2023.10.24,

vox populi

Ինֆորմացիոն շատակերությունն ու լրատվական անառողջ սնունդը վտանգավոր են

Հայաստանում շատ մարդիկ թերագնահատում են տեղեկատվական գրոհների ազդեցությունն իրենց հոգեբանության ու առօրիայի վրա։ Շատերը, կարդալով Ադրբեջանից հնչող քարոզչական բովանդակության նյութերը, չեն էլ պատկերացնում, թե հոգեկան ինչ ապրումներ են դրանք առաջացնում իրենց մոտ։

Հատկապես պատերազմական շրջանում, սահմանային սրացումների ժամանակ, տեղեկատվական գրոհների քանակն ու որակը մեծանում է, տարածվում են այնպիսի տեսանյութեր ու լուսանկարներ, որոնք հոգեպես ճնշում են մարդկանց։

Արցախի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները ևս մեկ անգամ վկայում են, որ հանրության մեծ մասը չի տարբերակում քարոզչական բովանդակությունը տեղեկատվությունից և հեշտ հայտնվում է դրա ազդեցության տակ։

Երբ արցախահայերը մեծ հոսքով Հայաստան էին գալիս, ադրբեջանական կողմը տեսանյութեր էր տարածում Արցախի դատարակ փողոցներից։ Թվում է, թե փաստ են արձանագրում, փողոցները դատարկ են, նկարում են, տեղադրում։ Բայց մեր հանրության մոտ դա մեղքի զգացում է առաջացնում, մարդիկ նայում են, մտածում են՝ եղածը չկարողացանք պահել, թողեցինք գնացինք, շատերն էլ մտածում են, թե կարո՞ղ է սխալ արեցինք, որ գնացինք, պիտի մնայինք։ Նման տեսանյութերը կարոտ են առաջացնում, ընկճախտ, անկարողություն, մեղքի զգացում, վախ, անորոշություն, տագնապ, կասկածներ և այլն։

Կան մարդիկ, ովքեր ամբողջ օրը լրահոսին են հետևում ու մոռանում են ապրել։ Լուրերին հետևելն իրենց համար ավելի կարևոր է, քան՝ սեփական երեխայի հետ զբոսնելը։ Սա իհարկե լուրջ ազդակ է, որ մարդն ունի տեղեկատվությունից անառողջ կախվածություն։ Մի երեխայի հետ էի զրուցում, դժգոհում էր, որ հայրիկը հետը քիչ ժամանակ է անցկացնում։ Ու գիտե՞ք ինչ էր ասում։ Ասում էր՝ պապան ամեն օր ասում ա՝ հեսա լուրերը նայեմ, կգնանք կզբոսնենք, հեսա լուրերը նայեմ, կգնանք հեծանիվ կքշենք։ Մարդու հոգեբանությունը խախտվել է։ Ու մարդն անգամ չի էլ կասկածում, որ դա խնդիր է։

Մենք հոգեբանորեն պատրաստ չենք յուրացնել այսչափ քանակության տեղեկատվություն, առավել ևս՝ այսչափ բացասական տեղեկատվության ծավալ։

Մարդու հոգեկան աշխարհը նման է ջրով լի տարրայի։ Եթե մեջը պարբերաբար կեղտոտ ջուր լցնես, կսկսի սևանալ։ Նույնն էլ տեղեկատվությունն է։ Որքան շատ բացասական լուրերով ենք մեզ լցնում, այնքան պղտորում ենք մեր հոգեկան աշխարհը։ Դրա պատճառով կորցնում ենք զգոնությունը, անտարբեր ենք դառնում, չենք ապրումակցում։ Կարդում ենք, որ մեքենա է շրջվել, զոհեր կան, չենք զարմանում, չենք նեղսրտում, որովհետև օրական բազում անգամներ նման լուրեր ենք տեսնում, այլևս չենք ցնցվում։

Սոցիալական ցանցերը ստեղծված են այնպիսի ալգորիթմով, որ նման լուրերը պարբերաբար առաջարկվում են մարդուն և ուզես-չուզես, դրանց հանդիպում ես։ Դրա համար պետք է բալանսավորել դրանք իրական դրական էմոցիաներով։

Ընտանիքի հետ զբոսնել, ուրախանալ, մշակութային երեկոների հաճախել։ Այս ամենը մեզ տալիս է դրական լիցքեր։ Մեր օրգանիզմը չի կարող 24/7 ռեժիմով վատ սնունդ ընդունել, միայն ֆասթ ֆուդ ուտելով մարդը առողջ չի լինի։ Մեզ անհրաժեշտ է բալանսավորված, համեղ, վիտամիններով լի առողջ սնունդ, որ չհիվանդանանք։ Տեղեկատվությունն էլ սնունդ է, այն սնունդ է մեր հոգեկան աշխարհի համար, տեղեկատվական սնունդն էլ պետք է լինի ընտրված՝ առողջ ու սննդարար։ Քանակն էլ պետք է վերահսկվի։ Մենք ամբողջ օրը չենք ուտում չէ՞։ Հասկանո՞ւմ ենք չէ, որ վատ կզգանք, եթե զբաղվենք շատակերությամբ։ Ինֆորմացիոն շատակերությունն էլ նույնչափ վտանգավոր է ու լի հետևանքներով։

Մեր հոգեկան ապարատն այնքան է խեղաթյուրվել, որ նույնիսկ «18+» կամ «դաժան կադրեր» նախազգուշացումներով տեսանյութերը ամենադիտվածն են, գիտակցաբար դիտում ենք, հասկանալով, թե ինչ է մեզ սպասվում։

Երբ մարդը կարողանում է այդ դաժանությունը նայել, այն էլ շատ դեպքերում ոչ թե մեկ անգամ, այլ մի քանի անգամ, ստիպված է լինում հետո այդ զայրույթը ուրիշ տեղ թափել՝ աշխատավայրում, հանրային տրանսպորտում։ Համացանցն ունի գայթակղելու կարողություն, ճահճացնելու, կախվածություն առաջացնելու։ Մեկի հոգեկան աշխարհը մի քիչ ուժեղ է, ուշ է դրան տրվում, մեկինը թույլ է, շուտ է հիվանդանում։ Բայց բոլորը վաղ թե ուշ դառնում են դրա զոհը։ Մարդիկ սկսում են ապրել ոչ թե իրական կյանքով, այլ՝ պատրանքով։ Իրենց թվում է, որ ընկերական շրջապատ ունեն, հարգանք են վայելում, քանի որ գրառումը «հավանում» են, բայց իրականում դա այդպես չէ։

Միաժամանակ շեշտեմ, որ առանց տեղեկատվության ապրել ևս հնարավոր չէ։ Տեղեկատվության պակասն առաջացնում է այլ բնույթի խնդիրներ, օրինակ զարգանում է մարդու երևակայությունը։ Մի փոքր ձայն կամ մի տարօրինակ երևույթ նկատելիս՝ մարդը սկսում է երևակայել, կարող է մտածել, որ պատերազմ է, երկրաշարժ է։ Եթե սահմանափակեն մուտքը համացանց կամ արգելեն օգտվել որոշ կայքերից, կմտածեն, որ գուցե մի բան թաքցնում են կամ մի վատ բան կատարվում է։

Այնպես որ 21-րդ դարում հնարավոր չէ ապրել առանց տեղեկատվության, առանց լրահոսին ծանոթանալու։ Ուստի ուշադրություն դարձրեք հետևյալ կետերի վրա՝

✅Ֆիլտրել տեղեկատվություն ստանալու աղբյուրները, հետևել բացառապես ստուգված լրատվության միջոցներին,

✅ցանկացած տեղեկատվություն, որը հանդիպում է սոցիալական ցանցերում, ստուգել հավաստի լրատվության միջոցներով, քանի որ այն կարող է ֆեյք լինել,

✅սահմանափակել ինտերնետից օգտվելու ժամանակը, հասցնել ծավալները մինիմումի (օրական 15-20 րոպե)։

Նաիրա Վանյան
Հոգեբան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *