Քանի որ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մտադիր է նախաձեռնությամբ հանդես գալ՝ ՀՀ օրհներգը փոխելու և Արամ Խաչատրյանի գրած օրհներգին վերադառնալու վերաբերյալ, որոշեցի հրապարակել «Մայրենիք» եռագրության «Հիմն» վեպից մի հատված՝ օրվա թեմային համահունչ։
ՀՀ օրհներգի մասին օրենքի վերջին կետով սահմանվող «անցումային դրույթ»-ը դամոկլյան սրի պես կախվել է «Մեր հայրենիքի» գլխին, որը փոխելու կողմնակիցները հիմնականում վեց փաստարկ են առաջ քաշում:
Առաջինը՝ հայկական չի։
Ոմանք պնդում են, որ խոսքերն են փոխառված, ոմանք՝ վիճարկում մեղեդու հայկականությունը։
Նման նեղմիտ մտածողությամբ Տերյանի «Էստոնական երգն» էլ կարելի է համարել էստոնական, իսկ Շեքսպիրի «Համլետը»՝ դանիական։
Ենթադրենք «Իտալացի աղջկա երգը» իսկապես գրվել է Մերկանտինիի «Սարպիի հնձվորուհուց» ոգեշնչված, և ի՞նչ։ Թեմատիկ ընդհանրությունից ու երկու տողի հեռավոր նմանությունից բացի ոչ մի հիմնավորում չկա, որ Նալբանդյանի գործը վերջինիս ազատ թարգմանությունն է։ Ընթերցեք, ինքներդ կհամոզվեք։
Նույն հաջողությամբ ներշնչանքի աղբյուր կարող է համարվել Ստեփան Ոսկանյանի հրապարակումներից մեկը՝ Եղիշեի հայտնի խոսքերի շրջաբանությամբ․ «Տիկնայք փափկասունք Իդալիոյ աշխարհին որ գրգեալք ու գգուեալք էին․․․»։ Ոսկանյանը գրում է, որ «փափկասուն քոյր մը» իր ձեռքով դրոշ էր գործել, հանձնել գարիբալդիական եղբայրներից մեկին, իսկ նրանց մայրը ողջ ունեցվածքը վաճառել էր զենքի դիմաց։
Գալով մեղեդուն։ Ենթադրաբար գործ ունենք թափառող մոտիվի հետ, որն առաջին անգամ մշակվել է Կարա-Մուրզայի կողմից (1883) ու կատարվել որպես «Իտալացի աղջկա երգ» 1885-ին Թիֆլիսի Արծրունու թատրոնում։
Ուստի, սրանից ավելի քան մեկ տասնամյակ անց ստեղծված Գլազունովի «Ռայմոնդայի» երրորդ արարի «Հունգարական շքերթ»-ում հնչում է կամ նույն թափառող մոտիվի այլ մշակում, կամ հենց «Մեր հայրենիք»-ի վարիացիա։
Փաստը մնում է փաստ, որ հայկական երգը տասը տարուց ավել երգվում էր, երբ գրվել է ռուսական բալետը։ Կանաչյանը լրամշակել է Կարա-Մուրզայի տարբերակը։ Հակառակը թող ապացուցեն Կոմիտասի անվանի աշակերտին գրագողության մեջ անհարկի մեղադրողները։
Հարց է ծագում․ ո՞ւմ սնահավատ միտքն է ծնել իտալական ուրվականին, որի ստվերը չի նշմարվում որևէ հավաստի աղբյուրում, այդ թվում՝ իտալական։
Ի դեպ, Իսրայելի օրհներգի մեղեդին 16-րդ դարի իտալական երգ է, որ լայն տարածում է գտել Արևելյան Եվրոպայի շատ ժողովրդների մոտ, իսկ երգահանն օգտվել է ռումինական տարբերակից։ Խոսքերը ռոմանտիզմի շնչով գրված, արցունքաշատ մի պոեմից են, մեղեդին՝ մինոր լադի մեջ, բայց արի ու տես, որ դրա ազգային բնույթը հրեաների մոտ կասկած չի հարուցում։
Ի վերջո, ի՞նչ է ազգայինը և ի՞նչ է հայկականը։ Ինչքանո՞վ է ազգային Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, երբ հայտնի է, որ գնդակ տշելը Հայկ Նահապետի սիրած զբաղմունքը չէր, իսկ հավաքականում ոչ բոլոր խաղացողներն են պարտադիր կերպով հայեր։
Ինչու՞ ֆուտբոլի «ազգայինը» կասկած չի հարուցում, իսկ հայ մեծանուն դասականների կողմից հեղինակված, ժամանակի փորձությանը դիմացած, աշխարհասփյուռ հայության համար առնվազն ճանաչելի, (թե չասենք՝ սիրված), երկու հանրապետության պետական խորհրդանիշ հանդիսացող օրհներգի հայկականությունը դեռևս քննարման առարկա է։
Երկրորդը՝ օրհներգ չի։
Ընդհանրապես պետական օրհներգների մեծ մասը ստեղծել են նախ որպես ժողովրդական, հայրենասիրական, հեղափոխական երգեր, կրոնական հիմներ, զինվորական քայլերթեր, կամ պարզապես գահ ու գահակալին ուղղված ձոներ։
Ազգային խորհրդանիշը երաժշտական ժանր չի, թեպետ օրհներգի առավել տարածված ձևերը հիմներն ու քայլերգերն են, սակայն տեսականորեն, օրենքով սահմանվելու դեպքում քոչարին էլ կարող է դառնալ պետական օրհներգ։
Դե յուրե 1999-ին ընդունված Ճապոնիայի օրհներգի խոսքը 9-րդ դարի բանաստեղծական ժողովածուից վերցրած, կայսերը փառաբանող սեղմ քառատող է (հայկական չափանիշով՝ կարճ կենաց), իսկ մեղեդին՝ հնգատոն լադում 11 պարզ տակտ։
Երրորդ՝ չի ոգևորում։
Մեկին ոգևորում է, մյուսին՝ ոչ։ ՀՀ քաղաքացիների, առավել ևս աշխարհասփյուռ հայության կարծիքը պարզելու համար վստահելի հարցում չի արվել։ Այնուհանդերձ, դժվար է պատկերցնել, որ Հայաստանի ազգային որևէ հավաքական աշխարհի չեմպիոն ճանաչվի ու հայաստանցին ու հայությունը չպանծան, երբ այդ առիթով հնչի երկրի «չոգևորող» օրհներգը։
Ի դեպ, վերը նշված Ճապոնիայի օրհներգը պաշտոնապես ընդունելու տարում դասատուներն ընդդիմացան այն դպրոցներում պարտադիր հնչեցնելու օրենքի պահանջին։ Հերոսիմայից մի ուսմասվար նույնիսկ ինքնասպան եղավ։
«Մեր հայրենիքը»-ի ընդդիմախոսներից քանի՞սն են պատրաստ ճապոնացի ուսմասվարի օրինակին հետևել, իսկ քանի՞սն են հիշում Սարդարապատում «յուր ազգի ազատության» համար զոհվածներին։
Չորրորդ՝ լավատեսական չի։
Թյուր կարծիք կա, որ օրհներգը պիտի լինի կենսահաստատ ու լավատեսական, իսկ մահվան թեման շրջանցվի։ Համաձայնվողներին խորհուրդ է տրվում կարդալ Մարսելյեզը, թե չմտափոխվեն՝ ԱՄՆ-ի, Իտալիայի, Արգենտինայի և այդպես շարունակ մի քանի տասնյակ պետական օրհներգերի խոսքեր, որոնցում և՛ ոսոխ կա, և՛ արյուն, և՛ զոհվելու բազում խրոխտ կոչեր։
Չարժի անտեսել, որ երկարաշունչ «Իտալացի աղջկա երգը» ու քառատուն «Մեր Հայրենիք»-ը նույնական չեն։ «Թշվառ, անտերը» դարձել է «ազատ, անկախ», «․․կործանվի Ավստրիան»՝ «․․պանծա Հայաստան»։
Նախկինում երգված «շղթաներով» տունի փոխարեն ներկայումս երգվում է դրան հաջորդող՝ եռագույնի մասին երկու ավելի դրական քառատող, և «մահը»-ը մնում է իր տեղում՝ վերջում, ինչպես և հարկն է։
Հազիվ թե պատեհ-անպատեհ սրա-նրա ջանին ու կյանքին մեռնող հային կարող է խիստ բարդույթավորել «յուր ազգի ազատությամբ» զոհվողին երանի տալը։
Հինգերորդ՝ դաշնակցական է։
Հայաստանի երրորդ հանրապետությունն իր գոյությամբ պարտական է առաջինին, հետևաբար հենց այնպես չեն փոխառվել բոլոր երեք խորհրդանիշները՝ դրոշ, զինանշան, օրհներգ, որ ի սկզբանե ժամանակավոր և հավասարապես «դաշնակցական» էին, բայց պատմության հրամայականով դարձան վերջնական, հետո՝ համազգային։
Եթե հարկ է հրաժարվել սեփական պատմությունից, ուրանալ, մոռանալ անցյալն ու ամեն ինչ սկսել զրոյից, ապա պետք է փոխել բոլոր երեք խորհրդանիշները, ավելին՝ երկրի անունը։ Մինչդեռ դրոշն ու զինանշանը պաշտպանված են սահմանադրությամբ և համապատասխան օրենքներով, իսկ «Մեր հայենիք»-ի նկատմամբ երկակի ստանդարտ է կիրառվել։
Վեցերորդ՝ անհամահունչ է։
Երաժշտագետները պնդում են, որ խոսքն ու մեղեդին անհամահունչ են, դասական վանկերի շեշտավորման սխալ կա, և ի՞նչ։ Ուրուգվայի օրհներգում էլ իսպաներեն վանկերի շեշտավորման սխալ կա, բայց դա պետական խորհրդանիշը փոխելու դրդապատճառ չի դարձել։
Վերջ ի վերջո, Հայաստանի վերընթաց թռիչքը կվանտա կամ կվինտա կամային քայլով չի պայմանավորված, ոչ էլ «Մեր հայրենիք»-ի վերից վար ընթացքով։
Արմեն Օհանյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Ես երաժշտագետ չեմ, բայց մեր
Ես երաժշտագետ չեմ, բայց մեր այժմվա հիմնը լավն է, բերված բոլոր հիմնավորումներն էլ տեղին են:
Ուզում եմ հիշեցնել, որ ժամանակին Արմեն Աշոտյանն ուզում էր նախագիծ առաջարկեր Հայաստանի Հանրապետության անունը փոխելու և Արևելյան Հայաստանի Հանրապետություն վերանվանելու վերաբերյալ, այդ ժամանակ, որպես ՀՀ քաղաքացի ինձ մի հարց էր տանջում, թե՞ այդ անվանափոխությունն ինչպես կազդի ներկա ՀՀ-ում գոյություն ունեցող աղքատության վերացման վրա:
Հիմա պետական օրհներգի փոփոխության մասին լսելիս նույն հարցն է առաջանում ինձ մոտ: