Ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմն ու հաջորդող լարված օրերը քարոզչության մեծ ալիք բարձրացրին թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի մեդիա դաշտում: Մեդիա փորձագետ Տիգրան Հակոբյանը գտնում է, որ ապրիլյան պատերազմի օրերին մեր մեդիա դաշտում քիչ էր ապատեղեկատվությունն ու ավելի շատ էին դառը, բայց իրական փաստերը:
Իսկ հիմա գերզգայուն ու հուզական մթնոլորտում աշխատող լրատվամիջոցները որոշակի դադար են վերցրել, որն օգտակար է հանրային ու պետական տարբեր կառույցների դերը վերաիմաստավորելու համար:
Տիգրան Հակոբյանը նշում է, որ ստեղծված հուզմունքային դաշտը կարող է օգտագործվել իշխող վերնախավի հանցավոր անգործությունը ծածկելու համար: Եվ որքան քիչ լինի մեդիայում անհարկի պաթոսն ու հուզմունքայնությունը, այնքան ավելի ակնառու կլինեն խնդիրները:
Պատերազմական իրավիճակներում պրոպագանդան դառնում է լրատվության բաղադրիչը: Որքանո՞վ է այն արդարացված:
Պրոպագանդան ավելի քան արդարացված է հենց պատերազմի ժամանակ: Ժողովրդին մոբիլիզացնելու համար ցանկացած պետություն պրոպագանդիստական հնարքների կիրառմամբ «օգնում» է մարդկանց մի շարք հարցերի պատասխաններ գտնել: Օրինակ՝ հանուն ինչի է պետք կռվել, զոհեր ունենալ, զրկանքներ կրել: Նաև ի հայտ է բերում հերոսության օրինակներ (կարևոր չէ՝ իրական, թե հորինված):
Սակայն, միաժամանակ, պրոպագանդիստական հնարքներով պետությունը փորձում է նաև անջատել սեփական ժողովրդի քննադատական մտածողությունը, ինչը ճգնաժամային իրավիճակներում ավելորդ է համարում: Սա բազային կանոն է:
Բայց եթե ուշադիր նայենք ապրիլյան պատերազմի գաղափարական ապահովմանը, ապա կտեսնենք հակամարտող կողմերի պրոպագանդիստական հայեցակարգերի միջև եղած մեծ տարբերությունը:
Ադրբեջանցիներն օգտագործում են «պատերազմի պրոպագանդայի» օրենքները. խորացնում են հայերի հանդեպ ատելությունը, համախմբման գործիք դարձնում խոշտանգված մեր զինվորի կտրած գլուխը, ուրախանում «ֆոտոշոփային» հաղթանակներով և այլն:
Իսկ մեզ մոտ պրոպագանդան մեծ մասամբ կրում է բառի սկզբնական, բուն իմաստը: Այսինքն՝ ագիտացիոն աշխատանքների նպատակը դառնում է հավատքի, ոգու, հայրենի հողի պաշտպանության, հայրենասիրության գաղափարի տարածումը (propagation):
Մեզ մոտ և՛ պետական օղակները, և՛ մեդիան այս օրերին ավելի քիչ դիմեցին ապատեղեկատվությանը, շրջանառվում էին շատ դառը, բայց իրական փաստերը: Կարծում եմ՝ մեր այդ մոտեցումն ավելի արդյունավետ է գործում թե՛ մեր ներքին, թե՛ արտաքին մեդիահարթակներում:
Պրոպագանդան միշտ պաթետիկ է: Ինչպե՞ս է փոխվում հասարակությունը, երբ անընդհատ գտնվում է պաթետիկ լուրերի ռմբակոծման տակ:
Պրոպագանդան միշտ չէ, որ պաթետիկ է: Ավելին՝ արդյունավետ ու գրագետ պրոպագանդան պաթոսից դուրս է լինում:
Մի դասական օրինակ հիշեցնեմ՝ երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական BBC-ն (հեռուստատեսություն դեռ չկար, խոսքը ռադիոյի մասին է) վարչապետ Ուինսթոն Չերչիլի առաջարկով՝ առաջին հայացքից շատ տարօրինակ տեղեկատվական քաղաքականություն որդեգրեց: Մեծ Բրիտանիայի բնակչությանը ուղղված նացիստական ռադիոհաղորդումների ազդեցությունը նվազեցնելու նպատակով BBC-ն հաճախ սեփական մարդկային կորուստների, գերմանական ռմբակոծությունների ավերիչ հետևանքների մասին ավելի ողբալի լուրեր և թվեր էր հաղորդում, քան գերմանական աղբյուրները:
Այդ տեղեկատվական արշավը կարճ տևեց, բայց իսպառ վերացրեց բրիտանացիների ցանկությունը տեղեկատվություն փնտրելու գերմանական ռադիոհաղորդումներում: Այսինքն՝ BBC-ն շատ գրագետ խաղաց մարդկային հոգեբանական լարերի վրա. հավատում են նրան, ով ճշմարտությունը չի թաքցնում:
Այլ վտանգ էլ կա ավելորդ պաթետիկայի մեջ: Տեսեք, մեր մեդիան լցվեց պարծենկոտ պատմություններով: Օրինակ՝ թե ինչպես է մեր հովիվը հրացանից անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) կործանել: Հովիվն իսկապես հերոս է, բայց եթե թուր-թվանքով կարելի է թռչող սարքեր ոչնչացնել, ուրեմն հարց է առաջանում. էլ ինչու՞ է պետք հսկայական գումարներ ծախսել նորագույն զենքի վրա:
Եթե կարիքավոր ընտանիքները ռազմի ճակատ խիզախ, մահի երեսին նայող երեխեք են ուղարկում, ուրեմն մեր երկրի անվտանգության համար սպառնալիք չեն աղքատությունը, սոցիալական անարդարությունը, մեծահարուստների զավակների բացակայությունը զորակոչիկների շարքերում, բանակի կաշառակերները և այլն:
Այսինքն՝ այսպիսի հուզմունքային դաշտը կարող է օգտագործվել իշխող վերնախավի հանցավոր անգործությունը ծածկելու համար:
Ասածս սա է. պատերազմը ժամանակավոր դադար է տվել, ուրեմն մեդիան պետք է արագ դուրս գա պաթոսի դաշտից և օգնի երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրների լուծմանը:
Պատերազմը ցույց տվեց նաև, որ շատ թույլ կառավարման օղակներ ունենք: Հնարավոր համարու՞մ եք, որ մեդիան այս իրավիճակում կարող է ավելի ազդեցիկ դառնալ ու ներքաղաքական լուրջ հարցեր բարձրացնել:
Լրատվամիջոցների զգալի մասն արդեն բարձրացնում է: Իշխանությունների հանդեպ նույնիսկ շատ լոյալ հանրային դեմքերը, լրագրողներն ու լրատվամիջոցները սկսեցին շատ կոշտ հարցադրումներով դիմել «վերևներին»:
Հասարակությունը հասկացավ, տեսնում է, որ անպետք նախարարներն ու դեսպանները, կոռուպցիայի ու գողության մեջ թաթախված այսպես կոչված վերնախավը «կերել» են ժամանակակից զենքն ու զինամթերքը, «կերան» ջահել զինվորների կյանքը, «ուտում» են երկրի անվտանգությունն ու ապագան:
Խաղաղ, անկորուստ պայմաններում դա չէր նկատվում, շատ բան ներվում էր: Իրավիճակը փոխվեց, հասարակությունն է փոխվում, հուսով եմ` մեդիան նույնպես կվերաիմաստավորի իր գործն ու առաքելությունը:
Բանակը կարողացավ դիմակայել հարձակմանը: Իսկ ինչպե՞ս կգնահատեք մեր լրատվամիջոցները աշխատանքը:
Հնարավոր չէ ամբողջ մեդիա դաշտի աշխատանքի գնահատականը տալ: Լրատվամիջոցների մեծ մասը փայլուն կամ լավ աշխատեց, մի քանիսի գործելակերպը հիասթափեցրեց, կան նաև մեդիահարթակներ, որոնք իրենց հրապարակումներով զզվանք են առաջացնում:
Միայն ասեմ, որ որոշ լրատվամիջոցների, հատկապես հեռուստաընկերությունների աշխատանքներում ձևի և բովանդակության միջև մեծ անդունդ էր: Ուղիղ միացումներ Ստեփանակերտից, գեղեցիկ գրաֆիկական լուծումներ, հուզիչ կարգախոսներ, հարդարված, պահեստից նոր ստացած կամուֆլյաժով հաղորդավարներ՝ սա ձևն էր:
Բայց նույն այդ հաղորդավարների դատարկախոսությունը, սառած ժպիտները, պահի գիտակցման իսպառ բացակայությունը բովանդակությունն էր:
Տասնյակ լրագրողներ և՛ Արցախում, և՛ Հայաստանում շատ լավ աշխատեցին: Մի քանի անուն անպայման պետք է նշեմ. «Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյան, լուսանկարիչ Գերման Ավագյան, «Անի» հետազոտական կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյան, «Երկիր մեդիա»-ի մեկնաբան Վարդան Օնանյան: Բոլորը մեծագույն հարգանքի արժանի պրոֆեսիոնալներ են:
Հուզականությունը, որը մեդիա դաշտից թափվում է ու է՛լ ավելի սրում հանրային զգացմունքայնությունը, կարո՞ղ է դրական ազդեցություն ունենալ: Օրինակ՝ կանխել սպասվելիք հանրային դեպրեսիան:
Կարծում եմ՝ հակառակն է՝ ավելորդ հուզականությունը խորը դեպրեսիայի պատճառ կարող է դառնալ: Այնպես՝ ինչպես ալկոհոլի ոչ չափավոր օգտագործումը մյուս օրը շատ ծանր խումհար է առաջացնում:
Լրատվամիջոցներն արդեն պիտի դադարեն մարդկանց բաժակները հույզերով լցնել և անցնեն իրական գործի, եթե իսկապես ցանկանում ենք «փրկել շարքային Ռայենին» ապագա, գրեթե անխուսափելի մարտական գործողություններում:
Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: