Ռիզվան Հուսեյնով. «Բոլոր հակամարտություններն ունենում են նույն հետեւանքները՝ արյուն, պատերազմ, կորուստներ»

24.12.2013, Խաչմերուկ

Կոնֆլիկտաբան Ռիզվան Հուսեյնովը կարծում է, որ անձնական մակարդակում փոխադարձ վստահությունը լրագրողներին թույլ է տալիս օպերատիվ կերպով իրարից ճշտել իրողությունը իրադարձությունների մասին։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Ադրբեջանի ԶԼՄ-ների հիմնական թեման է։ Եթե ԶԼՄ-ն հակամարտությունը չի լուսաբանում, նշանակում է այդ լրատվամիջոցը հայտնի չի դառնա։ Ի՞նչ է կատարվում այդ գործընթացի լուսաբանման ոլորտում։ Ի՞նչ առանձնահատկություններ կնշեք։

Ընդհանրապես հակամարտություները բոմոնդի, շոու բիզնեսի, քրեական խրոնիկայի հետ մեկտեղ աշխարհի ցանկացած մեդիա նախագծի մենյուի հիմնական մասն են կազմում։ Ուշադրություն դարձրեք՝ հենց նման բնույթի նորություններն են կազմում աշխարհի առաջատար հեռուստաալիքների տեղեկատվական քաղաքականության հիմքը։ Հանդիսատեսը բոլոր ժամանակներում ցնցող բաներ է ցանկանում տեսնել։

Թեժ կետերից, հակամարտող տարածաշրջաններից ռեպորտաժները շատ պահանջված են, եւ այդ ֆոնին զարմանալի չէ, որ վերջին 25 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռեւս մեդիա տիրույթի ամենապահանջված թեմաներից մեկն է Ադրբեջանում։

Հակամարտության թեմայով Ադրբեջանում ամենաշատը ընթերցվում են վերլուծական, հետազոտական նյութերը, որոնք նվիրված են հայ եւ ադրբեջանական պատմությանը, ադրբեջանական մշակույթի, երաժշտության, խոհանոցի գրագողությանը։ Հասարակության ուշաշդրությունը սեւեռված է ադրբեջանական բանակի ռազմական շինարարության ու մոդեռնիզացիայի, զինվորական ամփոփագրերի վրա։

ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն ու հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ միջազգային քաղաքականությունն ամենաքիչ հետաքրքրությանն են արժանանում, քանի որ հասարակությունը չի վստահում դրանց ու հույսը չի դնում արտաքին միջնորդների վրա, որոնք ամբողջությամբ վարկաբեկել են երկու ազգություններին հաշտեցնելու իրենց առաքելությունը։

Հայկական ԶԼՄ-ները նույնպես այս թեման չեն շրջանցում։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող ցանկացած իրադարձություն միանգամից հայտնվում է հայտնի կայքերում։ Ինչպե՞ս են հայկական լրատվամիջոցները լուսաբանում հակամարտությունը։

Հայ լսարանի հետաքրքրություններն ու արձագանքները Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ շատ բաներով նման են նրան, ինչ տեսնում ենք ադրբեջանական կողմում։ Ո՞վ է ավելի հնամյա, ո՞վ է ճիշտ, ո՞վ՝ մեղավոր, ո՞վ է սկսել. ահա այն հիմնական քննարկվող թեմաները, որոնց վրա այս տարիների ընթացքում հիմնվում են հայկական լրատվամիջոցների նյութերը հակամարտության վերաբերյալ։

Նշեմ, որ «հաղթողի սինդրոմը», որը գերակշռում էր հայկական լրատվամիջոցներում, այժմ մարում է։ Ամենայն հավանականությամբ հայ հասարակությանն այլեւս չի հետաքրքրում կոնֆլիկտի նման մատուցումը ԶԼՄ-ներում, քանի որ Ադրբեջանի հետ այսօրվա «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը տարեցտարի ստիպում է վերագնահատել Ղարաբաղյան պատերազմի արդյունքները։

Սոցիալ-տնտեսական եւ ժողովրդագրական վիճակը Հայաստանում ու ոչ պակաս դժվար իրավիճակը Ղարաբաղում ապացուցել են հակամարտության ուժային լուծման անհնարինությունը հայկական կողմի համար։

Վերջերս հայ լրագրող Գայանե Աբրահամյանը նշել էր մի կարեւոր դետալ. հակամարտության լուսաբանման մեջ գրեթե վերացել է մարդկային գործոնը։ Գաղափարը հետեւյալն է. պատերազմական գործողություններից շատ մարդ է տուժել, բայց մամուլը հիմնականում պատմում է, թե ուր գնացին Մինսկի խմբի համանախագահները, ինչպես են անցնում բանակցությունները եւ այլն։ Շատ վիճակագրություն, մշտադիտարկումներ կան շփման գծի մասին, բայց չկա կոնկրետ մարդն իր խնդիրներով։ Ադրբեջանի մեդիայում նման երեւույթ նկատե՞լ եք։

Գայանեն շատ դիպուկ է նկատել այդ դետալը։ Իսկապես, մարդկային գործոնը, ավելի ստույգ առանձին մարդկանց՝ պատերազմից տուժածների ճակատագրերը, նրանց կյանքը, մտքերն ու հակամարտությունը լուծելու ճանապարհների տեսլականը մնում են պաշտոնական հանդիպումների եւ Ղարաբաղյան ֆրոնտի զինվորական ամփոփագրերի ստվերում։

Կարծում եմ՝ ադրբեջանական ԶԼՄ-ներում նույնպես կա այդ խնդիրը, եւ դրա պատճառն այն է, որ պատերազմանական շրջանից հետո մնացած ցավը դեռեւս չի մարել, եւ հասարակ մարդկանց ճակատագրերի ու անձնական դժբախտության վրա շեշտադրում անելը միայն կթարմացնի հասարակության վերքերը։

Համաշխարհային կինոարտադրության մեջ մենք կարող ենք պատմական իրադարձությունների, պատերազմների ու հակամարտությունների լուսաբանման շատ հաջող օրինակներ տեսնել, որոնք կատարվել են կոնկրետ մարդու ճակատագրի տեսանկյունից։ Հասարակ մարդու, ընտանիքի ու նույնիսկ երեխայի ճակատագրի վրա կառուցված ֆիլմերն ու գրքերը շատ հուզիչ են լինում եւ ազդեցության խորությամբ գերազանցում են լսարանին տեղեկություն հաղորդելու մյուս բոլոր ձեւերին։

Երեւում է՝ դեռ տարիներ պիտի անցնեն (իսկ ավելի ճիշտ՝ նախ կլուծվի հայ-ադրբեջանական կոնֆլիկտը), որպեսզի մարդու ճակատագիրը հայտնվի Ղարաբաղյան թեման լուսաբանող մեդիայի ուշադրության կենտրոնում։

Դուք, բնականաբար, ձեր մասնագիտությունից ելնելով, հետեւում եք մամուլին։ Լրագրողները, վերլուծաբանները հակամարտությունը լուծելու որեւէ թարմ գաղափարներ առաջարկու՞մ են։ Դուք կարծեմ մասնակցել եք Թեկալիի երեքկողմյան հանդիպումներին։ Գուցե այնտեղ կոնֆլիկտի լուծման որեւէ գաղափա՞ր է հնչել։

Նման խաղաղարար նախագծերի շատ անգամներ եմ մասնակցել, այդ թվում՝ նաեւ Թեկալիի գործընթացին, որը զգալիորեն տարբերվում է հակամարտության լուծման իր օրիգինալ մոտեցումներով։ Ծրագիրն անցկացվում է Վրաստանում գտնվող ադրբեջանական Թեկալի գյուղում, որը գտնվում է երեք երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի հատման կետում։

Ծրագիրն առանձնահատուկ է նրանով, որ թույլ է տալիս հասարակ հային ու ադրբեջանցուն հանդիպել, շփվել ու միասին լուծել թեկուզ այդ գյուղի բնակչի խնդիրները։ Երկու երկրների սովորական ներկայացուցիչների համատեղ գործունեությունը հաճախ ավելի մեծ օգուտներ է տալիս, քան քաղաքական գործիչների, փորձագետների, խաղաղարարների, կոնֆլիկտաբանների հանդիպումները։  

Այս ամենի հետ մեկտեղ շատ կարեւոր են նաեւ հայ եւ ադրբեջանցի լրագրողների դասընթացներն ու համատեղ նախագծերը, որոնք ձեւավորում են իրենց հասարակությունների կարծիքը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ։ Նման թրեյնինգները թույլ են տալիս խուսափել ԶԼՄ-ների միջոցով առանց այդ էլ բարդ իրավիճակի սրումից, գտնել լուրեր ու նյութեր հաղորդելու ձեւաչափեր, որոնք չեն վիրավորում մյուս ազգությանը։

Բացի այդ՝ անձնական մակարդակում փոխադարձ վստահությունը լրագրողներին թույլ է տալիս օպերատիվ կերպով իրարից ճշտել իրողությունը իրադարձությունների մասին։ Բայց այս ամենի հետ մեկտեղ պետք չէ գերագնահատել նման թրեյնինգների արդյունքները, քանի որ կողմերից ամեն մեկը մնում է իր կարծիքին հայ-ադրբեջանական հակամարտության պատճառների ու լուծման ճանապարհների վերաբերյալ։

Ղարաբաղան հակամարտության դեպքում իրավիճակը քիչ թե շատ պարզ է։ Ադրբեջանական մամուլը Կովկասի այլ հակամարտություններին տեղ տալի՞ս է։ Օրինակ՝ վրաց-օսեթական կամ վրաց-աբխազական կոնֆլիկտները լուսաբանվու՞մ են։

Վրաց-օսեթական եւ վրաց-աբխազական հակամարտությունների նկատմամբ հետաքրքրության բռնկումը կապված էր 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռազմական գործողությունների ու դրանց հետեւանքների հետ։ Ադրբեջանի ու Հայաստանի ԶԼՄ-ներն այդ տեղանկյունից փորձում էին մոդելավորել Ղարաբաղյան հակամարտության հնարավոր նոր թեժ փուլի արդյունքները. ինչպե՞ս իրենց կպահեն Ռուսաստանը, Արեւմուտքը, Թուրքիան։

Կարծում եմ՝ 2008 թվականի փորձը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ ցանկացած կոնֆլիկտի ուժային լուծումը ոչ մի կողմին լայն իմաստով հաղթանակ չի տալիս։ Նման դեպքերում օգուտ ստանում է երրորդ կողմը, եւ պետք է հաստատ իմանալ՝ ով է դա, ու ինչ է ուզում՝ դրսից տեղադրված թակարդները չընկնելու համար։

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր հակամարտություն յուրահատուկ է, բայց ունենում է նույն հետեւանքները, ինչ բոլորը՝ արյուն, պատերազմ եւ կորուստներ։ Այդ պատճառով մինչ օրս չկա հակամարտությունների լուծման ունիվերսալ որոշում, սակայն տարբեր կոնֆլիկտային իրավիճակների, «թեժ կետերի» ուսումնասիրությունն ամենաքիչը թույլ է տալիս նորից չկրկնել նույն սխալները։

Օրինակ՝ կեղծ է աքսիոման, որ պետության ժողովրդավարության բարձր մակարդակը, սոցիալ-տնտեսական բարվոք վիճակը հակամարտությունների չառաջանալու երաշխիք են։ Բավական է նայել արեւմտյան ժողովրդավարության բարձր մակարդակ ունեցող այնպիսի երկրներին, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Բրիտանիան, Իսպանիան եւ այլն, որպեսզի տեսնենք միջէթնիկական, կրոնական եւ ռասայական բազմադարյա մխացող կոնֆլիկտները։

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մամուլում որոշակի գործընթացների խթան է։ Հակամարտության կողմերը գրում են այն ամենի մասին, ինչը վերաբերում է մյուս կողմին։ Բայց հայ-վրաց-ադրբեջանական ընդհանուր թեմաներ գրեթե չկան։ Մի՞թե անմիջական հարեւաններ լինելով՝ մենք միմյանց մասին հաղորդելու ոչինչ չունենք։

Ընդհանրապես տարածաշրջանի երեք երկրների թեմատիկան բավական հետաքրքիր է, բայց այն թույլ է զարգացած մի քանի պատճառներով։ Առաջին հերթին՝ վրացական ԶԼՄ-ները զբաղված են ներքին խնդիրներով եւ հիմնականում գրում են հարազատ լեզվով։ Իհարկե, երեք երկրներում էլ կան անգլալեզու ռեսուրսներ, բայց համաձայնեք, որ լայն լսարանն այնտեղից տեղեկություն չի քաղում։

Երկրորդ հերթին՝ հայկական լրատվամիջոցները ընդհանուր հարցեր չեն բարձրացնում, որովհետեւ Հայաստանը գրեթե մեկուսացված է բոլոր միջազգային ինտեգրացիոն, տնտեսական, էներգետիկ պրոեկտներից։ Այսինքն՝ առանձնակի հետաքրքրություն չկա, դրան գումարած այն, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը թույլ չի տալիս խոսել եռակողմ համագործակցության մասին։ Ինչ վերաբերում է ադրբեջանական լրատվամիջոցներին, ապա այստեղ էլ Ղարաբաղյան հակամարտության պատճառով կովկասյան ընդհանուր թեմաները տեղ չունեն։

Երեւում է էթնիկ կոնֆլիկտների գործոնը՝ հայ-ադրբեջանական վեճը, Ջավախքում հայկական անջատողականությունը, Վրաստանում ադրբեջանցիների խնդիրները, սահմանազատման պատճառով Ադրբեջանի ու Վրաստանի միջեւ լարվածությունը ստվերում են ընհանուր ինտեգրացիոն թեմաները երեք երկրների ԶԼՄ-ներում։

Կարծում եմ, որ տարածաշրջանային համագործակցության, ինտեգրացիայի (այդ թվում՝ նաեւ մեդիա նախագծերի) հարցում նախաձեռնությունը պիտի լինի Ադրբեջանի կողմից, որն այսօր կազմում է ամբողջ Հարավային Կովկասի համախառն ներքին արդյունքի 80 տոկոսը։ Բացի այդ՝ Ադրբեջանում է ապրում Հարավային Կովկասի բնակչության 55%-ը, եւ այն էներգառեսուրսների, տրանզիտային լայն հնարավորությունների, բնական հարստությունների ու այլ ռազմավարական ռեսուրսների կենտրոնացում է։

Աշխատանքի միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն՝ 2013 թվականին Ադրբեջանը միջին խավի հարաբերակցությամբ գրեթե երկու անգամ գերազանցում է Հարավային Կովկասի մյուս երկրներին։ Իր դասակարգման մեջ կազմակերպությունը Ադրբեջանը մտցրել է միջինից բարձր եկամուտ ունեցող բնակչությամբ երկրների ցանկի մեջ։ Բացի այդ՝ Ադրբեջանը տարածաշրջանի միակ լուրջ ներդրողն է։

Այս օրինակները ես բերում եմ նրա համար, որպեսզի ցույց տամ տարածաշրջանային գործընթացներում Ադրբեջանի հնարավորությունները, սակայն Հարավային Կովկասի երկրների միջեւ եռակողմ նախագծերը, այդ թվում՝ նաեւ մեդիա ծրագրերը, չեն նախաձեռնվում Ադրբեջանի կողմից Ղարաբաղյան հակամարտության պատճառով։ Քանի դեռ այս կոնֆլիկտը չի լուծվել, Ադրբեջանը Հայաստանի մասնակցությամբ որեւէ եռակողմ ծրագրերի իրականացման մեջ հետաքրքրված չի լինի։

Հարկավոր է փոխըմբռնում, որն, առանց տարածաշրջանում հակամարտությունների լուծման, հնարավոր չէ։

Հարցազրույցը՝ Իսմայիլ Իսմայիլովի
Բնօրինակը հրապարակվել է mediaforum.az կայքում 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?