2024.08.12,

vox populi

Հատուկ նախագծերի գործատունն օգնել է արցախցի լրագրողներին ինտեգրվել Հայաստանի մեդիա դաշտում

2024 թ.-ի հունվարին Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնը արցախցի լրագրողների համար ժամանակավոր խմբագրություն բացեց՝ Հատուկ նախագծերի գործատուն։ Սա 6-ամսյա վերապատրաստման և համագործակցության ծրագիր էր, որ հնարավորություն էր տալու բռնի տեղահանված արցախցի գործընկերներին վերսկսելու լրագրողական աշխատանքը, ստանալու մասնագիտական աջակցություն իրենց համար կարևոր թեմաներ լուսաբանելու, որակյալ լրագրողական նյութերի պատրաստելու հարցում, ստեղծելու տարածք՝ կրկին միմյանց հետ աշխատելու և հայաստանյան մեդիա դաշտին ինտեգրվելու համար։ 

«Սկզբում ընկճված էի, չէի կարծում, թե կկարողանամ նորից լրագրությամբ զբաղվել։ Բայց հետո ստացվեց։ Նաև կարևոր էր , որ արցախցի լրագրողներով իրար հետ շփվելու հնարավորություն ստացանք․ նախկինում ոչ բոլորին է, որ ճանաչել եմ, իսկ հիմա թիմային լավ միջավայր ենք ձևավորել», – ասում է Կարինե Բախշիյանը, Ասկերանի Բերդ թերթի խմբագիրը։ 

Ալվարդ Գրիգորյանը Արցախի այն քիչ լրագրողներից է, որ 2023թ․ սեպտեմբերի բռնի տեղահանումից առաջ ակտիվ կապեր և շփումներ ուներ հայաստանյան և տարածաշրջանային մասնագիտական ծրագրերի հետ։ ՄՆԿ-ի՝ նախկին Ինտերնյուսի ծրագրերին էլ է մասնակցել։ Սակայն նա էլ ասում է, որ իր համար բարդ է եղել հայաստանյան մեդիա միջավայրին հարմարվելը։

Ալվարդ Գրիգորյան

«Բռնի տեղահանությունից հետո երեք ամիս շոկի մեջ էի, բարդ էր կյանք վերադառնալը։ Հիմա սկսել եմ հավատալ, որ որպես լրագրող դեռ արժեք ունեմ ու կարող եմ նորից աշխատել»,- ասում է Ալվարդ Գրիգորյանը։ 

Հատուկ նախագծերի գործատան 21 լրագրող աշխատեցին ՄՆԿ թիմի հետ տարբեր թեմաներով ու ֆորմատներով լրագրողական նյութերի վրա։ Զուգահեռ՝ մասնակցեցին աշխատարանների, ուսումնասիրեցին և փորձարկեցին լրագրողական պատմությունների նոր ձևաչափեր, մոտեցումներ, գործիքներ, ծանոթացան հայաստանյան խմբագիրների, լրագրողների հետ։

Մարզային մեդիա տուր

Ծրագիրը եզրափակվեց հունիս-հուլիս ամիսներին կազմակերպված մարզային մեդիա տուրերով։ Արցախցի լրագրողների թիմը եղավ Դիլիջանում, Վանաձորում, Գյումրիում, Ստեփանավանում, Տաշիրում, ինչպես նաև՝ հարակից գյուղական համայնքներում, որտեղ այժմ բնակվում են Արցախից բռնի տեղահանված ընտանիքներ։  

«Մեդիա տուրի մասին լսելով՝ շատ ուրախացա, հատկապես, որ Գյումրի էլ պիտի գնայինք։ Շատ եմ սիրում ճամփորդել, նոր վայրեր տեսնել։ Տեղահանությունից հետո էլ առաջվա տրամադրությունը չկա, բայց Գյումրին անընդհատ մտքումս էր․․», ասում է մեդիա տուրի մասնակիցներից Տաթևիկ Աղաջանյանը։ «Առավոտ շուտ զբոսանքը քաղաքում աննկարագրելի էր, երբ դեռ չէր սկսվել աղմուկն ու շարժը, և ես ու Գյումրին մենակ էինք մնացել․․․»։  

Առաջին մեդիա տուրի ուղղությունը Գյումրի-Վանաձոր-Դիլիջանն էր, երկրորդինը՝ Ստեփանավան, Տաշիր քաղաքները եւ հարակից գյուղերը։ Լրագրողների խմբից շատերն առաջին անգամ էին լինում Երևանից դուրս Հայաստանում․ բացահայտում էին ճանապարհի քաղաքներն ու գյուղերը, մարդկանց, լեզուն, բնությունը։ Մարզերում բնակվող արցախցիներն էլ զարմանում ու հուզվում էին՝ հարազատ բարբառով խոսքից ու Արցախից ծանոթ մարդկանց տեսնելուց։  

«Մինչև մեդիատուրերը քիչ պատկերացում ունեի Հայաստանի մարզային կյանքի մասին, որովհետև Երևանին մոտ բնակավայրում եմ ապրում։» ,- ասում է Ասպրամ Ավանեսյանը։  

Ասպրամը Արցախի Բերդաշեն գյուղից է, ասում է՝ իրենց գյուղում բոլորը բոլորին ճանաչում էին։ Տեղահանումից հետո համագյուղացիները Հայաստանի տարբեր բնակավայրեր են տեղափոխվել։ Մեդիատուրի շնորհիվ նաև համագյուղացիների մի մասին հանդիպեց, Լեռնահովիտում՝ հարազատ մարդկանց այցելեց։ 

Սոֆի Իվանիդիսը, ով ազգությամբ հույն է Արցախից, մեդիատուրի ընթացքում աշխատեց Լոռու մարզի Յաղդան հունական գյուղում, հանդիպեց իր հայրենակիցներին և գյուղում վերաբնակեցված արցախցիներին։  

Սոֆի Իվանիդիսը աշխատելիս

«Չեք պատկերացնի՝ ինչ զգացողություն էր 9 ամսվա դադարից հետո նորից ռեպորտաժ պատրաստելը, – ասում է Սոֆին, որ 25 տարի հեռուստատեսությունում է աշխատել ,- Կադրում իմ խոսքը միշտ առաջին փորձից է ստացվել, բայց այստեղ հուզմունքս այնքան մեծ էր, որ մի քանի անգամ կրկնել եմ։ Լոռու բնությունը նման է Արցախին․ մի պահ թվաց՝ ոչինչ չի փոխվել, էլի Արցախում եմ, իմ հերթական ռեպորտաժն եմ պատրաստում։ Երբ նկարահանումից վերադարձա, գործընկերներս միանգամից նկատեցին աչքերիս փայլը»։  

Սոֆիի խոսքով՝ Յաղդանում նկարահանած ռեպորտաժն օգնեց բռնի տեղահանումից 9-10 ամիս հետո հաղթահարելու աշխատանքի վերադառնալու հոգեբանական արգելքը։  

ԵՄ ֆինանսավորմամբ և  Conciliation resources կազմակերպության հետ իրականացրած այս ծրագրի արդյունքում  արցախցի լրագրողները 50-ից ավելի նյութ պատրաստեցին՝ ռեպորտաժներ, ակնարկներ, ֆոտո/վիդեո պատմություններ, մուլտիմեդիա շարքեր, նախագծեր, հետաքննական, վերլուծական նյութեր, ֆիլմեր․․․ Դրանք հրապարակվեցին հայաստանյան տարբեր լրատվամիջոցներում ՝ Step 1, Առավոտ, Ամփոփ, Մեդիալաբ, Հետք, Ա1 պլյուս․․․   

Մասնակից 21 լրագրողներից 15-ը հիմա մասնագիտական աշխատանք են անում տարբեր լրատվամիջոցներում։ 

Աստղիկ Քեշիշյան 
Մեդիա Նախաձեռնությունների կենտրոնի ուսումնական բաժին

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *