«Լրատուն» մեդիա թանգարանի «Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» առաջին մուլտիմեդիա ցուցահանդեսը կներկայացնի, թե ինչպես են ժամանակի մամուլը, հեռուստատեսությունը եւ վավերագրողները լուսաբանել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժը:
«Մեդիա թանգարանը Հայաստանի վերջին 25 տարիների նշանակալի իրադարձությունների լուսաբանման պատմությունն է: Որպես առաջին իրադարձություն ընտրել ենք Սպիտակի երկրաշարժը երկու նկատառումներով. նախ՝ որովհետեւ հենց երկրաշարժը բացեց Սովետական միությունը աշխարհի առջեւ եւ փոխեց լրատվական դաշտը, մոտեցումը լրատվամիջոցներին եւ լրատվությանը, եւ երկրորդ՝ որովհետեւ այս տարի երկրաշարժի 25-րդ տարելիցն է»,- ասում է «Լրատուն» նախագծի համակարգող Վահրամ Մարտիրոսյանը:
Մեդիա թանգարանի հպէկրանները (touch screen) ներկայացնում են լուսանկարիչների, լրագրողների, ֆիլմերի հեղինակների հետ հարցազրույցներ, ծաղկաքաղ հայ մամուլից, հեռուստատեսային ռեպորտաժներ, հարցազրույցների հեղինակների հետ, վավերագրություն, չլուսաբանված արխիվային նյութեր, 10 լուսանկարիչների (Ավետիք Օհանյան, Արմեն Մուրադխանյան, Հակբեր, Ռուբեն Մանգասարյան, Մարտին Շահբազյան, Պողոս Պողոսյան, Մխիթար Խաչատրայն, Միքայել Քալանթար, Վահան Քոչար, Վռամ Հակոբյան), Ֆոտոլուր գործակալության եւ ականատեսների լավագույն լուսանկարների ծաղկաքաղ:
«Այցելուները կարող են ծանոթանալ երկրաշարժի հաջորդ օրվա թերթերի առաջին էջէրին: Եթե որեւէ մեկին դա անհետաքրքիր կթվա, թող տեղեկանա, որ, ասենք, սովետական գլխավոր թերթը՝ «Պրավդան» չի հայտնել երկրաշարժի լուրը, քանի որ… «կռված» էր վերակառուցվել շտապող Սովետական Հայաստանի հետ: Կարող են կարդալ շուրջ տասը հոդված, որտեղ լրագրողները խոսում են այն մասին, թե ինչ դժվար է եղել մասնագիտական պարտքը կատարելը, շուրջ յոթանասուն հոդված, որոնք պատմում են ականատեսների, հրաշքով փրկվածների, հերոսների մասին»,- ասում է Վահրամ Մարտիրոսյանը:
«Լրատունը» Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկին Ինտերնյուս) նախագիծն է, իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակում:
Մեդիա թանգարան ստեղծելու գաղափարը ծնվել է ԱՄՆ-ի Վաշինգտոն քաղաքում գտնվող Newseum-ից` նորությունների եւ լրագրության ինտերակտիվ թանգարանից, որը ներկայացնում է, թե ինչպես է մեդիան պատմում հասարակության վրա մեծ ազդեցություն ունեցող իրադարձությունների մասին:
«Ինձ շատ դուր եկավ այս գաղափարը առաջին հերթին, որովհետեւ սա հնարավորություն է մեկ տեղում հավաքել կարեւոր իրադարձությունների հետ կապված մեդիայի տարբեր տեսակները, եւ երկրորդ՝ որովհետեւ սա մեդիագրագիտության ձեւ է. այցելուները կկարողանան հասկանալ, թե ինչ է ընտրում մեդիան, ինչու է ընտրում, ինչպես է ցուցադրում, ինչ կերպարներ է կարողանում ստեղծել եւ ինչ է թողնում պատմության մեջ»,- ասում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (նախկին Ինտերնյուս) գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը:
«Մենք չենք ուզում կանգ առնել միայն մեկ թեմայի վրա, ուզում ենք ներկայացնել, թե վերջին 25 տարիների ընթացքում ինչպես է մեդիան, այդ թվում՝ նաեւ սոցիալական, պատմել կարեւորագույն իրադարձությունների մասին՝ Ղարաբաղյան շարժում, ընտրություններ եւ այլն: Եվ ուզում ենք այս շրջիկ ցուցահանդեսներից հետո ինչ-որ մի տեղ գտնել Երեւանում, որտեղ թանգարանը կկարողանա մշտական գործել», -ասում է Նունե Սարգսյանը:
Մեդիա թանգարանի այցելուները կարող են ծանոթանալ նաեւ «Մեդիամարտ» մեդիագրագիտության խաղին, որով հնարավորություն կստանան ստուգել եւ լրացնել մեդիայի վերաբերյալ իրենց գիտելիքները, ինչպես նաեւ «ռեպորտաժ վարել» աշխարհի ցանկացած վայրից ձեւօրինակման տեխնիկայի օգնությամբ:
«Լրատուն» մեդիա թանգարանի ցուցահանդեսի բացումը տեղի կունենա Գյումրիի «Սթիլ» կերպարվեստի թանգարանում սեպտեմբերի 26-ին ժամը 14:00-ին եւ կտեւի մինչեւ հոկտեմբերի 2-ը:
Շրջիկ մեդիա թանգարանը կայցելի նաեւ Վանաձոր (հոկտեմբերի 5-15), Մարտունի (հոկտեմբերի 15-19) եւ Կապան (հոկտեմբերի 22-27):
Աննա Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: