2011.01.28,

Տեսակետ

Բեն Բաղդիկյան. «Չի կարելի լրատվական օլիգարխներին հզորանալու ժամանակ տալ»

Բեն Բաղդիկյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայտնի լրագրող ու քննադատ է։ Երկար տարիներ աշխատել է Washington Post թերթում, եղել է Կալիֆորնիայի Բերքլիի համալսարանի ժուռնալիստիկայի դպրոցի դեկանը, հեղինակել է բազմաթիվ գրքեր։ Առավել հայտնի է «Media Monopoly» աշխատությունը, որ վերահրատարակվել է մի քանի անգամ եւ թարգմանվել է աշխարհի տարբեր լեզուներով։ Բեն Բաղդիկյանի մասին ավելի մանրամասն կարելի է կարդալ նրա ինտերնետային էջում՝ www.benbagdikian.net: Media.am-ի հարցազրույցը Բեն Բաղդիկյանի հետ արվել է 2006թ.-ին:

– Ի՞նչ ուշագրավ փոփոխություններ ու զարգացումներ են կատարվում հիմա աշխարհում զանգվածային լրատվության դաշտում։

– Ազատ շուկայական պետություններում, ինչպիսին ԱՄՆ-ն է և ուրիշ այլ երկրներ, տարբեր լրատվական միջոցները միաձուլվում են հզոր կորպորացիաների մեջ։ Այս պրոցեսը կանխելու համար պետք է պայքարել, որ կառավարության կողմից հակամենաշնորհային քայլեր ձեռնարկվեն, բացառվեն միավորյալ շահերը՝ լրատվամիջոցների անկախ իշխանությունը երաշխավորելու համար։

Իշխանություն, որ կառավարության վրա ներգործելու ավելի մեծ լծակներ է տալիս, քան ընտրողների քվեները են։ Այնտեղ, որտեղ տեխնիկապես կամ քաղաքականապես հնարավոր է, մեդիա տեխնոլոգիաներին քաջատեղյակ մարդիկ կարող են ստեղծել իրենց սեփական այլընտրանքային լրատվական միջոցները և համախմբեն ընտրողներին լրատվամիջոցների մոնոպոլիզացումը սահմանափակելու համար պայքարում:

Այն պետություններում, որտեղ լրատվամիջոցները ղեկավարվում կամ ճնշվում են կառավության կողմից, առաջին հերթին անհրաժեշտ է դիմադրել կառավարական մենաշնորհին, ստեղծել անկախ մամուլ՝ օգտագործելով հատկապես այն համակարգերը, որոնք կառավարությունը չի կարողանա ամբողջությամբ վերահսկել։

Այդպիսի օրինակ է ինտերնետը: Ինտերնետը կարելի է օգտագործել լուրջ և պատասխանատու հանրային տեղեկատվության համար, ինչն արագ կգրավի հանրության վստահությունը։

– Ինչո՞ւ է լրատվամիջոցների մոնոպոլիզացումը այդքան վտանգավոր:

– Ժամանակակից աշխարհում մարդկանց մեծ մասը այլևս չի բնակվում փոքր գյուղերում, որտեղ ինֆորմացիայի աղբյուրը բանավոր խոսքը կամ համայնքային հավաքներն են, իսկ հանրային քաղաքականությունը խմբակային որոշումներով է ձևավորվում:

Զարգացած կամ զարգացող երկրներում մարդիկ հիմնականում ապրում են մեծ քաղաքներում, չեն ճանաչում մեկը մյուսին և իրադարձությունների մասին հիմնականում տեղեկանում են զանազան լրատվական համակարգերից՝ թերթեր, ամսագրեր, գրքեր, ռադիո, հեռուստատեսություն, կինո…

Երբ այս ամենը կենտրոնանում է մի քանի կորպորացիաների կամ մեդիա մագնատների ձեռքում, ստացվում է այնպես, որ հենց այդ մի քանի մարդիկ են որոշում, թե ինչ պետք է իմանան քաղաքացիները, իսկ ինչ չպետք է իմանան:

Բնականաբար, այդ կոորպորացիաները հազվադեպ են շեշտադրում այն նորություններն ու վերլուծությունները, որոնք իրենց ձեռնտու չեն:

Հակառակը, նրանք ընդգծում են այն, ինչն ամրապնդում է իրենց իշխանությունը ու ծառայում իրենց, այլ ոչ թե ընդհանուր հանրության շահերին:

Քաղաքական գործիչները ցանկություն չեն ունենում հակամարտելու նման հզոր ուժերի հետ, քանի որ իրենք էլ են կախվածության մեջ լրատվամիջոցներից, որոնց օգնությամբ նրանք կարող են քվեներ շահել կամ էլ հակառակը՝ կորցնել:

Այսպիսով, քաղաքացու շահը լրատվական դաշտում դառնում է նվազ կարևոր, ինչից էլ տուժում է ժողովրդավարությունը։

– Երկրում կատարվող ո՞ր գործընթացներն են հանգեցնում լրատվական մենաշնորհին եւ ինչպե՞ս կարելի զարգացող երկրներում խուսափել դրանից։

– Սովորաբար մենաշնորհներ ձեռքբերած ընկերությունները սկսում են մեկ լրատվամիջոցից՝ թերթ, ամսագիր, կամ ռադիոկայան։ Հետո նրանք ավելի ու ավելի են ընդլայնում իրենց սեփականությունը՝ հասկանալով, որ լրատվական իշխանությունը ոչ միայն եկամտաբեր է, այլև հզոր քաղաքական զենք է:

Հենց երկրում մեկնարկում է հավելյալ լրատվամիջոցների ձեռք բերման գործընթացը, պետք է հասարակությանը կոչ անել զգոնությամբ հետևել այն կորպորացիաներին, որոնք ակնհայտորեն փորձում են հավելյալ լրատվամիջոցների սեփականատեր դառնալ:

Պետք է շատ արագ ձև գտնել կառավարությանը ստիպելու, որ սահմանափակի լրատվական դաշտում կորպորատիվ իշխանությունը: Որքան շուտ, այդքան լավ:

Եթե լրատվական օլիգարխներին հզորանալու ժամանակ տրվի, ապա կառավարության բարեհաճությունը արդեն կլինի ոչ թե բողոքող քաղաքացիների, այլ օլիգարխների կողմը:

Ինձ համար հեշտ է այս ամենն ասելը, քանի որ Միացյալ Նահանգները, ճիշտ է, վաղուց արդեն լրատվական մագնատների ձեռքին է, բայց խոսքի ազատությունը պաշտպանված է:

Շատ այլ պետություններում բողոքներն ու քննադատությունը դաժանաբար ճնշվում են: Օրինակ, Ուկրաինայում նախկին կառավարությունը առանց վարանելու սպանեց ընդդիմադիր լրագրողներին: Ես շատ ուրիշ երկրներում էլ եմ եղել, որտեղ ընդդիմությունը հալածվում է կառավարության կողմից:

Ուստի չեմ ուզում նաև, որ իմ խոսքերն ու պայքարելու կոչերը շատ ինքնավստահ տպավորություն թողնեն:

– Lրատվամիջոցնե՞րը ավելի մեծ կախում ունեն քաղաքական գործիչներից, թե՝ հակառակը։

– Քաղաքական գործիչներն ամենուրեք կախված են լրատվամիջոցներից, որպես ընտրողների վրա ազդելու հզոր միջոցից: Այդ պատճառով էլ շատ կառավարություններ փորձում են արգելել ազատ լրատվամիջոցների գոյությունը:

Մյուս կողմից, հենց լրատվական մագնատները բավականաչափ հզորանում են, նրանք կարողանում են իրենց ենթարկել կառավարությանը կամ էլ, որ առավել հաճախ է պատահում, կառավարությունը ու լրատվամիջոցները սերտաճում են միմյանց:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ ավանդական լրատվամիջոցների թվայինի փոխակերպման արդյուքնում որոշ լրատվամիջոցներ պարզապես անհետանան, օրինակ, տպագիր մամուլը։

– Ինտերնետը մեծ ազդեցություն է գործել լրատվական դաշտի վրա: Բայց ես չեմ կարծում, որ ավանդական մամուլը՝ թերթերը, ամսագրերն ու գրքերը անհետանան մոտ ժամանակներում:

Սովորաբար մեծ ծավալով ինֆորմացիան ավելի հեշտ է կարդալ տպագիր ձևով, քան թե համակարգչի էկրանից:

Ժամանակի ընթացքում ավանդական մամուլը գուցեև զիջի իր դիրքերը, բայց հիշենք, որ դեռ Հին Եգիպտոսում օգտագործվող ձեռագիր մագաղաթն ու ավելի ուշ հայտնաբերված տպագիր գիրքը 15 դար շարունակ խաղաղ գոյակցել են միմյանց հետ։

Մագաղաթները գործածում էին հիմնականում լատիներեն իմացող ուսյալները, իսկ տպագիր գրքերը մատչելի էին առավելապես հասարակ մարդկանց համար:

Որոշ ձևափոխումներ կլինեն լրատվամիջոցների մեջ. ասենք, գուցե ի հայտ գա հեռուստացույց-համակարգիչների նոր սերունդ։ Բայց կասկածում եմ, որ մոտ տասնամյակներում ժամանակակից լրատվամիջոցներից որևէ մեկը կանհետանա:

– Երբևէ ունեցե՞լ եք այնպիսի զգացողություն, որ մարդիկ ապրում են ոչ թե իրական աշխարհում, այլ այն վիրտուալ իրականությունում, որ ԶԼՄ-ներն են ստեղծում:

– Հասկանում եմ, թե ինչ նկատի ունեք: Ոչ, ես երբևէ վիրտուալ աշխարհում ապրելու զգացողություն չեմ ունենում, բայց նաև քաջ գիտակցում եմ, որ վիրտուալ աշխարհը շատ արագ է զարգանում։

Շատ մարդկանց համար այն արդեն դարձել է առաջնային ու իրական: Իմ հենման կետը սա է. դու չես կարող, չէ՞, քո սիրելիին համբուրել համակարգչով, սա բավական է, որ երես առ երես շփումները մարդկանց համար մնան գերադասելի բոլոր ժամանակներում:

Բայց դրան զուգահեռ կլինի նաև վիրտուալ աշխարհը որպես շփման այլընտրանք:

– Կա՞ մասնագիտական որևէ չափանիշ, որը փոխվել է այն ժամանակի ընթացքում, երբ աշխատում եք որպես լրագրող:

– Այո, կա: Դրական փոփոխություն եմ համարում այն, որ մեծացել է հարգանքը այլ հասարակությունների նկատմամբ: Եվ դա, իհարկե, շնորհիվ ժամանակակից հեռահաղորդակցական տեխնոլոգիաների:

Բացասական եմ համարում այն, որ հիմա ավելի մեծ տեղ է հատկացվում տեխնիկական հաղորդակցությանը, քան թե անմիջական, դեմառդեմ լրագրությանը:

Որպես օտարերկրացի թղթակից, մարդկանց հետ զրուցելով, նրանց լսելով ես բոլորովին այլ պատկերացում էի կազմել մարդկանց, հասարակությունների, երկրների մասին, քան կարող էի ստանալ համակարգչի միջոցով:

Համակարգիչը և մյուս տեխնոլոգիաները մեծ տարածում են ստացել, քանի որ մատչելի են ու հեռահաս, բայց դրանք չեն կարող փոխարինել որևէ տեղում գտնվող մարդու անմիջական ընկալումներին:

– Ինչո՞ւ որոշեցիք համատեղել լրագրողի ու մամուլի քննադատի մասնագիտությունները:

– Մասամբ դա պատահաբար ստացվեց, բայց և այնպես, երբ սկսեցի ընդլայնել իմ լրագրողական աշխատանքը, հասկացա, որ մարդիկ և անգամ ամբողջ հասարակություններ, տուժում են անազնիվ և ոչ լիարժեք լրատվությունից:

Այսպիսով, սկսեցի համատեղել այդ երկու գործունեությունը՝ աշխատելով ներսում որպես պրոֆեսիոնալ լրագրող և դաշտից դուրս՝ որպես դիտորդ ու ուսումնասիրող: Շատ դեպքեր են եղել, երբ համեմատել եմ իմ աչքով տեսածն ու այն, թե ինչ են հաղորդում այդ մասին լրատվամիջոցները:

Հարցազրույցը՝ Նարինե Սաֆարյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *