Ռուսական «տրոլլերի գործարանի» լրատվական կայքի անատոմիան

19.10.2018, Ստուգված է

USAReally.com նորաստեղծ լրատվական կայքի նյութերն ուսումնասիրելով` կարելի է մտածել, թե ընթացակարգային գեներացվող կայք ես կարդում, որը գոյություն ունի որոնողական համակարգերի օպտիմալացման հնարքների շնորհիվ` հոդվածներ գողանալով հեղինակավոր լրատվամիջոցներից և վերահրատարակելով որպես սեփական արտադրություն: Սակայն եթե ավելի ուշադիր զննենք, կտեսնենք, որ կայքում որևէ գովազդ չկա` ո՛չ բաններ, ո՛չ փոփ-ափ կամ AdSense շրջանակ, ո՛չ էլ մոնետիզացիայի որևէ այլ նշան:

Իրականում USA Really-ն Սանկտ Պետերբուրգի տխրահռչակ տրոլլերի գործարանի նորագույն նախագիծն է, որն ավելի հայտնի է այլ անուններով` «Օլգինո» (Սանկտ Պետերբուրգի հյուսիս-արևմտյան շրջան, որտեղ գտնվում էր տրոլլերի առաջին գործարանը), «Սավուշկինա» (Սավուշկինա 55 հասցեն` աչքի չընկնող գրասենյակային մի շենք, որտեղ իրականացվում էին տրոլլերի գործարանի որոշ գործողություններ) և «Ինտերնետային հետազոտությունների գործակալություն» (գործարանի իրավաբանական անվանումը):

Ի՞նչ կարող ենք իմանալ USA Really մասին` կայքի բովանդակությունն ու կառուցվածքն ուսումնասիրելով` տրոլլերի գործարանի քողարկված այլ կայքերի համատեքստում:

Ակնհայտ ռուսական ծագում

Բազմաթիվ հետազոտություններ կան, որոնք ապացուցում են, որ USA Really-ն կապված է Սանկտ Պետերբուրգի տրոլլերի գործարանի հետ, դրանցից մեկը ապրիլին արված հետազոտությունն է, որի հեղինակը Լոուրենս Ալեքսանդրն է:

Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ կայքերի գրանցման մասին տեղեկություններ հայտնող WHOIS կայքում որպես կայքի սեփականատեր է նշված Սանկտ Պետերբուրգում բնակվող մի ռուս տղամարդ, որը ներկայացնում է Լուրերի դաշնային գործակալությունը («լրատվական գործակալություն», որը վաղուց հայտնի է որպես տրոլլերի գործարանի մաս):

Բացի այդ` կայքի գործարկումից առաջ Լուրերի դաշնային գործակալությունը հայտարարեց, որ շուտով կստեղծի USA Really անունով մի կայք, իսկ տրոլլերի գործարանի էկոհամակարգում գործող մի շարք այլ կայքեր ազդարարեցին Ամերիկայի մասին պատմող կայքի մեկնարկի մասին:

 Կարճ ասած` գաղտնիք չէր, որ ռուսական տրոլլերի գործարանն է ստեղծել USA Really-ն: Ավելի շուտ հենց գործարանի ամենամեծ կայքը USA Really-ի բացումից մեկ ամիս առաջ հրապարակայնորեն հայտարարարեց այդ մասին:

Թեմայի ընտրություն

USA Really-ն իր առաջին հոդվածը հրապարակել է մայիսի 21-ին` դրսևորելով մի միտում, որը շարունակվել է մինչև այս հոդվածի հրապարկման օրը (հունիսի 7), այն է` բացարձակ ոչ կոմպետենտություն, ինչպես նաև ԱՄՆ-ում հանցագործությունների և անկարգությունների վրա սևեռում: Դպրոցում կրակոցի վրա սևեռվելուց բացի` հեղինակն այս հոդվածի վերնագրում շփոթել է անգլերեն և ռուսերեն չակերտները, ինչը ցույց է տալիս, որ հնարավոր է` նա չի էլ կարդացել հոդվածը հրապարակելուց առաջ:

Հունիսի 7-ի դրությամբ` USA Really-ն հրապարակել է 269 հոդված, օրական միջինում 16 հոդված: Այս 269 հոդվածները ներառում են թե՛ սեփական արտադրության նյութեր, հարցումներ, հայտարարություններ, թե՛ հոդվածներ, որոնք արտատպված են ԱՄՆ տարբեր նահագների շրջանային թերթերից:

269 հոդվածների բովանդակությունը բազմազան է, բայց հիմնականում ընդգրկում է հետևյալ թեմաները (նշում` բոլոր հոդվածները, վերնագրերն ու քերականական սխալները ներկայացված են այնպես, ինչպես հրապարակվել են USA Really կայքում հունիսի 7-ի դրությամբ):

Թեև USA Really-ի մի շարք հոդվածներ բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը կամ դավադրության տեսություն են, շատերը հիմնականում ճիշտ են (ինչը և ակնկալվում էր), քանի որ կայքի հոդվածների մեծ մասը արտատպված է հեղինակավոր լրատվամիջոցներից:

USA Really-ի ոչ կոմպետենտությունը

ԱՄՆ-ի հետ կապված թեմաների մասին օրական 16 հոդված գրելը մի բան է, բայց համոզիչ բովանդակություն ստեղծելը, որը կարող է ազդել ամերիկացների մտքի վրա, բոլորովին այլ բան:

2016 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին Ֆեյսբուքում և այլ սոցիալական ցանցերում տարածված այսպես կոչված «կեղծ կայքերը», որոնք վիրուսային հաջողություն էին ձեռք բերել, աչքի չէին ընկնում դիզայնով կամ ինֆորմացիայի մատուցման վարպետությամբ (այդ կայքերի մասին առավել մանրամասն կարդացեք Քրեյգ Սիլվերմանի` Buzfeed-ում հրապարակված վերլուծությունում): Այնուամենայնիվ, դրանք ժամանակ առ ժամանակ կարողանում էին հաջողության հասնել` ցնցող վերնագրերով կամ նյութին ուղեկցող հետաքրքիր նկարներով գրավելով ընթերցողների ուշադրությունը:

Դժվար է պնդել, թե USA Really-ն որևէ կոմպետենտություն է ցուցաբերել այս առումով: Այս կայքը ուշադրություն է գրավել միայն այն պատճառով, որ այն ակնհայտորեն պետերբուրգյան ծագում ունի: Սոցիալական մեդիայում պատմություններին ուղեկցող նկարների ու վերնագրերի նախադիտման (preview) որոշ օրինակներ ներկայացնում ենք ստորև: Այս վերնագրերից շատերը, մեղմ ասած, դժվար են հասկացվում, նույնիսկ եթե դրանք գրել կամ խմբագրել են անգլերենին փայլուն տիրապետող կամ լեզվակիր անձինք:

 

Ոչ կոմպետենտության ավանդույթը

USA Really-ն առաջին լրատվական կայքը չէ, որը ստեղծել է Պետերբուգի տրոլլերի գործարանը, թեև այն ամենաանկապներից մեկն է: Ռուսերենով բովանդակություն ստեղծելիս տրոլլերի գործարանի կայքերը առնվազն կոմպետենտ են: Օրինակ` 2014-ին նրանք ստեղծեցին YaPatriot.ru (Ես հայրենասեր եմ) կայքը, որի բովանդակությունն ուղղված էր ռուս ընդդիմադիրներ Ալեքսեյ Նավալնիի և Բորիս Նեմցովի դեմ: Հաշվի առնելով, որ տրոլլերի գործարանի աշխատակիցները թե՛ ռուսերենի, թե՛ ռուսական քաղաքական դաշտի ավելի լավ գիտելիքներ ունեին, այս կայքի բովանդակությունն ավելի հետաքրքիր էր միջին վիճակագրական ռուսին, քան USA Really-ի բովանդակությունը` միջին վիճակագրական ամերիկացուն: Օրինակ` YaPatriot-ը տեղադրել էր իր աշխատակցի ստեղծած ծաղրանկարների գիրքը, որը կոռուպցիայի դեմ պայքարող ակտիվիստ Ալեքսեյ Նավալնիին պատկերում էր որպես արևմտամետ սուպեր հերոս` նրան ներկայացնելով որպես Ռուսաստնի թշնամի և Արևմուտքի կողմից վճարված գործակալ:

Տրոլլերի գործարանի այլ «լրատվական» կայքեր նման են USA Really-ին նրանով, որ քողարկված են` ներկայանում են որպես տեղական կայքեր, բայց իրականում կառավարվում են Սանկտ Պետերբուրգից: Այժմ չգործող Who is Who կայքը ներկայանում էր որպես ուկրաինական կայք, որը փորձում է բարելավել երկրի վիճակը` կոռուպցիայի մասին բարձրաձայնելով: Իրականում այն ամբողջությամբ կառավարվում էր Պետերբուրգից: Այդ պատմություններից որոշները, ինչպես մանրամասնորեն ներկայացրել էր Լոուրենս Ալեքսանդրը 2015-ին, հորինված էին, օրինակ` մի մոր մասին պատմությունը, որը ստիպված էր սնունդ գողանալ` Կիևում գոյատևելու համար, կամ հակասեմիթական հոդվածը, որը ներկայացնում էր Ուկարինայի ղեկավարների հրեական ծագումը:

Կարիք չկա կռահելու, թե ինչպես է գործում տրոլլերի գորածարանը. ռուս լրագրողները տարիներ առաջ Սավուշկինա 55-ի մասին գաղտնազերծված փաստաթղթեր էին ձեռք բերել, որոնք ներառում էին փաստացի ուղեցույցներ, ձևանմուշներ և աշխատակիցների արդյունավետության պահանջներ: Իհարկե, վերջին երեք տարիների ընթացքում աշխատանքի առանձնահատկությունները փոխվել են, սակայն որոշ բաներ կարծես թե մնացել են նույնը, մասնավորապես` քվոտային համակարգը, որը քանակը գերադասում է որակից: Հոդվածներից շատերը, որոնց հեղինակ է նշված USA Really-ն, առանձնանում են բառերի մոտավորապես նույն քանակով (200-350), մեջբերումների ու այլ հոդվածներից արտատպած հատվածների առատությամբ: Օրինակ` Միսսուրիում ոստիկանական «ռեյդի» մասին հոդվածն ամբողջությամբ արտատպած է Springfield News-Leader-ից: Ստորև ներկայացնում ենք USA Really-ի հոդվածը (ձախ) Springfield News-Leader-ի (աջ) համեմատությամբ, գունավոր հատվածները ցույց են տալիս տառացիորեն արտատպված նախադասությունները:

Մեծ աղմուկ` ոչնչից

Մի շարք վերլուծաբաններ և լրատվամիջոցներ ահազանգեցին USA Really մասին` այն անվանելով «ամերիկյան ընտրողների վրա ազդելու ռուսական գործողություն» և «RT-ն` ստերոիդների վրա»: Ֆեյսբուքն ու LiveJournal-ը արգելափակեցին USA Really էջերը McClatchy-ի այս հոդվածից հետո` տրոլլերի գործարանին թողնելով Թվիթերի հույսին, որտեղ նրանք տեղադրում են իրենց հոդվածների հղումները, բայց գրեթե որևէ ուշադրության չեն արժանանում (բացի ռուս տրոլլերի մասին տհաճ մեկնաբանություններ ստանալուց) և հեգնորեն հավանում են գրառումներն իրենց ծագման և վարքագծի մասին:

Եթե «տեղեկատվական պատերազմների փորձագետները» իսկապես հավատում են, որ USA Really կայքը, որը արտատպում է իր հոդվածների մեծ մասը և գրում է հազիվ հասկանալի լեզվով, վտանգ է ներկայացնում 2018-ի միջանկյան ընտրություններին և կարող է ազդել ամերիկացիների ընտրության վրա, ուրեմն կա՛մ ամերիկյան տեղեկատվական դաշտն է խոցելի վիճակում, կա՛մ փորձագետները պետք է վերանայեն հասարակության ուշադրությանն արժանի իրական վտանգի սահմանումը:

Թարմացում. Հունիսի 5-ին Լուրերի դաշնային գործակալությունը հոդված հրապարակեց USA Really երկու աշխատակիցների մասին, որոնք պատմում էին (ռուսերենով), թե ինչպես են գրաքննության ենթարկվում Ամերիկայում: Հետին պլանում երևում էր ԱՄՆ քարտեզը` յուրաքանչյուր նահանգի վրա գունավոր նշաններով, որոնք ներկայացնում էին այդ նահանգին հատուկ խնդիրները: Այս քարտեզը գաղտնի չէր, USA Really-ի ղեկավար Ալեքսանդր Մալկեվիչը բացատրեց նշանների համակարգն ու խնդիրները:

 

Խնդիրներն են` իմիգրացիան (կարմիր), ԱՄՆ կազմից դուրս գալը (դեղին), զենք կրելու իրավունքը/ զանգվածային կրակոցները (մանուշակագույն), ռասային հիմնահարցը (մուգ կապույտ), աղքատությունը (կանաչ), հանցագործությունները (երկնագույն), հարկերը (շագանակագույն), գործազրկությունը (մուգ մոխրագույն) և սնանկացումը: Քարտեզի համաձայն` Միսսուրիի մտահոգությունն, ըստ երևույթին, հանցագործություններն են, իսկ, օրինակ, Յուտայի վրա որևէ նշան չկա: Հարցազրույցում ցույց է տրվում նաև USA Really-ի խմբագրությունը, որն իրականում ինքնածաղր է:

Հաշվի առնելով այս հարցազրույցը, Լուրերի դաշնային գործակալության` USA Really-ի գործարկման մասին ժամանակից շուտ հրապարակային հայտարարությունը, և թե ինչպես է կայքը հիմնականում մտահոգված ԱՄՆ գրաքննությամբ, դժվար է նրանց արտադրած բովանդակությանը լուրջ վերաբերվելը: USA Really-ի իրական լսարանը հնարավոր է ոչ թե ամերիկացի ընտրողներն են, այլ հենց ռուսները, որոնք կարդում և դիտում են ռուսալեզու հոդվածներ ամերիկյան գրաքննության մասին:

Հեղինակ` Արիք Թոլեր
Թարգմանությունը` Աննա Բարսեղյան
Հոդվածի բնօրինակը հրապարակվել է Bellingcat-ում

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?