Սթիվ Քուքը` TYR Solutions ընկերության տնօրենն ու համասեփականատերն է, մեդիա անվտանգության հարցերով խորհրդատու և հեռուստատեսային փորձառու պրոդյուսեր: Նա աշխատել է տարբեր միջազգային հեռուստատեսային ցանցերի, եվրոպական ու հյուսիսամերիկյան տեղեկատվական ծառայությունների հետ:
Վերջին շրջանում Քուքն աջակցել է լրագրողական խմբերին, որոնք աշխատել են Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում և Կենտրոնական Ասիայում: Օգնել է CNN, CBC, CBS, միջազգային այլ լրատվական ընկերություններին լուսաբանել Սիրիայում, Լիբանանում, Հորդանանում, Թուրքիայում, Քուրդիստանում, Իրաքում, Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում, Պակիստանում ու Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները:
«12 տարի է` աջակցում եմ լրատվամիջոցներին ու հասարակական կազմակերպություններին որպես խորհրդատու՝ դասընթացներ անցկացնելով և նրանց հետ աշխատելով իրադարձություններ լուսաբանելիս:
Ամենավտանգավոր վայրերից, որտեղ վերջին շրջանում եղել եմ, կարող եմ նշել Մոսուլը, որտեղ անհրաժեշտ էր տեղյակ լինել ամեն ինչից: Սկզբում աշխատում էինք քուրդ զինյալներին կից, նրանք ունեին իրենց կանոններն ու գործելակարգը: Հետագայում ստիպված էինք փոխել կողմը, ինչը հեշտ չէր, ու որոշ խնդիրներ առաջացան: Սա լավ դաս էր մեզ համար` հաշվի առնելու, որ միջավայրը փոխելու համար պետք է պատրաստ լինել ու ծրագիր ունենալ»,- ասում է նա:
Սթիվը 16 տարի աշխատել է ռազմական ոլորտում, հետո կարճ ժամանակով ոստիկան է եղել: Իրաքյան երկրորդ պատերազմի ժամանակ նա անձնական անվտանգության ապահովման ծառայություն է մատուցել, ինչից հետո առաջարկություն է ստացել աշխատելու լրատվամիջոցների հետ:
«Ինձ դուր եկավ մեդիայի հետ համագործակցելը` ամեն օր նոր պատմության վրա աշխատելը: Հիմա թե’ դասընթացներ եմ վարում, թե’ խորհրդատվություն եմ տրամադրում, թե’ օգնում եմ մեդիայի արտադրության կազմակերպման հարցում»,- ասում է Քուքը:
Նոր տեխնոլոգիաներ, նոր իրականություն
«10-12 տարի առաջ մենք միանգամայն տարբեր աշխատանք էինք անում` ավելի քիչ տեխնիկական սարքավորումներ ունեինք, ավելի շատ քարտեզներ և կողմնացույցներ, GPS էինք օգտագործում մեր կոորդինատներն ուղարկելու համար: Հիմա հետևելու/հետախուզելու ավելի շատ համակարգեր, բջջային հեռախոսներ ու նմանատիպ նորարար սարքավորումներ կան, որոնք օգնում են լրատվամիջոցներին աշխատանքում:
Եթե սովորական մեքենա գնեք, այն ավելի քիչ խնդիրներ կունենա, քան տեխնիկապես հագեցածը: Տեխնիկապես որքան ավելի հագեցած լինի մեքենան, այնքան ավելի շատ բան կարող է խափանվել: Թվանշային դարաշրջանն ազդում է լրագրողների աշխատանքի ու լրատվամիջոցների վրա: Այժմ մենք չենք կարող պարզապես գնալ դեպքի վայր, հավաքել անհրաժեշտ տեղեկությունները, վերադառնալ խմբագրություն, պատրաստել ու հանձնել լրագրողական աշխատանքը: Լրագրողները պետք է ուղիղ միացումներ անեն դեպքի վայրից, ամենօրյա թարմացումներ ներկայացնեն:
Երբ տեխնոլոգիան ստեղծվում է ինչ-որ բանի աջակցելու համար, պետք է զգոն լինել, քանի որ այն կարող է օգտագործվել նաև մեր դեմ, մեզ նույնպես կարող են հետևել, գաղտնալսել:
Մենք աջակցում էինք մի մեդիաարտադրանքի ստեղծմանը` հետևող համակարգեր ու հաղորդակցության միջոցներ տրամադրելով մի լրագրողի, որը պետք է աշխատեր Սիրիայում: Նա երկու շաբաթով գնացել էր դեպքի վայր` առանց հեռախոսի ու նմանատիպ այլ սարքերի, միայն անվտանգ հետևող սարքով: Նա վերադարձավ, պատրաստեց իր պատմությունն ու «Էմմի» մրցանակի արժանացավ: Ուզում եմ ասել` հետևող համակարգերը կարելի է արդյունավետ կիրառել, այս դեպքում լրագրողը էլեկտրոնային տարբերակով չէր վերահսկվում:
Կա նաև անհաջող օգտագործման օրինակը, երբ մարդիկ չափազանց շատ են վստահում սարքերին ու կախված լինում դրանցից: Մոսուլում մի մեդիա ընկերության էինք աջակցում, որի անձնակազմին շրջապատել էր ԻԼԻՊ-ը: Մենք հետևում էինք նրանց բջջային հեռախոսների միջոցով, բայց երբ հեռախոսների լիցքերը սպառվեցին, ամեն ինչ կորցրինք»:
Հետևող համակարգերն իսկապես օգնում են, բայց պետք է նաև որոշ հիմնական կարողություններ էլ ունենալ:
Քուքի գլխավորած կազմակերպությունը 4-օրյա դասընթացներ է անցկացնում պատերազմական միջավայրում աշխատելու վերաբերյալ, որն ընդգրկում է ամեն ինչ` առաջին օգնությունից մինչև հետևող համակարգեր, բողոքի ակցիաների ու ցույցերի անվտանգ լուսաբանում, պլանավորում ու նախապատրաստական աշխատանքներ, տեխնիկական անվտանգություն:
«Ամեն լրագրող պետք է այսպիսի դասընթացի մասնակցի, եթե մտադիր է աշխատել հակամարտության գոտիներում: Երբեմն պետք է թարմացնել արդեն իսկ ստացած գիտելիքները: Պատահում է, որ լրագրողական թիմը կոնկրետ տեղ է գնում, այդ դեպքում պետք է վերապատրաստվել տվյալ միջավայրում աշխատելու համար:
Մեր գործը միջավայրն ուսումնասիրելը, դրան ծանոթանալն ու ծանոթացնելն է, քանի որ իրականում ամեն ինչ դրանից է կախված»:
Ամենավտանգավոր աշխատանքը
Ազատ լրագրողները, տպագիր մեդիայի աշխատակցիներն ու լուսանկարիչները ավելի շատ տեղեկություններ կարող են ձեռք բերել, քանի որ մենակ են: Տեղացի որևէ օգնականի (fixer) հետ նրանք կարող են հեշտությամբ ավելի շատ տեղեր գնալ:
Ամենավտանգավորը օպերատորի աշխատանքն է, քանի որ գործի ընթացքում նրանք կորցնում են լայն պատկերը տեսնելու հնարավորությունը` իրենց ուշադրությունը կենտրոնացնելով ոսպնյակի միջով երևացող պատկերի վրա: Հենց այդ պատճառով լրագրողական որևէ թիմի հետ աշխատելիս փորձում եմ հենց օպերատորի կողքին լինել:
Տեղացի օգնականները շատ կարևոր են. նրանց, որպես կանոն, ընտրում են գործընկերների խորհրդով, սակայն երբեմն այն, ինչ արդյունավետ է մեկի համար, կարող է սխալ ընտրություն լինել մյուսների դեպքում: Անցանկալի հետևանքներից խուսափելու համար պետք է մի քանի տեղացի օգնական ընտրել ու նախապես հարցազրույց անել նրանց հետ, որպեսզի վերջնական ընտրությունն ավելի ճիշտ լինի:
Պլանավորել, պլանավորել ու կրկին պլանավորել
Մտածեք բոլոր «իսկ եթե»-ների մասին: Տեղում շատ բան կարող է փոխվել, այնպես որ ծրագիրը պետք է նաև ճկուն լինի: Ինչ-որ մեկին անպայման տեղեկացրեք ձեր անելիքների հերթականության մասին:
Լրագրողները ոչ թե պիտի իրադարձության մասը դառնան, այլ լուսաբանեն այն: Դրա համար կարևոր է նախապատրաստվել անվտանգ աշխատանքին:
Եթե որոշում եք որևէ զինվորական խմբին կից աշխատել, նախ ծանրութեթև արեք` արդյոք այն պատմությունը, որի համար աշխատում եք, այդքան արժեքավոր է: Եթե` այո, ապա փորձեք, այնուամենայնիվ, որոշ կարևոր տեղեկություններ ստանալ` օրինակ, վիրավորվելու դեպքում մոտակայքում բուժօգնության կայան կա, թե ոչ:
Լրագրողները պետք է իրենց սեփական անվտանգության սարքավորումներն ունենան
Լրատվամիջոցները պետք է լրագրողներին զրահաբաճկոններ և սաղավարտներ տրամադրեն: Խմբագիրների և ղեկավարության պարտականությունն է իրենց լրագրողների համար հոգ տանելը: Վտանգավոր վայրում աշխատող յուրաքանչյուր աշխատակցին պետք է սեփական սարքավորումները տրամադրել, որպեսզի այն ինչպես հարկն է համապատասխանի չափերին ու մարմնի առանձնահատկություններին` առաջին օգնության պարագաներ, անվտանգության սարքավորումներ, զրահաբաճկոն, սաղավարտ:
Զինվորից որևէ մեկը չի ակնկալում ռազմի դաշտի համար սարքավորումներ ունենալ, դրանք տրամադրվում են: Նույնը լրագրողների դեպքում է:
Սառա Խոջոյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: