանում Հայաստանի տարածքից: Կեղծ լուրեր էին տարածվում նաեւ ադրբեջանական կողմից՝ իբր ջավախահայերը ոտքի են կանգնում, որպեսզի պատերազմի ժամանակ սատարեն ռուսական կողմին:

Դեպք երկրորդ: Մի քանի տարի առաջ հունվարի առաջին օրերին ողջ աշխարհն անդրադարձավ հայաստանյան անցուդարձին: Ավելի ճիշտ՝ կոնկրետ մեկ իրադարձությանը` էլեկտրացանցում մշակույթի նախարարի արկածներին, ուր նա գլխավոր դերում հանդես էր գալիս ատրճանակով:

Այս երկու դեպքերը միավորում է այն փաստը, որ մեր մասին գրում էին բոլորը՝ բացի մեզանից, քանի որ հայաստանյան մամուլը տառապում է արջամկան սինդրոմով: Հունվարի առաջին օրերին եւ օգոստոսին ԶԼՄ-ները գրեթե չեն աշխատում: Դրա պատճառով 2008-ին մեր պաշտպանության նախարարությունը ստիպված էր օգտագործել արտասահմանյան ԶԼՄ-ները, որպեսզի հերքեր պատերազմի ընթացքում տարածվող ապատեղեկատվությունը: Այդ օրերին ամենաակտիվ աշխատող հայկական օնլայն լրատվամիջոցը Xronika.am տեղեկատվական կայքն էր, որն իրականում ադրբեջանցիների կողմից ստեղծված կեղծ հայկական կայք էր, որի միջոցով նրանք մեր մասին հաջողությամբ ապատեղեկատվություն էին տարածում:

Այս ավանդույթներն, իհարկե, շարունակվում են: Ավելին` ավանդույթներն ամրապնդում են նաեւ քաղաքական գործիչները, քաղաքագետներն ու այլ անձինք եւ կազմակերպությունները, որոնք պետք է նորություններ ստեղծեն: Բոլորը գնում են հանգստանալու, էլ խեղճ լրագրողն ի՞նչ գրի: Այսինքն՝ երկկողմ չգրված համաձայնություն կա, որի պատճառով Հայաստանում տեղեկատվական դաշտը մահանում է:

Չնայած՝ իրավիճակը սկսել է փոխվել: Մի կողմից ցանցային մամուլը, ելնելով ժանրից, շուկայի թելադրանքից եւ իրատեսական մրցակցությունից, արդեն իսկ սկսում է անցնել օգոստոսին կիսաաշխատանքային ռեժիմի: Մյուս կողմից էլ՝ ՀԱԿ-ի ակտիվիզմը թեեւ քիչ եւ շատ սահմանափակ շրջանակներում, բայց լրագրողներին գոնե աշխատելու տեղ է տալիս:

Սա էլ թեման շարունակելու համար. խմբագիրների մոտեցումն այս հարցին եւ լրագրողի պատասխանը խմբագիրներին:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?