Հեռուստասերիալի հետքերով` Հնդկաստանից՝ Հայաստան

13.03.2017, vox populi

Հնդկական մշակույթում սովորաբար ընդունված է ասել՝ երբ կինն ամուսնանում է, նա ամուսնանում է ամուսնու և նրա ընտանիքի հետ միաժամանակ: Նորահարսի հարաբերություններն ընտանիքի այլ անդամների, հատկապես սկեսրոջ հետ դառնում են բեկումնային և «գոյատևման» համար կարևոր: Երկու տասնամյակ առաջ էկրաններին հայտնված հնդկական սերիալները հիմնականում կենտրոնանում էին հենց հարս-սկեսուր հարաբերությունների վրա: Նման հեռուստասերիալները թիրախավորված էին, հարցն՝ ակտուալ, խնդիրն ու ցավը՝ հասկանալի. սերիալն անմիջապես գերում էր հեռուստադիտողի սրտերը:

Պրոֆեսոր Շոմա Մունշին («Հեռակառավարման վահանակ. հնդկական հեռուստատեսությունը նոր հազարամյակում և փրայմ-թայմ հեռուստասերիալները հնդկական հեռուստատեսությամբ» գրքի հեղինակ) նշում է, որ հնդկական սերիալներն ունեն մեկ գլխավոր սյուժե և բազում ենթասյուժեներ, վերելքներ և վայրէջքներ, ապօրինի կապեր և հարաբերություններ, որոնք էլ դիտողին պահում են հեռուստացույցին գամված:

Նման սերիալները դիտում են ընտանիքի բոլոր անդամները: Ավելին, դիտողն իր անձնական կյանքի որոշ դրվագներ սկսում է տեսնել հենց սերիալում, սկսում նույնականացնել և որոշակի կապ ստեղծել իր կյանքի և սերիալային կերպարների միջև:

Այսպես, ամեն օր հեռուստադիտողը շտապում է երեկոյան նույն ժամին տուն, որպեսզի բաց չթողնի և օրն ամփոփի «հարազատ դարձած» հեռուստասերիալով:

Հնդկաստանն այն երկրներից մեկն էր, որը ոգևորվելով Սաբիդոյի փորձից և մեքսիկական հեռուստասերիալների հաջողությունից, ստեղծեց իր արտադրանքը: Ավելին, հետագայում այդ արտադրանքը սկսեց այլ սպառողական շուկաներ էլ գրավել: Շատերը սկսեցին ցուցադրվել Կենտրոնական և Հարավային Ասիայում, Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում:

Հնդկաստանում հեռուստացույցն առ այս պահը մնում է ամենամատչելի և հասանելի ժամանցի միջոցը: Եվ չնայած մի շարք մասնագետների կարծիքով հեռուստասերիալների մեծ մասը հետադիմական է, պարունակում է գենդերային հիմքով բռնության բազմատեսակ դրվագներ, կտրված է իրական կյանքից, ճնշող է և անճաշակ, Հնդկաստանի նման երկրների համար ընտանեկան հեռուստասերիալները շարունակում են ունենալ անասելի մեծ դիտողականություն:   

Այսօրվա հնդկական սերիալների մի մասը փորձ է անում պահել հին սերիալային ժառանգությունը և, օրինակ, նկարագրել գյուղական մի փոքրիկ միջավայրում սոցիալական այս կամ այն խնդիրը: Նաև ընդգրկում է համընդհանուր թեմաներ՝ սեր, ատելություն, դավաճանություն:

Լինելով քիչ ծախսատար և հետևաբար նաև մատչելի արտադրանք, ինչպես նաև կրելով ռոմանսի և մարդկային հարաբերությունների (կին-տղամարդ, կին-ամուսին, կին-սկեսուր, կին-հասարակություն), սպասումների և ապրումների ընդհանրության տարրեր՝ հնդկական սերիալները գրավում են այլ երկրների սպառողական շուկան, այդ թվում՝ հայկական:    

Կադր «Ի՞նչ կոչել այս սերը» սերիալից

2016 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից սկսած մեկը մյուսի հետևից հայկական եթերում հայտնվեցին հնդկական արտադրության հինգ հեռուստասերիալ: Այս պահին հնդկական հեռուստասերիալներն իրենց դիտողականության վարկանիշով առավել առաջ են, քան հայկական արտադրության որևէ հեռուստասերիալ: Ըստ Admosphere Armenia ընկերության հեռուստաեթերի մոնիտորինգի տվյալների՝ ամենավարկանիշայինը «Մերժվածը» հեռուստասերիալն է, որին հաջորդում են «Թռիչքն» ու «Ի՞նչ կոչել այս սերը»:  

Նշված սերիալների սյուժեներն այնքան խճճված են և բազմաշերտ, որ եթե անգամ դրանք կրում են որոշակի սոցիալական ուղերձ, օրինակ, սելեկտիվ աբորտի խնդիր, բարձր և ցածր դասի ներկայացուցիչների շփում, անչափահասների և երեխաների ամուսնության խնդիր, անհատական գերլարված հարաբերությունների ներկայցման պարագայում այդ ուղերձը կորում է, դառնում աննկատ և անհասկանալի:

«Թռիչք» սերիալի պաստառը

Օրինակ՝ «Մերժվածը» ներկայացնում է երկու տարբեր դասի ներկայացուցիչների ճակատագրեր, երկու տարբեր խավերի միջև հնարավոր սեր և պայքար, ինչպես նաև բարու-չարի դերաբաշխում: Բայց սյուժեն այնքան խրթին է, որ 1549 սերիաների արանքում հաճախ մոռանում ես, թե՛ ուղերձի, թե՛ «մերժվածի» մասին. Վիրը սիրում է Իչային, Իչան սիրում է Վիրին, բայց Վիրին սիրում է նաև Իչայի ընկերուհի Տապուն, որը խաբեությամբ ամուսնանում է Վիրի հետ: Այդ ընթացքում Իչան ամուսնանում է Վիրի եղբոր՝ Վանշի հետ, որը թմրանյութ է օգտագործում, որին անձնազոհաբար փորձում է օգնել Իչան, բայց որը որոշ ժամանակ անց մահանում է: Չնայած իր հանդեպ անարդար վերաբերմունքին Իչան շարունակում է սիրել բոլորին՝ հանգուցյալ ամուսնուն, նախկին սիրեցյալ Վիրին, Վիրի կնոջը՝ իր ընկերուհի Տապուին, և առհասարակ Տապուի և իր նախկին ամուսնու ողջ ընտանիքին:   

Նման համընդանուր և համամարդկային զգացմունքների վրա խաղացող և այդ ապրումներով համեմված պատմությունները դառնում են բարձր դիտողականության համար հիմք: Ավելին, խոցելի կարող է դառնալ հեռուստադիտողի այն խումբը, որը նախ իր և հեռուստասերիալի միջև գտնում-տեսնում է որոշակի համընդհանրություններ և ապրումակցում է սերիալային կերպարին:

Երկրորդ խումբն ինքնին «ձայնազուրկ» է. իրական կյանքում իր ձայնը լսելի դարձնելու փոխարեն որդեգրում է պասիվ վարքագիծ: Նրա ձայնը կարող է կուլ գնալ հեռուստասերիալի դրամատիկ էկրանավորմանը:

Իսկ այդ ամենի արանքում առկա միջանցիկ բռնությունները, սպառնալիքներն ու հոգեբանական մանիպուլյացիաները սկսվում են դիտարկվել որպես նորմ՝ արդեն իսկ նրա իրական կյանքում:  

Հեռուստադիտողին գերում է իր և սերիալային կերպարի (կամ մի քանի կերպարների) կյանքի նմանատիպ որոշ դրվագների համընկնումը՝ սեր և սիրային կապեր, դավաճանություն, ներում և այլն: Այս փոքրիկ դրվագները նպաստում են հեռուստասերիալի և դիտողի միջև «մտերիմ հարաբերությունների» ստեղծամանը:

Դիտողը հեռուստասերիալում տեսնում է իր նմանին (թեև էկրանից այն կողմ), կիսում սերիալի կերպարների մտորումներն ու տառապանքը, ցանկություններն ու սպասումները: Ավելին, նա միշտ գլխավոր կերպարի մասին իմանում է ավելին, քան մյուս կերպարները՝ դրանով իրեն ավելի մոտ համարելով տվյալ կերպարին:

Բռնության և սպառնալիքի տեսարանների արանքում հեռուստադիտողը հասցնում է երազել այն մի կտոր սիրո ու գուրգուրանքի մասին, որին արժանանում է սերիալային կերպարն ամեն անգամ բռնության և ստորացման ենթարկվելուց հետո:

Այս առումով, չնկատել հայկական սերիալների «առավելությունն» ու հեռուստադիտողի վրա ավելի մեծ ազդեցություն ունենալու հնարավորությունն անհնար է. հայկական հեռուստասերիալի դեպքերն ու դեմքերն ավելի մոտ են, իրադարձություններն ու իրավիճակներն ավելի հասկանալի և հարազատ, անուններն ավելի ճանաչելի և «իրական»:

Ավելին, դերասանների հետ մշտական և անմիջական հետադարձ կապն ավելի է մեծացնում հեռուստադիտողի կապը սերիալի և կերպարների ճակատագրերի հետ:

Այս սերիալներն ամեն օր նույն ժամին մտնում են յուրաքանչյուր դիտողի տուն և ընտանիք՝ ստեղծելով թե՛ կապ, թե՛ կախվածություն:

Այն դառնում է հեռուստադիտողի համար օրն ամփոփելու կամ «սպանելու» միջոց: Եվ այնուհանդերձ, անգամ այդքան գունավոր հնդկական սարիների և երաժշտության արանքում հնդկական հեռուստասերիալները, ի համեմատ հայկականի, բռնության և խոսքային վարքագծի տեսանկյունից մնում են խամրած և գունատ: Բայց սա բոլորովին այլ պատմություն է:

Չնայած մի շարք սոցիալական խնդիրների մակերեսային արծարծմանը, հայկական եթերում հայտնված հնդկական հեռուստասերիալները շարունակում են հիմնված լինել հայրիշխանական կարծրատիպերի վրա: Դրանք թեև չեն պարտադրում, բայց հուշում են և ցուցադրում, թե որն է «իսկական և ճիշտ» կամ ընդունված կնոջ վարքագիծը, և ինչպիսին պետք է լինի կանացիությունը, ընտանեկան կյանքն ու հարաբերությունները:   

Սերիալներում պատկերված չամուսնացած աղջիկները նստում և սպասում են իրենց բախտին, իսկ նրանք, ովքեր արդեն ամուսնացած են կամ այրի, հլու-հնազանդ խնամում են ընտանիքի բոլոր անդամներին: Իսկ այն կին կերպարները, որոնք ֆիզիկապես գրավիչ են և ակտիվ, հիմնակում պատժվում են իրենց «անբարո» ցանկությունների և վարքի համար:  

Հեռուստասերիալներում դրական կանանց կերպարները բացառապես «ձայնազուրկ» տնային տնտեսուհիներ են և իրենց երջանկությունը գտնում և պահպանում են  տան տիրույթում: Անգամ ամենաճնշող իրավիճակներում, երբ ամուսինը թմրանյութ օգտագործող է, հարբեցող կամ բռնության է ենթարկում կնոջը, խրախուսվում է, որ կինը շարունակի լռել, հոգ տանել, հանդուրժել և ավելին՝ երջանիկ մնալ տան պատերի ներսում:

Մտահոգիչը հատկապես այդքան մեծ թվով սերիալների միաժամանակյա ցուցադրությունն է: Փրայմ թայմում ցուցադրված դրանց մեծ հոսքը, գումարած հայկական սերիալների ոչ պակաս առատությունը, հեռուստադիտողին պահում է կտրված իրական տեղական մի շարք կարևոր սոցիալական խնդիրներից: Մնում է մտորել և հարցնել՝ պատահականությու՞ն, թե՞ որոշակի քաղաքականություն:

Անի Կոջոյան
լեզվի, հաղորդակցության և գենդերային ուսումնասիրությունների հետազոտող

Հ.Գ.
Կարդացեք հոդվածաշարի առաջին մասը՝ «Հեռուստասերիալի հետքերով` ԱՄՆ-ից Մեքսիկա»

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?