«Լսիր ինձ հիմա․ Հայաստանում փոդքասթինգի մշակույթի զարգացում» ծրագրի մասնակցության մրցույթ

26.12.2018, Հայտարարություն

Եթե Դուք հետաքրքրվում եք փոդքասթով՝ մեդիայի այս նոր տեսակով, զգում եք դրա պակասը հայկական լրատվական դաշտում և կուզեիք մասնակցել փոդքասթերների հայկական համայնքի ձևավորմանը, ապա այս հայտարարությունը Ձեզ համար է:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը սկսում է «Լսիր ինձ հիմա․ Հայաստանում փոդքասթինգի մշակույթի զարգացում» ծրագիրը։ Այն ներառում է հետևյալ բաղադրիչները․

  • ուսուցում
  • տեխնիկական աջակցություն մասնակցիներին
  • փոքր դրամաշնորհներ
  • ուսուցողական մոդուլ լրագրության ֆակուլտետների համար
  • փոդքասթի գաղափարի տարածում

Ծրագրին կարող են մասնակցել.

  • լրագրողներ
  • բլոգերներ
  • քաղաքացիական նախաձեռնությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմումը՝ մանրամասն պատասխանելով բոլոր հարցերին։

Մասնագիտական հանձնաժողովը առաջին փուլում գնահատելու է ներկայացված հայտերը, ապա հարցազրույցներ է անցկացնելու երկրորդ փուլ անցած դիմորդների հետ։ Հայտերի գնահատման չափանիշներն են․

  • համապատասխանությունը մրցույթի պայմաններին և ծրագրի նպատակներին
  • ստեղծագործական և նորարարական մոտեցումները
  • առաջարկվող գաղափարի յուրահատկությունը, թեմաների և լսարանի ընտրությունը
  • մասնակցի հետաքրքրվածությունը փոդքասթով, մոտիվացիան
  • անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն

Ծրագրի առաջին բաղադրիչը 10-օրյա ուսումնական ճամբարն է, որի ընթացքում  ընտրված մասնակիցները հրավիրված մասնագետի հետ կուսումնասիրեն փոդքասթի տեխնիկական առանձնահատկությունները, ժանրերի բազմազանությունը, կսովորեն աուդիո պատմություններ կառուցելու (audio storytelling) նոր մոտեցումները, կկիրառեն փոդքասթը գործնականում, կստանան այլ գիտելիքներ և հմտություններ։

Ճամբարից հետո ծրագրի մասնակիցները հնարավորություն կստանան իրենց մշակած գաղափարները ներկայացնել դրամաշնորհային մրցույթի։ Լավագույն գաղափարների հեղինակները կստանան դրամական աջակցություն՝ սեփական նախագծերի վրա աշխատելու համար:

Ծանոթագրություն․ Փոդքասթները աուդիոբլոգեր են, որոնք առանձնանում են տարածման և սպառման մեթոդներով: Դրանց կարելի է բաժանորդագրվել, ներբեռնել և լսել՝ երբ ու որտեղ հարմար է։ Փոդքասթ ալիքը կամ բլոգը կարող է լինել ցանկացած թեմայով և ժանրով՝ սկսած լուրերից, մինչև հետաքննություն, հումորային սկետչ կամ ռադիոդրամա։

Դիմումի ներկայացման վերջնաժամկետը 2019թ․ հունվարի 20-ն է:
Հարցերի դեպքում դիմել ծրագրի համակարգող Քնար Խուդոյանին՝ kkhudoyan@mediainitiatives.am էլ. հասցեով կամ 010 583620 (ներքին` 122) համարով:

«Լսիր ինձ հիմա․ Հայաստանում փոդքասթինգի մշակույթի զարգացում» ծրագիրն իրականացվելու է երկու փուլով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը:

Ծրագիրն իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?