2015.07.27,

Տեսակետ

«Պատրաստ ենք անգամ բանտարկության պատիժը կրել, բայց չբացահայտել աղբյուրը»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

iLur.am լրատվական կայքի խմբագիր Քրիստինե Խանումյանի դեմ հարուցվել էր քրեական գործ դատական ակտը դիտավորությամբ չկատարելու մեղադրանքով (ՀՀ Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 2-րդ մասով):

Նա մեղադրվում էր iLur.am կայքում հրապարակված տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու համար։

Դատախազությունը պահանջել էր գաղտնազերծել մեկ տարի առաջ կայքում հրապարակված լուրի աղբյուրը (Եվրոպայի եռակի չեմպիոն ըմբիշի եղբոր վրա Շիրակի մարզի այլեւս նախկին ոստիկանապետի հարձակման մասին):

Քրիստինե Խանումյանը հրաժարվել է բացահայտել տեղեկատվության աղբյուրը, քանի որ տեղեկատվության աղբյուրների պաշտպանությունը լրագրության անբաժանելի մասն է եւ խոսքի ազատության հիմնարար պահանջը:

Հուլիսի 16-ին մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ ասաց, որ տեղեկատվության աղբյուրների գաղտնիության բացահայտման պարտադրանքը կարող է սարսափելի հետեւանք ունենալ ազատ մեդիայի համար, իսկ աղբյուրների պաշտպանությունը բխում է հանրային շահից:

Հուլիսի 24-ին Գլխավոր դատախազությունը հայտնեց, որ Քրիստինե Խանումյանի դեմ քրեական գործը կարճվել է, իսկ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Դունյա Միյատովիչին նամակ է ուղարկել, որում «մանրամասն բացատրել է քրեական գործի բոլոր հանգամանքները, ինչպես նաեւ միջազգային եւ ներպետական օրենսդրության այն չափանիշները, որոնք հաշվի են առնվել քրեական գործը հարուցելիս»:

Այդ հայտարարության վերջում ասվում է, որ Կոստանյանը Միյատովիչին հրավիրել է մասնակցելու «կլոր-սեղան քննարկմանը» ու գտնելու այն համահունչ ելքը, որը կօգնի հավասարակշռել խոսքի ազատության ու արդարադատության պաշտպանությունը:

Այս դեպքը լուրջ մտահոգությունների առիթ դարձավ, քանի որ Հայաստանում երբեմն համահունչ ելքեր գտնելն անհնարին է, երբ գործը հասնում է իշխանությունների համար անցանկալի տեղեկատվության հրապարակմանը: Քրիստինե Խանումյանը վստահ է, որ եթե քրեական գործը չկարճվեր, հարվածի տակ կհայտնվեր ողջ լրատվական դաշտը:

Եթե ձեզ պարտադրեին բացահայտել տեղեկատվության աղբյուրը, դա կարող էր վտանգավոր նախադեպ դառնալ: Այս գործի վատթարագույն տարբերակը ո՞րը կլիներ:

Ասեմ, որ իշխանությունները պարտադրելու գրեթե բոլոր հնարավոր միջոցները կիրառեցին. կար դատարանի վճիռ, որից հետո գործ հարուցեց քննչական կոմիտեն: Մնում էր միայն աղբյուրը չբացահայտելու համար կալանքի որոշում կայացվեր:

Եվ, ըստ էության, մենք կարողացանք բոլոր այդ որոշումներին դիմադրել՝ հասկանալով մի պարզ բան, որ եթե տեղի տանք ու բացահայտենք մեր աղբյուրը, լրատվական դաշտի համար կստեղծվի խայտառակ նախադեպ, որից հետո լրատվամիջոցները կվախենան գրել լուրեր:

Կամ էլ գրելուց առաջ հազար անգամ ծանրութեթեւ կանեն՝ արժե՞ արդյոք գրել, թե՞ ավելի լավ է լռել:

Խոսքն, իհարկե, հարյուր տոկոս հավաստի լուրերի մասին է, որոնց հրապարակումով լրատվամիջոցը կարող է ընկնել այն նույն խնդիրների ու քաշքշուկների դաշտ, որի մեջ արդեն շուրջ մեկ տարի է` հայտնվել ենք:

Իսկ եթե, ի վերջո, հերթը հասներ կալանքին, դա կդառնար ազատ խոսքը լռեցնելու ամենալավ նախադեպային միջոցը, որից հետո լրատվամիջոցների առնվազն կեսի դեպքում կաշխատեր:

Եվ հենց այդ պատճառով մենք փորձեցինք հակառակ նախադեպը ստեղծել ու հայտարարեցինք, որ ճնշումներին տեղի չենք տա ու, եթե անգամ լինի կալանքի որոշում, մենք պատրաստ ենք բանտարկության պատիժն էլ կրել, բայց չբացահայտել աղբյուրը:ինքնագրաքննությունը:

Այսինքն` շատ լրագրողներ, տեսնելով մեր օրինակը, արդեն կվախենային ազատ գրել:

Պետք է պայքարել ու պաշտպանել խոսքի ազատությունը:

Իսկ եթե կալանքի որոշում լիներ, ավելի ցայտուն չէ՞ին դառնա այն խնդիրները, որոնք կան մեր հանրապետության իրավապահ համակարգում: Միգուցե դա ավելի շատ կօգնե՞ր առողջացմանը:

Չեմ կարծում, որ մենք պետք է այդ աստիճանի հետընթաց ունենանք եւ չկարողանանք կիրառել լրագրողական դաշտը կարգավորելու ու խոսքի ազատությունը ապահովելու այլ գործիքներ:

Ի վերջո, մենք 21-րդ դարում ենք ապրում, Եվրախորհրդի անդամ պետություն ենք, ստանձնել ենք բազմաթիվ միջազգային պարտավորություններ, մեզ երաշխավորված է խոսքի ազատությունը, ունենք բավականին ակտիվ քաղաքացիական հասարակություն:

Այսինքն` մեր ձեռքում են պայքարելու տարբեր գործիքներ, եւ կարիք չկա կիրառել ռեգրեսիվ մեթոդները:

Ասենք, սպասել, որ դանակը կոկորդին հասնի, որպեսզի հասկանանք, որ կարող է շատ ավելի վատ լինել:

Անհասկանալի մնաց, թե, ի վերջո, ինչու՞ կարճվեց ձեր դեմ հարուցված քրեական գործը: Ի՞նչը հիմք դարձավ:

Մեզ դեռ չեն ուղարկել որոշման օրինակը, այնպես որ չգիտենք, թե իրավական առումով ինչն են կարճել: Կարող եմ ասել, որ հայտարարության մեջ որեւէ հիմնավորում չկա: Գործի հարուցումն արդեն իսկ անհեթեթություն էր, քանի որ գործը հարուցելու համար չկար որեւէ իրավական հիմք:

Բայց կրկնակի անհեթեթություն է գործի կարճումը, քանի որ նորից չի նշվում որեւէ իրավական հիմք:

Միյատովիչին ուղղված նամակում Կոստանյանը երկու էջ տեքստում հիմնավորել է, թե որքան անհրաժեշտ է եղել իմ դեմ քրեական գործ հարուցելը:

Եվ ես ուզում եմ հասկանալ. եթե կար այդ անհրաժեշտությունը, ապա ինչու՞ է այն փոխվել, եւ ո՞րն է այդ իրավական աբսուրդի պատճառը:

Կարելի՞ է ասել, որ այս դեպքի շուրջ մեծ էր լրագրողական համայնքի արձագանքն ու աջակցությունը:

Եթե ասեմ, որ աջակցությունը մեծ էր, սուտ կլինի: Բայց սուտ կլինի նաեւ, եթե ասեմ, որ աջակցություն չկար, որովհետեւ տարբեր լրագրողական կազմակերպություններ հայտարարություններ տարածեցին, գրեցին այս դեպքի մասին, լուսաբանեցին ընթացքը:

Իհարկե, ցանկալի է, որ իրենք հասկանան, որ այս վտանգավոր նախադեպը կարող է վաղը առնչվել նաեւ իրենց:

Ամեն դեպքում՝ գործը կարճվեց միջազգային ճնշման արդյունքում: Բայց դեռ անհասկանալի է, թե հատկապես ինչն ունեցավ մեծ ազդեցություն եւ ինչից վախեցան իշխանությունները:

Կարծես հիմա մեդիան այն ուժը չէ, որից իշխանությունները կարող են վախենալ ու պաշտպանական քայլերի դիմել:

Ես դեռ ծանոթ չեմ Միյատովիչի ամբողջական նամակին, ինչպես նաեւ Կոստանյանի կազմած որոշման փաստաթղթի հետ, որը կարող էր բացատրել, թե ինչու էր գործ հարուցվել, հիմնավորվել դրա անհնարժեշտությունը, իսկ հետո հանկարծ կարճվել:

Կարծում եմ` վախը ոչ թե հայաստանյան մեդիայից էր, այլ միջազգային արձագանքից:

Տեսնելով, որ արձագանքներն ուժգնանում են, իշխանությունները հասկացան, որ կարող են ունենալ ավելի մեծ խնդիրներ:

Մենք բազմիցս նշել ենք, որ քննիչները, դատավորները, դատարանը որոշումը կայացրել են իրավաբանական անձ չհանդիսացող կայքի վերաբերյալ, բայց գործը հարուցել են մարդու դեմ, որի նկատմամբ որոշում չկա, բայց նրան մեղադրում են դատարանի որոշումը չկատարելու համար:

Դա կատարյալ աբսուրդ է, որով իշխանությունները խոստովանեցին, որ շուրջ մեկ տարի անգրագետ քննություն են անցկացրել ու անգրագետ դատական որոշում կայացրել: Այո, դա հենց իրավական անգրագիտություն էր:

Տպավորություն է, որ հիմա Հայաստանում լրագրողները (առավելեւս լրատվականների ղեկավարները) պիտի ավելի բանիմաց լինեն, քան իրավապահ մարմինները: Լրագրողը նաեւ իրավաբա՞ն է:

Այո, Հայաստանի պես երկրում լրագրողները պարտավոր են քիչ թե շատ տեղյակ լինել օրենսդրությունից եւ հատկապես՝ ԶԼՄ-ներին վերաբերող օրենքներից, քանի որ երբեք չգիտես, թե որն է լինելու իշխանությունների հաջորդ քայլը:

Եվ պետք է միշտ պատրաստ լինել իմանալու, թե որ օրենքով է պետք իրենց պատասխանել: Եթե չիմացար, «կքաշվես»:

Մենք լրատվությունից բացի զբաղվում ենք նաեւ իրավապաշտպանությամբ եւ ստիպված ենք մեր սեփական իրավունքները պաշտպանել:

Դա նաեւ օգնում է զգոն պահել ոստիկանությանը, դատական համակարգին, որոնք ճնշման ֆունկցիա են կատարում եւ երբեմն փնթի ու հակասական որոշումներ են կայացնում:

Համաձայն եմ, օրենքով տրված լիազորությունների շրջանակում մենք ճնշում ենք իրենց, որպեսզի օրենքով տրված իրենց ռեսուրսներով ու հնարավորություններով իրենք չկարողանան ապօրինի ճնշել մեզ:

Կարեւորը, որ մենք գործում ենք օրենքի դաշտում: Հետեւաբար՝ մեր գործն արդար է:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *