Ինտերնետի ազատությունը Հարավային Կովկասի երկրներում

02.03.2017, Մեդիագլոբ

Freedom House-ը հրապարակել է «Freedom on the Net 2016» ամենամյա հաշվետվությունը՝ նվիրված ինտերնետի ազատությանը 65 երկրներում:

Տվյալներ կան նաև Հարավային Կովկասի հանրապետությունների մասով:

Հաշվետվության համաձայն՝ ինտերնետի ազատության տեսանկյունից Վրաստանը և Հայաստանը համարվում են ազատ երկրներ, իսկ հարևան Ադրբեջանը՝ մասնակի ազատ:

Ազատության աստիճանի գնահատականը կազմելիս յուրաքանչյուր երկրի համար հաշվի են առնվել երեք հիմնական գործոններ:

Առաջինը ինտերնետի հասանելիությունն է՝ ենթակառուցվածքները, տնտեսական խոչընդոտները, շուկայի ազատությունը, ցանցի բաշխվածությունը ինտերնետ մատակարարների միջև, հեռահաղորդակցման ոլորտի անկախության կարգավորման հարցերը:

Երկրորդ բլոկը բովանդկաության սահմանափակումն է: Այն իր մեջ ներառում է հենց օնլայն բովանդակությունը, գրաքննությունը, ինքնագրաքննությունը, կայքերի արգելափակումը և հարցերի զտումը, օնլայն մեդիայի բազմազանությունը, նոր տեխնոլոգիաները և քաղաքացիական ակտիվ շերտերի կողմից սոցիալական ցանցերի կիրառումը:

Երրորդ բլոկը ինտերնետ-բաժանորդների իրավունքների խախտումն է, գաղտնալսումների դեպքերը, անձնական կյանքի անձեռնմխելիության ապահովումը, օնլայն հարթակում ակտիվության համար ձերբակալության կամ հալածանքների դեպքերը:

Հաշվետվության վրա աշխատած հետազոտողները և մեդիա-փորձագետները EJO -ի հետ կիսվել են իրենց երկրներում ինտերնետ-ազատության վերաբերյալ կարծիքներով:

Ադրբեջանցի լրագրող և մեդիա-փորձագետ Արզու Գեյբուլլան պատմում է, որ իր երկրում Facebook-ը դարձել է պոպուլյար հարթակ, որտեղ ժողովուրդն արտահայտում է իր դժգոհությունը:  

Լրագրողները Facebook-ն օգտագործում են նաև որպես հետաքրքիր նորություններ գտնելու հարթակ, իսկ քաղաքական ակտիվիստ-ընդդիմադիրները վարում են իրենց քարոզչությունը, տեղադրում կոռուպցիայի կամ տնտեսական խնդիրների մասին տեղեկատվություն: Բայց այս ամենով հանդերձ՝ Facebook-ը Ադրբեջանում վտանգավոր է դարձել:

«Այս տարվանից սկսած, նախագահ Իլհամ Ալիևի դեմ  սոցիալական ցանցերում արված ցանկացած մեկնաբանության համար՝սպառնում է ազատազրկում, ուղղիչ աշխատանքներ կամ տուգանք: Ինտերնետը դարձել է միակ վայրը, որտեղ դեռևս հնարավոր է արտահայտել սեփական կարծիքը, գտնել այլընտրանքային տեղեկություն և բանավիճել: Բայց, կարծում եմ, շուտով դա էլ չի լինի: Վերջին տարիներին մարդկանց սկսել են ձերբակալել ֆեյսբուքյան գրառումների, մեկնաբանությունների համար: Իհարկե, քրեական գործերում այդ մասին չի նշվում, և ավելի հաճախ մարդկանց գրպանն են խցկում թմրանյութ կամ առաջադրում հոդված՝ խուլիգանության համար:Մեզ մոտ ընդդիմախոսությունը քրեականացված է», – պատմում է լրագրողը:

Նրա խոսքով՝ առայժմ շատ սուր է մնում նաև ինտերնետի հասանելիության խնդիրը: Մինչև հիմա Ադրբեջանում կան վայրեր, որտեղ մարդիկ օգտվում են dial up կապից:

«Միաժամանակ, որակյալ ինտերնետը մեր երկրում՝թանկ հաճույք է: Եթե մենք համեմատենք Ռուսաստանի կամ Վրաստանի հետ, մեզ մոտ թանկ է: Ընդհանուր առմամբ Ադրբեջանում խոսքի ազատության առումով իրավիճակը վատ է: Լրագրողներին, բլոգերներին ազատազրկում են, ահաբեկում են, սպառնում են նրանց ընտանիքներին, հեռացնում աշխատանքից, փակում թերթերը: Քաղաքական բանտարկյալների մեջ ունենք լրագրողներ ու բլոգերներ: Ու եթե նույնիսկ որոշ ԶԼՄ-ներ փակվել են, լրագրողները գտնվում են հետապնդման մեջ, նրանց հարազատներին հետևում են, սպառնում են նրանց մոտ բարեկամներին», – ասում է Գեյբուլլան:

Freedom House-ի վարկանիշային ցանկում 2012 թվականից Վրաստանը բնութագրվում է որպես ազատ երկիր: Այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են ինտերնետի հասանելիությունը, բազմազան օնլայն բովանդակությունը և ինտերնետ օգտատերերի իրավունքների պաշտպանությունը, այս երկրում բարելավվել են:

«Ինֆորմացիայի ազատության զարգացման ինստիտուտի» (IDFI) վերլուծաբան Թեոնա Տուրաշվիլին պատմում է, որ վերջին տարիներին սոցիալական ցանցերը Վրաստանում շատ պոպուլյար են դարձել: Կարևոր է դարձել քաղաքացիական ակցիաները սոցիալական ցանցերի միջոցով պլանավորելու գործոնը: Որպես օրինակ՝ 2016 թվականին հաշվետվության մեջ նշված է «Բեկան հանցագործ չէ» ակցիան, որը սկսվել է հենց օնլայն տեսանյութի տարածումից հետո:

«Ավելացել է նաև օնլայն ստորագրահավաքների թիվը: Չնայած դրանք իրավական ուժ չունեն, այդուամենայնիվ ցույց են տալիս մարդկանց և հանրույթի տրամադրվածությունը:Ի դեպ, նախորդ տարի իշխանությունները հայտնեցին, որ կստեղծեն օնլայն-ստորագրահավաքների կառավարական պլատֆորմ: Նախատեսվում էր, որ, եթե հավաքվում է սահմանված քանակով ձայներ, ապա կառավարությունը պետք է դիտարկի դրանում ներկայացված պահանջները: Սակայն այդ խոստումն առայսօր խոստում էլ մնում է: Նաև դժվար է տարբերակել, թե կառավարությունը որքան խիստ է հետևում սոցիալական ցանցերի օգտատերերին: Վրաստանում առայժմ չի ընդունվել որևէ օրենք, որն ազատ կամարտահայտման կամ ազատ խոսքի իրավունքը կսահմանափակեր: Համարվում է, որ Վրաստանում բնակչությունը կարող է արտահայտել իր մտքերը բլոգի, վեբ-կայքերի կամ այլ օնլայն ռեսուրսների միջոցով: Միակ խնդիրը առանձին մասնագիտությունների տեր մարդկանց ինքնագրաքննությունն է: Սա առանձնապես վերաբերում է պետական ծառայողներին», – ասում է Տուրաշվիլին:

Եվ հետո, փորձագետի խոսքով, Վրաստանը ազատ երկիր է համարվում այն պատճառով, որ օնլայն-մեդիան կառավարության կողմից համակարգային գրաքննության և մանիպուլյացիաների չի ենթարկվում, ընդդիմության ներկայացուցիչներին կամ քննադատաբար տրամադրված անձանց օնլայն տիրույթում արտահայտած կարծիքների համար չեն ազատազրկում, կառավարությունը չի արգելափակում կայքերը կամ մասնավոր անձանց և կազմակերպությունների օնլայն բովանդակությունը:

«Չնայած այս տարի առաջին անգամ արձանագրվեց դեպք, երբ Վրաստանում մի քանի ժամով արգելափակվեց YouTube և WordPress միջազգային հարթակներից օգտվելու հնարավորությունը: Դա, իհարկե, իշխանությունների կողմից արվել էր կոնկրետ ապօրինի տեղեկատվությունից օգտվելու արգելափակման նպատակով, սակայն այդ մեկ գրառման և տեսանյութի պատճառով նրանք փակել էին ողջ պլատֆորմի հասանելիությունը: Այդ պատճառով կարևոր է, որպեսզի կառավարությունը կատարելագործի օրենսդրությունը»,–ընդգծում է փորձագետը:

Լրագրող և մեդիա-խորհրդատու Արթուր Պապյանն իր հերթին մեկնաբանում է իրավիճակը Հայաստանում:

Մասնավորապես, նա նշում է, որ Հայաստանում ինտերնետը շարունակում է տարածվել և երկրում նոր տարածքներ գրավել:

«Ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ Հայաստանում ինտերնետի ազատություն կա: Ինչ վերաբերում է նրան՝ իշխանությունները համառորեն հետևում են բովանդակությանը ինտերնետում, թե ոչ, ապա մեզ մոտ չկան փաստարկված ապացույցներ, որպեսզի այդ մասին խոսենք: Մենք գիտենք, որ իշխանությունները արագ են արձագանքում ինտերնետում շրջանառվող հիմնական թեմաներին: Դա նշանակում է, որ նրանք, առնվազն, ինտերնետին վերաբերվում են ինչպես ցանկացած լրատվամիջոցի: Հաշվետվության մեջ նշված է, որ Հայաստանը ազատ երկիր է: Կարծում եմ այստեղ որոշիչ գործոն է հանդես եկել այն հանգամանքը, որ ինտերնետ-տրաֆիկին ոչինչ չի խոչընդոտում», – ասում է փորձագետը:

Էդիտա Բադասյան

Հոդվածը թարգմանված է EJO միջազգային լրագրողական ցանցի կայքից:

 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?