Դեպքի վայրում. Թաթուլ Հակոբյան

17.04.2016, Դեպքի Վայրում

Լրագրող

Ապրիլի 1-ին սկսված քառօրյա պատերազմն ու դրան հաջորդող օրերը շատերի, այդ թվում՝ լրագրողների համար նոր իրավիճակ ստեղծեցին: Լեռնային Ղարաբաղում Media.am-ը հանդիպեց «Դեպքի վայրում» աշխատող լրագրողների հետ, պատմություններ պատրաստեց նրանցից երկուսի մասին, ովքեր լսարանի համար ծանր օրերի լրատվության կարևոր աղբյուրներից էին:

Դեպքի վայրում. Էդիկ Բաղդասարյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանը Լեռնային Ղարաբաղում աշխատում էր ապրիլի 1-ից: Նա ինչպես առօրյա, այնպես էլ պատերազմական լրատվության համար առաջարկում է իր բանաձևը. համադրել լրագրության մեջ գործող կանոնները, սեփական փորձն ու խիղճը: Թաթուլը փորձում է խուսափել իրավիճակը պրոպագանդայի վերածելուց, փոխարենն աշխատում է այն ներկայացնել որպես իրականություն, որպես իրողություն:

«Շատ սիմվոլիկաներ օգտագործելը կարող է վերածվել պրոպագանդայի, բայց մյուս կողմից դետալները կարևոր են, դրանք նյութից դուրս թողնելը խանգարում է ամբողջական պատկեր տալուն: Օրինակ՝ երբ նյութումս տալիս եմ երիտասարդ տղայի թաղումը, դրանով փորձում եմ ցույց տալ այն գինը, որ մենք վճարում ենք ստատուս քվոյի դիմաց, հակամարտության գոտում ապրող խաղաղ բնակչության միջոցով ցույց եմ տալիս «և՛ պատերազմ, և՛ խաղաղություն» ընդհանուր պատկերը, իմ մեքենայի կողքով շարժվող տանկը հուշում է, որ կռիվ է եղել կամ լինելու»:

Թաթուլը չի հասկանում մարդկանց, ովքեր իրեն առաջարկում են այս օրերի մասին մի քիչ էլ վերլուծություններ տալ. «Ասում եմ՝ կներե՛ք, բայց այդպես չի լինում. կա լուր, և կա մեկանաբնություն, ես պետք է կա՛մ մեկը տամ, կա՛մ մյուսը: Երկուսը միասին ներկայացնելն անթույլատրելի է: Եթե այս օրերին լինեի ոչ թե Արցախում, այլ Երևանում, վստահաբար, բոլորովին այլ անկյունով էի նայելու այս իրադարձություններին: Կարելի է ընտրել լրագրության ցանկացած ժանր, սակայն դրանք բոլորն էլ պետք է հիմնված լինեն փաստերի վրա, ոչ թե՝ մտորումների, կեղծիքի, ստի»:

Թաթուլ Հակոբյանը՝ Լեռնային Ղարաբաղում

Պատերազմական իրավիճակում, հատկապես, Թաթուլը կարևորում է լրագրողի պատասխանատվության զգացումն իր տված լուրի նկատմամբ: Գործում է միակ սկզբունքը՝ ոչ մի դեպքում չհրապարակել տեղեկություն, եթե հարյուր տոկոսով համոզված չես դրա հավաստիության հարցում: Հատկապես զոհերի ու վիրավորների մասին անհստակ, անանուն տեղեկություն տալը տառապանք է դառնում բոլոր զինծառայողների ծնողների համար: Այս դեպքում ինքը՝ Թաթուլը, սպասում է պաշտոնական տեղեկությանը, թեև այստեղ նույնպես հակասություն է տեսնում:

«Էս պատերազմը երբ սկսվեց, Հայաստանի Պաշտպանության նախարարության մամլո խոսնակը հայտարարեց, որ երկու կողմերն էլ զոհեր ու վիրավորներ ունեն, ու մի երկու օր միայն կրկնում էին՝ զոհեր ու վիրավորներ: Նորից նույն վիճակն էր ստեղծվել մայրերի համար, ում երեխաները ծառայում են»:

Թաթուլ Հակոբյանը՝ Լեռնային Ղարաբաղում

Ավելացնում է, որ լրագրողներն ըմբռնումով են վերաբերում, երբ իշխանությունները փորձում են գոնե սկզբնական շրջանում որոշ բաներ թաքցնել, որպեսզի ժողովրդի մեջ «խուճապ չառաջանա»: Բայց պաշտոնական աղբյուրների վրա հիմնվելն էլ չպետք է սահմանների մեջ դնի լրագրողին: Ըստ Թաթուլի՝ քարոզչության կամ հակաքարոզչության մաս դառնալու փոխարեն լրագրողը պետք է պարզապես կապող օղակ դառնա իրադարձության և հասարակության միջև:

«Եթե (քո մեջ,- խմբ.) սպանեցիր լրագրողին, կարող ես արդեն այլ աշխատանքի անցնել: Ես խնդիր չեմ տեսնում, երբ լրագրողը որոշում է զբաղվել կուսակցական գործունեությամբ, կամ՝ PR-ով, կամ՝ այլ գործով: Հնարավոր է՝ ես էլ մի քանի տարի անց որոշեմ փոխել մասնագիտությունս: Բայց անթույլատրելի եմ համարում միաժամանակ լրագրությամբ ու մեկ այլ բանով զբաղվելը: Որովհետև լրագրությունը պետք է հնարավորինս չեզոք լինի, որովհետև մեր գործն ամբողջական պատկեր ներկայացնելն է»:

Դեպքի վայրում աշխատեց Գեղամ Վարդանյանը
Հեղինակներ՝ Սոնա Քոչարյան, Գեղամ Վարդանյան
Լուսանկարները՝ Գեղամ Վարդանյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?