2019.07.23,

Քննադատ

Հանրային հեռարձակողի ժամանակը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հանրային հեռուստաընկերությունից սպասելիքներն ու հիասթափության առիթները երբեք քիչ չեն եղել:

Հանրայինը լուրջ քննարկման թեմա է դարձել պարբերաբար: Բայց այդ քննարկումները հիշեցրել են ավելի շուտ բռնկումներ, քան հետևողական հարցադրումներ: 

Այդպիսի բռնկման առիթ եղավ հեռուստառադիոխորհրդի նախագահին ուղղված նրա խորհրդականի (այլևս նախկին) բաց նամակը, որին հետևեց պատասխանը

Արդյունքում, տեքստի ձև ստացան հարցեր, որոնք շատերն իրենց տալիս էին մտքում, սակայն առիթ չէր լինում դրանք տեսնելու հրապարակված: Սոցցանցերը հրապարակայնացրեցին Հանրային հեռարձակողից կուտակված նոր սպասելիքները՝ արդեն նոր, հետհեղափոխական ժամանակում: 

Հիմնական թեման փոփոխություններն են և դրանց գինը (նյութական) ու արժեքը (ինքնամաքրմանը պատրաստ հանրություն ունենալու ազդակները):

Հեռուստառադիոխորհրդի նախագահ Արա Շիրինյանը, որը նախագահ է դարձել Հայաստանի համար եզակի թափանցիկ ընտրակարգով, վստահ է, որ փոփոխությունները չեն կարող լինել արագ:

Պատասխանելով իր նախկին խորհդական Տիգրան Պասկևիչյանի այն պնդմանը, որ «իրավիճակը փոխելու համար պետք է անել կտրուկ և արմատական քայլեր», Արա Շիրինյանը ասել էր, որ դեմ է գրոհելու և վրեժխնդիր լինելու տրամաբանությանը և «համոզված է, որ ընտրել է երկար, բայց ճիշտ ճանապարհ»:

Այն, որ փոփոխությունները պետք է լինեն հանրային հեռարձակողի հայեցակարգում և փիլիսոփայության մեջ, ոչ ոք չի վիճարկում, քանի որ տարիներ շարունակ Հանրային հեռուստաալիքը եղել է փակ կառույց, որը կատարել է տարբեր ֆունկցիաներ՝ քարոզչից մինչև զվարճացնող: Եվ դա արել է այն մարդկանցով, ոճով ու ներդրումներով, որոնք կիրառելը հարկ է համարել տվյալ պահի Հանրայինի ղեկավարը: 

Արա Շիրինյանը media.am-ի հետ զրույցում ասաց, որ խնդիրները համակարգային են և բնավ պայմանավորված չեն մեկ անձով, և հարկ է հիշել, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը վերահսկող կառույց է, իսկ որոշումներ ընդունողը հեռուստաընկերության տնօրինությունն է:

Նա համոզված է, որ Հանրայինով պետք է երևա համերաշխություն, ոչ թե կռիվ: Եվ դրան հասնելու համար պետք է վստահել պրոֆեսիոնալներին: Ըստ նրա՝ մասնագիտական ամենալուրջ ներուժը հիմա Հանրայինում է:

Նա խնդրեց չշփոթել օբյեկտիվ չափանիշները հանրային գոհունակության հետ, քանի որ հանրությունը կազմված է բազմապիսի հանրույթներից, որոնք ուզում են եթերում արտացոլված լինել ու հղում ունենալ: Հետևաբար, բարդ է կառուցել ունիվերսալ, բոլորի համար ընդունելի Հանրային հեռուստատեսություն:

Բնական է, որ այն, ինչը ժառանգել է Հանրայինը, պիտի գնահատվի: Դա բարդ ժառանգություն է և բարդ գնահատում: Ի վերջո, կան ոչ միայն մութ ու գաղտնի աշխատանքային սխեմաներ, այլև ժառանգած քրեական գործեր:   

Տիգրան Պասկևիչյանը պնդում է, որ գնահատումը (հաղորդումների գնագոյացումը, հաստիքացուցակների վերանայումը, ֆինանսական ծախսերի նպատահարմարությունը և այլն) պիտի արվի անհապաղ: Որպեսզի հնարավոր լինի որոշել, թե ինչն է գերագնահատված և ինչը թերագնահատված: Նաև պիտանի կամ անպիտան՝ հետագա օգտագործման համար:

Նա ասաց media.am-ին, որ ցանկացած խնդիր Հանրայինում, ի վերջո, հանգում է ռեսուրսի գնահատմանը: Ընդ որում, ներուժը թե՛ փողն է, թե՛ մարդիկ, թե՛ գաղափարները: 

Մարդիկ, փող, գաղափարներ

Մարդիկ, փողն ու գաղափարները ունեն տրանսֆորմացվելու հատկություն: Հաճախ ենք տեսել, թե ինչպես են բարի նպատակներով, բարի մարդկանցով ու մեծ փողերով արվող քայլերը վերածվում հերթական ծանր ժառանգության, եթե դրանց տնօրինումը չի եղել բավականաչափ թափանցիկ, բաց ու հետադարձ կապի հնարավորությամբ: 

Ներուժի գնահատման անհրաժեշտությունը եղել է միշտ և կա հիմա: 

Ի վերջո, ցանկացած ժառանգություն գնահատվում է, որպեսզի հնարավոր լինի այն օգտագործել արդյունավետ: Հակառակ դեպքում, ժառանգությունը դառնում է բեռ: Փակում ես ու ոչ մեկի չես ասում, թե ինչ ունես:

Հանրային հեռարձակողը բարդ կապերով է կապված պետության, հանրության և նաև մասնավոր արտադրողների հետ: Կարելի է ասել, որ կապիտալիզմն իր ազդեցությունը փորձում է մեղմել հանրային նշանակության մեդիայով: 

Հանրայինը պետք է, որպեսզի լինի հուսադրող ու հստակ կանոններով գործող առնվազն մեկ հարթակ, որը կդիմակայի զանգվածային-վարկանշային լրահոսին, մասնավոր կապիտալի շահերին ու պետության հնարավոր միջամտությանը: 

Իհարկե, ցանկացած լրատվամիջոց ունի այդ դերակատարումը, բայց միայն Հանրայինի դեպքում է այն ձևակերպված: Մնում է այդ ձևակերպումը մեկնաբանել արդեն արդի ժամանակների համատեքստում:

Հիմա կարևոր է հասկանալ Հանրայինի թե՛ բովանդակային քաղաքականությունը, թե՛ կառավարման սկզբունքները, և որպեսզի հետագայում գործարքների հետևում բացառվեն կոռուպցիոն ռիսկերը: Բաց մրցույթների ու հրապարային քննարկումների միջոցով ռիսկերը նվազում են (գոնե մի քիչ), և հակառակը՝ ավելանում, եթե անցնցում փոփոխությունները արվում են միանձնյա (կամ գաղտնի կերպով արված հորդորներով):

ՀՌԽ նախկին նախագահ Ռուբեն Ջաղինյանն, օրինակ, վստահ էր, որ «հեռուստատեսության ոլորտում կտրուկ, շոկային քայլերը գործուն չեն, նույնիսկ վտանգավոր են», և հարկավոր է նրբանկատ անել փոփոխությունները:

Որքան համոզվեցինք, նրան քիչ բան հաջողվեց:

Այսօրվա իրավիճակում դժվար է ասել, որ նրբանկատը գաղտնին է, ավելի շուտ անցնցումն ու արդյունավետը առաջին հերթին բաց հայտարարվածն է: 

Եվ եթե կան հաջորդ եթերաշրջանի համար որոշված նախագծեր (իսկ այդպիսիք կան, օրինակ, սերիալներ), ապա անհրաժեշտ է հայտնել դրանց մասին: Տեսնել նոր արտադրանքի գնագոյացումն ու հեռանկարները: Զուտ հետաքրքրասիրությունից դրդված:

Հիմա հայտնի է միայն մեկ բաց մրցույթի մասին, որը ամփոփել է թարմ նախագծերը՝ ստացված ուղիղ հանրությունից: Մեկ ամիս առաջ հայտարարված նոր գաղափարների բաց հարթակը շատ է կարևորում ՀՌԽ նախագահը: 

Արա Շիրինյանը վստահ է, որ այն ցույց է տալիս նաև, թե ինչ է սպասում հանրությունը Հանրայինից: Իսկ Հանրայինին թույլ է տալիս նախապատրաստել և կազմակերպվել նոր հաղորդումների մուտքը եթեր:

Նա համոզված է, որ փոխել պետք է միայն այն ժամանակ, երբ գտել ես միանշանականորեն ավելի լավը: Լինի դա մենեջեր, հաղորդում, թե լրագրող:

Որոշումներում փակ լինելու ավանդույթը հենց այն ծուղակն էր, որ թույլ չէր տալիս հանրության տարբեր շերտերին որոշակի ազդեցություն ունենալ եթերի քաղաքականության վրա: Ցանկացած հաղորդաշար ներկայացվում էր որպես փաստ, անգամ նվեր սպառողներին: 

2018-ի ամռանը Արա Շիրինյանը այսպես է ձևակերպել մամուլի առջև ծագած մարտահրավերը. «Մամուլը շարունակում է մեքենայորեն վերարտադրել նախկին՝ իշխանության-հասարակության հաղորդակցության տրամաբանությունը, հիշողությունը, գիտելիքը և էմոցիանալ ֆոնը: Վտանգն այն է, որ այսպիսի մամուլն, ի վերջո, ստիպելու է նոր իշխանություններին կրկնել նախկինների սխալները, փակվել, հրաժարվել թափանցիկ կառավարման նորածիլ ավանդույթներից»:

Հանրության ուշադրությունը սևեռված է Հանրայինի վրա, քանի որ այն միակ հեռուստաալիքն է, որից հոգեպես և իրավաբանորեն ակնկալվում են բարեփոխումներ:

Հաստատ ավելի տխուր կլինի, եթե դադարենք սպասել ու պահանջել: 

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *