2013.04.23,

Նյուսրում

Նա համարձակություն էր ունեցել մեղադրելու…

«Ռուսաստանում վերջին 20 տարիներին նույնը կատարվել է մնացյալ 300 մահացած լրագրողների հետ»,- հայտարարել է ռուս ժուռնալիստների միության նախագահ Վսեվոլոդ Բոգդանովը ապրիլի ութին երկարատեւ տառապանքներից հետո իր մահականացուն կնքած լրագրող Միխայիլ Բեկետովի մահվան առիթով:

Բեկետովը մոսկովյան Խիմկի արվարձանային մի թերթի գլխավոր խմբագիրն էր: 2008թ. նա համարձակություն էր ունեցել մեղադրել քաղաքային իշխանություններին կոռուպցիայի մեջ՝ ավտոմայրուղու վիճելի նախագծի համար:

Նույն տարվա նոյեմբերին նա վայրի ծեծի է ենթարկվում բեյսբոլի թակիչներով, ինչ արդյունքում  ամիսներ շարունակ հայտնվում է կոմային վիճակում, ենթարկվում ութ վիրահատության՝ անդամահատվելով ծնկից ու կորցնելով մատների մեծ մասը, կորցնում խոսելու ունակությունը եւ ախտահարվում հեմիպիլեգիայով: Սակայն, մինչ իր նկատմամբ կատարած ֆիզիկական բռնությանը, ագրեսորները նախ սպանում են նրա շանը, իսկ այնուհետեւ պայթյունից այրվում է նրա ավտոմեքենան՝այս կերպ նրան զգուշացնելով այլեւս չգրել այդ թեմայով:

Բեկետովն իր դեմ կատարված ագրեսիայի մեջ հրապարակայնորեն մեղադրում է քաղաքապետին: Ի պատասխան, քաղաքապետը նրան մեղադրում է զրպարտության մեջ եւ 2010թ. լրագրողին դատարանը մեղավոր է ճանաչում այս խնդրով ու ենթարկում ֆինանսական տույժի 116 եվրոյի չափով, սակայն ամիսներ անց իվերջո լրագրողն արդարացվում է:

2009թ. Մոսկվայի կենտրոնում սպանվում է նաեւ Միխայիլ Բեկետովի առաջին փաստաբանը:

2010թ. նույն թեմային անդրադառնալու համար կատաղի հարձակման է ենթարկվում նաեւ «Կոմերսանտ» թերթի լրագրող Օլեգ Կաշինը: Արդյունքում, նա տեւական ժամանակ գտնվում է կոմայի մեջ, արհեստական շնչառության տակ:

Այս ագրեսիան կրկնապատկում է ավտոմայրուղու նախագծի դեմ պայքարողների համախմբվածությունը եւ 2010թ. օգոստոսին աննախադեպ բողոքի ցույցեր են տեղի ունենում Մոսկվայի կենտրոնում: Էկոլոգիական պաշտպանությանը միտված պայքարը դառնում է պայքար ընդդեմ կամայականության ու բռնության: 

Ռուսաստանում մամուլի ազատության պաշտպանության «Գլասնոստ» հիմնադրամի նախագահ Ալեքսեյ Սիմոնովը դատապարտելով հանցագործությունը նշել է.«Հետաքննությունը տեղից չի շարժվում, որովհետեւ ոչ ոք չի փնտրում Բեկետովին բեյսբոլի թակերով ծեծի ենթարկողներին: Դեռեւս 2012թ. Նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել էր «արագացնել» հետաքննությունը, բայց այն  այդպես էլ մնաց թղթի վրա»:

«Չկա քաղաքական կամք բացահայտելու Բեկետովի  դեմ կատարված հանցանքը»,- գործընկերոջ միտքը շարունակել է Վ. Բոգդանովը: Նա մեկնաբանել է, որ առհասարակ,  մինչ այժմ լրագրողների նկատմամբ կատարված հանցագործությունների միայն 20% է պարզաբանվել:

Ռուսական իշխանություններին մարդու իրավունքները ոտնահարելու մեղադրանքով են հանդես եկել մի շարք երկրներ եւ օտարերկրյա լրագրողական կազմակերպություններ:

ԱՄՆ կառավարությունը դատապարտելով «հարգված լրագրողի» նկատմամբ կատարված   ագրեսիան  կոչ է արել Մոսկվային կրկնապատկել ջանքերը հայտնաբերելու եւ արդարադատությանը փոխանցելու  ծեծի պատասխանատուներին:

«Լրագրողներ առանց սահմանի»  կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել է ռուսական իշխանություններին՝ անպատժելիության դեմ պայքարելու իրենց կեղծ հայտարարության համար, ասելով. «Այս լրագրողը պայքարող Ռուսաստանի խորհրդանիշն էր… մինչդեռ,

Միխայիլ Բեկետովի դեմ ագրեսիա իրականացնողները  մինչ այժմ ազատության մեջ են(…) Մենք ճշմարտություն ենք պահանջում»,- հայտարարել է կազմակերպությունը:

Պատրաստեց` Մետաքսե Պետրոսյանը
Ըստ` Ֆրանսպրեսի նյութերի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *