Աշխարհում աղմկոտ սկանդալ է. ըստ վերջին բացահայտումների՝ ամերիկյան գաղտնի ծառայությունները, ամենայն հավանականությամբ, ազատ մուտք են ունեցել դեպի հիմնական սոցիալական ցանցերը, էլեկտրոնային հասցեները, կապի այլ միջոցներ տրամադրող ծառայություններն ու դրանցում պարունակվող անձնական տվյալները (խոսքը Microsoft-ի, Yahoo-ի, Google-ի, Facebook-ի եւ այլ ընկերությունների մասին)։
Ըստ այլ հրապարակումների՝ ամերիկյան գաղտնի ծառայություններն այդ տվյալները տրամադրել են նաեւ բրիտանական եւ հոլանդական հատուկ գործակալություններին։ Մուտքի գործիքի անունը PRISM է:
Հայաստանյան մամուլը բավական սառը ընդունեց այս լուրը։ Հրապարակումները քիչ էին, իսկ վերլուծական նյութեր սրա վերաբերյալ գրեթե չկային։ Գուցե խնդիրն այն է, որ մենք մեզ այնքան էլ հետաքրքիր չենք համարում ամերիկյան կամ բրիտանական հատուկ ծառայությունների համար։ Ավելին՝ երեւի լրագրողական համայնքը պոտենցիալ վտանգ կարող է զգալ ավելի շուտ ներքին՝ հայաստանյան ծառայություններից, քան արտասահմանյան ինչ-որ մութ ուժերից։
Իսկ իրական վիճակը ճիշտ հակառակն է։ Հայաստանյան ծառայություններից կարելի է թաքնվել՝ օգտագործելով ամենաանվտանգ էլեկտրոնային փոստը՝ gmail-ը։ Բայց երբ գաղտնի ծառայությունը նստած է հենց gmail֊-ում, դրա հետ որեւէ բան անելն արդեն բարդ է։
Իհարկե, հիմա իրավիճակն այնպիսին է, որ ոչ ոք չի ուզում ընդունել, որ այդքան հեշտ գաղտնալսվել են գրեթե բոլոր մեծ հարթակները։ Հասկանալի է, որ նման բացահայտումներից հետո արդարացումները միշտ այն մասին են, թե սա միայն հանցագործների դեմ է եւ այլն։
Սակայն բրիտանական «Գարդիան» լրատվական կայքը հրապարակեց մեկ այլ ամերիկյան լրտեսական գործիքի քարտեզ, ըստ որի՝ երեւում է, թե ամերիկյան Ազգային անվտանգության գործակալությունը ինչ քանակի փաստաթղթեր է կարողացել կորզել աշխարհի տարբեր երկրներից։
Այստեղ կանաչը նշանակում է ցածր ինտենսիվություն, կարմիրը՝ բարձր։ Ինչպես տեսնում եք, Հայաստանը միջանկյալ՝ դեղին գոտում է եւ ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում, քան, օրինակ, Վրաստանը եւ Ադրբեջանը, ինչից բխում է, որ հնարավոր է՝ նաեւ հայաստանյան լրագրողներն են ուղղորդված գաղտնալսումների թիրախ։
Բայց ինչպես ասում են, եթե դուք պարանոյիկ եք, դա դեռ չի նշանակում, որ ձեզ չեն հետեւում։
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: