«Մեդիան գրեթե շնչավոր է»

25.10.2017, Տեսակետ

Լրագրող, արվեստի քննադատ

Մեդիայի հանդեպ վստահության ու պահանջվածության հարցն ամենաարդիականներից է: Կարևոր չէ, թե ինչ ես գրում, կարևոր է, թե ինչպես ես գրածդ փաթեթավորում ու բրենդավորում: «Ինչ»-ի և «ինչպես»ի միջև կարող են լինել ահռելի իմաստային անդունդներ: Եվ այս ինֆորմացիոն միջավայրում առավել կարևոր է կարողանալ կողմնորոշվել: Այսինքն, լինել մեդիագրագետ:

«Մեդիագրագիտությունը մեզանից անբաժանելի է: Այն ամենուրեք պետք է գալիս՝ լուր կարդալուց մինչև կինոդիտումը, գրքի ընթերցումը, թանգարան այցելումը, և ընդհանրապես պարզապես ապրելիս»- ասում է Ռուսաստանում հայտնի մեդիաքննադատ, լրագրող, Մոսկվայի էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի մեդիահաղորդակցության բաժնի պրոֆեսոր Աննա Կաչկաևան:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հրավերով նա Երևանում էր: Հանդիպելով լրագրողների հետ, նա պնդեց, որ գրագիտությունը՝ մեդիա արտադրանքի սպառման կարևոր նախապայման է: Եվ պետք է այն ուսուցանել մանկուց:

Մեդիա դաշտը անծանոթ ու պոտենցիալ վտանգ ներկայացնող իրականություն է, որի վերլուծությունն ու ապակոդավորումը պիտի լինի երեխայի ուսուցման փուլերից մեկը: Այնպես, ինչպես ծնողն է սովորեցնում երեխային զգուշանալ՝ անծանոթ մարդկանց հետ վերելակ նստելուց: Այս համեմատությունից հետո Աննա Կաչկաևան ավելացնում է, որ վտանգները հաշվարկելու առաջին քայլը միշտ կասկածելն է:

Հայաստանը գտնվում է Ռուսաստանի լրատվական դաշտի (հատկապես՝ պետական պրոպագանդայի) ազդեցության տակ: Այդ վտանգները հաշվարկելի՞ են: Եվ ո՞րն է այդ պրոպագանդայի նպատակը:

Չեմ կարող պատասխանել ողջ ռուսական պրոպագանդայի անունից, քանի որ դրա հետ կապ չունեմ: Բայց իհարկե, այն ազդում է հետսովետական երկների վրա՝ հաշվի առնելով մեծ հեռուստատեսություն դիտելու ավանդույթներն ու սովորույթները:

Վերջին չորս տարիների ընթացքում Ռուսաստանի բոլոր հարևանները լարվում են, քանի որ ագրեսիվության աստիճանն ու անթույլատրելի հռետորիկայի ուղղվածությունը (քաղաքական գործիչների, այլ երկրների, նույնիսկ ժողովուրդների հանդեպ) ոչ միայն գրավիչ չէ, այլև հաճախ մասնագիտության ստանդարտների ու էթիկայի սահմաններից դուրս է:

Հասկանում եմ իմ գործընկերներին, որոնք սուր են արձագանքում ռուսական մեյնսթրիմ լրատվամիջոցների բովանդակությանը, բայց հավատացնում եմ, որ Ռուսաստանում կան լրատվամիջոցներ, որոնք փորձում են պահպանել պրոֆեսիոնալ դեմքն ու պատկերացումները լրագրության մասին՝ առանց թշնամանք սերմանելու:

Իհարկե, մարդկանց մեծամասնության համար Ռուսաստանը ներկայացված է գլխավոր հեռուստաալիքներով, այլ ոչ թե այլընտրանքային օնլայն պարբերականներով կամ ռադիոկայաններով:

Բայց մի պատրաստվեք ինչ-որ սարսափելի բանի: Ամեն դեպքում, սա պատերազմ չէ, և միլիոնավոր մարդիկ մեդիա դաշտում չեն զոհվում: Թեև իհարկե, գլխի ու հայացքների առողջությունը ոչ պակաս կարևոր է:

Կարծում եմ՝ այսօրվա հաղորդակցության միջավայրում պետք է պատրաստ լինել անելու միայն մեկ բան՝ կասկածել: Դա հենց այն պարտադիր պայմանն է, որը մենք համառորեն առաջ ենք տանում, երբ քննարկում ենք մեդիագրագիտությունը:

Մարդիկ պետք է կասկածեն՝ հասկանալու համար, թե ինչ է իրենից ներկայացնում ժամանակակից մեդիայի լեզուն:

Ժամանակակից աշխարհում մեդիան հաճախ է օգտագործվում որպես զենք, հատկապես հեռուստատեսությունը, որը վաղուց արդեն ոչ թե լուրեր է արտադրում, այլ էմոցիաներ:

Նաև իմաստներ:

Արդեն ոչ էլ իմաստներ, այլ միայն էմոցիաներ, որոնք հաստատում են ինչ-որ մեկի կյանքի պատկերացումները և հեշտությամբ ներգործում են լսարանի վրա: Եթե անկեղծ լինենք, լսարանն ինքն էլ պատրաստ է համոզվելու:

Պրոպագանդան չէր լինի այդքան ազդեցիկ, եթե չլինեին ներքին մարդկային համոզմունքները, ներքին տրավմաները, խնդիրներն ու ճգնաժամային իրավիճակները: Եթե մարդը ներդաշնակ է, ոչ մի հեռուստատեսություն չի կարողանա փոխել նրա ձևաչափը:

Միգուցե խանգարում է այն, որ սովետական պատմության էջը չի փակվում:

Սովետական պատմությունը հաղթահարված չէ: Եվ այդ տրավման վերապրում է նաև Ռուսաստանը, քանի որ հիմնվում է այն նոստալգիկ ցանկության վրա, որ մենք միշտ իրավացի ենք, մեծ ենք, ուժեղ ենք: Իսկ իրավացի ու ուժեղ լինելը պետք է ցույց տալ բոլորին, հատկապես՝ ամերիկացիներին: Չէ՞ որ ամերիկացիները մեր հավերժ ու հիմնական նշանակետն են, ես ասում եմ՝ սպարինգ պարտյորներ (ինչպես բռնցքամարտում):

Մենք շատ ենք խոսում, որ եթե չլինեին Ամերիկան ու Ուկրաինան, Ռուսաստանում լուրեր չէին լինի, քանի որ հիմնական լրահոսում Ռուսաստանը գրեթե չկա:

Ցավոք, հետխորհրդային երկրները տարբեր հանգամանքների բերումով (տնտեսության, լեզվի, կրոնի, ավանդույթների) մնացել են Ռուսաստանի ազդեցության համատեքստում: Եվ իհարկե, այդ երկրները գտնվում են մեծ կայսերական հեռուստատեսության ճնշման տակ:

Ուկրաինան, օրինակ, արգելել է ռուսական ալիքների հեռարձակումը, նաև գրաքննում է ֆիլմերը: Բայց դա ելք չէ:

Իհարկե, այսօրվա հաղորդակցության աշխարհում դա ելք չէ: Ուկրաինացիներին կարելի է հասկանալ. գտնվելով ագրեսիայի իրավիճակում, նրանք փորձում են ինչ-որ կերպ փակել ինֆորմացիոն խողովակները: Բայց դա խնդրի լուծում չէ, քանի որ միևնույն է հեռուստացույց նայում են տարբեր միջոցներով, օրինակ, ցանցով:

Այսօր ցանկացած արգելք առաջացնում է նոր բանալի ու նոր ելք, իսկ նոր բանալին ու նոր ելքը՝ նոր արգելք: Եվ այդպես շարունակ:

Լուծումը պահանջում է քաղաքական կամք, հարգանք՝ հարևանների նկատմամբ, ըմբռնում, որ ժամանակակից աշխարհում խոսելու համար ագրեսիվ ոճը չի օգնում:

Երևի, հենց Ռուսաստանը պիտի ընդունի, որ գրավիչ կարելի է լինել ոչ միայն ռազմական մահակի շնորհիվ, այլև՝ մշակույթի և մտքի:

Պիտի խթանվի մարդկանց ցանկությունը լինելու ավելի ինքնուրույն, քննադատորեն մտածող, հասկացող, թե ինչ է ժամանակակից հաղորդակցության տարածքը: Մեդիայի լեզուն կարող է լինել չափազանց տարբեր, հետևաբար ամեն ինչին հավատալ բացարձակապես հարկավոր չէ:

Ստիպված ենք ինքներս մեր մեջ դաստիարակել քննադատական ավտոնոմիան: Ընդ որում՝ դա շատ բնական պահանջ է ժամանակակից մարդու համար: Ինչպես առավոտյան մաքրում ենք ատամները, սովորեցնում երեխաներին գրել ու կարդալ, այնպես էլ պետք է սովորենք ու սովորեցնենք կողմորոշվել ժամանակից մեդիա տարածքում:

Մեդիան դարձել է գրեթե շնչավոր, այն մեր մի մասն է, մեր շարունակությունը: Մեդիան մեր ընդլայնումն է, մեր կենսակերպը, մանավանդ, երիտասարդների համար:

Դե ուրեմն եկեք սկսենք ապրել մեդիայի հետ որպես մեր շարունակության:

Հետաքրքիր է, որ մեդիագրագիտության մասին խոսելիս օգտագործում եք «վիրուս» բառը: Կասկածելու անհրաժեշտությունը պետք է տարածվի վիրուսի՞ նման:

Վիրուսը տարբեր է, ինչպեսև պրոպագանդան (առողջ ապրելակերպի քարոզն, օրինակ, լավ է): Խնդիրն այն է, թե ինչ եք ներառում այդ բառի կաղապարի մեջ:

Ի վերջո, ի՞նչ է պատվաստումը: Եվ ինչպե՞ս է այն գործում:

Ներարկվում է հիվանդության հարուցիչի որոշակի չափաբաժին:

Նույնն էլ մեդիագրագիտությունն է: Դա պատվաստում է: Եվ պետք է չվախենալ քննարկել, բանավիճել, պատմել, բացատրել ու ամեն օր մտածել, թե ինչպիսի տեղեկատվական ընտրություն ես անում և ինչպիսի տեղեկատվական շրջապատում ես գտնվում:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?