«Հայրենասերը հաղթում է լրագրողին»

04.11.2014, Խաչմերուկ

Լրագրող, արվեստի քննադատ

Ուկրաինական մամուլի ակադեմիայի տնօրեն Օքսանա Վոլոշենյուկի կարծիքով`ռուս-ուկրաինական պատերազմը, որը ծավալվեց նաեւ մեդիա դաշտում, առաջ քաշեց «նվիրվածության լրագրություն» եզրը:

Նա նկատում է, որ շատ բարդ է պատերազմական գործողություններով բռնկված Ուկրաինայի մարզերում աշխատող լրագրողներին խորհուրդներ տալ: Հիմա ընդհանրապես հարցերն ավելի շատ են, քան հնարավոր պատասխանները:

Ինչպե՞ս կբնութագրեք այն մեդիա հակամարտությունը, որը տեղի է ունենում Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ:

Կարծես իրար են բախվել լրագրության երկու տեսակներ: Ուկրաինական լրագրությունն այսօր պարտվում է ռուսականին` իր մոբիլությամբ, կոնֆլիկտի գոտում գտնվելու առումով եւ ընդհանրապես ինֆորմացիա թողարկող մեդիայի քանակով: Ռուսական լրագրությունը միանգամից եւ ամբողջությամբ անցել է քարոզչության, այսինքն` միտումնավոր եւ զանգվածային գրոհի: Ուշադրություն դարձրեք` ռուսական տասը լուրերից ինն այժմ Ուկրաինայի մասին են: Անգամ հումորային հաղորդումների կատակներն են Ուկրաինային վերաբերում: 

Իսկ ուկրաինական լրագրությունը փոքր-ինչ այլ ուղով գնաց: Մենք այն անվանում ենք «նվիրվածության լրագրություն»` այդ տերմինով փորձելով բնութագրել պատերազմական, կոնֆլիկտի գոտու լրագրությունը, երբ լրագրողն ավելի շատ հայրենասեր է, քան լրագրող:

Այդպիսի լրագրությունը բնակա՞ն եք համարում:

Իհարկե, դա անբնական է: Բայց մեր` խիստ բեւեռացված հասարակության տեսակետից այլ դիրքորոշում ընդունելի չէ:

Ինֆորմացիոն ֆեյքերից պաշտպնավելու ինչպիսի՞ ճանապարհ կառաջարկեք:

Ճանապարհը միակն է` օգտվել ստուգված աղբյուրներից: Ես, օրինակ, վստահում եմ միայն իմ անձնական աղբյուրներին եւ, որքան հնարավոր է, քիչ եմ հիմնվում սոցցանցերի տեղեկության վրա: Անգամ մեդիան վստահելի չէ: Վերջերս անցկացված հարցման արդյունքում պարզվեց, որ Ուկրաինայում կտրուկ` ռեկորդային 26%-ով նվազել է վստահությունը մեդիայի նկատմամբ:

Ցավալի է, բայց Ուկրաինայում քիչ են պրոֆեսիոնալ լրագրողները, որոնք հենց կոնֆլիկտի գոտում են: Ուկրաինացիների` տեղեկատվություն հաղորդելը հաճախ տարօրինակ ու զավեշտալի է դառնում. մեր լրագրողները վերցնում են ռուսական մեդիայի ինֆորմացիան ու գլխիվայր շուռ տալով են ռեպորտաժներ պատրաստում: Մաքրում են քարոզչությունից ու,

«Վերջերս անցկացված ընտրությունների արդյունքում մեր լավագույն քաղաքական ընդդիմադիր լրագրողները պատգամավոր դարձան»

այսպես ասած, ազգային հայրենասիրական են դարձնում:

Իսկ ինչու՞ չեն փորձում առաջին ձեռքից ինֆորմացիա հավաքել:

Իրավիճակը շատ բարդ է: Ինձ մոտ էլ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները:

Վերջերս մի երիտասարդ վավերագրող ֆիլմ էր նկարել, որտեղ ցնցող կադրեր կային այն մասին, թե ինչպես են այսպես կոչված անջատողական տարածքներում ապրող երեխաները կրկնօրինակում պահակակետերում կանգնած իրենց հայրերի վարքագիծը: Նախկինում երեխաներն իրենց Ռոբին Հուդ էին պատկերացնում, իսկ հիմա` անջատողական: Այսինքն` նրանք հերոսացնում են անջատողականներին ու ուզում են նմանվել նրանց: Տեսնելով դա` հասկանում ես, որ այս կոնֆլիկտը շատ խորը հոգեբանական հետք է թողել, որից ազատվելու համար տարիներ են անհրաժեշտ:

Անկեղծ ասած` այս իրավիճակում ինքս էլ չգիտեմ, թե ինչպես պիտի աշխատի լրագրողը: Թերեւս, կոռուպցիայի ապալեգիտիմացման կարիք կա:

Հարեւան ունեմ, ում շատ լավ սովորող աղջիկը հանգիստ կարող էր համալսարան ընդունվել, բայց հայրը ոչ միայն կաշառք տվեց, այլեւ ամեն անկյունում հպարտությամբ հայատարարեց այդ մասին: Հասկանում եք, անգամ կենցաղային մակարդակում այդպիսի այլասերվածության ականատեսն էինք: Մի կողմ թողնենք քաղաքականությունը, իսկ ի՞նչ անենք քաղաքացիների գիտակցության հետ:

Փառք Աստծո, որ այն դանդաղ, բայց փոխվում է: Մարդիկ արդեն կես ժամ զգաստ ու հնազանդ խաչմերուկներում չեն կանգնում, մինչեւ անցնի նախագահական շարասյունը, մտավորականներն արդեն բոլորովին այլ կերպ են իրենց արժեւորում, եւ, ի վերջո, այլ կերպ է փորձում աշխատել մեդիան:

Հիմա այն պահն է, որ պետք է սպասել: Տրամաբանորեն, առանց խուճապի: Երեւի հենց սպասումն է պայքարի լավագույն ձեւը: Կան պահեր, երբ պետք է մինչեւ վերջ վատ լինի (դանակը հասնի ոսկորին), որպեսզի փոփոխություններ տեղի ունենան եւ սովետական կոռումպացված կյանքը մերժող մարդիկ հայտնվեն:

Իսկ խորհրդարանական ընտրությունների արդյունքները գոհացնո՞ղ էին:

Ընտրությունների ինստիտուտը հավատ չի ներշնչում, քանի որ այն նմանվել է պաշտոնները որոշ ժամանակով վարձով տվող կառույցի: Գիտեք, շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ. մեր լավագույն ընդդիմադիր լրագրողները խորհրդարանում հայտնվեցին:

Պատգամավոր դարձան մեր առաջատար քաղաքական լրագրողները (եթե չեմ սխալվում, 14-ը), որոնք հեղափոխության ոգեշնչողներն ու մասնակիցներն էին: Նրանք վստահեցնում են, որ իշխանության մաս են դառնում իշխանություններին վերահսկելու նպատակով: Բայց, ախր, չի ստացվի վերահսկել ու միաժամանակ դրա մասը լինել:

«Մեդիան մակերեսով սահելով է առաջ գնում, չի փորձում խորքային պրոցեսները իմաստավորել եւ հասկանալ»

Ի դեպ, Ուկրաինայի լյուստրացիոն կոմիտեի ղեկավարը նույնպես նախկին լրագրող է եւ նույնպես ընդդիմադիր: Ինձ համար անընդունելի է, երբ լրագրողը ձգտում է իշխանության:

Ցավոք, մեդիան ոչ միայն նվիրվածության օրինակներ է ցույց տալիս, այլեւ նմանվում է սերֆինգի:

Այսինքն` ալիքների վրայով թռչկոտելով ու մակերեսով սահելով է առաջ գնում, չի փորձում խորքային գործընթացները իմաստավորել եւ հասկանալ, թե վերջիվերջո ինչպես պատահեց, որ եղբայրը դուրս եկավ եղբոր դեմ:

Լրագրողական նյութերի որակը, խորությունը, խնդիրների մեջ սուզվելու պատրաստ լինելը, իհարկե, բավարար չեն:

Պարզ է, թե ինչու են վստահությունը կորցնում ռուսական ալիքները, բայց նույնը տեղի է ունենում նաեւ մեզ մոտ: Իրականում մեդիան չի ուզում բավարարել հասարակության պահանջները, այն կարծես իր սեփական վարքագիծն ունի: Եվ ստեղծվել է մի իրավիճակ, երբ հայրենասերը հաղթում է լրագրողին: Կամ էլ բոլոր ինֆորմացիոն առիթների հետեւից վազելու ցանկությունը հաղթում է պրոֆեսիոնալիզմին: 

Դուք նաեւ Ցենզուրայի կոմիտեի անդամ եք: Ինչպե՞ս եք աշխատում:

Այդ կոմիտեն, որը ստեղծվել էր պետական հեռուստատեսությանը կից, վաղուց էր գործում, իսկ հիմա ընդլայնել է իր կազմը` ներգրավելով տարբեր հասարակական կազմակերպություններ: Մենք վերլուծում ենք հեռուստատեսային եւ կինոարտադրանքը` տալով կինովարձույթի արտոնագրեր: Հաշվի առնելով այն ինֆորմացիոն պատերազմը, որը տեղի է ունենում Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ, մենք նաեւ վերանայում ենք 10 տարի առաջ նկարահանված ռուսական ֆիլմերի եւ սերիալների արտոնագրերը: Հետեւում ենք, որ հակաուկրաինական բովանդակությամբ ֆիլմեր չլինեն էկրանին:

Շա՞տ արտադրանք է արգելքի տակ հայտնվում:

Մոտ 20 սերիալ ենք արգելել: Պարզեցինք, որ, օրինակ, Ռուսաստանի պատվերով Ուկրաինայում նկարահանված սերիալների 70%-ը ապազգային բովանդակություն ունի: Արգելում ենք այն ֆիլմերը, որտեղ ազգային տարածքների հարցը ոչ ճշգրիտ է ներկայացվում, խեղաթյուրվում են պատմական փաստերը, պոետիկ հայացքի ներքո են ներկայացվում Կովկասի պատերազմն ու հատուկ ջոկատայինների դերը:

Ռուսական արտադրանքում երբեմն այնպիսի դրվագների ենք հանդիպում, որոնք պարզապես անհանդուրժելի են: Օրինակ` սերիալներից մեկում ներկայացվում են սոված, ցնցոտիներ հագած խոխոլներ, որոնք գրեթե ստրուկի գործ են անում ռուսների համար մի ափսե ճաշի փոխարեն:

Չե՞ք կարծում, որ նման մանրակրկիտ գրաքննությունը երկսայր սրի է նման: Ի վերջո, ակնհայտ կեղծիք տեսնելով ենք ձգտում իմանալ իրականությունը:

Համաձայն եմ` լսարանի մեծ մասը ինքն է ամեն ինչ հասկանում: Բայց կան դեպքեր, երբ ոչ թե կեղծիքի, այլ անթաքույց վիրավորանքի ենք հանդիպում: Արգելքի տակ հայտնվեց, օրինակ,

«Հաճախ մեր լրագրողները վերցնում են ռուսական մեդիայի ինֆորմացիան ու գլխիվայր շուռ տալով են ռեպորտաժներ պատրաստում: Մաքրում են քարոզչությունից ու ազգային հայրենասիրական դարձնում»

մեծ հաջողություն ունեցող «Մրցամարտ» ֆիլմը (ֆուտբոլային թիմի մասին), որտեղ ոչ միայն պատմական սուտ, այլեւ ուկրաինացիների պրիմիտիվ ծաղրանկարներ էին ստեղծած:

Հաշվի առնելով, որ դեռ չձեւավորված երիտասարդ սերունդն է նաեւ սերիալներ ու ֆիլմեր դիտում, մենք ստիպված ենք քայլեր ձեռնարկել: Մանավանդ, որ լավ տեսնում ենք` պրիմիտիվ սերիալներով ձեւավորված մարդիկ կան հենց Ռուսաստանում (Պուտինի աջակցության 90%-ը կատակ չէ):

Արդեն չորս տարի է` ուկրաինական լուրերի թողարկումների 30%-ը ուժային կառույցներին անդրադարձող ռեպորտաժներ են: Այդպիսով պատկերացում է ստեղծվում, որ հասարակությունն ամուր ձեռքով է կառավարվում: Հերոսացվում է ատրճանակով մարդը:

Իսկ հեռուստատեսությունը ավազե հատիկների կույտի պես է: Օրեցօր, հատիկ առ հատիկ հեռարձակվում են ենթագիտակցաբար ընկալվող պատկերներ` համոզելով մեզ, որ մեր ուղեղում քաոս է, եւ միայն զենքով տղամարդը կամ կինը կարող են կարգուկանոն հաստատել: 

Հարցազրույցը` Նունե Հախվերդյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?