2024.10.16,

vox populi

«Հումորային տեսանյութերը գռեհիկ ու վիրավորական արտահայտություններ են նորմալիզացնում»

Մարդկանց զարմացնում է, չեմ վախենա ասել՝ շոկի է ենթարկում այն փաստը, որ ես բարձրաձայնում եմ գիշերօթիկ դպրոցում ապրելու իմ փորձի մասին, մանկության տարիներին ունեցած տրավմաների մասին, խոսում եմ մեր հասարակությունում գոյություն ունեցող այնպիսի երևույթների մասին, ինչպիսին են՝ բռնությունը, սեռական ոտնձգությունը և այլն։ 

Մարդկանց զարմացնում է ոչ թե բուն երևույթը, այլ հանգամանքը, որ ես այդ մասին խոսում եմ։  

Երբ կարդում եմ իմ գրառումների, տեսանյութերի մեկնաբանությունները, հասկանում եմ, որ շատ մարդիկ պատրաստ չեն առերեսվել իրականությանը։ Բոլորս էլ գիտենք, որ բռնությունը մեր առօրիայում, ցավոք, տեղ ունի, բայց ինչո՞ւ ենք այդքան վատ արձագանքում մարդկանց, ովքեր խոսում են, բարձրաձայնում են այդ մասին․ չէ՞որ առանց դրա հնարավոր չէ պայքարել այդ երևույթի դեմ։  

Սոցիալական ցանցերը միայն ժամանցի հարթակ չեն։ Դրանք լուրջ գործիքներ են, որոնք օգնում են ավելի լայն զանգվածներին տեղ հասցնել կարևոր ասելիքները։  

Ուստի ավելի քան վստահ եմ՝ պետք է շատ լինեն մարդիկ, ովքեր կխոսեն խնդրահարույց թեմաներից։ Միայն նրանք կարող են օգնել օրինակ դեռահաս աղջկան, ով առաջին անգամ է բախվում ավտոբուսում իրեն դիպչող տղամարդու, հասկանալ, որ ինչ իր հետ կատարվել է ամենևին էլ նորմալ չէ, և որ այդ երևույթն անուն ունի՝ ոտնձգություն։   

Իմ տեսանյութերից հետո հենց նմանաբովանդակ նամակներ էի ես ստանում։ Ինձ բազում օգտատերեր գրում էին, որ իրենց հետ էլ, օրինակ, այդպես են վարվել, բայց իրենք չեն իմացել, որ դա բռնություն է։  

Ես 23 տարեկան եմ, ներկայումս բնակվում եմ Գերմանիայում, լեզվի դասեր եմ անցկացնում փախստականների համար, և լինելով այսքան հեռու հայաստանաբնակներից, ես միևնույնն է զգում եմ այդ ճնշումը՝ զգայուն թեմաներին չանդրադառնալու դեմ։ Կա ծաղրանք նման թեմաների նկատմամբ, տեղի ունեցածն արժեզրկելու, փոքրացնելու միտում, մարդիկ ասում են, թե լավ, դա ինչ մեծ բան է, որ մի հատ էլ խոսում ես։ Տեսնում եմ, որ մարդիկ նայել են, պահել, որ նորից նայեն, բայց տեսանյութը չեն հավանել, ինչից ենթադրում եմ, որ վախեցել են, չեն ցանկացել, որ հարազատներն ու ծանոթները տեսնեն դա։ 

Ինձ համար շատ կարևոր է խոսել ընտանեկան բռնության դեմ, քանի որ ինքս էլ բախվել եմ դրան։ Հիշում եմ, թե ինչպես էր հայրս խմում ու ծեծում ինձ։ Հիմա՝ այդ դեպքերից մոտ 10 և ավելի տարի անց, դեռ ցավ եմ զգում մարմնիս այն հատվածներում, որտեղ աթոռով կամ ոտքով հարվածներ եմ ստացել։  

Չեմ ուզում, որ երեխաներն անցնեն այդ ամենի միջով, ինչի միջով ես եմ անցել։ Ուստի չեմ կարծում, որ այդ մասին խոսելը վատ է։ Ուզում եմ, որ բոլոր երեխաները լինեն պաշտպանված, իսկ հակառակի դեպքում տեղեկացված, թե ինչ պետք է անեն նման իրավիճակներում։  

Սոցցանցերի շնորհիվ ես կարող եմ իմ մտքերը տեղ հասցնել աշխարհի յուրաքանչյուր հատված և որևէ մեկը չի կարող ինձ կանգնեցնել։ Հետևորդները միայն թվեր չեն, նրանք իրական մարդիկ են, ում առաջ մենք պատասխանատու ենք։ 

Երբ մենք բլոգ ենք բացում, գրառումներ ենք անում, կոնտենտ ենք գեներացնում, պիտի մեզ հարց տանք՝ հետո՞, ի՞նչ է դա, ինչի՞ համար եմ ես սա անում։ Արդյոք ես պատասխանատու չե՞մ այն հարյուր հազար մարդու առաջ, որը ինձ հետևում է։ Սրանք լուրջ հարցեր են, որ պիտի քննարկման դրվեն բլոգերների համայնքում։  

Ինձ համար հետևորդների հետ ազնիվ լինելը՝ գեղեցիկ կադրերից զատ սեփական անհաջողությունների կամ դժվար օրերի մասին պատմելը չէ։ Ինձ համար հետևորդների հետ ազնիվ լինելը նրանց տեղեկացնելն է, որ որևէ ապրանքի, ծառայության մասին խոսելը գովազդ է։ Մարդը պետք է տեղյակ լինի, որ ինքը հիմա գովազդ է նայում։ Եվ տեսանյութերում, սթորինում, գրառումներում դա պետք է նշվի։ շ

Ես կողմնակից եմ հստակ օրենքներին, որոնք կպաշտպանեն սպառողի շահերը։ Հայաստանում սոցիալական ցանցերը բացիթողի վիճակում են։  Չկա որևէ վերահսկողություն՝ ինչ կոնտենտ կարելի է հրապարակել, ինչը չի կարելի, ինչի մասին խոսել, ինչի մասին ոչ։ Բլոգերներն էլ, չունենալով անձնական պատասխանատվություն և օգտվելով այդ բացիթողի վիճակից, գեներացնում են այնպիսի կոնտենտ, որն իրենց բերում է դիտումներ, գումար, բայց ազդում է օրինակ երեխաների հոգեկան առողջության վրա։ 

Երբ ես խոսում եմ հստակ օրենքների մասին, շատերն ինձ հակադարձում են, որ դա կվերածվի գրաքննության, բայց ես այդպես չեմ կարծում։ Իրական շփման մեջ մենք որևէ մեկին չենք վիրավորի, չենք հայհոյի նրա համար, որ նա այդ օրը վատ տեսք ունի, տաբատը պատռվել է կամ էլ մազերը կեղտոտ են։ Իսկ օնլայն շփման մեջ ինչո՞ւ չպետք է պահենք այդ կանոնը։ Իմ ասածն այդ մասին է։

Չպետք է տարանջատել իրական կյանքը առցանց կյանքից։ Մենք չենք մտածում դիմացինի զգացմունքների, էմոցիաների, ապրումների մասին, երբ վերջինս կարդա իր հասցեին նման վիրավորական մեկնաբանությունները։ Իսկ քրեորեն պատժելի մեկնաբանությունների դեպքում, կարծում եմ, պետք է լինեն ավելի խիստ օրենքներ․ ատելության խոսքի տարածման, մարդուն խտրականության, դիսկրիմինացիայի ենթարկելու համար, սպառնալու համար մարդը պետք է պատժվի։

Քանի դեռ, ցավոք, նման օրենքներ չկան, չկա մի մարմին, որը կվերահսկի դաշտը, բլոգերները պիտի ինքնուրույն ֆիլտրեն իրենց բովանդակությունը՝ չմոռանալով, որ հետևորդները պարզապես թվեր չեն, այլ՝ մարդիկ։  

Երբ որևէ բլոգեր պարբերաբար խոսում է ալկոհոլի մասին, նույնիսկ եթե չի խոսում, բայց սթորիներ է անում ձեռքում գարեջրի շշով, փաբում՝ գարեջրի բաժակով, համերգին՝ գարեջրերով, դառնում է ոչ առողջ ապրելակերպի քարոզիչ։ Եվ քանի դեռահաս, քանի երեխա է այդ բլոգերի հաջողությունից ոգեշնչված սկսում ալկոհոլ օգտագործել։ Երեխաները չեն կարող տեսնել մեդալի հակառակ կողմը։ Երբ կանոնավոր տեսնում են, որ իրենց սիրելի բլոգերը կանոնավոր սպառում է ալկոհոլ, դա ազդում է իրենց վրա։  

Առհասարակ, երեխաների պաշտպանության հարցը համացանցում խիստ մտոհոգում է ինձ։ Ես դեմ եմ և որևէ կերպ չեմ մասնակցում երեխաներին տեսալուսանկարահանելու և նրանց սոցցանցերում տարածելու թրենդին։ Խիստ անհանգստացած եմ հատկապես անհարմար իրավիճակներում երեխաներին նկարելու և որևէ ծաղրական գրառմամբ դա տարածելու երևույթով, փողոցում առանց մեծահասակների գտնվող երեխաների հետ հարցազրույց անցկացնելու դեպքերով, հատկապես, եթե դրանք քաղաքական բնույթի են։  

Իսկ սա շատ հաճախ անում են ծնողները, առանց հասկանալու, որ երեխաներին լացելիս, կեղտոտ դեմքով, ընկնելիս կամ բղավելիս նկարելն ու տարածելը խախտում է երեխայի բոլոր իրավունքները։ Բլոգերներն իրենց դիտումները մեծացնելու համար երեխաների մասնակցությամբ ծաղրական բնույթի տեսանյութեր են նկարում և, ըստ էության, շահագործում են իրենց երեխաներին, օգտագործում են՝ օգտվելով երեխաների անպաշտպան, անգիտակից վիճակից։  

Օրվա դիտումների համար ծնողները մոռանում են, որ երեխան մեծանալու է, շատ հնարավոր է, որ չի համաձայնելու այդ կոնտենտի հետ, հնարավոր է ընտրելու է այնպիսի աշխատանք, մասնագիտություն (օրինակ դառնալու է մեր հաջորդ վարչապետը) և այդ տեսանյութերն իր դեմ են օգտագործվելու։  

Եվրոպայում անգամ մեծահասակներն են խիստ զգուշորեն մոտենում իրենց անձնական էջերում տեղադրվող գրառումներին։ Ես, աշխատելով երեխաների հետ, որքանո՞վ է տեղին գրառումներ անեմ ծխախոտի մասին, սթորիներ դնեմ մակումներից։ Արդյոք ծնողը, որը ինձ է վստահել իր երեխայի կրթությունը, կշարունակի՞ ինձ նույնքան վստահել։ Շատ մարդիկ հենց այդ պատճառով հեռացվել են աշխատանքից, երբ աշխատանքային իմիջին հակասող օնլայն կյանք են վարել։ 

Սոցցանցերն այսչափ տիրաժավորման հետևանքով բազմաթիվ արատավոր երևույթներ նորմալիզացրել են։ Մարդիկ տեսնում են, որ դա թրենդ է ու առանց խորանալու, շատ մտածելու, իրենք էլ նկարում ու քցում են։  

Հայկական տիրույթում հումորային տեսանյութերի շնորհիվ/պատճառով բազմաթիվ գռեհիկ արտահայտություններ են դարձել առօրյա խոսակցական, բազմաթիվ վիրավորական արտահայտություններ են դարձել մասայական, բառն արժեզրկվել է։  

Այնքան են օգտագործում «հիմար, «ապուշ», «այ դեբիլ», «անասուն» և այլ բառեր, որ նայում ես՝ քեզ թվում է, թե սովորական է, մտածում ես քեզ դե նորմալ է, որ քեզ ասեն «դեբիլ»։ Հումորային դրվագներ են ներկայացնում, եթե ինչպես է ծնողը շփվում երեխայի հետ, որտեղ միայն գոռոց է, ստեղծված է մոր կերպար, ով բղավում ու վիրավորում է, հարվածում է, միշտ բարկացած է։ Իհարկե, այս դրվագները կյանքից են գալիս, այնպես չէ, որ կյանքում մենք չունենք այս երևույթները, բայց ողջ համացանցը լցնել այս դրվագներով, ծիծաղել, նշանակում է՝ փոքրացնել այդ երևույթները, դարձնել դրանք սովորական, խանգարել նման երևույթների դեմ պայքարին, նորմալիզացնել դրանք։

«Բերանդ մինչև ականջներդ բացել ես, քեզ էլ կասեն աղջի՞կ ես», «Էս ինչ ա դարակներիդ վիճակը, բա դու աղջիկ կոչվելու իրավունք ունե՞ս, ոչ երեխուց խերվա, ոչ էլ․․․»․․․ Այս և նման բովանդակության սկետչերի շուրջ մարդիկ հավաքվում են ու ծիծաղում։  

Ոչ մի բացատրական բառարանում չի նշվում, որ հումորը բռնությունը նորմալիզացնելն է։ Նման կոնտենտը հավանում են հիմնականում մարդիկ, ովքեր դրա միջով անցնում են, նման վերաբերմունքի են արժանանում։ Մեկնաբանություններ են գրում, թե մեզ հետ էլ են նման կերպ խոսում, դարակը չհավաքելու համար ապտակում են, իսկ դե եթե բոլորիս են ասել, ուրեմն նորմալ է, փոխելու կարիք չկա։  

Արփի Գրիգորյան
բլոգեր, ուսանող Գերմանիայում 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *