Գիտնականների հետ կարելի է զրուցել հետաքրքիր թեմաներից, օրինակ, հենց գիտությունից

28.04.2017, Քննադատ

Ապագա կենսաֆիզիկոս, հետևաբար` գիտության սիրահար և պսևդոգիտության դեմ պայքարող։

«Հայաստանում գիտություն չկա» կարծիքը բավական տարածված է ոչ գիտնականների միջավայրում: Գիտությունն, իհարկե, գոյութուն ունի ինչ-որ լաբորատորիաների ներսում և բանաձևերով ծածկված թղթերի վրա, սակայն գիտության չհանրայնացվելու փաստը նպաստում է այս կարծիքի ամրապնդմանը:

Հայաստանյան լրատվամիջոցներում շատ քիչ են հանդիպում հարցազրույցներ գիտնականների հետ, իսկ սակավաթիվ հարցազրույցների մեծ մասը վերաբերում է գիտության ֆինանսավորմանը։ Թեև վերջինը շատ կարևոր խնդիր է և արժանի առավելագույն լուսաբանման, սակայն ֆինանսավորումից և աշխատավարձից բացի` գիտնականների հետ կարելի է զրուցել ոչ պակաս հետաքրքիր և կարևոր թեմաներից, օրինակ` հենց գիտությունից։

Դա կարող է մարտահրավեր լինել լրագրողի համար, քանի որ հաճախ խոսելով որևէ ոլորտի նեղ մասնագետի հետ, զգում ես, որ գիտելիքներն այնքան էլ բավարար չեն։ Ներկայացնում ենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն գիտնականների հետ հարցազրույցներ անելիս։

 

Պատրաստվել հարցազրույցից առաջ

Իհարկե, կարելի է գնալ հարցազրույցի և սև խոռոչների ընդարձակման խնդրով զբաղվող գիտնականին հարցնել, թե ինչ է սև խոռոչը, սակայն նախընտրելի է, որ լրագրողը հարցազրույցից առաջ նախնական տեղեկություններ ունենա թեմայի մասին։

Առաջին հերթին կարելի է ծանոթանալ տվյալ գիտնականի ուսումնասիրած թեմաներին: Հարկավոր չէ ընթերցել նրա գիտական հոդվածները, սակայն կարևոր է պատկերացում կազմել թեմայի վերաբերյալ։ Իսկ եթե, անուամենայնիվ, պարզագույն հարցեր տալու անհրաժեշտություն լինի, ավելի լավ է այդ մասին գրել ոչ թե ուղղակի խոսքում, այլ որպես ներածություն։

Նախնական գիտելիքներն ու պատրաստվածությունը կարող են նաև փոքրացնել գիտնական-լրագրող անդունդը, գիտնականներն էլ ավելի ոգևորված կլինեն` պատմելու իրենց աշխատանքների մասին, երբ տեսնեն, որ դիմացինը ոչ միայն ձայնագրում ու գրի է առնում պատասխանները, այլև որոշակի հետաքրքրություն է ցուցաբերում թեմայի վերաբերյալ։

«Ստիպել» գիտնականներին պարզ խոսել

Ֆիզիկոս ընկերներիցս մեկը պատմում էր, թե ինչպես է ավագ սերնդի մի գիտնական գլուխ գովել, թե այնքան շատ տերմիններ է օգտագործել հարցազրույցի ընթացքում, որ խեղճ լրագրողին վախեցրել է։ Տերմիններով «վախեցնելուց» բացի` գիտնականներից ոմանք էլ կարող են ուղղակի խուսափել իրենց գիտական աշխատանքների թեմաներից խոսել՝ համարելով, որ անհնար է դրանք հանրամատչելի ներկայացնել ոչ մասնագետների համար։

Անհասկանալի տերմինների, բարդ ձևակերպումների և ոչ հանրամատչելի խոսքի դեպքում լրագրողն ուղղակի կարող է հիշեցնել, որ հարցազրույցը ոչ թե նեղ մասնագետների, այլ լայն լսարանի համար է, և ավելի հանրամատչելի բացատրություններ խնդրել: Այս դեպքում կարևոր է նաև առաջին կետը` լրագրողը որքան լավ պատկերացում ունենա թեմայի վերաբերյալ, այնքան ավելի հեշտ կլինի զրույց վարելը:

Իսկ իրենց թեմաները ներկայացնելուց հրաժարվող գիտնականներին կարելի է հիշեցնել, որ թեև հարաբերականության տեսությունը և քվանտային մեխանիկան ֆիզիկայի բավականին բարդ բաժիններից են, դրանք նաև ամենահայտնին ու քննարկվողն են ոչ գիտական միջավայրում։ Իհարկե, անհնար է նեղ գիտական թեմաներն ամբողջությամբ հանրամատչելի դարձնելը, սակայն ընդհանուր գաղափարների մասին խոսել միշտ էլ հնարավոր է։

Խուսափել տերմիններից և դասագրքային սահմանումներից

Եթե, այնուամենայնիվ, չի հաջողվում խուսափել նեղ մասնագիտական տերմիններից, ապա անհրաժեշտ է դրանք բացատրել։ Եթե հարցազրույցը լայն լսարանի համար է, պետք է հիշել, որ շատերը դպրոցից հետո ճշգրիտ և բնական գիտությունների ասպարեզում կրթություն չեն ստացել, հետևաբար տերմիններն ու դասագրքային սահմանումները կարող են վանել ընթերցողին։ Որոշ դեպքերում նույնիսկ ֆիզիկայի մի ոլորտում մասնագիտացողը կարող է չհասկանալ մեկ այլ ոլորտի մասնագետի նեղ մասնագիտական բառապաշարը, ուստի բացատրությունները միշտ էլ տեղին են։

Հասկանալ, ապա վերարտադրել

Երբեմն հանդիպում են հարցազրույցներ, օրինակ` ֆիզիկոսի հետ, որոնք նույնիսկ ֆիզիկոսները չեն կարողանում հասկանալ, քանի որ լրագրողները` առանց ճշգրտորեն հասկանալու գիտնականի միտքը, վերարտադրում են՝ արդյունքում ստանալով գիտական որևէ իմաստ չարտահայտող նախադասություններ։

Գիտնականների հետ հարցազրույց անելու ամենակարևոր մասը, թերևս, ստացված ինֆորմացիան հասկանալն է։ Եթե ինչ-որ բան պարզ չէ, նորից հարցնելն ու բացատրություն խնդրելը ամոթ չէ։ Ինչպես ֆիզիկոս դասախոսներիցս շատերն էին սիրում կրկնել՝ հիմար հարցեր չկան, կան հիմար պատասխաններ։

Գիտնականների հետ գրագետ հարցազրույց անելիս լրագրողը որոշ բարդություններ պետք է հաղթահարի, սակայն անհրաժեշտ պատրաստվածության և պատասխանատու մոտեցման շնորհիվ ամենաբարդ թեմաներն անգամ կարելի է ներկայացնել հետաքրքիր:

 

Ռուբինա Դավթյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?