2017.09.06,

Քննադատ

Գործնական խորհուրդներ՝ հրդեհ լուսաբանող լրագրողներին

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

Եթե պատերազմական գործողությունները հայաստանցի լրագրողներին ծանոթացրին զրահաբաճկոնին ու սաղավարտին, ապա հրդեհի դեպքում դրանք փրկություն չեն: Ծուխը փամփուշտ չէ, կրակն էլ հաճախ կարող է մոտենալ թիկունքից, աննկատ։

Խոսրովի արգելոցում և Բյուրականի անտառներում խոշոր հրդեհների բռնկումը անվտանգության միջոցների ու միջոցառումների կիրառման տեսանկյունից նոր խնդիր առաջադրեց լրագրողներին:

Այն դեպքերում, երբ դաշտում կամ անտառում խոշոր հրդեհ է, ու տարածքը պատված է ծխի մեծ ամպով, հեռվից աշխատելը գրեթե անօգուտ է: Լրագրողը ցանկանում է մոտենալ այրվող տարածքին ու տեսանկարահանումներ կատարել: Վերջին օրերին մի քանի անգամ նման լրագրողական առաջադրանք եմ կատարել ու այս հոդվածում կկիսվեմ իմ փորձով: Ներառել եմ նաև Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների խորհուրդներ:

  • Ձեզ հետ վերցրեք GPS սարք կամ նման հնարավորությամբ բջջային հեռախոս։ Եթե տարածքում հրդեհի մի քանի օջախ կա և ցանկանում եք նկարել դրանցից մի քանիսը, ապա կա մոլորվելու հավանականություն: Ձեր կոորդինատներն իմանալով՝ կարող եք ահազանգել փրկարարներին:
  • Ձեր տրանսպորտը մի կայանեք այնպիսի վայրում, որտեղ կարող է հասնել կրակը: Եթե մեքենան մոտ է տեղանքին, որտեղ հրդեհն է, հնարավոր է չհասցնեք հոգալ միաժամանակ և՛ ձեր, և՛ մեքենայի անվտանգության մասին:
  • Աշխատանքը սկսելիս վերլուծեք հրդեհվող տարածքը, դրա դիրքը։ Գործով տարվելով՝ մի մոռացեք անվտանգ ելքի մասին։ Աշխատանքի ընթացքում հաճախակի դիտարկեք ձեր գտնվելու վայրը ու ճշտեք անվտանգ ուղղությունը, որով կարող եք լքել տարածքը: Հաճախակի ստուգեք՝ արդյո՞ք ձեզ շրջապատող ծուխը չի թանձրացել, կամ շատ մոտ չե՞ք կրակին, կամ՝ այն չի՞ շրջապատում ձեզ։ Եթե վստահ չեք, որ անվտանգ եք, ապա դուրս եկեք կրակե օղակից։
  • Եթե հայտնվել եք թանձր ծխի մեջ, և թվում է՝ կրակը շրջապատել է ձեզ, առաջին հերթին կանխեք տագնապը։ Հաճախ զգացողությունները տարբերվում են իրականությունից: Եթե տագնապը հաղթի, ապա տարածքից դուրս գալն ավելի կդժվարանա:
  • Եթե շրջապատված եք վառվող խոտածածկ տարածքներով և դժվարանում եք կողմնորոշվել՝ որ ուղղությունն է անվտանգ, ապա փակեք ձեր բերանն ու քիթը, փոքրիկ ցատկերով շրջանցեք կրակե օղակը և անցեք արդեն այրված հատված: Կրակն այդտեղ չի վերադառնալու:
  • Անհրաժեշտ է ընտրել ճիշտ հագուստ: Ցանակալի է, որ այն լինի փակ: Նախընտրելի է լինել այնպիսի հագուստով, որը մաքսիմալ զերծ կպահի ձեր մաշկը բարձր ջերմության հետ շփումից:
  • Շատ կարևոր է կոշիկի ընտրությունը։ Բարձրակրուկները կամ կիսաբաց-ամառային կոշիկներն ամենևին էլ տեղին չեն։ Տաք հողի վրա անհրաժեշտ է կրել հաստ ներբաններով, բայց հարմարավետ կոշիկներ։ Կարող է վազքով տարածքը լքելու անհրաժեշտություն առաջանալ։ Ավելորդ չէ կոշիկներին խոնավ փալաս փաթաթելը: Եթե ջուր չունեք, ապա այն կարող եք թրջել ձեր մեզով: Դա կոշիկները կպաշտպանի բարձր ջերմությունից: Ընդհանրապես պետք է ջուր վերցնել՝ գլուխը և հագուստը հաճախակի թրջելու համար
  • Կրեք գլխարկ և բժշկական դիմակ: Եթե չունեք դիմակ, ապա բերանն ու քիթը կարելի է փակել հագուստով կամ շորի որևէ կտորով: Այլապես ծուխն ու գազերը կարող են թունավորման պատճառ դառնալ:
  • Տեսանկարահանող սարքերի օպտիկան ծխի պատճառով մրով է պատվում: Ձեզ հետ ունեցեք համապատասխան կտոր՝ դրանք մաքրելու և աշխատանքը շարունակելու համար:
  • Հրդեհ նկարելիս լինում են պահեր, երբ քաղաքացին փորձում է հաղթել լրագրողին: «Էստեղ հանգցրու, էնտեղ հանգցրու»,- հաճախ ես լսում, թե ինչպես են իրար դիմում հրշեջները և ենթագիտակցորեն ուզում ես ինքդ էլ վազես օգնելու։ Դժվար է զուտ դիտող մնալ։ Եթե ձեր մասնակցությունը այրվելուց, հրդեհից կփրկի, օրինակ մի ամբողջ պուրակ, ապա օգնեք։ Իսկ եթե ձեր արածը շատ էական չէ ու աշխատող ձեռքերի պակաս չկա, ապա շարունակեք ձեր լրագրողական աշխատանքը։
  • Կրակի բոցերը մեկուսացնելիս հրշեջները հաճախ են խորանում հրդեհվող տարածք։ Իրադարձություններն արձանագրելու ճանապարհին կրակի օղակի մեջ մնալու վտանգը մեծ է։ Մի մոռացեք, որ դուք հրշեջ չեք, և վատ չէր լինի իրադարձություններին մի փոքր կողքից հետևել։

Գագիկ Աղբալյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *