Վանաձորցի լրագրող Գայանե Սարգսյանը մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ տեղական իշխանության ներկայացուցիչների հետ կոնֆլիկտային իրավիճակներում է հայտնվել:
Գայանեն, ով աշխատում է «Վանաձորյան խճանկար» թերթում եւ թղթակցում է Գյումրիի «Ասպարեզ» օրաթերթին, ապրիլի 3-ին Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթը լուսաբանելու նպատակով քաղաքապետարանում է եղել:
Նա քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանի սեղանին դրված թղթից փորձել է կարդալ, թե ովքեր են մրցութային հանձնաժողովի անդամները: Այդ պահին պաշտոնյան սենյակի մյուս ծայրից գոռացել է. «Դու տեղդ նստի, մեկ ա, խելքդ չի հասնում»:
Պաշտոնյայի նման պահվածքից ազդված` լրագրողը դուրս է եկել մրցույթից ու հեռացել:
«Սեղանի կողքը կանգնած՝ 2-3 վայրկյան նայել եմ երեսի վրա դրված թղթին: Նկատեցի, որ հանձնաժողովի անդամների ազգանուններն է գրված, ասացի` տեսնեմ՝ ովքեր են»,- պատմում է Գայանե Սարգսյանը:
Մարզպետարանի աշխատակից Արմեն Ջանազյանը, ով, որպես հանձնաժողովի անդամ, ներկա է եղել տեսարանին, Գագիկ Սիմոնյանի անունից ներողություն է խնդրել լրագրողից:
«Չափից դուրս վիրավորված եմ ու գտնում եմ, որ իրեն հարգող ոչ մի տղամարդ` լինի պաշտոնյա, թե խուլ գյուղում ապրող, իրեն նման բան թույլ չէր տա: Իմ 8 տարվա լրագրողական գործունեության ընթացքում սա առաջին նման պահվածքն է»,- ասում է Գայանեն:
Գագիկ Սիմոնյանն ասում է, որ ինքը զայրացել է, երբ լրագրողը խանգարել է հանձնաժողովի աշխատանքին: «Համայնքային ծառայողի անձնական գործին ծանոթանալու իրավունք ունի միայն համայնքային ծառայողը: Անձնական գործից որեւէ տեղեկություն արգելված է տրամադրել այլ անձի, քանի դեռ համայնքային ծառայողի համաձայնությունը չի եղել»,– ասում է մարզպետարանի պաշտոնյան:
Իր թղթակցին պաշտպանելու համար «Ասպարեզի» խմբագիր Լեւոն Բարսեղյանը նամակ-բողոք է ուղարկել Վանաձորի քաղաքապետին` պահանջելով իր բողոքի կապակցությամբ վարչական վարույթ սկսել, ուսումնասիրել բողոքում բերված փաստական հանգամանքները, պարզել, թե ինչ իրավունքով է պաշտոնյան «դու»-ով խոսել լրագրողի հետ, համապատասխան օրինական եւ բարոյական եղանակով կարգի հրավիրել իր աշխատողին:
«Պարոն Դարբինյան, ես չեմ անդրադառնում այն հանգամանքին, որ Գագիկ Սիմոնյանի արգելքը ամբողջությամբ տեղավորվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 164 հոդվածի հատկանիշներում (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը), Ձեր պատասխանից կախված, կորոշենք` դիմե՞լ ոստիկանություն` քրեական գործ հարուցելու պահանջով, թե՞` չդիմել»,- նշել է Լեւոն Բարսեղյանն իր նամակում:
Քաղաքապետարանում դեպքից մի քանի օր առաջ էլ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն է մարզային «Ֆորտունա» հեռուստաընկերության եթերից խոսել Գայանե Սարգսյանի մասին:
Եթերում վանաձորցիների հարցերին պատասխանելիս քաղաքապետն ասել է. «Շատ վատ եմ նայում այն կիսատ-պռատ հարցադրումները հասկացող լրագրողներին, որոնք «Խճանկարում» հոդված են տպագրում, թե քաղաքապետի հանձնարարականները չեն կատարվում: Այ դա բավականին կույր, ես կասեի՝ չզգացող մարդ է, որը նմանատիպ հոդվածներ է տպագրում»: (05:56 րոպեից)
Քաղաքապետը նկատի է ունեցել Գայանեի՝ «Քաղաքապետի հանձնարարականները չեն կատարում» հոդվածը:
Հետագայում Սամվել Դարբինյանն ասել է, որ հոդվածը չի էլ կարդացել: Միայն վերնագրից եզրակացրել է, որ լրագրողը սխալ գնահատական է տվել իր աշխատանքին:
Հոդվածում լրագրողը սղագրել է քաղաքապետարանի խորհրդակցության ժամանակ իր տեսածն ու լսածը` կատարելով բառացի մեջբերումներ, օրինակ, «Անցած նիստի ժամանակ հանձնարարել էի, որ հաշվարկվի՝ քաղաքի տարածքում քանի տնկի է կոտրվել, հանվել, քանի տնկի պետք է տնկվի: Ի՞նչ է արվել էս ուղղությամբ: Ի՞նչն ա ընթացքի մեջ: 7 օրը ձեզ հերիք չէ՞ր, որ հաշվեիք, թե քանի տնկի պիտի տնկենք»:
«Էդ որ օրվանից ա, որ լրատվության աշխատողը պըտի գնահատականներ տա` քաղաքապետի հանձնարարականները կատարվո՞ւմ են, թե՞ ոչ: Եթե լրագրողը քաղաքապետի աշխատանքային նիստերին ներկա է լինում, խորհրդակցություններին ներկա է լինում, դա չի նշանակում, որ նա կարող է նաեւ գնահատականներ տալ»,- ասում է Սամվել Դարբինյանը:
«Վանաձորյան խճանակար» թերթի տնօրեն Հայկազ Սիմիկյանի կարծիքով՝ կարեւորն ընթերցողներն են, իսկ պաշտոնյաների վիրավորական արտահայտություններին շատ ուշադրություն դարձնել պետք չէ:
«Ամբողջ աշխարհում լրագրողներին վիրավորում են, ծեծում են, վախեցնում են, սպանում են. այդ պրոցեսները ուղղակիորեն կապված են լրագրողի աշխատանքի հետ: Լրագրողը ինչ-որ տեղ պետք է պատրաստ լինի: Նույնն էլ խմբագիրը»:
Ադրինե Թորոսյան, Վանաձոր
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: