Ալեն Ավագյան

Հայաստանյան մեդիադաշտը կրկին խոսում է «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասին։ Մրցույթ, որը խառնում է հայ հանդիսատեսի հուզական դաշտը․ մի մասը մղվում է Հայաստանը ներկայացնող երգչի ու երգի պաշտպանության գործին, մյուս մասը՝ թերությունների մատնանշման։  

Ինչևէ, փաստ մնում է փաստ, որ «Եվրատեսիլ»-ը ամենաքննարկվող ու ամենադիտվող պրոյեկտներից մեկն է Հայաստանում։ Այն դիտում են ոչ միայն հեռարձակող Հանրային հեռուստաընկերությամբ, այլև՝ Յութուբում։   

Եվրոպական հեռարձակողների միությունն (EBU) ամեն տարի հրապարակում է դիտումների մասին մանրամասն տեղեկատվություն, որի համաձայն 2024 թվականին, օրինակ, մրցույթը նոր ռեկորդներ է սահմանել․ մասնակից բոլոր երկրների հեռուստատեսությունների ուղիղ հեռարձակման դիտումների հանրագումարը կազմել է 163 միլիոն։   

Առաջատարը Շվեդիան է, որտեղ մրցույթը դիտել է ավելի քան 2,3 միլիոն հեռուստադիտող։ Հայաստանը երկրորդ տասնյակի երկրների շարքում է։ Բարձր վարկանիշը վերաբերում է նաև «Մանկական Եվրատեսիլ»-ին։ Անցած տարվա շոուն, օրինակ, Հայաստանում դիտել է ավելի քան 200 հազար հեռուստադիտող, սա կազմում է հանդիսատեսի 39,91% մասնաբաժինը։ 

Եվրատեսիում Հայաստանը ներկայացնող երգիչ՝ PARG

Մասնակից 37 երկրների հեռուստաշուկաներից զատ վարվել է նաև թվային մոնիթորինգ։ #Eurovision2024 հեշթեգով տեսանյութերը դիտվել են ավելի քան 6,5 միլիարդ անգամ՝ 1,7 միլիարդով ավելի, քան 2023 թվականին։ Instagram-ում մրցույթին հետևել է 69 միլիոն եզակի օգտահաշիվ՝ երկու անգամ ավելի, քան 2023 թվականին։ 42 միլիոն եզակի բաժանորդ էլ YouTube-ում ուղիղ եթերում դիտել է Եվրատեսիլի հետ կապված տարբեր բովանդակություն:  

Դիտելիությունն, իհարկե, հասկանալի է, քանի որ մրցույթի հիմնական սպառողը երիտասարդությունն է։ ԵՀՄ-ի փոխանցմամբ, երիտասարդ հանդիսատեսի շրջանում (15-24 տարեկան) եզրափակիչի դիտումների մասնաբաժինը կազմել է 58,6%, ինչը մրցույթի պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է և չորս անգամ ավելի բարձր է, քան նույն տարիքային խմբում կանոնավոր հեռուստահաղորդումների վարկանիշը։  

Այս տարի Հայաստանն իր ներկայացուցչին ընտրեց ազգային ընտրությամբ։ Եվրատեսիլին մասնակցող երկրների հեռարձակողներն իրենք են որոշում, թե ինչպես ընտրել իրենց պատվիրակին։ Կան երկրներ, որոնք միայն ներքին ընտրությամբ են ընտրում իրենց մասնակցին (օրինակ՝ Վրաստանն ու Ադրբեջանը)։ Հանրային հեռուստաընկերությունն այս առումով ճկուն է․ վերջին տարիներին մեր ներկայացուցչին հիմնականում ընտրել են ներքին ըտրությամբ, բայց մրցույթի մասնակցության պատմության ընթացքում եղել է նաև ազգային ընտրություն։ «Դեպի Եվրատեսիլի» ֆորմատը կիրառվել է նաև 2018 ու 2020 թվականներին։    

Առաջին ալիքը դեկտեմբերին հայտարարեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասին, որը հնարավորություն տվեց ցանկացողներին դիմել պատվիրակ դառնալու մրցույթին, իսկ հանդիսատեսին տվեց հնարավորություն՝ ընտրելու մասնակիցներից մեկին։ Չնայած տեխնիկական բազմաթիվ թերություններին՝ մրցույթը կայացավ։  

Արդյունքում 12 մասնակիցներից հեռուստադիտողի, միջազգային և տեղական ժյուրիի քվեարկությամբ (33,3%, 33,3%, 33,3% համամասնությամբ) հաղթեց երգիչ PARG-ը (Պարգև Վարդանյան)՝ իր «Survivor» երգով։ Ի դեպ, երգի վրա  միջազգային մեծ թիմ է աշխատել։ Երգը հեղինակել են Loreen-ի հաղթական երգերի, ինչպես նաեւ անցած տարվա հաղթող Նեմոյի երգի հեղինակները։ 

Նյուսրում
Old TV set

Պատճառները, թե ինչու այս տարի Հայաստանն իր ներկայացուցչին ընտրեց ազգային ընտրությամբ, մի քանիսն են։   

Առաջինը՝ դիտելիությունը։ Անհերքելի է, որ հեռուստատեսության վարկանիշը մեծանում է, բոլորը կապույտ էկրանների առաջ են՝ տեսնելու գունեղ շոուն, կա նյարդ, մարդիկ սպասում են, անհանգստանում են, ընտրում են․․․   

Հասկանում եմ, որ շատերին թվում է, թե մրցույթն առաջվա պես չեն դիտում, բայց ինչպես վկայում են դիտելության ցուցանիշները, դա ամենևին այդպես չէ։ Որքան էլ ոմանք ասեն, որ մրցույթը հետաքրքիր չէ, քաղաքականացված է և այլն, մարդիկ այն դիտում են։ Վկայությունը սոցցանցերում օրեր շարունակ ակտիվ քննարկումներն են։ 

2017-2019 թվականների գրանցած վատ արդյունքների, 2020-2021թթ․ կորոնավիրուսի պատճառով մրցույթի չեղարկման ու հետպատերազմյան շրջանում Հայաստանում հետաքրությունը Եվրատեսիլի նկատմամբ զգալիորեն նվազեց , բայց «Մանկական Եվրատեսիլ»-ում մեր հաղթանակից (2021թ․) ու Ռոզա Լինի գրանցած հաջողությունից հետո (մրցույթում զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը, բայց երգը դարձավ համաշխարհային հիթ), հետաքրքրությունը կրկին աճեց։

Պետք է արդարացիորեն նշել, որ սրանում մեծ դեր ունի Եվրատեսիլում մեր պատվիրակությունը՝ Դավիթ Ծերունյանի գլխավորությամբ։ Պատվիրակությունը փոխեց մրցույթին մեր մասնակցության քաղաքականությունը, այն դարձավ հարթակ սկսնակ ու նորահայտ երգիչների համար։ Այս առումով Եվրատեսիլը երթի թե միակ միջազգային հարթակն է, որտեղ մեր արտիստները կարող են ներկայացնել իրենց, իրենց երաժշտությունը, ուշադրության արժանանալ եվրոպական լսարանի կողմից։  

«Դեպի Եվրատեսիլ»-ի և մեր պատվիրակի ընտրության նկատմամբ հետաքրքրություն մեծացնելու համար Հանրայինը ներգրավել էր նաև բլոգերներին։ Նրանց հետ կազմակերպվեցին հանդիպումներ, քննարկումներ, ինֆլյուենսերները ծանոթացան 12 մասնակիցների հետ, ինչը, PR տեսանկյունից, օգնեց ներգրավել այն մարդկանց, ովքեր հեռուստատեսային կոնտենտի սպառողը չեն։ Կարծում եմ՝ PARG-ի հաղթանակի հարցում բլոգերների կարծիքն էլ ազդեցություն ունեցավ, քանի որ վերջինս նրանց հիմնական ֆավորիտներից մեկն էր։   

Երկրորդ պատճառը, թե ինչու Հանրայինն ընտրեց ազգային ընտրության ֆորմատը, քննադատությունից խուսափելն է։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ներքին ընտրությունն ամեն տարի քննարկումների առիթ է դառնում, մարդիկ փորձում են գտնել պատճառներ, թե ինչու ընտրեցին տվյալ երգչին, բազում վարկածներ են շրջանառում, որոնց մի մասը կոնսպերոլոգիական, մյուսը՝ իրականությանը մոտ։ Եվ քանի որ նախորդ տարվա «Մանկական Եվրատեսիլ»-ի պատվիրակը՝ Լեոն, այս տեսանկյունից շատ քննարկվեց, լինելով երգիչներ Հռիփսիմե Հակոբյանի և Մարտին Մկրտչյանի որդին, Հանրայինն, ըստ իս, որոշեց այս մրցույթի ընտրությունը թողնել հեռուստադիտողին՝ արդարության «պատրանք» ստեղծելու համար։

Կարծում եմ՝ այս տեսանկյունից այդ քայլն արդարացված էր, քանի որ ներկայացուցչի ընտրությունը կասկած տակ չդրվեց հանրության կողմից, «Դեպի Եվրատեսիլի» հաղթող Պարգը հեռուստաքվեարկությամբ առաջին հորիզանականում էր՝ ստանալով 7087 ձայն, իսկ միջազգային ու Հանրային հեռուստաընկերության ժյուրիի քվեարկությամբ երկրորդն էր։ Ի դեպ, ժյուրիի հաղթողը բավականին հետաքրքիր ու ինքնատիպ արտիստ էր՝ Սիմոնը, որը մինչ այս հայտնի չէր։ Կարծում եմ՝ առաջիկա տարիներին  (եթե ոչ 2026թ․-ին), նա կլինի Հայաստանի ներկայացուցիչը Եվրատեսիլում։  

Ամեն դեպքում, ինչ էլ լինի, որ հորիզոնականն էլ զբաղեցնի այս տարվա մեր պատվիրակը, հույս ունեմ, որ Հայաստանում մրցույթի նկատմամբ կձևավորվի իրական սպասում, ոչ ռոմանտիզացված։ Մենք, ցավոք, տարիներ շարունակ Եվրատեսիլն ընկալել ենք որպես «պատվի», բարոյական ու ոչ բարոյական հաղթանակի, ազգային արժեքների պայքարի մի հարթակ։

Միշտ ակնկալել ենք, որ հաղթանակն անպայման մերը պիտի լինի, իսկ չհաղթելու դեպքում ստեղծել ենք մեզ համար լոզունգ՝ «արդար չէր»։ Այո, ցանկացած մրցույթի մասնակցելու նպատակը պիտի հաղթանակը լինի, բայց դեռ Հայաստանի հաղթանակը Եվրատեսիլում իրատեսական չեմ համարում։ Կան մի շարք սուբյեկտիվ ու օբյեկտիվ պատճառներ, որոնք պետք է առանձին վերլուծել եւ դիտարկել։ Այդ պատճառները կախված չեն ոչ մեզնից, ոչ մեր պատվիրակությունից, ոչ էլ մեր ներկայացուցչից։  

Ալեն Ավագյան  
Լրագրող, «Եվրատեսիլ» մրցույթի փորձագետ