Լրագրողները հակամարտությունների ժամանակ ոչ թե լրատվության մասնագետներ են, այլ կրակ բորբոքողներ

30.10.2013, Խաչմերուկ

90-ականների վերջին՝ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հրադադարի ստորագրումից չորս տարի անց, ես մասնակցեցի հարավկովկասյան երեք երկրների լրագրողների առաջին հանդիպումներից մեկին։

Համաժողովն, իհարկե, Վրաստանում էր անցկացվում՝ Բակուրիանիում` անգլիական կազմակերպության հովանավորությամբ։ Այնտեղ ես մասնակիցներին հարց տվեցի. Ինչպե՞ս պետք է վարվեն լրագրողները պատերազմի ժամանակ եւ հետկոնֆլիկտյան իրավիճակում, եթե նրանք, բացի մասնագետ լինելուց, նաեւ իրենց երկրի քաղաքացիներ են։

Հավատարիմ մնալով մասնագիտության պահանջներին ՝ անտարբե՞ր լինել հայրենակիցների նկատմամբ, օբյեկտի՞վ լինել ու հավասարապես լուսաբանել հակամարտող կողմերի դիրքորոշումները, թե՞ լինել հայրենասեր քաղաքացի։

Հստակության համար կոնկրետ օրինակ բերեցի. վիրավոր զինվորին տեսախցիկով նկարելիս օպերատորը պետք է թողնի՞ խցիկն ու վիրակապի՞ վերքը, թե՞ ֆիքսի նրա տառապանքները՝ հեռուստադիտողին առավելագույնս ինֆորմացնելու համար։

Եղան վեճեր, բայց մեկ ընդհանուր պատասխան չհնչեց։ Նշանակում է՝ այդ պատախանը դեռեւս չկա։ Փորձեմ ինքս պատասխանել՝ ելնելով հարավկովկասյան քաղաքականության եւ հասարակական իրողություններից։

Հետխորհրդային տարածաշրջանում, որտեղ անկախ լրագրությունը չի կայացել եւ յուրահատատուկ պատկերացում կա ԶԼՄ-ների առաքելության մասին, իմ գործընկերները հայտնվել են մուրճի ու նալի արանքում։

Լրագրության ֆակուլտետներում դասախոսություններ են կարդում օբյեկտիվությունը պահպանելու եւ հակամարտող բոլոր կողմերի կարծիքները լուսաբանելու մասին։ Լրագրության միջազգային սկզբունքներն ընդունել են հարավկովկասյան բոլոր երեք երկրների լրագրողները։

Ադրբեջանի բոլոր լրագրողական կազմակերպությունները համաձայնության են եկել Ադրբեջանի հանրապետության լրագրողների համահավաքի ժամանակ ընդունված նորմատիվային փաստաթղթի շուրջ, որը լիովին համապատասխանում է եվրոպական պատկերացումներին։ Այդ սկզբունքներն Ադրբեջանում անընդհատ հանրայնացվում են դեսպանատների կամ միջազգային կազմակերպությունների անցկացրած լրագրողական դասընթացների ժամանակ։

Լրագրողներն արտասահմանում անընդհատ այս թեմային վերաբերող միջոցառումների են մասնակցում։ Նման դասընթացներն ու համաժողովները հատկապես կարեւոր են այն լրագրողների համար, որոնք մասնագիտական այլ կրթություն ունեն։ Այդպիսիններն Ադրբեջանում քիչ չեն։

Հարավային Կովկասի լրագրողական կազմակերպությունները հանդիպումներ են անցկացնում, որտեղ քննարկվում են էթիկական ու մասնագիտական սկզբունքները՝ հատկապես հակամարտություններին վերաբերող հրապարակումներում։ Կարելի է շատ օրինակներ բերել։

2012 թվականի հունիսին Մոսկվայում Ադրբեջանի ու Հայաստանի լրատվամիջոցների հանդիպում էր անցկացվում։ Հայտնում էին, որ հանդիպումը կազմակերպված է «Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորմանը նպաստելու նպատակով հայ եւ ադրբեջանական հասարակությունների մերձեցմանն ուղղված նախաձեռնության» շրջանակում։ Երկխոսությունն անցկացվում էր «Ռոսիյսկայա գազետա» թերթի խմբագրությունում՝ Ռուսատանի նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցչի՝ Միխայիլ Շվիդկոյի նախաձեռնությամբ։

Կողմերը, ինչպես հայտնում էին լրատվամիջոցները, քննարկեցին Ղարաբաղյան հակամարտության լուսաբաման սկզբունքները եւ եկան այն եզրահանգման, որ անհրաժեշտ է հետեւել դրանց։ Ադրբեջականան կողմից հանդիպմանը մասնակցում էին հենց այն լրատվամիջոցմերի խմբագիրները, որոնք հակամարտությունը լուսաբանում էին՝ հայկական կողմի հասցեին կտրուկ ու ծայրահեղ արտահայտություններ հնչեցնելով։

Հանդիպման կազմակերպիչը՝ Ռուսաստանի նախագահի աշխատակազմը, հրավիրելով գլխավոր խմբագիրներին, երեւի, կարծել էր, որ նրանք կօգտագործեն իրենց իշխանությունը եւ լրագրողներին կարգելեն հրապարկումներում վիրավորանքներ հնչեցնել։ Բայց ինչպես այդ լրատվամիջոցների հոդվածների բովանդակությունն ու երանգներն են ցույց տալիս, անցած տարվա ամռանից այս կողմ ոչինչ այդպես էլ չի փոխվել։ Ինչու՞։ Այդ մասին՝ ստորեւ։

Մյուս կողմից՝ հայ եւ ադրբեջանցի լրագրողների միջեւ բանավեճ անցկացնելը երբեմն հաջողությամբ է ավարտվում։ Անցած տարի ադրբեջանական «Էնի Նեսիլ» լրագրողական կազմակերպությունը եւ Երեւանի մամուլի ակումբը Թբիլիսիում լրագրողների հանդիպում անցկացրեցին, որի ժամանակ քննարկվեցին եւ ընդունվեցին այն սկզբունքները, որոնցով պետք է համատեղ հոդվածներ գրվեին։ Ես հանդիպման մանսակիցներից էի։

Ծրագիրն ավարտված է, հոդվածները տպագրված են Mediafairplay.org կայքում։ Դրանցում ոչ մի այնպիսի խոսք չկա, որն ինչ-որ կերպ կարող է վիրավորել հակամարտության մյուս կողմի ընթերցողին։

Բայց ընդհանուր առմամբ հատուկենտ ացնկացվող հայ-ադրբեջանական լրագրողական հանդիպումների մեծ մասը կազմակերպվում է ուղղակի արձանագրության համար, այլ կերպ ասած՝ արտասահմանյան «փողեր ուտելու» նպատակով։ Երկու, երբեմն ավելի շատ երկների գործընկերները հանդիպում են, սիրալիր ժպտում են իրար կամ խիստ վիճում են, ու միշտ դրամաշնորհ տվողի նախապես գրված սցենարով նախօրոք պատրաստված «խաղաղարար փաստաթուղթ» են ընդունում։

Բայց հենց վերադառնում են իրենց երկրներ, իրականությունը գլուխ է բարձրացնում եւ ստիպում է լրագրողներին խարանել ու մեղադրել հակամարտության հակառակ կողմին։

Հազվադեպ բացառություն են Թեկալիի հանդպումները. այնտեղ հավաքվում են փորձագետներ, պատմաբաններ ու լրագրողներ Ադրբեջանից եւ Հայաստանից, քննարկում են ընդհանուր խնդիրները եւ հեռանում՝ նոր բովանդակությամբ լցված։ Թեկալիում հնչած մտքերը հետո քննարկվում են ադրբեջանական ու հայկական սոցիումներում։ Պետք է հատկապես շեշտել կազմակերպիչների համառությունը։

Չնայած Հայաստանում ու Ադրբեջանում ստեղծվող խոչընդոտներին՝ կազմակերպիչներին հաջողվում է առաջ տանել իրենց գաղափարները։

Վերադառնանք պատճառներին, որոնք մղում են լրագրողներին թշնամական տրամադրություններ հրահրող դառնալ։ Ւնչու՞ են լրագրության ֆակուլտետն ավարտածները, անցնելով աշխատանքի, ընկնում բոլորովին այլ իրողություն։  

Ադրբեջանն ու Հայաստանը կատաղի «սառը պատերազմում» են։ «Թեժ» փուլը 1991-1994 թվականներին էր, որն ավարտվեց 1994 թվականի մայիսին Բիշկեքի հաշտության (հրադադարի) արձանագրությամբ։ Բայց ամեն ինչ ցույց է տալիս, որ «սառը» պատերազմը փոխարինվելու է նոր արյունահեղությամբ։ Պատերազմի դաշտում՝ ինչպես պատերազմում։ Ուղղակի 1994 թվականից կողմերը փամփուշտների փոխարեն օգտագործում են լրագրողներին ու լրատվամիջոցներին։ Լրագրողնեը սառը պատերազմի ճակատ են զորակոչված։

Ադրբեջանում իմ գործընկերների ուսերին այս իմաստով հատուկ պարտականություն է դրված։ Հակառակորդի տեղեկատվական ջանքերի չեզոքացման ու խոսքային պայքարում հաղթելու համար նոր լրատամիջոցներ են ստեղծվել, հներն էլ վերափոխվել են։ Հարավային Կովկասում ամենահայտնի ինտերնետ պարբերականը հիմնադրի ու գլխավոր խմբագրի ձեռքից վերցրեցին եւ տվեցին այս ոլորտում ոչ կոմպետենտ, բայց չափազանց կատարողական մի չինովնիկի։

Նրա գործընկերները՝ ադրբեջանական այլ լրատվամիջոցների ղեկավարները, նման են նրան իրենց ոճով ու ոգով եւ սկզբունքերորեն ոչ մի բանով չեն տարբերվում։

Արդյունքում Ադրբեջանի, Հայաստանի ու Վրաստանի ընթերցողները հայտնի, էթիկային հետեւող ու հետաքրքիր կայքի փոխարեն (որտեղ Հայաստանն, իհարկե, օկուպանտ էր անվանվում, բայց՝ առանց վիրավորական ածականների) ստացան դեղին պարբերական, որտեղ գագաթնակետ են համարվում այսպես կոչված հայկական անեկդոտները։ Չեմ տեսել երբեւէ, որ ադրբեջանական հասարակությունում ինչ-որ մեկը դրանք ծիծաղով պատմի։

Ամենակարեւորն այն է, որ չնայած նման լրատվամիջոցների ծավալուն ֆինանսավորման եւ արտոնյալ լրագրողներին տրվող բարձր աշխատավարձների, Բիշկեքի արձանագրույթունից հետո 19 տարում Ադրբեջանը ոչ մի միլիմետրով չի մոտեցել տարածքների հետ բերմանը։ Ռուսաստանը, որի էլիտային են ուղղված մեր ռուսալեզու կայքերը, «չեզոք» դիտորդ է՝ դեպի հայկական կողմ թեթեւ հակվածությամբ, իսկ երբ Հայաստանը փաստացի մտնի Պուտնի «Նոր ԽՍՀՄ»-ը, ադրբեջանցի լրագրողների բոլոր ջանքերը քարոզչական կայքերի պատճառով կդառնան ապարդյուն։

Սակայն իրենց առաքելությունը կատարել չկարողացող նման լրատվամիջոցների վրա շարունակում են խաղադրույք անել, քանի որ պատերազմը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դեռեւս շարունակվում է։

Կա մեկ այլ հանգամանք եւս, որի պատճառով ադրբեջանցի լրագրողների մի մասը հակամարտությունը միակողմանի է լուսաբանում, նույնիսկ եթե իշխանության կողմից ճնշումներ չեն լինում:

Գրպաններս դնելով վկայականները, որոնց վրա մեծ տառերով գրված է PRESS, մենք չենք դադարում լինել Ադրբեջանի հայրենասեր քաղաքացիներ։ Ես եւ իմ բոլոր գործընկերները միանշանակ համոզված ենք, որ Ղարաբաղի հարցում Ադրբեջանը ճիշտ քաղաքականություն է վարում։

Տարիքով մեծ լրագրողները կռվել են Ղարաբաղյան պատերազմում կամ հեռացել են Հայաստանից ու Ղարաբաղից։ Իմ երիտասարդ գործընկերները ծառայել են ադրբեջանական բանակում։ Մենք բոլորս հանդիպում ու շփվում ենք Հայաստանից ու Ղարաբաղից գաղթած փախստականների հետ եւ կարեկցում ենք այդ մարդկանց։ Ղարաբաղյան պատերազմը բռնկվել ու տեղի է ունեցել մեր աչքի առջեւ՝ մեր մասնակցությամբ։ Այնպես որ այդ մասին ուրիշների մտորումները կարդալ մեզ պետք չէ։

Բացի դրանից՝ պետք է հաշվի առնել, որ ադրբեջանցի լրագրողներն այս կամ այն չափով հակահայկայան քարոչության են ենթարկված ու դրա ազդեցության տակ են։ Ինչքան էլ խոսենք մասնագիտական էթիկայի մասին, այս պայմաններում միամիտ է լրագրողներից որեւէ օբյեկտիվություն ու հակամարտության երկու կողմերի դիրքորոշումների լուսաբանում ակնկալել։

Մնում է խոսել, երեւի, ամենակարեւոր գործոնի մասին, որով պայմանավորվում է ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ոճը ադրբեջանական լրատվամիջոցներում։ Ադրբեջանում չկա որեւէ հասարակական կամ քաղաքական կազմակերպություն, կուսակցություն, որը կհաշտվի Ղարաբաղի այժմյան իրավիճակի հետ։ Բոլոր կազմակերպություններն ու հասարակությունը Իլհամ Ալիեւին մեղադրում են այն բանում, որ այդ տարածքը դեռեւս չի վերադարձվել։

Նախագահն էլ իր հերթին խոստանում է կատարել ժողովրդի պահանջը, բայց ժամանակի ընթացքում։ Այդպիսին են Ադրբեջանի հասարակական տրամադրությունները, որոնք հաստատվում են տեղական ու արտասահմանյան սոցիոլոգիական ծառայությունների հարցումներով։

Լրագրողները, ինչպես հայտնի է, աշխատում են գոհացնել իրենց ընթերցողին, ունկնդրին եւ հեռուստադիտողին։ Հասարակության մեծամասնությանը չգոհացնող ցանկացած հոդված կամ հաղորդում կարող է մարդկանց վանել այդ լրատվամիջոցից, ինչը կազդի տպաքանակի վրա, հետեւապես կպակասի նաեւ այդ լրատվամիջոցում տեղադրվող գովազդը։

Կարելի է հիշել գործընկերներիս շրջանում շատ հայտնի վիպագիր, Ռուսաստանում «Քարե երազներ» վեպը տպագրած Աքրամ Այլիսլիի պատմությունը։ Ադրբեջանական իշխանությունների գործողությունները նրա նկատմամբ չափազանց կոպիտ էին, բայց ինձ զարմացրեց ինտերնետ ֆորումների բոլոր մասնակիցների կտրուկ, բացասական, նույնիսկ ատելությամբ լեցուն վերաբերմունքը գրողի նկատմամբ։

Բանը նույնիսկ հասավ նրան, որ սկսեցին ափսոսալ, որ Ադրբեջանում վերացել է մահապատիժը։ Լրագրողները տեսնում են ու հաշվի են նստում այդ պահանջարկի հետ, ինչն անպայման ազդում է նրանց մասնագիտական գործունեության վրա։

Նշանակու՞մ է սա, որ ադրբեջանցի լրագրողները դատապարտված են վիրավորել հայերին այնքան ժամանակ, քանի դեռ նման հրահանգ կա։ Անպայման չէ։ Նախ՝ իմ գործընկերների մի փոքր մասը, որն աշխատում է անկախ, հնարավոր է նաեւ ընդդիմադիր պարբերականներում, իշխանությունների ճնշումներին չի ենթարկվում եւ ինքն է ընտրում լուսաբանման ոճը։

Նույնիսկ աշխատելով իշխանությունների կողմից հսկվող թերթում կամ կայքում՝ լրագրողները կարող են ավելի քիչ ծայրահեղությունների գնալ՝ հիշելով իրենց ընտանեկան դաստիարակության եւ էթիկայի մասին։ Պարզ է, որ իմ գործընկերներից ոչ մեկը Ղարաբաղի հարցում հայկական քաղաքականությանը կողմ չէ, բայց այդ դիրքորոշումը կարելի է տարբեր ձեւերով արտահայտել։

Երկրորդ՝ հակամարտող կողմերի լրագրողների մասնակցությամբ անցկացվող համաժողովներն ու հանդիպումները անպայման իրենց հետքն են թողնում լրատվամիջոցներում աշխատողների մասնագիտական գիտակցության եւ ունակությունների վրա։ Ես պատմեցի անցած տարի Թբիլիսիում տեղի ունեցած լրագրողական հանդիպման մասին, որի արդյունքում ստեղծվեց Mediafairplay.org կայքը՝ երկու կողմերի համատեղ հոդվածներով։

Այդ կայքի «Հետազոտություններ» բաժնում կա Երեւանի մամուլի ակումբի եւ «Էնի Նեսիլ»-ի ուսումնասիրությունը, որը վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման բնույթին, օգտագործվող կարծրատիպերին, ատելության լեզվին։ Այդ հետազոտությունների հիման վրա հեղինակները համապատասխան խորհուրդ-առաջարկություններն են անում իրենց այն գործընկերներին, որոնք ձգտում են փոխհամաձայնեցված տեղեկատվական միջավայր ստեղծել, որը կնպաստի փոխզիջումների որոնմանն ու հակասությունների հաղթահարմանը. այդպես է գրված նրանց կայքում։

Կարող են հարցնել՝ իսկ դու ինքդ քեզ լրագրողների ո՞ր խմբին ես դասում։

Քչերը կարող են հեռու մնալ վերը նշված իրողություններից։ Կարելի է ենթարկվել դրանց մեծ կամ փոքր չափով, բայց ընդհանրապես ազատ լինել անհնար է։ Ղարաբաղյան հակամարտությունը ես լուսաբանում եմ իմ հնարավորությունների սահմանում՝ լրագրություն մուտք գործելուս առաջին օրվանից՝ 1995 թվականից։
 Անկասկած, իմ մասնագիտական գործունեության վրա ազդել է այն ամենն, ինչի մասին վերեւում գրել եմ, այդ թվում՝ պատերազմի սարսափելի տարիները, լրագրողական բազմաթիվ կոնֆերանսները, դասընթացներն ու կլոր սեղանները։

Ես ստիպված եմ հաշվի առնել հասարակական պահանջարկն ու իշխանությունների կոշտ դիրքորոշումը։ Արդյունքում ձեւավորվել է ադրբեջանցի մի լրագրող, որը խուսափում է գռեհիկություններից, իր հրապարակումներում հակամարտության հակառակ կողմի անձնական ու ընտանեկան հարցերին չի անդրադառնում, սխալ է համարում մի ամբողջ ազգությանը վիրավորելը՝ անկախ հարաբերություններից։

Միայն մի անգամ, որքան հիշում եմ, իմ բազմաթիվ հրապարակումներից  չորս մեծ հոդվածերով, որ տպագրվեցին 2009 թվականին, դիտմամբ «բնութագրեցի» մի հայտնի հայ հրապարակախոսի։ Այդ կամայականության պատճառն այն էր, որ նա իրեն պատկանող ինտերնետ կայքում ամենաուղիղ իմաստով վիրավորական արտահայտություններ էր արել իմ հասցեին՝ նշելով անունս եւ ազգանունս։

Այդ վիրավորանքը Երեւանից եկավ իմ հրապարակումներից մեկից հետո, որտեղ խոսում էի վրացական տարածքով փոխադրումները թանկացնելու միջոցով Հայաստանին տնտեսապես ճնշելու մասին։ Իմ չորս հոդվածներից հետո ընդդիմախոսը մի երկար ու իրականության հետ կապ չունեցող բան գրեց, սակայն ես այլեւս չշարունակեցի թեման։

Այս հոդվածից հետո եզրակացությունը կարող է լինել այն, որ քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը թշնամական հարաբերություններ ունեն, մեր երկրներում կշարունակեն գործել լրագրողական մեծ համայնքներ, որոնք կկատարեն իշխանությունների պատվերն ու կոնֆլիկտային կրքեր կբորբոքեն հասարակությունների միջեւ։

Դրա հետ մեկտեղ, անկախ ու ընդդիմադիր պարբերականներում աշխատող լրագրողների մի մասը հակահակական հոդվածներում կպահպանեն զուսպ ու էթիկական լուսաբանման ոճը՝ նախընտրելով տեղեկացնել, ոչ թե հրահրել, վիրավորել կամ քարոզել։

Այս ամենից մեկ հակասական եզրակացության էլ կարելի է հանգել։ Քանի որ լրագրողների մեծագույն մասն իշխանությունների հսկողության տակ է եւ կատարում է նրանց պատվերը, ապա հենց ինքն էլ անմիջապես 180 աստիճանով կփոխի լուսաբանման երանգն ու հոդվածների բովանդակությունը, երբ հրաման արձակվի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ բարեկամություն քարոզելու մասին: Բայց դրա համար նախ պետք է մեր քաղաքական գործիչները բարեկամանան։

Քյամալ Ալի
Բնօրինակը հրապարակվել է Mediaforum.az-ում 

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?