2019.11.27,

Քննադատ

Զանգվածային լրահոսն ու զոմբիները

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Զոմբին զանգվածային լսարանի համար միանգամայն հասկանալի ու միանգամից պատկերացվող էակ է: Զոմբիների ընկալման հանրային մատրիցայում չի կարող լինել այլընթերցում:

Զոմբին կենդանի դիակն է, որը թեև շարժվում է, բայց ինքնուրույն ու լիարժեք չէ:

Նա որոշակի հանգամանքների բերումով ու չար կամքի թելադրանքով կա՛մ դուրս է եկել գերեզմանից, կա՛մ ստացել վիրուսի մահացու չափաբաժին ու հիմա ագրեսիվ թափառում է ողջերի կողքով՝ լինելով անհոգի ու անուղեղ մարմին, որը միայն վտանգ ու քաոս է սփռում իր շուրջը:

«Զոմբին» շատ հարմար բառ է քաղաքական մանիպուլյացիաների համար:

Եվ ոչ մի այլ միստիկ ու միֆական կերպար այդքան պահանջված չէ 21-րդ դարում, որքան զոմբին: Այդ բառն արդեն իսկ ավելին է, քան պարզապես հնարված կերպար, այն ավելի շուտ մեր ժամանակակիցն է, մեր կողքին գտնվողը, մեր վախն ու սարսափը՝ բազմաթիվ անգամ կիրառվելով որպես վիրավորանք ու լրատվական պիտակ:

Հետաքրքիրն այն է, որ չնայած մշակույթում զոմբիները զբաղեցնում են նույն տարածքն ու դերը, ինչ, օրինակ, վամպիրները, բայց լրատվական դաշտում միմյանց բնորոշելու համար երբեք չի օգտագործվում «Քոչարյանի վամպիրներ», կամ «Լևոնի վամպիրներ» պիտակավորումները, փոխարենը ծաղկում ու սնուցվում են «Լևոնի զոմբիներ» կամ «Նիկոլի զոմբիներ» արտահայտությունները:

Թերևս պատճառն այն է, որ վամպիրները մշակութային դաշտում կատարում են յուրահատուկ ընտրյալների, արիստոկրատների դեր: Նրանք ավելի շատ գիտեն, տեսել ու զգացել են, քան կենդանի մարդիկ:

Մինչդեռ զոմբին ոչինչ չի հիշում ու չի մտածում՝ ուղղորդվելով սոսկ պրիմիտիվ բնազդով: Զոմբիները չեն կարող վերլուծել իրենց միջավայրը, միայն ձգտում են կծել ու հոշոտել:

Վամպիրը զզվելի չէ, անգամ պատված է թեթևակի ռոմանտիկ շղարշով, իսկ զոմբին զզվելի է: Ինչպե՞ս կարող է ռոմանտիկ լինել կիսափտած մարմինը, որը կատարում է ուրիշի կամքը:

Եվ «զոմբի» անվանելով մյուսին, մենք ստանում ենք իրավունք առաջին հերթին շեշտելու, որ մեր թիրախում հայտնված մարդը ուղեղ չունի, կատարում է հրահանգներ հիպնոսացված վիճակում:

Օրինակ, երբ 2008-ին ուժեղ էր ՀԱԿ-ը, սոցցանցերում նպատակ էր դրվել շրջանառել «զոմբի» բառը բնութագրելու այն մարդկանց, որոնք ընդդիմություն էին Սերժ Սարգսյանին:

Մարդիկ աներկբա վախենում են զոմբիներից, բայց ավելի շատ վախենում են հենց իրենք դառնալ զոմբի: Կամ թեկուզ, թույլ տալ, որ այդպես իրենց անվանեն:

Բնականաբար, իրեն լայնախոհ, ինտելեկտուալ ու ոգևորված համարվող մարդը չի ուզում լինել զոմբի և անընդհատ փորձում է իր վրայից մաքրել այդ բառը:

Երբ որոշ լրատվամիջոցներ կամ ցանցում ակտիվ օգտատերեր օգտագործում են, ասենք, «Նիկոլի զոմբիներ, տեսա՞ք ինչ եղավ», «Զոմբինե՛ր, դե վայելեք ձեր առաջնորդի քայլը», ընթերցողի մոտ միանգամից ծագում է ցանկություն ասելու՝ ոչ, ես զոմբի չեմ:

Այդ պիտակը շրջանառող մեդիան ու մեդիա անձինք շատ լավ գիտեն, որ  լսարանն ինքն իրեն ներքուստ արդարացնելու է, որ զոմբի չէ:

Զոմբին զզվելի է: Հոգեբանորեն բարդ է ընդունել, որ կարող ենք ուղեղ չունենալ ու կուրորեն հետևել առաջնորդին:

1960-ականների վերջին, երբ կինոռեժիսոր Ջորջ Ռոմերոն կինո բերեց վուդու ծեսի զոհ դարձած կենդանի դիակների վիզուալ ուղերձն ու ճանաչելի դարձրեց մշակույթում, զոմբիները սկսեցին դառնալ սիմվոլներ:

Օրինակ, կապիտալիզմի զոհ պրոլետարիատի պես, որը մեխանիկորեն աշխատում է ինչպես զոմբի՝ արհամարհված ու կիսադիակ վիճակում: Այդ ակնարկները Ռոմերոն դարձրեց մոդայիկ, հետագայում դրանք օգտագործվեցին տարբեր ֆիլմերում ու վիդեոխաղերում:

Զոմբիների մարմինների կուտակումները ցույցերի պես ներկայացրեց նաև հայտնի «Քայլող մահացածներ» (Walking Dead) սերիալը, որտեղ մեկ կամ երկու զոմբիներից դեռևս կարող ես փրկվել, բայց արդեն ամբոխից՝ ոչ:

Կա նաև մեկ այլ մշակութային կոդ, որը թույլ է տալիս զոմբիների հիշատակումները թարմ մանիպուլյացիաների առիթ դարձնել:

Զոմբիները ունակ չեն խոսելու, նրանք ընդունակ են միայն անհոդաբաշխ բառաչելու կամ ոռնալու, քանի որ դատարկ կաղապար են, միայն մարմին, որը կարող է կատարել հրամաններ, բայց ինքնուրույն չեն:

Սոցիալական կամ քաղաքական լարված իրավիճակներում «զոմբին» այն բառն է, որը սկսում է շրջանառվել (նաև Հայաստանում) որպես զոմբիացած զանգվածի, զոմբիացնող լրատվամիջոցների, զոմբիացված լինելու վախի հոմանիշը:

Ժամանակակից մեդիա լեզվով ասած՝ զոմբի նշանակում է անուղեղ սպառող, ոտքից գլուխ ուրիշի կամքը կատարող: Մինչդեռ ոչ ոք չի ուզում լինել ինտելեկտից զուրկ սպառող և զենք՝ ուրիշի ձեռքում:

Խաղերում, ֆիլմերում (զոմբի-ապոկալիպսիս ժանրի) ուղեղից զրկվելը ու պրիմիտիվ էակի վերածվելը կապված է լինում որևէ տեխնածին աղետի կամ կենսաբանական ու ռազմական փորձարկումների հետ:

Զոմբիները ի հայտ են գալիս վարակի միջոցով, ինչը ենթադրում է, որ կա վարակի աղբյուր, մեկ կենտրոն, որը միտումնավոր մարդկանց դարձնում է զոմբի:

Այսինքն, զոմբիացումը ինքնաբուխ պրոցես չէ, այլ պլանավորած: Եվ դա լավ կապվում է դավադրության տեսությունների հետ, որոնք ծաղկում են մեդիայում, եթե մեդիայի սեփականատերերը քաղաքական շահ ունեն:

Զոմբիների ֆենոմենը դարձել է լուրջ ակադեմիական ուսումնասիրությունների թեզ, մտել քաղաքականություն ու գիտություն:

Զոմբիները լավ հումք են փիլիսոփայության համար: Նրանք նաև անիմաստ թափառում են փողոցներով ու հարձակվում ուղեղ ու հիշողություն ունեցողների վրա, քանի որ իրենք չունեն հիշողություն (ամնեզիան լուրջ թեմա է):

Հիշելու կարողությունից զուրկ լինելը ևս մի մշակութային կոդ է, որը թույլ է տալիս, օրինակ, հայտարարել, որ զոմբիացնում են մեզ փուչ ճառերով, քանի որ չենք կարող հիշել ու համեմատել:

Մեկ կարևոր կետ ևս. զոմբիների հանդեպ չես կարող լինել հանդուրժող (իսկ վամպիրների հետ կարելի է պայմանավորվել):

Նրանց հետ խոսելը, հաղորդակցվելը անիմաստ է և վտանգավոր: Եվ երբ լսարանի որևէ հատվածի վրա դրոշմում են «զոմբի» բառը, ցույց են տալիս, որ նրա հետ գործ ունենալ չի կարելի ոչ մի դեպքում:

Զոմբին վարակակիր է ու վարակված: Գումարած դրան՝ զոմբին խմբային է, ամբոխային, ագրեսիվ (ի տարբերություն նույն խորասույց ու միստիկ վամպիրի):

Հետաքրքիր է, որ զոմբին ոչ միայն մտածող չէ, այլև լավ տեղաշարժվող չէ, ճոճվում է, անիմաստ բախվում պատերին, նորից ճոճվում ու անճոռնի երերում՝ բախվելով նոր պատին: Դե, ուղեղ չունի, ի՞նչ արած, արդեն մարդ չէ և շատ ագրեսիվ է:

Եվ ուրեմն զոմբիից պետք է ազատվել:

Այսինքն, եթե ուզում ես ազատվել, վանել մեկին, նրան անվանիր զոմբի, հետո ոչնչացրու: Զոմբիին ոչ միայն հեշտ է սպանել, այլև պարտադիր է սպանել: Նա արդեն մարդ չէ: Եվ ուրեմն նրան հարկավոր է ատել, հետո սպանել հանուն մարդասիրության:

Կարծես մարդությունը հնարել է զոմբիներին որպես կուտակված վախերի խորհրդանիշ: Որպես սիմվոլ, որ նրանց դեմ պետք է պայքարել:

Եվ երբ քեզ պիտակավորում են «զոմբի» բառով, վերջ, արդեն վարակված ես, ատելի, անհույս ու անբուժելի:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *