2012.11.22,

Նյուսրում

Կնոջը վիրավորել է մահացած ամուսնու մարմնի հրապարակային ցուցադրումը

Վանաձորի բնակչուհի Մարիամ Եփրեմյանը դատական հայց է ներկայացրել Վանաձորի «Միգ» հեռուստաընկերության ու News.am լրատվական կայքի դեմ վրաերթի հետեւանքով ամուսնու մահվան մասին պատմող Youtube-ում տեղադրված տեսանյութերի համար:

Կնոջը հատկապես վրդովեցրել են մահացած ամուսնու մարմինը ցուցադրող կադրերը: Մարիամը դատարանից պահանջում է պարտավորեցնել լրատվամիջոցներին համացանցից հանել տեսանյութերը եւ յուրաքանչյուրից բռնագանձել 500 հազար դրամ, ինչպես նաեւ փոխհատուցել դատական ծախսերը:

Վրաերթը տեղի է ունեցել 2012թ.-ի մարտի 14-ի գիշերը ժամը 02.30-ի սահմաններում Վանաձորի Աղայան փողոցի թիվ 29 տան դիմաց: Քրեական գործն ուղարկվել է դատարան: Մարիամ Եփրեմյանը ճանաչվել է զոհված ամուսնու՝  Գուրգեն Ջաղացպանյանի իրավահաջորդը: Նույն դեպքի հետ կապված քրեական գործով դատավարությանը զուգահեռ քաղաքացիական հայցի հիման վրա այժմ դատավարություն է սկսվել լրատվամիջոցների դեմ:

Վրաերթից հետո «Միգի» եւ News.am-ի թղթակիցները եղել են դեպքի վայրում, տեսանկարահանել, ապա հեռարձակել ռեպորտաժներն իրենց լրատվամիջոցներով ու տեղադրել Youtube-ում: «Միգ»-ի ռեպորտաժում դին պատկերող 2 կադրերից յուրաքանչյուրը 4-5 վայրկյան է, ինչը «Միգի» տնօրեն Սամվել Հարությունյանի կարծիքով՝ «122 վայրկյանանոց ռեպորտաժի մեջ շատ քիչ տոկոս է կազմում»:

Ըստ տնօրենի` օպերատորն ընդամենը կատարել է իր պարտականությունը եւ մասնագիտական կամ էթիկական նորմ չի խախտել (լրագրողն արգելագոտուց այն կողմ չի անցել, խոշոր պլանով կադրեր չի նկարահանել): Մի դեպքում օպերատորն օգտագործել է տեսախցիկի՝ կադրը մոտեցնելու տեխնիկական հնարավորությունը: Երկրորդ կադրը բավական հեռվից է նկարված. համենայն դեպս, ըստ նրա՝ 2 կադրում էլ մահացածի դեմքը չի երեւում:

Մարիամ Եփրեմյանը լրատվական նյութերը վիրավորական է համարել: Նա հայցում նշել է, որ կադրերը կրում են հրապարակային արտահայտության ձեւ եւ հոգեբանական ծանր ցնցումներ են պատճառել իրեն ու իր երեխաներին, վիրավորել ամուսնու պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը:

«Միգ»տնօրեն Սամվել Հարությունյանն ասում է, որ իրենք անձի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորելու նպատակ չեն հետապնդել:

Սամվել Հարությունյանը հղում է կատարում օրենքի այն կետին, համաձայն որի հրապարակային արտահայտությունը չի համարվում վիրավորանք, եթե հիմնված է հանրային գերակա շահի վրա:

«Էդ հաղորդումները զսպում են մարդկանց, իսկ դիակի պատկերը առավել է զսպում թե՛ հետիոտնին, թե՛ վարորդին, որ եթե ինքը սահմանված օրենքները խախտի, կարող է էդպիսի արդյունք լինել»,- ասում է հեռուստաընկերության տնօրենը:

Առաջին անգամ չէ, որ «Միգը» արտակարգ իրավիճակների վերաբերյալ տեսանյութ է հեռարձակում: Սամվել Հարությունյանն ասում է, որ իրենք բազմաթիվ անգամներ տեսանյութերում ընդգրկել են մահացածների մարմիններ պատկերող կադրեր:

Նա պատմում է, որ տրանսպորտային պատահարների լուսաբանաման ժամանակ «Միգ»-ի լրագրողները սպառնալիքներ են ստանում թե՛ մեղավոր վարորդների, թե՛ տուժողների կողմից, բայց իրավապահների աջակցությամբ «տեղում հարցը միշտ լուծվում է»:

«Միգի» տնօրենը համացանցից առանձնացրել է տեսանյութեր (հիմնականում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի), ինչպես նաեւ ոստիկանության տեսագրությունները, որոնցում պարզ երեւում են եւ՛ մահացածի մարմինը, եւ՛ շատ ծանր վիրավորը: Բայց միայն այս դեպքում է, որ հարցը դատական վիճաբանության է հասել:

Մարիամ Եփրեմյանը դատարան է դիմել տեսանյութի մասին տեղեկանալուց հետո հինգ ամիս անց: Նա միանգամից դատական հայց է ներկայացրել եւ չի դիմել հեռուստաընկերությանը տեսանյութը համացանցից հանելու պահանջով:

«Եթե նրանք միայն հեռարձակեին իրենց լրատվամիջոցներով, օբյեկտիվ պատճառներով մենք այն տեսած չէինք լինի, բայց իմ ընտանիքի հանդեպ ամենաանմարդկային մոտեցումը եղել է այն Youtube-ի զվարճալի կայքերով լի էջերում տեղադրելը. սա է իմ վրդովմունքի գլխավոր պատճառը»,- դատարան դիմելու պատճառն է բացատրում Մարիամ Եփրեմյանը:

«Ես շատ դաժան, ծանր արարք համարեցի այն, որ ընտանիքի անդամի տանջահար դիակը բավական ճանաչելի, մոտեցրած տեսքով ցուցադրում են քեզ, մանավանդ, որ նրա թաղումն արդեն իրականացել է: Էդ տեսարանը տեսնելով` ամեն անգամ ես, երեխաներս ուզում ենք նրա գուլպան մի քիչ ուղղել, որովհետեւ շատ կոկիկ, բարեկիրթ մարդ էր ամուսինս, ուզում ենք ոտքը ուղղել, ուզում ենք ձեռքը շոյել, կարծում ենք, թե դեռ մի բանով կարող ենք օգտակար լինել,- ասում է Մարիամ Եփրեմյանը:

Այրին դժգոհում է լրագրողների անփույթ, անտարբեր վերաբերմունքից. «Արյան լճակը նկարել են մեքենայի մոտ, իսկ ամուսնուս դիակը՝ պատի հետեւում, աղբի մեջ կարծես նետված: Որպես կիրթ, ինտելեկտուալ մարդիկ պետք է ոստիկանության ուշադրությունը հրավիրեին` ինչո՞ւ է էս մարդը էստեղ եւ ինչո՞ւ դեռ ծածկոցով ծածկված չէ»,- հարցնում է նա:

Դատական հայցի մասին տեղեկանալով «Միգ»-ում որոշել են Youtube-ից հեռացնել տեսանյութը։ Կինը դա բավարար չի համարել: «Ի վերջո, սա միայն իմ խնդիրը չէ, սա մեր հասարակության խնդիրն է, որովհետեւ նույն բանը կարող է մի ուրիշ ընտանիքի հետ պատահելԵս գլխավորապես հենց այս քննարկումերով եմ ցանկացել դատարան մտնել, որպեսզի ի վերջո ընդունվի մի կարգուկանոն, եւ էսպիսի դաժան տեսարանները եթեր չհեռարձակվեն: Հեռարձակողը ինքը հեռարձակեց, անցավ գնաց, բայց հարազատներն այդ տեսարանները ամեն անգամ վերանայում են: Ոնց որ ամեն անգամ դագաղը բացեն, մեզ մեր դիակը ցույց տան»,- ասում է Մարիամ Եփրեմյանը:

Ադրինե Թորոսյան, Վանաձոր


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *