2018.07.26,

vox populi

Մամուլի պատասխանատվության ժամանակը

Ամերիկացի դիվանագետ Հենրի Քիսենջերն ասել է. «Քաղաքական գործիչների 90 տոկոսը փչացնում է մնացած 10 տոկոսի հեղինակությունը»:

Վերափոխելով այդ ասույթը` կարելի է ճշգրիտ բնութագրել այսօրվա հայկական մամուլը. լրատվամիջոցների 90 տոկոսը փչացնում է մնացած 10 տոկոսի հեղինակությունը:

Սա տեղի է ունենում հիմնականում «իշխանությանը վերահսկելու» մամուլի պարտականության շրջանակներում: Այս գործառույթն ինքնին պարտադիր է և օգտակար, հատկապես` նոր կառավարության համար: Բայց խնդիրն այստեղ ուրիշ է:

Մամուլը գրեթե չի նկատել, որ իշխանությունը փոխվել է:

Անշուշտ, մամուլը լուսաբանել է իշխանափոխության ընթացքը, առանձին դեպքերում նույնիսկ մասնակցել է հեղափոխությանը, բայց իր համար հետևություններ դեռ չի արել:

Ձևական տեսանկյունից մամուլի համար չկա տարբերություն, թե ում է վերահսկում՝ բռնատիրական կոռումպացված վարչախմբի՞ն, թե՞ ժողովրդի պահանջով իշխանության եկած կառավարությանը: Բայց մասնագիտական և բարոյական առումով այստեղ կան մի շարք խնդիրներ:

Նախ, լրագրողական հմտություններն ու գործիքակազմը, որոնք տարիներով հղկվել են նախորդ իշխանությանը թիրախում պահելու համար, չեն կարող նույն կերպ արդյունավետ լինել նոր, ծագումով տարբերվող իշխանության դեպքում:

Լավագույն օրինակը «Հրապարակի» ֆոտո-լուրն էր, որտեղ լրագրողը, գաղտնի լուսանկարելով նորանշանակ պետական չինովնիկին սրճարանում, հարցադրումներ է անում աշխատանքային ժամերը և հարկատուների միջոցները վատնելու մասին: Երկու օր անց այդ չինովնիկը բացահայտում է խոշոր կոռուպցիոն չարաշահումներ և ապօրինի հարստացման փաստեր:

Ընթերցողներն անմիջապես նկատեցին բութ գործիքը, որով լրատվամիջոցը փորձում էր «վիրահատել» առողջ մանկանը: Նրանց զայրացած մեկնաբանությունների տակ օրաթերթի խմբագիրը գրեց. «Լրագրողը տեսել է, արձանագրել է, լավ է արել, ճիշտ է արել: Միշտ ենք այդպես արել…»:

Սոցիալական ցանցերում հնչեցին հայհոյանքներ ու սպառնալիքներ լրատվամիջոցի հասցեին, խոսվեց մամուլում և՛ս հեղափոխություն անելու անհրաժեշտության մասին:

«Հրապարակը» դիմեց կառավարության անդամներին՝ պահանջելով պաշտպանել լրատվամիջոցը ընթերցողներից. «Սանձեք հեղափոխության արդյունքում «զոմբիացած» և չափի զգացումը կորցրած ձեր ակտիվիսներին ու ֆեյքերին»:  

Հետևեց նաև Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը, որտեղ մտահոգություն կար, որ «պետական որևէ իրավասու մարմին պաշտոնական դիրքորոշմամբ չի արձագանքել այս երևույթին»: 

Ինչպես երևում է, այս պատմության մեջ Կարմիր գլխարկը ուտում է Գայլին: Վերջակետը դնում է նույն խմբագիրը, սաստելով, որ «մամուլն ավելի կարևոր դերակատարում ունի մեր պետության կյանքում, քան վաղանցուկ իշխանությունները…»:  

Այո, հասարակությունը հիմնականում մամուլին է հանձնում իշխանություններին վերահսկելու լիազորությունը: Սակայն, նոր իրավիճակում հայ ընթերցողը, կարծես թե, այնքան էլ չի վստահում մամուլին: Եվ դրա համար կան լուրջ պատճառներ:

Այսօրվա մամուլն իր առանձնահատկություններով ձևավորվել է նախորդ իշխանությունների ջանքերով: Մեծ քանակությամբ տարատեսակ ԶԼՄ-ների հայտնվելը նպատակ ուներ ստեղծել մամուլի ազատության իմիտացիա:

Արդյունքում, հատուկենտ ընդդիմադիր լրատվամիջոցների ձայնը տարրալուծվեց տեղեկատվական աղմուկի մեջ, այնպես, որ որևէ քաղաքական միտք, գաղափար, տեքստ կամ անհատ ազդեցություն չունենա հանրության վրա:

Զուգահեռաբար ստեղծվում էր կեղծ իրականություն, որը շեղում էր հասարակության և մամուլի ուշադրությունը՝ թաքցնելով ահռելի չափերի պետական թալանն ու կոռուպցիան: Այդ մամուլն ուներ (գուցե դեռ ունի) իր քաղաքական հովանավորը և նրանից ծագող մականունը:

Արդյո՞ք այդ մամուլի գործունեության արդյունքը չէր Հայաստանում հաստատված բռնության և ատելության մթնոլորտը, արժեքային համակարգի փլուզումը և, որպես հետևանք, ահռելի արտագաղթը: Ինչպե՞ս կարող էր այդ համակարգը 20 տարի պահպանվել առանց մամուլի աջակցության:

Այսօր մամուլը շարունակում է մեքենայորեն վերարտադրել նախկին՝ իշխանություն-հասարակություն հաղորդակցության տրամաբանությունը, հիշողությունը, գիտելիքը և էմոցիոնալ ֆոնը:

Վտանգն այն է, որ այսպիսի մամուլն, ի վերջո, ստիպելու է նոր իշխանություններին կրկնել նախկինների սխալները, փակվել, հրաժարվել թափանցիկ կառավարման նորածիլ ավանդույթներից:

Գուցե սա է պատճառը, որ նոր կառավարությունը առաջին օրվանից նախընտրում է ուղիղ կապով շփվել հանրության հետ՝ շրջանցելով մամուլի ժանգոտ խողովակները, որտեղ անխուսափելի են իմաստային աղավաղումները, կողմնակի շեշտադրումները, խեղող անճշտությունները:

Ի վերջո, բոլորս գիտենք, որ կա մամուլի հրապարակում և կա հրապարակման վերնագիր: Սրանց անհամապատասխանությունը գրեթե միշտ միտումնավոր է, եթե չասենք՝ անբարոյական:

Այսօր մամուլը հենվում է նյութական հաշվարկի վրա՝ ապահովելով դիտումներ և լայքեր: Այն չի խորշում օգտագործել մարդկային թուլությունները, խրախուսել ցածրորակ բանավեճը, սնել անհանդուրժողականությունն ու ցինիզմը:

Մամուլը գուցե վերահսկում է իշխանությանը, բայց ոչ ինքն իրեն:

Այս ամենին գումարվում են նաև ցածր վարձատրվող, հաճախ ոչ կոմպետենտ լրագրողական կադրերը, որոնց մասնագիտական ուսուցումը մեր աղետալի բուհերում հատուկ համապատասխանեցվել է «հին մամուլի»  կարիքներին:

Պատահական չէ, որ մամուլի հրապարակումներում հաճախ լրագրողի անձնական կարծիքը դառնում է տեղեկատվության առիթ, չստուգված լուրը կամ բամբասանքը՝ անպատասխանատու մեղադրանքների հիմք:

Իսկ այն, որ լրատվամիջոցների ղեկավարները իրենք կարող են դժգոհել «տեղեկատվական աղբից»՝ պարզապես ապշեցնող է:

Ի դեպ, իշխանություններին վերահսկելու գործառույթը չի նշանակում միայն քննադատել:

Մամուլի հիմնական գործառույթը տեղեկացնելն է (պատշաճ և ժամանակին), մեկնաբանելը (հիմքում դնելով վերլուծություն, հետաքննություն, մասնագետի կարծիք, ականատեսի վկայություն և այլն), որին հենվելով էլ լրագրողը կարող է նաև քննադատել իշխանություններին:

Փոխարենը, հայկական մամուլը հաջողությամբ յուրացրել է համաշխարհային չարիք հանդիսացող «հետճշմարտության» (post-truth) մարտավարությունը, համաձայն որի կեղծ լուրը, նույնիսկ հերքվելուց հետո, շրջանառվում է տարբեր եղանակներով, այնպես, որ մնա մարդկանց էմոցիոնալ հիշողության մեջ`փոխարինելով ճշմարտությանը: Սա տեղեկատվական պատերազմի գործիք է, որը մեր մամուլն օգտագործում է երկրի ներսում սեփական ժողովրդի դեմ:

Այն, ինչ լրատվամիջոցների ղեկավարները կոչում են «հասարակության տարբեր խմբերի կողմից… ծավալվող անհանդուրժողականության մթնոլորտ»,  իրականում իրենց աշխատանքի գնահատականն է:

Հայաստանում մտածողություն է փոխվել և բնական է, որ առաջին պահանջը պիտի լիներ նոր որակի, նոր գիտելիքներով օժտված, պատասխանատու մամուլ ունենալը:  

 

Արա Շիրինյան
կինովավերագրող

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *