Սթիվեն Սփիլբերգի «The Post» նոր ֆիլմը պետք է հայտնվեր հենց հիմա և հենց հիմա էլ դիտվեր ու քննարկվեր (միգուցե նաև արժանանա Օսկար մրցանակի, որի հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մարտի 5-ին):
Այս ֆիլմը կարծես լինի քարտեզ, որի վրա սլաքներով ու ուղենիշներով պատկերված է, թե ինչպես է հասունանում մեդիայի դիրքորոշումը և ինչպես է այն ազդում կյանքի բոլոր ոլորտների վրա:
Չափազանց դասական (երկար ավանդական կադրերով ու երկխոսություններով նկարահանված ու աստղային կազմ ունեցող) «The Post»-ը այսօրվա իրավիճակը զննում է մինչինտերնետային դարաշրջանի լրագրողների դիրքերից:
Եվ եզրակացնում է՝ փաստերը թաքցնելը, անգամ երբ դրանք ջանում են թաքցնել պետության առաջին դեմքերը, երբեք լավ բանի չի հանգեցնում: Օրինակ, նախագահները պաշտոնանկ են լինում, լրագրողները այլասերվում են, իսկ հասարակությունը՝ հիվանդանում:
«Հույժ գաղտնի» պիտակով փաստաթղթերի կապոցները հիմնականում ստոր բաներ են թաքցնում: Այդպես եղել է միշտ:
Եվ այդպես եղել է 1971 թվականին, երբ հայտնի դարձավ, որ ԱՄՆ կառավարությունը՝ հասկանալով, որ Վիետնամի դեմ պատերազմում հաղթելու շանսեր չունի, միևնույն է սկսել ու շարունակել է պատերազմը, քանի որ պատերազմները միշտ լավ առիթ են պահպանելու իշխանությունը:
Ռազմական քողն ու պաթետիկ ճառերը անհրաժեշտ էին ԱՄՆ նախագահ Նիքսոնի (իսկ մինչ նա, նաև Այզենհաուերի ու Քեննեդիի) ադմինիստրացիային:
Բայց փոքր, տեղական նշանակություն ունեցող ու սեփական դիրքորոշումը որոնող «Վաշինգթոն փոստ» թերթը որոշում է, որ այն, ինչը պետք է նախագահին, անպետք է հասարակության համար: Եվ ձեռնարկում է «Պենտագոնի փաստաթղթեր» անվամբ հայտնի սկանդալային հրապարակումների շարքը:
Ավելի ճիշտ, «Փոստը» երկրորդ հրապարակողն էր, առաջինը «Նյու Յորք Թայմս»-ն էր, որի դեմ արդեն դատական գործ էր սկսվել, և այդ հզոր հեղինակավոր թերթը մեղադրվում էր պետական գաղտնիքի արտահոսքի համար:
Ընդհանրապես, բոլոր տեսակի պայքարներում ամենադժվարը երկրորդը լինելն է: Առաջինները միշտ գտնվում են, բայց եթե չլինի երկրորդը, առաջինը քայլը մարում ու արժեզրկվում է:
1970-ականներին «Վաշինգթոն Փոստ» թերթի գործերը լավ չէին, «հարվածային» նյութեր չկային: Արդիական թեմաների որոնումները թերթի համար օրհասական խնդիր էին, քանի որ մասնավոր, ընտանեկան բիզնես հանդիսացող թերթը փորձում էր միաժամանակ լինել թե՛ հնչեղ մեդիա, թե՛ ռիսկային քայլերից ապահովագրված բիզնես, որի հենասյունը պաշտոնյաների հետ լավ հարաբերություններն էին: Եվ «Փոստը» որոշում է կայացնում…
Ամերիկյան կինոկուռք Սթիվեն Սփիլբերգը, որը շատ լավ կարողանում է մանևրել հեղինակային ու զանգվածային կինոյի արանքում, որոշեց այս կոնկրետ դեպքի հիման վրա ֆիլմ նկարահանել՝ պահպանելով փաստերի վավերագրական ճշգրտությունը և հրավիրելով երկու կարևորագույն կինոդեմքերին՝ Մերիլ Սթրիփին ու Թոմ Հենքսին:
Այդ երկու դերասանները Ամերիկայի փառքն ու պատիվն են, բազմակի ու տարբեր մրցանակակիրներ լինելուց բացի, նրանք Ամերիկայի սիմվոլներն են (շատ են էկրաններին ու ունեն անվեհեր հեղինակություն):
Սփիլբերգը նրանց շնորհիվ սիմվոլիկ նշանակություն է հաղորդում լրատվամիջոցների դերին: Կես դար առաջ լրագրությունը ռոմանտիկ մասնագիտություն էր, քանի որ պահանջում էր որոշակի քաջություն ու պատասխանատվություն: Կինոն այսօր նույնը ակնկալում է մեդիայից:
«The Post»-ը (որի վերնագիրը կարելի է թարգմանել թե՛ որպես թերթի կրճատ տարբերակ, թե՛ որպես «Հրապարակում») դասական ֆիլմ է դասական մասնագիտության մասին, որն այսօր ԱՄՆ-ում տեղի ունեցող նախագահ-մեդիա լարված ու պատերազմական իրավիճակ հիշեցնող հարաբերությունների ֆոնին հնչում է շատ թարմ:
Լրատվամիջոցները ստիպված են նորից վերգտնել իրենց:
Երբ ԱՄՆ նախագահի թեթև ձեռքով կյանքը լցվեց «ալտերնատիվ փաստերով» ու «ֆեյք լուրերով», պարզ դարձավ, որ լրագրողները ստիպված են ընտրել՝ կա՛մ լինել իրոք լրագրողներ, կա՛մ դիրքորոշում լղոզողներ:
«Փոստ» ֆիլմը դիրքորոշում ունենալու փաստը ռոմանտիկացնում է:
Ազատորեն աշխատելը գրավիչ է: Դժվար է, բայց գրավիչ: Օրինակ, դժվար է «Վաշինգթոն Փոստի» գլխավոր խմբագիր Բեն Բրեդլիի (Թոմ Հենքս) նման ասել. «Մենք չենք կարող թույլ տալ, որ Սպիտակ տունը թելադրի, թե որ լրագրողը ինչ պետք է լուսաբանի»: Թեկուզ խոսքը ընդամենը նախագահի դստեր հարսանիքի լուսաբանման մասին է:
Եվ երբ «Վաշինգթոն փոստը» որոշում է կայացնում, ի վերջո, հրապարակել գաղտնի փաստաթղթերն ու միանալ մեդիայի պայքարին, ամեն ինչ իր տեղն է ընկնում: «Վաշինգթոն Փոստ»-ին դատարանը արդարացնում է, հրապարակումները շարունակվում են, Նիքսոնն ինքն իրեն վարկաբեկում է, իսկ հասարակությունը՝ ազատ շունչ քաշում:
Այդ հրապարակումներով նաև սկիզբ է դրվում նոր պատմական էջի, որի շարունակությունը որոշ ժամանակ անց դառնալու է Ուոթերգեյթը:
«Փոստ» ֆիլմը այդքան էլ դիտարժան ու «արագավազ» (սյուժեի զարգացման իմաստով) ֆիլմ չէ, ինչպեսև երկու տարի առաջ Օսկարի արժանացած «Spotlight» ֆիլմը, որի առանցքում լրագրողների առօրյան էր ու նրանց մաքրագործող դերը:
Բայց «Փոստ»-ը դիտելը օգտակար է նախ որպես ժամանակի մանրակրկիտ ներկայացում:
1970-ականները գեղեցիկ են բոլոր դետալներում՝ որպես միջավայր, հագուստ, սովորություններ: Լրագրողների սեղաններին թուղթ ու գրիչ կամ ստեղնաշարային գրամեքենաներ, նրանք ֆիզիկական, ոչ վիրտուալ, որոնումներ են կատարում բազմահատոր փաստաթղթերում (հենց թղթերում), միմյանց զանգահարում են փողոցային հեռախոսախցիկներից ու անպայման ծխում են: Ծխելը կենսակերպ էր ու ազատության նշան:
Հետո մետաղական գրաշարերով շարվում են տեքստերը, ծանր տպագրական հաստոցները տառ առ տառ հավաքում են ապագա թերթը, որի տրցակները վաղ առավոտյան հայտնվելու են փողոցներում ու կրպակներում:
Մինչթվային դարաշրջանը, իրոք, շատ գեղեցիկ է: Լրագրողները ոչ թե համակարգիչների մեջ են սուզված, այլ իրար գլխի հավաքված «որսում» ու փոխանցում են փաստաթղթերի էջերը՝ ընդգծելով ու համադրելով ապագա հոդվածները: Հետո խորհրդակցում են փաստաբանների հետ, ամեն մի տողն ու աղբյուրի հետ աշխատելու ձևը հարմարեցնելով օրենքներին:
Շատ գեղեցիկ տեսարան է, երբ թերթերը բեռնատարներից նետվում են մայթեզրերին ու մարդիկ մոտենում են, որպեսզի առաջինը համոզվեն՝ կա՞ն «Պենտագոնի թղթերը», թե՞ թերթը նահանջել է:
Ռոմանտի՞կ է: Այո: Ճի՞շտ է: Իհարկե:
«Եթե պարտվի մեկ լրատվամիջոց, կպարտվեն բոլորը»,- «Վաշինգթոն Փոստի» առաջատար լրագրող Բեն Բաղդիկյանի այս կռվանը ֆիլմի շարիչ ուժն է:
Ֆիլմն ավելի շուտ մեդիայի սեփականատերերի ու հրատարակիչների մասին է, այսինքն նրանց, ովքեր որոշում կայացնողներ են: Եվ ում համար վաղեմի ընկերության ու աշխատանքի երկընտրանքն, ի վերջո, թեքվում է դեպի պրոֆեսիոնալ մնալու ցանկությունը: Դժվար է լինել երկրորդը, երբ առաջինը որակավորվում է որպես «ազգի դավաճան»:
Բայց Բեն Բաղդիկյանի (դերասան Բոբ Օդենքըրք) համար երկընտրանք չկա, նա ոչ միայն փորձառու լրագրող-վերլուծաբան է, այլև պատրաստ լինելու հարվածի տակ:
Աստղային դերակատարներ Հենքսն ու Սթրիփը այս լրագրողական հետաքննության ու բարոյական ընտրության ճակատային դեմքերն են, իսկ Բեն Բաղդիկյանի կերպարն այնպիսին է, որ նրա վրա հույս դնելով են թերթի պատասախանտուները կարողանում իրենց թույլ տալ լինելու քաջ:
Բեն Բաղդիկյանը տարիներ առաջ media.am կայքին տված հարցազրույցում ասել է. «Այն պետություններում, որտեղ լրատվամիջոցները ղեկավարվում կամ ճնշվում են կառավարության կողմից, առաջին հերթին անհրաժեշտ է ստեղծել անկախ մամուլ»:
Եվ այդ միտքը Պուլիցերյան ու Փիբոդի մրցանակների արժանացած լրագրող, դասախոս ու մեդիա վերլուծաբան Բեն Բաղդիկյանի համար անբեկանելի փաստ է:
Անկախ մամուլ ունենալու կենսական պահանջը, թեկուզ մեծ ռիսկերի գնով, «The Post» ֆիլմում հնչում է թերթի սեփականատեր ու հրատարակիչ Քետրին Գրեհեմի շուրթերով, որը Մերիլ Սթրիփի դեմքն ու էներգիան ունի:
Կինը որպես ղեկավար ու որոշում կայացնող այս ֆիլմին հաղորդում է առանձնահատուկ հմայք: Իսկ Մերիլ Սթրիփը կրկնապատկում է այդ հմայքը:
Իհարկե, Գրեհեմ-Սթրիփին սկզբում լուրջ չեն ընդունում: Իհարկե, նա վարանում է, մանավանդ, որ ինքը չէր էլ ձգտել լինելու հրատարակիչ և պարզապես ժառանգել է այս բիզնեսն իր ամուսնուց: Իհարկե, նա վախենում է փող կորցնել ու հայտնվել բանտում:
Բայց գալիս է պահը, և նա մեղմ տնտային տնտեսուհու կեցվածքով ասում է (ընդ որում տնային զգեստով), որ պետք է հրատարակել այն փաստաթղթերը, քանի որ … պարզապես պետք է:
Ծեծված միտք է (բայց հենց ծեծված լինելու շնորհիվ էլ արդարացի), որ երբ ճնշվում է խոսքի ազատությունը, նախագահները հաղթում են, բայց պարտվում է երկիրը:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: