2024.01.17,

vox populi

Հասարակությունն ունի գրագետ ու արտահայտիչ խոսքի պակաս 

Հանրային խոսքը հնչում է ոչ միայն հեռուստատեսությամբ կամ ռադիոյով, այլև մեր առօրյա կյանքում։ Հանրային խոսք է քննարկումը աշխատավայրում, զրույցը հնարավոր գործատուի հետ, կոլեգաների հետ։ Պարտադիր չէ, որ հանրային ելույթը լինի լսարանի դիմաց, բեմում, տեսախցիկի առաջ կամ այլ հարթակում։ Ուստի, անկախ մասնագիտությունից՝ բժիշկ, հոգեբան, թե ծրագրավորող, կարևոր է, որ ունենան զարգացած խոսք։    

Համաձայնեք, որ մասնագետը, որն ունի հստակ ու վստահ խոսք, մի քայլ առաջ է իր մրցակիցներից։ Սոցցանցերի դարաշրջանում բավարար չէ լինել միայն լավ մասնագետ, պետք է կարողանաս ինքնաներկայացնել քեզ, ներկայացնել քո հմտությունները, պատմել փորձի մասին, որոշ դեպքերում համոզիչ լինել, որ քեզ վստահեն, օգտվեն քո ծառայություններից։  

Գրագետ ու համոզիչ խոսքի շնորհիվ մարդիկ կարողանում են օրինակ նոր փոխշահավետ համագործակցություններ ձեռք բերել, կարողանում են ձևակերպել իրենց առաջարկներն ու ֆինանսավորում են գտնում նրանց իրականացման համար, առաջ են գնում կարիերայում, ավելի բարձր պաշտոն են ստանում և այլն։ 

Հաղորդակցման հմտությունները կենսական նշանակություն ունեն ու լավ մասնագետներին օգնում են միշտ առաջ գնալ ու չդոփել տեղում։   

Նույնիսկ սկսնակ մասնագետները, ովքեր նոր պիտի ընդունվեն աշխատանքի, միանշանակ իրենց խոսքի շնորհիվ ավելի մեծ շանսեր ունեն ստանալու այդ աշխատանքը, քան նրանք, ովքեր լռում են կամ չեն կարողանում ձևակերպել իրենց ասելիքը։ Երկու անգամ առաջին տպավորություն թողնել չես կարող։ Իսկ տպավորությունը ձևավորում է ոչ միայն արտաքինը, այլև՝ խոսքը։  

Քանի որ ես շփվում եմ ուսանողների հետ, անցկացնում եմ խոսքի դասընթացներ, շատ եմ շփվում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, կարող եմ առանձնացնել մի քանի պատճառ, թե ինչն է խանգարում մարդուն ձևակերպել իր միտքը, խոսել ազատ ու գրագետ։  

-Առաջին արմատական խնդիրը ներքին բարդույթներն են, որոնք ձևավորվում են մանկուց։ Երբ սոցիումի հետ առաջին շփումը բացասական բնույթ է ունենում, ահա այստեղից է որ առաջանում են խնդիրները։ Մեկին ծաղրել են, երբ գրատախտակի մոտ բանաստեղծություն է ասել, մյուսին պարբերաբար տանը նախատել են, որ քիչ խոսի, շատ հարցեր չտա, մեկին էլ ասել են, թե ձայնդ լավը չի։  

-Երկրորդ պատճառը, որ մարդուն խանգարում է խոսել, կրկին հոգեբանական է ու բխում է առաջին պատճառից։ Դրանք ռիսկերն ու անորոշությունն են։ Մենք վախենում ենք, որ կսխալվենք, որ կծաղրեն, որ մեզ չեն հասկանա, չեն լսի, կտան հարցեր, որոնց չենք կարողանա պատասխանել։  

Մանկական կամ պատանեկան տրավմաները ենթագիտակցորեն մեզ հետ են մնում։ Դրանցից ազատվել հնարավոր չէ, եթե աշխատանք չտանենք։ 

Դու կարող ես կարդացած լինել գրադարանի բոլոր գրքերը, ունենալ լայն մտահորիզոն, անգամ գրել գրքեր, գիտական հոդվածներ, բայց խոսելիս չթողնես վստահ խոսնակի տպավորություն։ Չունենաս տրամաբանական խոսք, ճիշտ շարադրված մտքեր։ Խոսքը համոզիչ ու վստահ է դառնում ոչ միայն բառամթերքի, ակտիվ բառապաշարի շնորհիվ, այլև՝ ձայնի տեմբրի ու խոսքի հնչերանգների։ Հնչերանգը կարող է փոխանցել քո բոլոր էմոցիաները, հույզերը՝ վախը, չիմացությունը, ամոթը, կասկածները, բայց կարող է փոխանցել նաև ինքնավստահությունը։  

Լուծումը մեկն է․ ինչպես ասել է Լարի Քինգը, խոսելը նույնն է, ինչ գոլֆ խաղալը կամ մեքենա վարելը, որքան շատ ես դրանով զբաղվում, այնքան շատ ես հմտանում։ Խոսելը ձեռքբերովի ու զարգացող հմտություն է։ Գուցե շատերին տարօրինակ թվա, բայց ձայնն էլ կառավարելի է։ Ես խոսելիս մտածում եմ, թե ինչ տոնայնությամբ կամ հնչերանգով եմ խոսում, արագ եմ խոսում, թե դանդաղ։ Իրավիճակից կախված՝ ընտրում եմ ձայնի այնպիսի բարձրություն, խոսքի այնպիսի հնչերանգ, որը կլինի լսելի, հասկանալի։  

Շատերը չեն էլ պատկերացնում, թե ինչ հնարավորություններ ունի իրենց ձայնային դիապազոնը։ Բնությունը յուրաքանչյուրիս օժտել է եզակի ձայնային տեմբրով։ Չկա երկրորդ կրկնվող ձայն, քո ձայնը բացառիկ է, մնում է, որ դու կարողանաս զարգացնել այն։ Փոխել ձայնը հնարավոր չէ, բայց այն հնարավոր է հարստացնել կրծքային նոտաներով, դարձնել ականջահաճո։ Երբ մեկի հետ խոսում ենք, նրա ուղեղն առաջին հերթին ընկալում է ձայնի հնչերանգը, հետո միտքը։  

Վստահ եմ՝ գոնե մեկ անգամ բոլորիս կյանքում պատահել է, երբ անջատել ենք հեռուստացույցը միայն նրա համար, որ ձայնը հաճելի չի եղել, գլխացավ է առաջացրել։  

Բոլոր նրանց, ովքեր ուզում են աշխատել հանրային խոսքի որակը բարձրացնելու վրա, խորհուրդ եմ տալիս սկսել հոգեբանական կողմից՝ վախերից ու բարդույթներից, սեփական ձայնն ընդունելուց ու սիրելուց։ Հասկանալ, թե ինչն է խանգարում խոսել, ապա հարցին մոտենալ համալիր։ Ուշադրություն դարձնել խոսքի առոգանության, ձայնի, շնչառության վրա ամենուր։  

Գոյություն ունեն գործնական տարբեր վարժություններ, որոնք զարգացնում են խոսքի առոգանությունը, մարզում են ծնոտի մկանները։ Օգնում են նաև շուտասելուկները, շնչառական վարժությունները։   

Ցավոք, պիտի ասեմ, որ երբեմնի նշաձող թելադրող հեռուստատեսության ու ռադիոյի եթերում էլ մեծամասամբ չկա օրինակելի խոսք։ Դրական իմաստով գրաքննության բացակայության հետևանք է, որ քչերն են հետևում իրենց խոսքին։ 

Բառամթերքը չի զտվում, եթեր է դուրս բերվում ժարգոնը, հաղորդավարները իրենց թույլ են տալիս օգտագործել ռուսերեն, անգլերեն բառեր, ինչը մեդիայի օգտին չի աշխատում։ Ես ինքս իմ գործունեությունը սահուն կերպով տեղափոխել եմ նաև ինստագրամյան բլոգ, որի շրջանակում փորձում եմ օգտակար լինել մարդկանց, քարոզում եմ հենց հայերեն գրագետ ու վստահ խոսքը։ Եվ հայերենում տարածված սխալների մասին տեսանյութերի շարքի հանդեպ մեծ պահանջարկն ապացուցեց, որ մեր հասարակությունն ունի գրագետ ու արտահայտիչ խոսքի պակաս։ 

  

Տոմա Հակոբյան,
Հայ-Ռուսական համալսարանի դասախոս,
հաղորդավար, խոսքի դպրոցի հիմնադիր

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *