2017.07.13,

Նյուսրում

«Ես եմ մեդիան». ուսանողները՝ կեղծ տեղեկատվության մասին

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

«Ես եմ մեդիան» ուսանողական մրցույթի այս տարվա արդյունքներն ամփոփված են: Երրորդ տարին անընդմեջ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) հնարավորություն է ստեղծում երիտասարդ ուսանողների համար էսսեների միջոցով խոսելու մեդիայի դերի ու խնդիրների մասին:

Այս տարի մրցույթը երկու նոր շեշտադրում և խորագիր ուներ՝ «Ստուգված է. տեղեկատվության ստուգման իմ բանաձևը»  և  «Սոցցանցերի տեղեկատվական սարդոստայնում»:

«Ակտիվ լրագրությամբ չեմ զբաղվում, բայց ոլորտում նկատում եմ թերացումներ, հիմնականում կապված մարդկանց մեդիա (չ)գրագիտության հետ: Իմ էսսեում օրինակներով անդրադարձել եմ խնդրին, իմ փորձով առանձնացրել անվստահելի կայքեր, խորհուրդ տվել մտերիմներիս չվստահել շատ աղբյուրների և հրապարակումը տարածելուց առաջ մտածել»,- ասում է առաջին մրցանակի արժանացած ԵՊՀ լրագրողության ֆակուլտետի ուսանող Վիկտորյա Մարկոսյանը:

Նա անկեղծանում է, որ մրցույթի վերջին օրը մտքերն արագ հավաքել է և դիմել՝ չակնկալելով հաղթանակ. «Երբ մրցանակաբաշխության ժամանակ ժյուրիի անդամները խոսում էին վրիպակների մասին, հասկացա, որ ես եմ իմ աշխատանքում փոքրիկ սխալներ թույլ տվել: Հետագայում պետք է ավելի ուշադիր լինեմ իմ գրածի հանդեպ»:

Վիկտորյա Մարկոսյան

Երկրորդ մրցանակակիր Արփի Ջանյանը սովորում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի գործարար կառավարման ֆակուլտետում: Նա գրում է հոդվածներ համալսարանի թերթի համար, անդրադառնում է նաև  մեդիայի խնդիրներին. «Շատ հաճախ ենք հանդիպում կեղծ տեղեկությունների, հատկապես անցած տարի ապրիլյան պատերազմի ժամանակ: Այդ շրջանում հասկացա  մեդիագրագիտության կարևորությունը: Մեր ամենօրյա գործունեությամբ փորձում ենք հասկանալ՝ ինչքանով է մեդիան ազդում մարդկանց վրա, ինչքանով են մարդիկ մեդիայի կողմից ստեղծված»:

Այս տարի Երևանի և մարզերի 10 բուհերից «Ես եմ մեդիան» մրցույթին ուղարկվել է  22 հայտ ՝ որոնցից միայն 6-ն են լրագրության ֆակուլտետներից:

«Այս ցուցանիշը մեզ ուրախացնում է, նշանակում է ՝ միայն լրագրողները չէ, որ մտածում են մեդիայի լավ ու վատ կողմերի, դրա ազդեցության մասին: Մեր նախաձեռնության նպատակն էլ հենց դա է՝ խրախուսել մեդիա սպառողներին ավելի ակտիվ լինել, ավելի ուշադիր լինել և ավելի մեծ մասնակցություն ունենալ դաշտի զարգացումներին»,- ասաց ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանը:

Լուսինե Գրիգորյան

Լրագրության դասախոսներից ու խմբագիրներից կազմված ժյուրին լավագույններին խրախուսելով հանդերձ նկատել էր նաև խնդիրները՝ էսսեների լեզուն անմշակ է, սխալները՝ հաճախակի: Խորհուրդ տվեցին հետագայում ավելի ուշադիր լինել և գրածը մի քանի անգամ ուշադիր կարդալ:  

3 մրցանակակիրներից բացի, 2 էսսեի հեղինակները խրախուսանքի  արժանացան: Ստորև մրցանակակիրների ամբողջական ցանկն է.

  • 1-ին մրցանակ` Վիկտորյա Մարկոսյան (ԵՊՀ, ժուռնալիստիկայի ֆակուլտետ),
  • 2-րդ մրցանակ՝ Արփի Ջանյան (Հայաստանի ամերիկյան համալսարան, Գործարար կառավարման ֆակուլտետ),
  • 3-րդ մրցանակ՝ Լուիզա Վարդանյան (Հայաստանի ամերիկյան համալսարան, Անգլերենի և հաղորդակցության ֆակուլտետ),
  • խրախուսական մրցանակներ՝ Արփինե Առաքելյան (ԵՊՀ, Իրավագիտության ֆակուլտետ), Տաթևիկ Առուստամյան (ՀՊՏՀ, Տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ):

Հաղթողները ստացան նվեր քարտեր՝ գրքեր և ուսուցողական փաթեթներ ձեռք բերելու հնարավորությամբ, իսկ լավագույն նյութի հեղինակն արժանացավ ուսման վարձի փոխհատուցման` հարյուր հազար դրամի չափով: Հաղթողների աշխատանքները կհրապարակվեն Media.am կայքում, որտեղ հասանելի են նաև նախորդ երկու մրցույթների լավագույն էսսեները:

«Ես եմ մեդիան» այս տարի կազմակերպվել էր չեխական “Transitions” (TOL)  կազմակերպության հետ համատեղ: Լուսինե Գրիգորյանի խոսքով՝ այս համագործակցության արդյունքում նոր ուսումնական տարում ուսանողները առիթ կունենան նաև մասնակցելու դասընթացների ու հանդիպումների կեղծ տեղեկությունների ստուգման թեմայով:  

Մրցույթին աջակցել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, ինչպես նաև Վիշեգրադ միջազգային հիմնադրամն ու Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարությունը:  

Գայանե Ասրյան

Լուսանկարները՝ Գագիկ Աղբալյանի

Հակոբ Հովհաննիսյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *